Մեկնարկեց «ՄՌՏ և ՀՏ ժամանակակից հնարավորություններն օնկոլոգիայում» միջազգային գիտաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում մեկնարկեց «ՄՌՏ և ՀՏ ժամանակակից հնարավորություններն օնկոլոգիայում» խորագիրը կրող միջազգային երկօրյա գիտաժողովը:

Այն իրականացվեց «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» և «ԴԻԱՎԱՆՏ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և նպատակ ունի մեկ հարկի տակ հավաքել մասնագիտությամբ բժիշկ-ռադիոլոգներին և ուռուցքաբաններին, քննարկել ախտորոշման ժամանակակից եղանակները և, իհարկե, բուժման հետագա կազմակերպումը:

Համաժողովին զեկույցներով հանդես եկան ՌԴ-ից հրավիրված առաջատար մասնագետներ, իսկ դահլիճում ներկա էին բժիշկներ Երևանից, ՀՀ տարբեր մարզերից և Արցախից:

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյան

-Օնկոռադիոլոգիան, և հատկապես օնկոլոգիան, բավական մեծ տեղ են զբաղեցնում ՀՀ-ի և ընդհանրապես համաշխարհային առողջապահության համակարգում: Եվ, քանի որ սա արդիական խնդիրներից մեկն է, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նպատակն է ռադիոլոգ մասնագետների համար այս ոլորտն ավելի մատչելի դարձնել: Նման կոնֆերանսները միայն ու միայն նպաստում են փորձի և կարծիքների փոխանակմանը, քանի որ օրինակ այսօր դահլիճում ներկա է հանրապետության ռադիոլոգների գերակշիռ մասը՝ շուրջ 70-80%-ը:

Կ. Գալումյանը փաստեց նաև, որ ներկայում մեր երկրի գրեթե բոլոր բուժհաստատությունները հագեցած են ռադիոլոգիական ժամանակակից սարքավորումներով, ինչն էլ անհամեմատ բարձրացնում է ախտորոշման մակարդակը:

Գիտաժողովին ներկայացված զեկույցները մեծամասամբ ուղղված էին տարբեր օնկոպաթոլոգիաների՝ լյարդի, մարմնի ընդհանուր օնկոլոգիական ախտահարումների, առանձին օրգան-համակարգերի մետաստատիկ ախտահարումների ոլորտում ՄՌՏ-ի և ՀՏ-ի դերի լուսաբանմանը. ինչպես կատարել գրագետ հետազոտություններ և ստանալ առավելագույն ճշգրիտ արդյունք և, իհարկե, վարել պացիենտի հետագա բուժումը:

Կոնֆերանսը Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի և «Դիավանտ» ընկերության առաջին համատեղ աշխատանքն է:

«ԴԻԱՎԱՆՏ» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Առաքելյան

-TOSHIBA Medical Systems-ը, որպես ռադիոլոգիական սարքավորումների առաջատար արտադրող, առաջարկում է և՛ համակարգչային, և՛ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆներ: ՄՌՏ շարքը ներկայացված է 1.5 և 3 տեսլա հզորությամբ ժամանակակից արտադրանքով, իսկ ՀՏ շարքը՝ 16 շերտագրությամբ տոմոգրաֆներից մինչև օնկոլոգիայի ոլորտում մասնագիտացված և բուժման պլանավորման համար օգտագործվող AQUILION LB մոդելը:

Հիշեցնենք նաև, որ վաղը՝ սեպտեմբերի 24-ին, կկայանա կոնֆերանսի երկրորդ մասը: Օրակարգը՝ ստորև.

09:00 – 11:00 Համակարգչային շերտագրման ժամանակակից մեթոդների պրակտիկ ցուցադրում։

11:00 – 13:00 Մուլտիմոդալ աշխատանքային կայանի պրակտիկ ցուցադրում։


Հոդվածը և լուսանկարները՝ Doctors.am

23 սեպտեմբերի, 2016