Public

Gevorg N. Tamamyan

gevorg-tamamyan
Question: 

Բարև ձեզ բժիշկ: Ես 13 տարեկանում հիվանդացել եմ սուր լիմֆոբլաստային լեյկոզով: Այժմ 33 տարեկան եմ: Ցանկանում եմ իմանալ արդյոք կարո՞ղ եմ առողջ երեխաներ ունենալ:

Answer: 

Բարև Ձեզ: Շնորհակալ եմ հարցի համար:
ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը, որ ներառել է 213 մանկական լեյկեմիայի վերապրած տղաների, ցույց է տվել, որ, հիմնականում, նրանց վերարտադրողական ֆունկցիան խախտված չի եղել, այսինքն՝ կարողացել են երեխա ունենալ: Որոշակի խանգարումներ նկատվել են մինչև 10 տարեկանը բուժված երեխաների մոտ, որոնք ստացել են բարձր դոզայով կրանիալ ճառագայթում:
Ինչ վերաբերվում է ծնված երեխաների առողջությանը, տարբեր երկրներում մի քանի հազար մանկական քաղցկեղ վերապրածների շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մանկական քաղցկեղը վերապրածների երեխաների մոտ բնածին ձևախախտումների, քրոմոսոմային սիդրոմների և գենետիկ հիվանդությունների ռիսկը բարձրացած չէ, և համապատասխանում է ընդհանուր բնակչության մոտ առկա ռիսկին: Մանկական քաղցկեղը վերապրածների երեխաների մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը ևս համապատասխանել է ընդհանուր բնակչության մոտ առկա ռիսկին՝ այսինքն բարձրացած չի եղել, բացառությամբ որոշ դեպքերի, երբ ծնողների մոտ առկա է եղել քաղցկեղին նախատրամադրող որոշ ժառանգական սինդրոմներ, օրինակ՝ Ֆանկոնիի անեմիա, Բլումի սինդրոմ, ատաքսիա-տելանգիէկտազիա, Լի-Ֆրաումենի սինդրոմ, նեյրոֆիբրոմատոզ, և այլն:
Եթե ամփոփենք, հաշվի առնելով, որ Դուք հիվանդացել եք սուր լիմֆոբլաստային լեյկեմիայով 13 տարեկան հասակում, և եթե Ձեր մոտ առկա չէ ժառանգական սինդրոմ, Դուք ունեք լրիվ հնարավորությունը առողջ երեխա ունենալու, ինչպես այն մարդիկ, ովքեր չեն ունեցել սուր լիմֆոբլաստային լեյկեմիա: Սակայն, խորհուրդ կտամ մինչ այդ անպայման անցնել էնդոկրինոլոգի, ռեպրոդուկտոլոգի և ուռոլոգի կոնսուլտացիաներ՝ էնդոկրին վիճակի և վերարտադրողական վիճակի գնահատման նպատակով:
Առողջություն,
Հարգանքով,
Գևորգ Թամամյան

Նմանատիպ Հարցեր