1988 թվականից ի վեր ամբողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակը շարունակում է մնալ գլոբալ առողջապահական խնդիր:  Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների 2020 թվականի վերջին աշխարհում 37.7 միլիոն մարդ ՄԻԱՎ վարակակիր էր: Մեր քաղաքացիների շրջանում  մինչև 2020 թվականի վերջը գրանցվել է  ՄԻԱՎ-ի 4123 դեպք: 1988-ից 2019 թվականներին գրանցվել է ՄԻԱՎ-ից մահվան 860 դեպք: 

Օրվա խորհրդին հետևելով՝ կարևոր ենք համարում ևս մեկ անգամ խոսել այն մասին, թե ինչպես է փոխանցվում այս վարակը և ինչպես նվազեցնել վարակի փոխանցումը: ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝ 

  • սեռական ճանապարհով՝ բոլոր տեսակի ներթափանցող սեռական հարաբերությունների ժամանակ (վագինալ, անալ, օրալ),

  • արյան միջոցով (չախտազերծված ներարկիչներ, ասեղներ և այլ բժշկական պարագաներ ու գործիքներ օգտագործելիս, դոնորական արյան փոխներարկման, օրգանների փոխպաստվաստման հետևանքով)

  • ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխան կարող է վարակվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս։

ՄԻԱՎ վարակակիրները հաճախ են ենթարկվում խտրական վերաբերմունքի: Հենց այդ պատճառով կարևոր ենք համարում նշել, որ ՄԻԱՎ-ը չի կարող փոխանցվել օդի, ջրի, սննդամթերքի և կենցաղային առարկաների միջոցով։ 

Սա նշանակում է, որ Դուք չեք կարող վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ կենցաղային շփումների ժամանակ՝ ձեռքով բարևելու, գրկելու, համբուրելու ժամանակ, ինչպես նաև ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից և այլ կենցաղային իրերից օգտվելու հետևանքով:  Ժամանակակից բժշկությունը դեռևս չի առաջարկում ՄԻԱՎ-ի արմատական բուժում: Այս վարակն ունեցող մարդիկ բուժում են ստանում ամբողջ կյանքի ընթացքում: