Բարենպաստ պայմաններում աշխատելու իրավունք

ա) Առողջապահության ոլորտի աշխատողները բուժօգնություն տրամադրելիս ունեն բարենպաստ, անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունք:

Այս իրավունքը սերտորեն կապված է 9-րդ` անվտանգության իրավունքի հետ:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը

ՀՀ Սահմանադրություն

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը երաշխավորում է անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների յուրաքանչյուրի իրավունքը:

Սահմանադրական այս իրավունքը հետագա զարգացում է ստացել օրենսդրական հետևյալ դրույթներում:

ՀՀ օրենքը «Լիցենզավորման մասին»

Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է: Սա նշանակում է, որ գործունեություն ծավալելու համար ցանկացած բժշկական հաստատություն պետք է ունենա լիցենզիա, և գործունեությունը պետք է համապատասխանի լիցենզիայի պայմաններին ու պահանջներին: Համաձայն նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի` նման պահանջներ են բարենպաստ աշխատանքային պայմանները, անհրաժեշտ սարքավորումների առկայությունը, հիգիենայի և սանիատարահամաճարակային կանոնների պահպանումը և այլն: Լիցենզավորող մարմինը լիցենզիայի հետ միասին տրամադրում է իրավական պահանջների ցանկը:

ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»

Համաձայն 1992 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի` բնակելի, արտադրական և մյուս շենքերը չպետք է վտանգեն առողջությունը, այսինքն` պետք է համապատասխանեն սանիտարական կանոնների և նորմերին: Ի հավելումն, աղտոտող և վնասակար այլ նյութերի առկայությունը աշխատատեղերի օդում չպետք է խախտեն սանիտարական կանոնները (նույն օրենքի 17-րդ հոդված): Օրենքի 22-րդ հոդվածնամրագրում է աշխատողների խմբերի նախնական և պարբերական բժշկական հետազոտության, որի անցկացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը (ստորև տե՛ս համապատասխան որոշումը):

ՀՀ աշխատանքային օրենսգիրք

ՀՀ աշխատանքային օրենսգրքի` «Աշխատողների անվտանգությունը և առողջությունը» վերտառությամբ 23-րդ գլուխը (242-262-րդ հոդվածներ) նախատեսում է, սակայն չի սահմանափակում գործատուի պարտականությունը աշխատողների համար ստեղծել առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ սարքավորումներ, կահավորում և աշխատանքի միջոցներ: Գործատուները նաև պարտականություն են կրում ապահովել, որպեսզի 18 տարին չլրացած, ինչպես նաև ռիսկի հետ կապված մասնագիտական գործունեություն իրականացնող աշխատողներն անցնեն բժշկական զննություն աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան: Չնայած ՀՀ աշխատանքային օրենսգիրքը առողջապահության ոլորտի մասնագետների համար հատուկ դրույթներ չի բովանդակում, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվում է այն բուժաշխատողների ցանկը, ովքեր աշխատանքի ընդունվելիս և դրանից հետո` պարբերաբար պետք է անցնեն բժշկական զննություն (ստորև տե՛ս Կառավարության համապատասխան որոշումը):

ՀՀ Կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշումը «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին»

ՀՀ օրենքը «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին»

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածնամրագրում է.

«Առողջապահական կազմակերպությունները պարտավոր են ապահովել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաև բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցները և պայմանները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատվել է բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման կարգը: Այս որոշումը ստեղծում է պատշաճ, բավարար պայմաններ` աշխատելու և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար:

Հայաստանի Հանրապետությունում հաստատվել և գործում են բազմաթիվ սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր, որոնք վերաբերում են աշխատատեղերի անվտանգության խնդիրներին:

• ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանը «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին»

• ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 26-ի N 983-Ն հրամանը «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2-III-2.2.5 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին»

• ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանը «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումն ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին»

• ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի հունիսի 23-ի N 718-Ն հրամանը «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2-III-4.10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին»

• ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանը «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին»

• ՀՀ առողջապահության նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 28-ի N 959 հրամանը «Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները հաստատելու մասին»

• ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի հունիսի 2-ի N 614-Ն հրամանը «Աշխատատեղերում ուլտրաձայնային հիգիենիկ նորմերը N 2.2.4-010-06 հաստատելու մասին»

• ՀՀ կառավարությանը որոշումը «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»

• ՀՀ Կառավարության որոշումը «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին»

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Էթիկայի կանոնագրքի որևէ դրույթ այս համատեքստում կիրառելի չէ:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Ընդհանրապես, համաձայն գոյություն ունեցող պահանջների` հիվանդանոցները պատասխանատվություն են կրում թթվածնի մատակարարման համակարգերի անվտանգ աշատանքի և պահպանման համար: Այդ նպատակով վարձվում է տեխնիկական անձնակազմ, որը հետևում է թթվածնի խողովակային համակարգը և միացնում է համակարգի մեջ թթվածին մղելու սարքերը (իրական, բայց չգրանցված դեպք):

2. Խախտման օրինակ(ներ)

Երևանի Ավան համայնքի պոլիկլինիկայի աշխատակիցները շուրջ 15 տարի ձմռան ամիսներին աշխատել են ջեռուցման բացակայության պայմաններում: Նրանք ի վիճակի չեն պատշաճ զննության ենթարկել պացիենտներին, քանի որ նման ցածր ջերմաստիճանի դեպքում հնարավոր չէ հանել հագուստը: Ղեկավարությունը յուրաքանչյուր տարի խոստանում է շտկել իրավիճակը, սակայն ոչինչ չի փոխվում: Բժիշկներին խորհուրդ է տրվել բողոք գրել Առողջապահության նախարարին, քանի որ խախտվում են ոչ միայն իրենց, այլ նաև պացիենտների իրավունքները (հայտնվել է Երևանի Ավան համայնքի պոլիկլինիկայի բժիշկների կողմից):

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Բժիշկ Պ-ն Առողջապահության նախարարություն բողոք է ներկայացրել այն մասին, որ իր աշխատատեղը չի համապատասխանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում, ինչպես նաև «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումն ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանում նշված սանիտարական չափանիշներին, քանի որ իր աշխատասենյակը եղել է նկուղային հարկում և չի ունեցել պատուհան ու օդափոխման համակարգ, ինչպես նաև ջեռուցում ձմռանը չի ունեցել: Դա հաստատվել է ստուգման ընթացքում: Հաստատության ղեկավարությունը ենթարկվել է տույժի և Պ-ին տրամադրվել է պահանջվող չափանիշներին համապատասխանող աշխատասենյակ (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

Իրավաբանները պետք է պատկերացում ունենան առողջության և անվտանգության համապատասխան նորմերի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է դա մեկնաբանվել մոնիթորինգային մարմիների կողմից` գնահատելու համար համապատասխանությունը:

է) Համապատասխան միջազգային և տարածաշրջանային իրավունքներ

• ՏՍՄԻՄՄԴ 7-րդ հոդված և համապատասխան ուղեցույցներ 

• [ԱՄԿ համապատասխան չափանիշներ, թեև երեք հիմնական` թիվ 155, 161 և 187 կոնվենցիաները Հայաստանը չի վավերացրել:]

• Եվրոպական սոցիալական խարտիայի հոդվածներ 2(1)-(6) և 3(1):

 

 Աղբյուրը` healthrights.am  կայք