Մարտի 24-ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 11 տարի անց` 1993 թվականից ի վեր, մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի օր:
 
Ամեն տարի 1.6 միլիոն մարդ է մահանում տուբերկուլոզից, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են:
 
Տուբերկուլոզը վարակային հիվանդություն է, որը բնորոշվում է շնչական օրգանների հյուսվածքներում սպեցիֆիկ բորբոքման զարգացումով և օրգանիզմի արտահայտված ընդհանուր ռեակցիայով։ Հարուցիչը հիմնականում մարդկային, հազվադեպ եզան կամ թռչնային տիպերի տուբերկուլոզային միկոբակտերիան է։ Վարակումը սովորաբար կատարվում է օդակաթիլային ճանապարհով։ Հնարավոր է նաև վարակի թափանցումը երեխայի օրգանիզմ հիվանդ կենդանիների և թռչունների կաթի, մսի և ձվի օգտագործումից։ Նման դեպքերում հարուցիչները թափանցում են թոքերի մեջ ըմպանային նշիկներից կամ էլ աղիներից։ Օրգանիզմում վարակի տարածումն ընթանում է հեմատոգեն, լիմֆոգեն և բրոնխոգեն ճանապարհներով։
 
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված «2007-2015թթ. Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում, որի հիմքում ընկած են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և նպատակները:
 
Տուբերկուլոզի դեմ պայքարում ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Բժիշկներ առանց սահմանների /Ֆրանսիա/, ԱՀԿ, Գերմանական ԳՈՊԱ-էպոս, ԱՄՔՈՐ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի հետ:
 
Հանրապետությունում տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումը և հետագա վերահսկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում և լիովին անվճար է: Ժամանակին և ճիշտ կազմակերպված բուժման դեպքում տուբերկուլոզը լիարժեք բուժվում է: Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը 1 տարվա ընթացքում վարակում է 10-15 մարդու /առաջին հերթին ընտանիքի անդամներին/, որոնց 10%-ը հետագայում հիվանդանում է տուբերկուլոզով: Չբուժված հիվանդների 50%-ը մահանում է առաջին 5 տարվա ընթացքում, 25%-ի մոտ կայուն իմուն համակարգի շնորհիվ տեղի է ունենում սպոնտան առողջացում, մնացած 25%-ի մոտ զարգանում է խրոնիկ տուբերկուլոզ:
 
Տուբերկուլոզի խնդրին լուծում տալու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է տուբերկուլոզի բուժման DOTS /Directly Observed Treatment Short-course - Ուղղակիորեն հսկվող բուժման կարճաժամկետ կուրս/ ռազմավարություն, որն արդյունավետ կերպով կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր, այդ թվում նաև զարգացած շուկայական տնտեսություն ունեցող, երկրներում: 1995 թվականից սկսած աշխարհի գրեթե 184 երկրում այս ռազմավարությամբ բուժվել է ավելի քան 31,8 մլն մարդ:
     

Սկզբնաղբյուր՝ Doctors.am