Քթի պլաստիկ վիրահատություն. Ցուցումներն ու հակացուցումները ներկայացնում է Աբրահամ Դանիելյանը

Հայաստանում տարիներ շարունակ կատարվող  պլաստիկ վիրահատությունների շարքում առաջին տեղում է քթի պլաստիկ վիրահատությունը, որին հաջորդում է՝ կրծքագեղձի ծավալի մեծացումը, աբդոմինոպլաստիկան, բլեֆարոպլաստիկան, լիպոսակցիան ու դեմքի ձգումը: «Պլաստիկ վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջաննակում Doctors.am-ը զրուցեց ԵՊԲՀ Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Աբրահամ Դանիելյանի հետ:

-Բժիշկ Դանիելյան, ճիշտ է ո՞ր Հայաստանում  ամենապահանջվածը քթի պլաստիկ վիրահատությունն է: Ո՞ր տարիքում կարելի է կատարել այս միջամտությունը:

-Այո՛, Հայաստանում առավել պահանջված պլաստիկ վիրահությանը շարունակում է մնալ ռինոսեպտոպլաստիկան: Ռինոպլաստիկան քթի արտաքին դեֆորմացիայի ուղղումն է, երբ քթի ձևն ու չափերը փոփոխվում են վիրահատական միջամտության եղանակով: Իսկ սեպտոպլաստիկայի միջոցով շտկվում է միջնապատի թեքվածությանը:
Ռինոպլաստիկա կարելի է կատարել, երբ ավարտվում է մարդու ինտենսիվ աճը: Աղջիկների դեպքում դա համապատասխանում է 16-ից 17 տարեկանը, իսկ տղաների մոտª 17-ից 18-ը: Կարող ենք համարել, որ քթի պլաստիկ վիրահատությունը ցուցված է միջինում 18 տարեկան հասակում:

-Քթի պլաստիկ վիրահատություն կատարելու համար ինչպիսի ցուցումներ կարող են լինել: Էսթետիկ տեսանկյունից , որ խնդիրներն են ավելի տարածված:

-Քթի պլաստիկ վիրահատության՝ ռինոպլաստիկային, դիմելու պատճառ կարող է լինել սապատավոր, թամբաձև քթը, քթի ծայրի կախվածությունը, արծվաքիթը, քթի և քթանցքների չափի և ձևի անհամապատասխանությունը դեմքին, քթի միջին գծից թեքված լինելը, անհատի ցանկությունն ու հետտրավմատիկ դեֆորմացիաներ: Հիվանդներն ավելի հաճախ դիմում են՝ արծվաքթի, սապատավոր և հետտրավմատիկ քթի շտկման համար:

-Ֆունկցիոնալ տեսանկյունից որո՞նք են առավել հաճախ հանդիպող խնդիրները և ինչպե՞ս կարող են ազդել մարդու առողջության վրա:

- Միջնապատի դեֆորմացիան առավել հաճախ հանդիպող խնդիրներից է, որը կարող է բերել հետևյալ ախտանիշների առաջացմանը՝ քթով դժվարաշնչություն, անընդհատ, մշտական քթահոսություն, ռեֆլեկտոր գլխացավեր, քթից հաճախակի առանց պատճառի արյունահոսություն, հաճախակի սուր շնչառական հիվանդություններ, քթի ձևի ասիմետրիա, օրգանիզմի ընդհանուր օքսիգենացիայի իջեցում:

-Որո՞նք են քթի պլաստիկ վիրահատության հակացուցումները:
   
-Ռինոպլաստիկայի համար հակացուցում կարող են հանդիսանալ՝ ընդհանուր անզգայացման ու վիրահատական միջամտության ընդհանուր հակացուցումները, օնկոլոգիական հիվանդությունները, սուր ինֆեկցիոն հիվանդությունները, իմունոդեֆիցիտը, մակարդելիության խնդիրները, շաքարային դիաբետը, քթի շրջանում մաշկի բորբոքային պրոցեսը, հոգեկան խանգարումները, հղիությունն ու լակտացիան: 

-Ինչպե՞ս է կատարվում վիրահատությունը: Քթի նախընտրելի ձևն ինչպե՞ս է ընտրվում:

-Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում՝ բաց ու փակ եղանակներով: Ցանկալի արդյունքը որոշվում է բժշկի և հիվանդի միջև համատեղ համաձայնությամբ, քանի որ կան անթույլատրելի փոփոխություններ, որոնք կարող են խոչընդոտել շնչառական ֆունկցիային: Հիվանդի մասնակցությունը ցանկալի է, քանի որ վերջնական կարծիքն արտաքին ձևի հետ կաված՝ իրենն է:

-Պատահու՞մ է, որ վիրահությունից հետո արդյունքը չի գոհացնում հիվանդին: Ինչպե՞ս է լուծվում այդ հարցը:

-Քթի վիրահատությունը պլաստիկ վիրաբուժության առավել բարդ ու հետագա արդյունք ստանալու տեսանկյունից ամենաանկանխատեսելի վիրահատական միջամտությունն է: Նույնիսկ ամենափորձառու վիրաբույժը միջինում 8-10 տոկոս դեպքերում գնում է երկրորդային ռինոպլաստիկայի: Վերջինիս պատճառները բազմազան են, որոնց մասին երկար կարելի է խոսել: Անկախ այս ամենից՝ վիրաբույժը շտկում է հիվանդի համար անցանկալի արդյունքը:

-Ի՞նչն է մարդկանց դրդում կատարել քթի պլաստիկ վիրահատություն: Լինում են դեպքեր, երբ խորհուրդ եք տալիս հրաժարվել վիրահաըությունից:

-Բժշկի կողմից պարտադիր գնահատվում է վիրահատական միջամտության անհրաժեշտությունը, երբ հիվանդը դիմում է ռինոպլաստիկայի համար: Աշխարհում ընդունված է՝ ցանկացած պլաստիկ վիրահատություն կատարելուց առաջ, իրականացնել հոգեբանի կոնսուլտացիա՝ դիսմորֆոֆոբիան և այլ հոգեբանական խնդիրները բացառելու համար: Սա կատարվում է այն պատճառով, որ ցանկացած հետվիրահատական արդյունք նման պաթոլոգիայով անհատին չի կարող գոհացնել: Այդ տեսակ հիվանդների դեպքում բժիշկը ինքն իրեն ապահովագրելու նպատակով պետք է հրաժարվի վիրահատությունից:

Բժիշկը խորհուրդ է տալիս` բժշկությունը չդարձնել բիզնես և չմոռանալ բժշկագիտության առաջին օրենքը՝ «Մի վնասիր»:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
14Դեկտեմբերի, 2017