Անպտղությունը դատավճիռ չէ. Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները Հայաստանում ցանկալի արդյունք են գրանցում. Ներկայացնում է մանկաբարձ-գինեկոլոգ Անուշ Ավանեսյանը

Երբ անպտղությունը հնարավոր չէ բուժել ավանդական միջոցներով, և բնական եղանակով հղիանալու հավանականությունը բացառվել է, բժշկությունն առաջարկում է Հայաստանում արդեն հաջողություններ գրանցած տարբերակներ: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին Doctors.am-ը զրուցեց Մ. Հերացու անվան «ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1» կլինիկական ամբիոնի դասախոս, բ.գ.թ ,  «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անուշ Ավանեսյանի հետ:


-Բժշկուհի Ավանեսյան, ժամանակակից բժշկությունը տարբեր միջոցներ է առաջարկում անպտղության բուժման հարցում: Ի՞ նչ խնդիներ են լուծում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներն այս ասպարեզում:

-Եթե 20-25 տարի առաջ անպտղությունը կարող էր ճակատագրական լինել ընտանիքի համար և հարցի այլ լուծում հնարավոր չէր առաջարկել, ապա այսօր, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ անպտղությունը հաղթահարելու խոչընդոտները գրեթե վերանում են: ՀՀ-ում գործում են մի շարք կենտրոններ, որոնք մեծ դեր են կատարում ռեպրոդուկտոլոգիայի զարգացման գործում: Մարդու պտղաբերության կենտրոնն («Ֆերթիլիթի սենթր») այս ոլորտում առաջիններից է, որը հիմնվել է 2008 թվականինց` Էդուարդ Համբարձումյանի գլխավորությամբ: Այստեղ անպտղություն ունեցող զույգերի համար օժանդակ վերարտադրողական մեթոդներն ընտրվում են անհատական մոտեցմամբ:

-Առանձնացվում են օժանդակ վերատադրողական տեխնոլոգիաների տարբեր մեթոդներ, որո՞նք են ավելի հաճախ կիրառվում Հայաստանում:

-Օժանդակ վերարտադրողական մեթոդների շարքում լայն կիրառում ունեն ներարգանդային սերմնավորումը, արտամարմնային բեղմնավորումն ու սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումը: Մյուս մեթոդները գտնվում են էքսպերիմենտալ փուլում: Ամենատարածվածն արտամարմնային բեղմնավորումն է` ԱՄԲ (ЕКО): Այս մեթոդի կիրառման ժամանակ կնոջ ձվարաններից վերցնում են հասուն ձվաբջիջներ, իսկ տղամարդուց՝ սերմնաբջիջներ: Լաբորատոր հատուկ պայմաններում` անոթում, ձվաբջիջն ու սեպերմատոզոիդները դրվում են միասին: Ամենակենսունակ սերմնաբջիջը ներթափանցում է ձվաբջջի մեջ ու բեղմնավորում այն: Եթե բեղմնավորված ձվաբջիջը սկսում է կիսվել, ապա 3-ից 5 օր անց այն տեղափոխվում է արգանդ: Այս հղիությունը ոչինչով չի տարբերվում բնական հղիությունից: Մյուսը՝ ձվաբջջի մեջ սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման մեթոդն է (ИКСИ): Սա հիմնականում առաջարկվում է այն զույգերին, որոնց անպտղության պառճառը տղամարդու սերմնաբջջի վատ որակն է:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, երիտասարդների մոտ հաճախ են հանդիպում օնկոլոգիական հիվանդությունները: Երբ կինը կամ տղամարդը պետք է դիմի քաղցկեղի դեմ բուժումներին` օրինակ անցնի քիմիոթերապիա, այժմ կա հնարավորություն սառեցնել նրանց բջիջները` սերմնաբջիջների, ձվաբջիջների և սաղմերի կրիոսառնապահպանման տեխնոլոգիաների միջոցով՝ բուժման ավարտից հետո օգտագործելու նպատակով:

-Մինչ երկար սպասված հղիությունը, որո՞ նք են այն կարևոր փուլերը, որ պետք է անցնեն զույգերը:

-Շատ կարևոր է նախապատրաստական փուլը, երբ բժիշկը ծանոթանում է տղամարդու և կնոջ անամնեզին: Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել նրանց առողջական վիճակը, տարած վիրահատությունները: Այս ամենից է կախված հետագա հաջողությունը: Հաջորդ փուլում իրականացվում է հորմոնալ հետազոտություններ, բորբոքային հիվանդությունների բուժում: Երբ նախապատրաստական փուլը հաջողությամբ ավարտվում է, սկսվում է ստիմուլացիան:

-Հասարակության մեջ անպտղությունը տարածված երևույթ է դարաձել, որո՞ նք են զույգերի մոտ անպտղության հանգեցնող, հաճախ հանդիպող խնդիրները:

-Կանանց մոտ անպտղությունը կարող է պայմանավորված լինել տարիքային գործոնով, հորմոնալ խանգարումներով, նախկինում տարած վիրահատությունների հետևանքով, փողային անանցանելությամբ և այլն: Պատահում է, որ կինն արգանդ չունի, բայց ձվարանները գործում են: Այս պարագայում փոխնակ մոր (համաձայն ՀՀ օրենսդրության` փոխնակ մայրեր կարող են դառնալ 18-35 տարեկան կանայք: Հիմնական պահանջներից են ֆիզիկական և հոգեկան առողջությունը, սեփական երեխայի առկայությունը և, իհարկե, այլ անպտուղ զույգին օգնելու ցանկություը) օգնությամբ կնոջը կարելի է պարգևել մայրանալու բերկրանք, քանի որ բիոլոգիական մայրը համարվում է այն կինն, ում ձվաբջիջն օգտագործվել է բեղմնավորման ժամանակ: Անպտղության խնդիրները հավասարապես տարածված են նաև տղամարդկանց մոտ՝ տարբեր սեռավարակներ, սերմնաբջջի վատ որակ և այլն:

-Հայաստանում տարեկան ի՞նչ ցուցանիշ է արձանագրվում: Զույգերից որքա՞ ն ժամանակ է պահանջվում ցանկալի արդյունքի հասնելու համար:

- Շատ կարևոր է, որ զույգը կատարի բժշկի ճիշտ ընտրություն: Կախված առկա խնդիրներից` գործընթացը կարող է երկար տևել: Դա համալիր աշխատանք է, որտեղ ներառվում են մանկաբարձ-գինեկոլոգները, էնդոկրինոլոգները, օնկոլոգները, ուռոլոգնրը և այլն: Սակայն պետք է ընդունել, որ լավ ծնունդ վարելը, կեսարյան հատում կատարելը բավական չէ այս ոլորտում հաջողության հասնելու համար: Անհրաժեշտ է խնդիրը լուծել վերարտադրողական բժշկության, սաղմնաբան-վերարտադրողաբանների (ռեպրոդուկտոլոգ) օգնությամբ: Անպտուղ զույգերի 30-40 տոկոսի բուժումը, անկախփորձերի քանակից, ավարտվում է ցանկալի հղիությամբ: Հայաստանում տարեկան 700-800 երեխա է ծնվում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների շնորհիվ: Այս խնդիրն արդիական է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում և Արցախում: Բուժման նպատակով Հայաստան են այցելում նաև ՌԴ-ից զույգեր, որոնք վերադառնում են ցանկալի արդյունքով:

-Ինչքանո՞վ  են հասանելի  այս տեխնոլոգիաները բնակչության համար:

-Միանշանակ, դրանք ֆինանսական միջոցներ են պահանջում, սակայն այն տեխնոլոգիաները, որոնք ավելի շատ են կիրառվում, համեմատաբար հասանելի են: Բացի այդ, պետք է նշենք, որ բազմաթիվ անապահով ընտանիքներ մարզերում և Արցախում, ունեն պետության աջակցությունն` օգտվում են «Արագիլ» բարեգործական հիմնադրամի ծրագրից:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
30 Հոկտեմբերի, 2017