Բոտուլինոտոքսինը, որպես քրտնարտադրության կանխման արդյունավետ միջոց. ներկայացնում է Անի Այվազյանը

Բժշկության մեջ վերջին ժամանակաշրջանում բոտուլինոտոքսինի կիրառման շրջանակը բավականին լայնացել է:
Doctors.am-ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ Անի Այվազյանի հետ` պարզելու համար բոտուլինոտոքսինի կիրառությունների այլ ոլորտները:

Ինչպիսի՞ կիրառություն ունեն բոտուլինոտոքսինի ներարկումները:

Բոտուլինոտոքսին A-ն բժշկության մեջ սկսվել է կիրառվել 20-րդ դարում: Այն հանդիսանում է սպիտակուցային ծագման նեյրոտոքսին: Ունի 7 շճատիպեր, բայց մեկ տեսակն է կիրառվում, այն է բոտուլիոտոքսին A-ն, որն արտադրում է Clostridium botulinum բակտերիան: Ունի բազմազան կիրառություններ, շատերը նույնիսկ չգիտեն կիրառության բոլոր ոլորտների մասին: Այն օգտագործվում է և՛ ակնաբուժության, և՛ պլաստիկ վիրաբուժության, և՛ հիմա մեծ կիրառություն ունի միգրենի բուժման մեջ:

Բոտոքսը (բոտեսքսը)` որպես հիպերհիդրոզի (գերքրտնարտադրության)բուժում:

Քրտնարտադրության մի քանի տեսակ ենք տարբերակում. Ֆիզիոլոգիական, ախտաբանական, և կարող է լինել տեղային և ընդհանուր: Քրտնարտադրությունը օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է, օրինակ, բարձր ջերմաստիճանի պայմաններում, փսիխոէմոցիոնալ լարվածության դեպքում, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ բնական է, որ ընդհանուր քրտնարտադրությունը բարձրանում է, բայց լինում են ախտաբանական դեպքեր, որ ունենում ենք տեղային արտահայտված քրտնարտադրություն: Օրինակ` կարող է լինել ափերի, ոտնաթաթի ներբանային հատվածում, և հաճախ լինում են անութափոսերի` թևատակերի արտահայտված քրտնարտադրության դեպքեր: Այդ ժամանակ կրկին կիրառում ենք Բոտուլինոտոքսին A: Արդյունքը պահպանվում է 6-8 ամիս: Այն բավականին արդյունավետ է և արդյունքը պացիենտը նկատում է արդեն 3-րդ օրվանից սկսած:

Բարդություններ կարո՞ղ են առաջանալ:

Այսօր բոտուլինոտոքսինը շատ հաճախ օգտագործվում է կոսմետիկ նկատառումներով: Եվ սխալ օգտագործման կամ պացիենտի անուշադրության պատճառով, կարող են առաջանալ բարդություններ,որոնք, իհարկե, դարձելի են: Կարող է դիտվել նաև ալերգիկ ռեակցիա: Կարելի է ասել`բարդություններ չեն լինում, եթե ճիշտ է կիրառվում:
Բոտուլինոտոքսին A-ն քայքայվում է օրգանիզմում`ֆերմենտների ազդուցության տակ և ամբողջությամբ դուրս է գալիս օրգանիզմից:


Ինչպե՞ս են իրականացվում Բոտուլինոտոքսինի ներարկումները:

Գոյություն ունի «Մինորի» թեստը, երբ թևատակերի ամբողջ ծածկույթը մշակվում է յոդի սպիրտային լուծույթով, այնուհետև օսլայի փոշի ենք ցանում: Յոդով և օսլայով մշակված հատվածները քրտինքի հետ շփումից ձեռք են բերում կապույտ գունավորում: Այնուհետև ներարկման ենթակա ամբողջ մակերեսը նշվում է մարկերով:Ներարկումը կատարում ենք տեղային անզգայացմամբ: Կարելի է ասել` պրոցեդուրան անցնում է գրեթե անցավ և տևում է մոտ 30 րոպե:

Կա՞ն բոտոքսի (բոտեքսի) կիրառման այլ ոլորտներ:

Հիմա նաև փորձեր են կատարվում սպիերի բուժման հարցում: Անմիջապես վիրահատությունից հետո, սպիի եզրերով ներարկվում է Բոտուլինոտոքսին: Այն մարդկանց մոտ, ում ներարկել են բոտոքս(բոտեքս), ավելի բարակ և նուրբ սպի է ձևավորվում: Քանի որ բոտոքսը (բոտեքսը) թուլացնում է մկանները, հյուսվածքների լարվածությունն է թուլացնում, հետևաբար արդյունքում ձևավորվում է ավելի նուրբ սպի: Ինչպես նաև կիրառվում է միգրենի բուժման մեջ: էֆեկտիվ է նաև լնդային ժպիտի դեպքում: Այն պացիենտները, որոնց լնդերը երևում են ժպտալու ընթացքում, այդ դեպքում ևս կիրառում ենք բոտոքս(բոտեքս), թուլացնում ենք վերին շրթունքը բարձրացնող մկանները և, քանի որ մկանի տոնուսը թուլանում է, ժպտալու ժամանակ այն այդքան չի բարձրանում:

Կա՞ն հակացուցումներ:

Այո,ներարկման վայրում բորբոքային պրոցեսները, արյան մկարդելիության խանգարումները, հղիությունը, կրծքով կերակրումը, քրոնիկական ծանր հիվանդությունները :

Ի՞նչ խորհորդ կտաք ընթերցողներին:

Չեմ կարող բոլորին խորհուրդ տալ բոտոքս(բոտեքս) օգտագործել, քանի որ դա յուրաքնչյուրի անհատական որոշումն է:
Ամեն դեպքում, եթե որոշում եք էսթետիկ ներարկումներ կատարել, ապա դիմեք պրոֆեսիոնալ մասնագետի:

 


Աղբյուր`Doctors.am
Հեղինակ`Մարիամ Սարգսյան
30 Մայիս, 2018