Օտար մարմինները՝ երեխաների շնչուղիներում և ականջում

Նորմալ շնչառության համար անհրաժեշտ է, որ շնչուղիները լինեն անցանելի: Եթե որևէ պատճառով կա դժվարաշնչություն, ապա այսպիսի իրավիճակներում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Օտար մարմինները քիթ-կոկորդ-ականջում ավելի հաճախ հանդիպում են երեխաների մոտ։ Doctors.am-ը «Օտորինոլարինգոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հաճախ հանդիպող խնդրի մասին զրուցեց«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, քիթ-կոկորդ-ականջաբան Անդրանիկ Սերոբյանի հետ:

-Բժիշկ Սերոբյան, որքա”ն հաճախ է հանդիպում քթային դժվարաշնչությունը երեխաների մոտ՝ կապված օտար մարմինների հետ:

-Քթային դժվարաշնչությունը վերին շնչառական ուղիների լրիվ կամ մասնակի փակումն է, որի հետևանքով խանգարվում է օդի անցումը թոքեր։ Քիթ-կոկորդ-ականջում օտար մարմինների խնդիրն ավելի հաճախ հանդիպում է մեկ տարեկանից բարձր երեխաների մոտ, երբ վերջիններս սկսում են ինքնուրույն խաղալ, հեշտությամբ կարող են կուլ տալ կամ քթային շնչուղիները մտցնել փոքր առարկաներ, օրինակ՝ կոճակներ, ուլունքներ, խաղալիքի մասեր և այլն։ Վերջին շրջանում շատ են հանդիպում դեպքեր, երբ քթային անցուղիներ են մտցնում հյութերի, ջրերի և այլ ապրանքների վրա փակցված դրոշմապիտակները: 

-Ինչպիսի՞ ախտանշաններ են լինում քթային դժվարաշնչության ժամանակ: Կնշե՞ք այն առարկանները, որոնք ստիպված եք լինում հեռացնել:

-Եթե օտար մարմինը հայտնվում է քթային անցուղիներում, և ծնողները ժամանակին չեն նկատում դա, առաջանում է քթային դժվարաշնչություն, լորձաթարախային արտադրություն: Սրանք այն նշաններն են, որոնցով ծնողները պետք է տարբերակեն այս խնդիրը: Այդ դեպքերում քթային դժվարաշնչությունը լինում է միակողմանի:
Քթային անցուղիներում հաճախ հայտնվում են խաղալիքի մասեր, անգլիական քորոց, դրոշմանիշեր, փոքրիկ զարդեը և այլն: Բուսական ծագման օտար մարմիններից  քթային անցուղիներում են հայտնվում ոսպը, սիսեռը, արևածաղիկը, լոբին, որոնք երկար ժամանակ մնալով քթի մեջ՝ խոնավ միջավայրում, կարող են այտուցվել, մեծանալ ու ծլել:  Եղել են դեպքեր, երբ երեխաների քթային անցուղիներից հեռացրել ենք քթաքարեր, որոնք մեծանալով առաջացում են արյունահոսություն, թարախային արտադրություն, շնչառության վատացում և այլն: Առավել վտանգավոր են փոքրիկ մարտկոցները, որոնք առաջացնում են լորձաթաղանթի այրվածք ու միջնապատի քայքայում՝ թափածակում:

-Ինչպե՞ս է ախտորոշվում և ի՞նչ եղանակով են հեռացվում օտար մարմինները երեխաների քթային անցուղիներից կամ ականջից:

-Այսպիսի դեպքերում համապատասխան մասնագետը հատուկ գործիքների օգնությամբ կատարում է ախտրոշում: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է ռենտգեն, ԿՏ  ու ֆիբրոսկոպիկ հետազոտություններ: Սովորաբար քթային շնչուղիներում և ականջում հայտնված օտար մարմինները հաջողվում է հեռացնել տեղային անզգայացման եղանակով: Լինում են դեպքեր, երբ օտար մարմինը ֆիքսվում է քթային անցուղում և դժվար է հեռացնել տեղային անզգայամամբ, այս դեպքում կիրառվում է ընդհանուր անզգայացում: Դրան հաջորդում է բուժումը՝ վնասված լորձաթաղանթը վերականգնեկու համար:

-Ի՞նչ խորհուրդ կտաք  նման խնդիրներից խուսափելու համար:

-Երեխաների մոտ քթային դժվարաշնչությունների մեծ մասը մեծահասակների անզգուշության և անուշադրության հետևանք է: Քանի դեռ երեխան չի գիտակցում, թե ինչ հետևանքներ կարող են առաջանալ օտար մարմինները շնչուղիները կամ ականջը մտցնելիս, ծնողները պետք է պահպանեն զգոնություն: Խորհուրդ եմ տալիս մանկական ջուր կամ հյութ գնելելիս, անմիջապես հեռացնել դրոշմապիտակները, նոր տալ երեխային, ինչպես նաև հետևողական լինել խաղալիքների ընտրության հարցում, քանի որ անորակ խաղալիքները հեշտությամբ քանդվում կամ ջարդվում են, ինչի արդյունքում դրանց փոքր մասերը կարող են նման խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ:
Նմանօրինակ խնդիրների առջև կանգնելու դեպքում՝ պետք է անհապաղ զանգել շտապ օգնություն, դիմել բժշկի, քանի որ ծնողները փորձելով հեռացնել օտար մարմինն ավելի են բարդացնում իրավիճակը՝ վնասելով երեխային:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
2 մարտ, 2018