Սեռական խանգարումները ալկոհոլիզմի ժամանակ. ներկայացնում են մասնագետները

Համահեղինակներ՝ 
 
Սեռական ֆունկցիայի խանգարումը տարբեր գործոններով հարուցվող վիճակ է: Հուզական տարբեր խանգարումներ, ինչպիսին է օրինակ սթրեսը, կարող են արգելք հանդիսանալ սեռական լիարժեք զգացողությունների դրսևորման, ինչպես նաև շատ այլ սեքսուալ խնդիրների զարգացման համար:

Առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ՝ շաքարային դիաբետը կամ զարկերակային գերճնշումը, նույնպես կարող են ազդել սեռական ֆունկցիայի վրա:

Որպես բացասական ազդող գործոն կարող են հանդես գալ տարբեր դեղամիջոցներ: Այս բացասական գործոններից բացառություն չէ նաև ալկոհոլը և դրա չարաշահումը:

Ալկոհոլիզմը պրոգրեսիվող հիվանդություն է, բնութագրվում է հոգեբանական և ֆիզիկական կախվածությամբ, իսկ դադարից հետո՝ աբստինենտ սինդրոմով:

Ալկոհոլի չարաշահումը կարող է առաջացնել սեռական ֆունկցիայի խանգարումներ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:Տղամարդկանց դեպքում ալկոհոլիզմը կարող է հանգեցնել ամորձիների ատրոֆիայի, անպտղության, լիբիդոյի իջեցման, էյալուլյացիայի խանգարումների և էրեկտիլ դիսֆունկցիայի, իսկ կանանց դեպքում՝ ձվարանների ֆունկցիայի և դաշտանային ցիկլի խանգարման, օրգազմի բացակայության, լյուբրիկացիայի հետ կապված խնդիրների և այլն:

Ալկոհոլիզմը հանգեցնում է կայում սոմատիկ և նյարդային խանգարումների ու անձի փսիխիկ դեգրադացիայի: Իսկ սեռական ֆունկցիայի վրա ալկոհոլի ազդեցությունը կախված է հետևյալ գործոններիցօգտագործված ալկոհոլի քանակից,​​

  • որակից,
  • մինչև ալկոհոլ ընդունելն ունեցած վիճակից,
  • ալկոհոլի տանելիությունից,
  • սեռական կոնստիտուցիայից,
  • զուգընկերոջ հանդեպ վերաբերմունքից,
  • սեքսուալ մոտիվացիայի տիպից և այլն…

Ալկոհոլը կարող է ժամանակավոր բարձրացնել պոտենցիան, լավացնել էրեկցիան և օգնել հանել կոիտոֆոբիան: Մյուս կողմից ալոհոլ ընդունելը ի սկզբանե կարող է իջեցնել սեռական կյանքի որակը:

Կան տվյալներ, որ սկզբնական շրջանում ալկոհոլիզմով տառապողների կանանց մոտ նկատվում է սեռական ցանկության աճ՝ ելնելով ամուսնում մոտ ալկոհոլի թողած սկզբնական ազդեցություններից: Սակայն ամիսներ անց սկսվում են դրսևորվել ալկոհոլի բացասական ազդեցությունները, և տղամարդը ի վիճակի չի լինում պահել վերը նշված ռիթմը: Եվ դա իր հերթին բերում է ամուսնական կոնֆլիկտի՝ կինը մեղադրում է ամուսնուն անկարող լինելու համար, և դա դառնում է լրացուցիչ խթան՝ ավելի շատ խմելու համար:

Կարևոր է նշել նաև, երբ տղամարդը չի կարողանում կնոջ պահանջները բավարարել, իջնում է նրա ինքնագնահատականը, նա ավելի կասկածամիտ է դառնում և սկսում է խանդել կնոջը, ինչն էլ ավելի է վատթարացնում միջանձնային հարաբերությունները:

Ընդհանուր առմամբ, ալկոհոլիզմով տառապողների մոտ դիտվում են.

1.  Էրեկտիլ դիսֆունկցիա. Նրանց մոտ վատանում է տումեսցենցիան՝ տեղի չի ունենում կավերնոզ մարմինների լիարժեք արյունալեցում և անդամի պնդացում: Արդյունքում, գրգռվելիս անդամը չի կարողանում հասնել պնդության այլ մակարդակին, որն անհրաժեշտ է սեռական ակտի իրականացման համար: Այս խնդիրը պայմանավորված է ալկոհոլիզմով տառապողների մոտ արյունամատակարարման խանգարմամբ. վատանում է բոլոր օրգանների արյունամատակարարումը

2.  Լիբիդոյի անկում. արյունամատակարարման վատացումից բացի ալկոհոլը բերում է սերմնային խողովակների ճարպային վերադասավորման և ամորձու պարենքիմայի դիսպլազիայի ու դա էլ իր հերթին բերում է տեստոստերոնի անբավարար սինթեզին ու ցանկության նվազմանը: Ալկոհոլըհիպոթալամուսի և հիպոֆիզի մակարդակով բերում է ԿՆՀ-ի ռեֆլեկտոր գործունեության խանգարմանը, արդյունքում տուժում է սեռական ֆունկցիան:

3.  Էյալուլյացիայի (սերմնաժայթքման) խանգարում. Ալկոհոլը բթացնում է զգացողական ֆունկցիան, ինչը բերում է էյալուկյացիայի խանգարումների, ընդհուպ՝ դրա բացակայության:

4.  Անպտղություն. Սպերմոգրամմայում արձանագրվում են քանակական և որակական փոփոխություններ, իջնում է սպերմատոզոիդների շարժունակությունը և բարձրանում պաթոլոգիկ ձևերի քանակը:


Բուժում

Բուժումն սկսելուց առաջ պետք է հաշվի առնել հետևյալը.

1. Սոմատիկ խանգարումները, որոնք զարգանում են ալկոհոլի ազդեցությունից (սիրտ-անոթային հիվանդություններ, լյարդի ախտահարումներ և այլն), ինչպես նաև հաճախակի սառելու հետևանքով զարգացող պրոստատիտի առկայությունը, որն էլ ավելի է խորանում զարգացող սեռական խանգարումների ֆոնի վրա:

2. Կրթությունը, ընտանեկան դրությունը, հասարակական դիրքն ու անհատիվ շրջապատող սոցիումը:

3. Զուգընկերոջ դիրքորոշումը և նրա աջակցությունը:

 

Պետք է վերջ տրվի արատավոր օղակին՝ ալկոհոլամոլություն -> սեռական ֆունկցիայի խանգարում -> ընտանեկան կոնֆլիկտներ -> ալկոհոլի օգտագործման մեծացում:

Բուժման կուրսի կարևորագույն պայմաններն են բուժման ընթացքում ալկոհոլից հրաժարումը և ընտանեկան հարաբերությունների կարգավորումը:

Ալկոհոլիզմի և սեռական խանգարումների բուժմանը զուգընթաց պետք է պայքարել սոմատիկ ախտահարումների դեմ:

Բուժման անբաժանելի մասն է հոգեթերապիան՝ որպես առանցքային բուժական միջոցառում: Ընդորում խորհուրդ է տրվում կիրառել հոգեթերապիայի տարբեր տեսակներ՝ անհատական, կոլեկտիվ, ռացիոնալ, կոգնիտիվ, հիպնոթերապիա և այլն:

Առանձնահատուկ տեղ պետք է տալ նաև հոգեթերապևտիկ զրույցներին հիվանդի կնոջ\ամուսնու հետ: Դրա նպատակն է ընտանիքում ստեղծել փոխըմբռնման մթնոլորտ, խուսափել ընտանեկան կոնֆլիկտներից:

 
ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի կլինիկա
 
Աղբյուրը՝ Doctors.am
20 մարտի, 2017