Միգրենի բուժումը` բոտուլինոտոքսինով

Միգրենը նյարդաբանական հիվանդություն է, որի գլխավոր ախտանիշը հանդիսանում է ինտենսիվ գլխացավի նոպաները գլխի մեկ կեսում: Նոպաները կարող են ուղեկցվել նաև սրտխառնոոցով, փսխումով, լուսավախությամբ, հոտերի և բարձր ձայների նկատմամբ գերզգայունությամբ: Հիվանդության հաճախականությունը պոպուլյացիայում կազմում է 10% ախտորոշված հիվանդներ և 5% չախտորոշված կամ սխալ ախտորոշված: Հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Նոպաների հաճախականությունը կարող է լինել տարբեր: Տարվա մեջ 1-2 անգամից մինչև ամիսը մի քանի նոպա: Հիվանդության պաթոգենեզը բարդ է և մինչև այժմ դեռ լիարժեք ուսումնասիրված չէ:
Գրականության մեջ նկարագրված են հետևյալ պաթոգենետիկ մեխանիզմները՝

  • Գենետիկական պատճառներ
  • ԿՆՀ-ի անոթային խանգարումները(գլխուղեղի զարկերակիկների լուսանցքի նեղացում և գլխուղեղի սնուցման խանգարում)


Նոպայի առաջացմանը կարող են նպաստել հետևյալ սադրիչ գործոնները՝

  • Հորմոնալ՝ դաշտանային ցիկլ, օվուլյացիա, օրալ հակաբեղմնավորիչների օգտագործումը
  • Դիետիկ՝ անկանոն սննդակարգ,ալկոհոլի օգտագործումը (հատկապես կարմիր գինի), շոկոլադ, պանիր, սուրճ, թեյ​

 

  • Հոգեբանական գործոններ՝ սթրես, դեպրեսիա, հոգնածություն
  • կլիմայական պայմանների փոփոխություն
  • քնի խանգարումը

Քանի որ միգրենի ախտորոշումը հաստատող որևէ բիոլոգիական մարկերներ, լաբորատոր կամ պարակլինիկական թեստեր գոյություն չունեն, այդ ախտորոշումը դրվում է կլինիկորեն բժիշկ նյարդաբանի կողմից՝ ժխտելով բոլոր հիվանդությունները, որոնք ևս կարող են լինել ինտենսիվ գլխացավի պատճառ:
Բուժումը կարող է լինել  կոնսերվատիվ և վիրահատական:
Կոնսերվատիվ բուժումն իր մեջ ներառում է նոպայի դադարեցումը և միջնոպայական շրջանում կանխարգելիչ բուժումը: Կանխարգելիչ բուժման համար կիրառում են դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդներ: Որպես ոչ դեղորայքային մեթոդ կիրառվում է դիետա:Սննդակարգից բացառում կամ նվազեցնում են թիրամին պարունակող մթերքները՝ կարմիր գինի, թեյ, սուրճ, շոկոլադ: Ոչ դեղորայքային մեթոդներից են նաև ասեղնաբուժությունը, փսիխոթերապիան: Ժամանակակից բժշկության մեջ կիրառվող մեթոդներից է բոտուլինոտոքսինի ներարկումը: Բոտուլինոտոքսինը հանդիսանում է սպիտակուցային ծագման նեյրոտոքսին, որն արտադրում է Clostridium botulinum բակտերիան: Գոյություն ունի 7 շճատիպ, սակայն բժշկության մեջ կիրառվում է բոտուլիոտոքսին A-ն (Բոտոքս): Բոտուլինոտոքսինի կիրառումը միգրենի բուժման մեջ սկսվել է այն փաստից հետո երբ հանկարծակի պարզվել է որ կանայք, ովքեր դիմել են պլաստիկ վիրաբույժին` միմիկայի կնճիռների հարթեցման համար, ներարկումներից հետո նկատել են, որ իրենց գլխացավերի նոպաները դարձել են ավելի հազվադեպ և թույլ: Այժմ արդեն ապացուցված, որ բոտոքսը շատ էֆեկտիվ է քրոնիկական միգրենի բուժման համար: Իհարկե էֆֆեկտը ժամանակավոր է, այն պահպանվում է մոտ վեց ամիս: Բոտուլինոտոքսինը պաշարում է նյարդամկանային սինապսները և կանխում է ացետիլխոլինի ձերբազատումը: Այսինքն ժամանակավոր պարալիզում է մկանները: Այս փոփոխությունները դարձելի են: Ներարկումները կատարվում են գլխի և պարանոցի համապատասխան կետերում ինսուլինային ասեղներով: Ամբողջ գործընթացը գրեթե անհանգստություն չի պատճառում հիվանդին: Տևում է մոտ 20 րոպե: Էֆֆեկտը հիվանդը նկատում է արդեն իսկ բուժման 4-րդ օրվանից սկսած:
Ներարկումից հետո արգելվում է 48 ժամ այցելել մարզասրահ, շոգեբաղնիք, օգտագործել ալկոհոլ:
Բոտուլինոթերապիայի համար հակացուցում են հանդիսանում՝ ներարկման շրջանում բորբոքային երևույթները, արյան մակարդելիության խանգարումները, հղիությունը, կրծքով կերակրումը, քրոնիկական ծանր հիվանդությունները դեկոմպենսացիայի փուլում:


Աղբյուրը`Doctors.am
26 Հունիս 2018