Ամեոբիազ

Ամեոբիազը (Amoebiasis) պրոտոզոային ինֆեկցիա է, որը բնութագրվում է հաստ աղիքի խոցային ախտահարումով, տարբեր օրգաններում աբսցեսների առաջացումով և ձգձգվող քրոնիկ ընթացքի հակումով։
 
Պատճառագիտություն
 
Ամեոբիազի հարուցիչը` Е.histolytica - ն, պատկանում է Protozoa տիպի Entamoebidae ընտանիքին։ Նրա կենսական ցիկլն ունի 2 փուլ` վեգետատիվ (տրոֆոզոիտ) և հանգստի (ցիստ), որոնք հաջորդուն են միմյանց, կախված տիրոջ օրգանիզմում «բնակության» պայմաններից։ Մակաբույծի զարգացման վեգետատիվ ձևն ունի 4 ձև` հյուսվածքային, մեծ վեգետատիվ, լուսանցքային և նախացիստային, որոնցից յուրաքանչյուրն ունի ձևաբանական և ֆունկցիոնալ առանձնահատկություններ։ 
 
Համաճարակաբանություն
 
Ամեոբիազն աղիքային անթրոպոնոզ է։ Վարակի աղբյուր է հանդիսանում մարդը, որն արտաքին միջավայր արտազատում է Е.histolytica ցիստերը։ Համաճարակաբանորեն ավելի վտանգավոր են ամեոբակիրները, ինչպես նաև սուր աղիքային ամեոբիազով ռեկոնվալեսցենտները և քրոնիկ ռեցիդիվող հիվանդները ռեմիսիայի շրջանում։ Վարակված մարդու կողմից ցիստերի արտազատումը կարող է տևել տարիներ, իսկ մեկ ամեոբակիրը մեկ օրվա րնթացքում կղանքի հետ կարող է արտազատել 300 միլիոն և ավել ցիստ։ Աղիքային ամեոբիազով հիվանդները սուր փուլում համաճարակաբանական վտանգ չեն ներկայացնում, քանի որ կղանքով արտազատվում են մակաբույծի վեգետատիվ ձևերը, որոնք արտաքին միջավայրում անկայուն են։
 
Վարակի փոխանցման մեխանիզմը ֆեկալ - օրալն է։ Փոխանցման ուղիները կարող են տարբել լինել սննդային, ջրային, կենցաղ - կոնտակտային։ Փոխանցման գործոններ հաճախ հանդիսանում են սննդամթերքները, հատկապես մրգերն ու բանջարեղենը, հազվադեպ, ջուրը, կենցաղային պարագաները, սպիտակեղենը, խաղալիքները, դռների բռնակները և այլն։ Սանիտար – հիգիենիկ կանոնները չպահպանելու դեպքում հնարավոր է ցիստակրից վարակումն անմիջական կոնտակտի միջոցով։ Ցիստերի տարածմանը նպաստում են սինանտրոպ ճանճեր և խավարասերները։ Այդ միջատների աղիներում Е.histolytica-ի ցիստերը պահպանվում են 48 - 72 ժամ։ 
 
Կլինիկական պատկեր
 
Կլինիկորեն արտահայտվելու դեպքում ամեոբիազն ընթանում է 3 հիմնական ձևերով. 1) աղիքային; 2) արտաղիքային; 3) մաշկային։ 
 
Աղիքային ամեոբիազը կամ ամեոբային դիզենթերիան հիմնական և ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևն է։ 
 
Արտաղիքային ամեոբիազն ամենահաճախ հանդիպում է լյարդում։ Այն կարող է զարգանալ աղիքային ամեոբիազի սուր դրսևորումներին զուգահեռ կամ մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ անց։
 
Մաշկի ամեոբիազը հիմնականում երկրորդային պրոցես է։ Մաշկի վրա, հատկապես պերիանալ, շեքի և հետույքի շրջանում առաջանում են էրոզիաներ և խոցեր։ Այդ աբսցեսները կարող են առաջանալ լյարդի թարախային խուղակների կամ ամեոբային աբսցեսների բացումից հետո դրված վիրահատական կարերի շուրջ։ Խոցերը խորն են, քիչ ցավոտ, սև եզրերով, տհաճ հոտով։ Խոցերից վերցրած քերուկում հայտնաբերվում են ամեոբաների վեգետատիվ ձևեր։
 
Ախտորոշում
 
Ամեոբիազի ախտորոշման մեջ շատ կարևորվում է մանրակրկիտ հավաքած համաճարակաբանական և հիվանդության անամնեզը, ինչպես նաև հիվանդների կլինիկական զննման տվյալները։ Ախտորոշիչ լրացուցիչ մեթոդներ են ռեկտոռոմանոսկոպիան, աղիքի լորձաթաղանթի բիոպսիան, ռենտգենաբանական հետազոտությունը։ Լյարդի ախտահարման դեպքում ախտորոշմանն օգնում է սկանավորումը, ուլտաձայանային հետազոտությունը, հեպատոլիենոգրաֆիան, լապարասկոպիան, լապարատոմիան աբսցեսի պունկցիայով։ Ախտորոշման համար որոշիչ է կղանքում ամեոբայի մեծ վեգետատիվ ձևի, իսկ խորխում, աբսցեսի պարունակության, խոցից ստացված քերուկի կամ ասպիրատի մեջ ամեոբայի հյուսվածքային ձևի հայտնաբերումը։ Կղանքում լուսանցքային ձևերի կամ ցիստների հայտնաբերումը բավարար չէ վերջնական ախտորոշման համար։
 
Հետազոտության ենթակա է միայն թարմ կղանքը (դեֆեկացիայից 10 - 15 րոպեից ոչ ուշ վերցված), երբեմն անհրաժեշտ է լինում արտաթորանքների բազմակի պարազիտոլոգիական հետազոտությունների անցկացում։ Սուր ամեոբիազի դեպքում ախտորոշման նպատակով լուծողականների կիրառումը հակացուցված է, իսկ քրոնիկ ամեոբիազի ռեմիսիայի շրջանում պարազիտոլոգիական կրկնակի հետազոտություններ իրականացնելու համար հիվանդին կարելի է տալ աղային լուծողականներ: Ամեոբաների հայտնաբերման հիմնական մեթոդը կղանքի նատիվ պրեպարատներում նրանց մանրադիտումն է։ Լայնորեն կիրառվում է քսուկների ներկումն ըստ Հեյդենհայնի երկաթի հեմատոքսիլինով կամ Լյուգոլի լուծույթով, ընդ որում, այդ քսուկները կարելի է պահպանել երկար ժամանակ։
 
Լաբորատոր ախտորոշման համար կիրառում են կղանքում ամեոբային անտիգենի հայտնաբերման իմունոքրոմատոգրաֆիկ մեթոդը, ինչպես նաև կղանքի ՊՇՌ հետազոտությունը: Վերջիններս ունեն բարձր զգայունություն և յուրահատկություն:
 
Արժեքավոր տվյալներ, հատկապես արտաաղիքային ամեոբիազի և ամեոբոմաների ախտորոշման համար ստացվում են իմունաբանական (շճաբանական) ռեակցիաների շնորհիվ։ Այսպես, աղիքային ամեոբիազի իմունաբանական մեթոդները դրական են հիվանդների 60 – 70%, իսկ լյարդի ամեոբային աբսցեսի դեպքում` 95% մոտ։ Առավել զգայուն մեթոդ են հանդիսանում անուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիան, իմունաֆերմենտային անալիզը և այլն։ Որոշ դեպքերում ախտորոշիչ նպատակով կատարվում է լաբորատոր կենդանիների վարակում (կատու, առնետ) հետազոտման ենթակա նյութով։
 
Տարբերակիչ ախտորոշում
 
Աղիքային ամեոբիազը տարբերակվում է այլ պրոտոզոային ինֆեկցիաներից, շիգելոզից, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտից, աղիքի քաղցկեղից, իսկ լյարդի ամեոբային աբսցեսը` թարախային անգիոխոլանգիտներից, լեղուղիների քաղցկեղից, երբեմն մալարիայից, վիսցերալ լեյշմանիոզից, թոքերի աբսցեսը` տուբերկուլոզից, թարախակույտերի առաջացմամբ ընթացող այլ ծագման թոքաբորբերից։
 
Բուժում
 
Ամեոբիազի սպեցիֆիկ բուժման նպատակով առաջարկված են մի շարք դեղամիջոցներ, որոնք բաժանվում են 3 խմբի`
 
I խումբ. ուղղակի կոնտակտային ազդեցության դեղամիջոցներ (ուղղակի ամեոբոցիդներ) որոնցից են խինիոֆոնը (յատրեն) և դիյոդոխինը, որոնք ունեն կործանիչ ազդեցություն հարուցիչի լուսանցքային ձևերի վրա։ Օգտագործվում են ամեոբակիրների սանացիայի և ռեմիսիայում գտնվող քրոնիկ ամեոբիազով հիվանդների բուժման համար։ Խինիոֆոնը նշանակվում է 0,5գ օրը 3 անգամ 10 օր տևողությամբ։ Անհրաժեշտության դեպքում 10 օրյա ընդմիջումից հետո նշանակվում է ևս մեկ կուրս նույն դոզայով և տևողությամբ։ Խինիոֆոնը ներքին ընդունմանը զուգահեռ կարելի է կիրառել նաև հոգնաների ձևով։
 
II խումբ. ամեոբաների լորձաթաղանթային ձևերի վրա ազդող դեղամիջոցներ (հյուսվածքային ամեոբոցիդներ), որոնք ուղղված են ամեոբաների լուսանցքային և հյուսվածքային ձևերի դեմ և հաճախ օգտագործվում են սուր աղիքային, իսկ երբեմն էլ արտաղիքային ամեոբիազի բուժման նպատակով: Էմետինի հիդրոքլորիդն օգտագործվում է 1 մգ/կգ օրեկան դեղաչափով միջմկանային կամ ենթամաշկային ներմուծման ձևով (առավելագույն օրեկան դեղաչափը` 60 մգ)։ Դիհիդրոէմետինը նշանակվում է միջմկանային կամ ենթամաշկային 1,5 մգ/կգ օրեկան դեղաչափով (առավելագույն օրեկան` 90 մգ) կամ ներքին ընդունմամբ` դիհիդրոէմետին ռեզինատի ձևով 1 մգ/կգ դեղաչափով։ Վերջինս քիչ տոքսիկ է, քան էմետինը, բայց նույնքան արդյունավետ է, օրգանիզմից արագ դուրս է բերվում մեզով։ Աղիքային ամեոբիազով հիվանդների բուժման նպատակով էմետինն ու դիհիդրոէմետինը նշանակվում են 5 օր ժամկետով, իսկ լյարդային աբսցեսի դեպքում կուրսը երկարացվում է մինչև 10 օրը։ Ամբիլգարն իր ամեոբոցիդ ազդեցությամբ գերազանցում է էմետինին և դիհիդրոէմետինին։ Կիրառվում է ներքին ընդունման ձևով 25 մգ/կգ օրը (1,5 մգ/կգ - ից ոչ ավել օրեկան) 7 - 10 օր տևողությամբ։ Արտահայտված հակապրոտոզոային ազդեցությամբ է օժտված նաև խինգամինը (դելագիլ)։ Կիրառվում է լյարդի ամեոբային աբսցեսների դեպքում, քանի որ արագ ներծծվում է աղիներից և կոնցենտրացվում լյարդում անփոփոխ ձևով։ Խինգամինով բուժումը տևում է 3 շաբաթ։ Նշանակվում է առաջին երկու օրը 1,0 գ, իսկ հաջորդ 19 օրը` 0,5 գ օրը։ Դելագիլը կարելի է զուգակցել տետրացիկլինի հետ։
 
III խումբ, ունիվերսալ ազդեցության պրեպարատներ, որոնք հաջողությամբ կիրառվում են ամեոբիազի բոլոր ձևերի բուժման համար։ Այս խմբի կարևորագույն ներկայացուցիչը մետրոնիդազոլն է (տրիխոպոլ)։ Այն նշանակվում է 0,4 - 0,8 գ օրը 3 անգամ 5 - 8 օր տևողությամբ։ Տինիդազոլը (ֆասիժին) նշանակվում է 2,0 գ օրեկան դեղաչափով 3 օր տևողությամբ (երեխաներին օրեկան 50 - 60 մգ/կգ)։ Ֆուրամիդն օգտագործվում է նույն դեպքերում, ինչ մետրոնիդազոլը, ինչպես նաև (պակաս տոքսիկության շնորհիվ) համաճարակաբանական օջախում ամեոբիազի քիմիոպրոֆիլակտիկայի նպատակով։ Նշանակվում է 1- 2 -ական հաբ օրը 3 անգամ։ Բուժման կուրսը 5 օր է։
 
Լյարդի, թոքերի, ուղեղի և այլ օրգանների աբսցեսները ենթակա են վիրաբուժական բուժման զուգակցված հակաամեոբային միջոցների հետ (սովորաբար հյուսվածքային և ունիվերսալ ամեոբոցիդների համակցում)։ Աղիքային ամեոբիազի բարդությունների, ինչպես նաև լյարդի ամեոբային աբսցեսի բուժման հիմնական մեթոդը վիրաբուժականն է` հակապարազիտար և պաթոգենետիկ համալիր բուժման ֆոնի վրա։ Մաշկային ամեոբիազի ժամանակ կիրառում է խինիոֆոնով քսուկ։ Անհրաժեշտ է նաև պաթոգենետիկ և սիմպտոմատիկ բուժում։
 
 
 
 
 
Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան