Օրեր առաջ ավարտվեց տարածաշրջանում առաջին անգամ կազմակերպված «ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴՊՐՈՑ»միջազգային ուսումնական դասընթացը: Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի փոխնախագահ Արամ Բադալյանի խոսքով նման դպրոցները պարբերաբար անցկացվում են Ռուսաստանում, Սանկտ-Պետերբուրգում, բայց Հարավային Կովկասի տարածաշրջանում այն առաջին անգամ է անցկացվում:

Ուսումնական դասընթացի հիմնական թեմաներն էին՝ վահանաձև գեղձի քաղցկեղով հիվանդների ախտորոշումը, բուժումը և վարումը: Միջոցառմանը մասնակցում էին մոտ 200 մասնագետներ ԱՊՀ երկրներից:

Հրավիրված հյուրերի կազմում էին ոչ միայն հայաստանյան առաջատար մասնագետներն, այլև Էնդոկրին Վիրաբուժության Հյուսիսարևմտյան Կենտրոնի (Սանկտ-Պետերբուրգ) ղեկավար պրոֆեսոր Իլյա Սլեպցովը, Բլոխինի անվան Ուռուցքաբանության Գիտական Կենտրոնի գլխի և պարանոցի ուռուցքների բաժնի ղեկավար պրոֆեսոր Ալի Մուդունովը, Ռուսաստանի էնդոկրինոլոգիայի գիտական կենտրոնի էնդոկրին վիրաբույժ, պրոֆեսոր Վլադիմիր Վանուշկոն, Վրաստանի էնդոկրին վիրաբույժների ասուցիացիայի նախագահ Էդիշեռ Սուխառուլիձեն, Դանիլևսկու Էնդոկրինոլոգիայի ինստիտուտից (Խարկով) Վադիմ Խազիևը և այլք:

Արամ Բադալյանի խոսքով նման դպրոցը հնարավորություն է տալիս ինչպես Հայաստանի այնպես էլ տարածաշրջանի բոլոր օղակի մասնագետներին շփվել վիճելի հարցերի շուրջ, կարծքիներ փոխանակել և ստանալ նոր գիտելիքներ առաջատար մասնագետների կողմից: Դպրոցի բոլոր մասնակիցները փաստել են խնդրի արդիականությունը. վահանձև գեղձի քաղցկեղի հիվանդացությունը աճում է ոչ միայն Կովկասյան տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Ճիշտ է, փորձագետները նշում են, որ այս հարցում կարևոր դեր է խաղում ախտորոշիչ սարքերի տեխնոլոգիական զարգացումը և ախտորոշման որակի բարձրացումը: