Յարութւն Արմէնեան

Յարութւն Արմէնեան.
ծնունդով լիբանանցի հայ բժիշկ, հանրային առողջապահության դոկտոր, պրոֆեսոր, նկարիչ, պրոֆեսոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ,  Ջոնս Հոփկինսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր և Լոս Անջելեսի համալսարանական քոլեջի պրոֆեսոր
1989 թվականին Արմէնեանի նախաձեռնությամբ ՀՀ-ում իրականացվել է հետերկրաշարժյան ժամանակահատվածի համաճարակաբանական հետազոտություններ, ուսումնասիրվել մանկական մահացությունը։ Զբաղվել է նաև պարբերական հիվանդության հարցերով։

  • 1988-2002 թթ - «Հոդվածներ համաճարակաբանության ոլորտում» պարբերականի գլխավոր խմբագիրը
  • 1980-1982 թթ - Հայ բժիշկների լիբանանյան միության գործադիր անդամ
  • 1996-2002 թթ - Համաշխարհային համաճարակաբանության ընկերակցության ընդհանուր քարտուղար
  • 1995 թ-ից Հայաստանի հասարակական առողջապահության միության պատվավոր նախագահ
  • 1994 թ.-ից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների հետազոտման ու զարգացման կենտրոնի տնօրեն  
  • 1997- 2009 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ  

Յարութւն Արմէնեանը (Հարություն Արմենյան) ծնվել է 1942 թվականին Բեյրութում: Ավարտել է Բեյրութի Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանը։ Ապա սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում՝ 1964 թվականին ստանալով բակալավրի, 1968 թվականին՝ բժշկագիտության դոկտորի աստիճան։ Այնուհետև ուսումը շարունակել է Բալթիմորի Ջոնս Հոփքինսի համալսարանում, որտեղից 1971 թվականին ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան։ 1974 թվականին նույն համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն հանրային առողջապահության բնագավառում։ Յարութւն Արմէնեանը 1974 թվականից դասախոսել է Բեյրութի ամերիկյան համալսարանում որպես համաճարակաբանության ասիստենտ-պրոֆեսոր, 1979-1984 թվականներին՝ որպես կրտսեր պրոֆեսոր, 1984 թվականից՝ պրոֆեսոր։ 1981-1983 թվականներին եղել է այդ համալսարանի Առողջապահական գիտությունների բաժնի դեկանի պաշտոնակատար, 1983-1988 թվականներին՝ դեկանը։ Դեռևս ութսունական թվականներից սկսել է աշխատակցել Բալթիմորի Ջոնս Հոփքինս համալսարանին՝ 1980-1986 թվականներին եղել է այդ համալսարանի համաճարակաբանության բաժնի ավագ գիտաշխատող, 1986-1987 թվականներին՝ համաճարակաբանության հրավիրյալ պրոֆեսոր, 1988 թվականից՝ պրոֆեսոր։ Զբաղեցրել է նաև կարևոր պաշտոններ այդ համալսարանում՝ 1988-1993 թվականներին եղել է համաճարակաբանության բաժնի ղեկավարի տեղակալ, 1993-1994 թվականներին՝ պաշտոնակատար։ 1989-1996 թվականներին ղեկավարել է Ջոնս Հոփքինս համալսարանի հանրային առողջապահության մագիստրոսի կոչում շնորհող ծրագիրը։
Արմէնեանը 1976-1981 թվականներին աշխատել է Բահրեյնի առողջապահության նախարարությունում, եղել է նրա մասնագիտական չափանիշների և համակարգային վերլուծությունների բաժնի կոորդինատոր։ Արմէնեանն ակտիվ հանրային ծառայություններ է մատուցել մասնագիտական ոլորտում, բազում պրոֆեսիոնալ կազմակերպությունների և գիտական ընկերակցությունների անդամ է։ 1981 թվականից Կանխարգելիչ բժշկության ամերիկյան քոլեջի, Համաճարակաբանական միջազգային ընկերակցության անդամ է, 1996 թվականից՝ նաև վերջինիս գործադիր խորհրդի քարտուղարը։ 1986 թվականից ընտրվել է Ջոնս Հոփքինս համալսարանի գիտնականների ընկերակցության անդամ։ 1989 թվականից անդամակցել է Համաճարակաբանության և Համաճարակաբանական հետազոտությունների ամերիկյան ընկերակցություններին։

Պարգևներ
Իր բեղուն գիտահետազոտական գործունեության համար Յարութւն Արմէնեանն արժանացել է մի շարք ակադեմիական պարգևների, որոնց ընդարձակ ցանկն ընդգրկում է Հիգիենայի և հանրային առողջապահության միության մրցանակը՝ խորհրդատվական և դասախոսական աշխատանքի համար, Լիբանանի առողջապահության նախարարության պատվոգիրը, Էռնեստ Լիման Սթեբինսի մեդալը կրթության գերազանցության համար՝ շնորհված Հիգիենայի և հանրային առողջապահության դպրոցի կողմից, Բժիշկների ընկերակցության Ալֆա-Օմեգա-Ալֆա պատվավոր մրցանակը, և այլն։ Վերջերս նա արժանացավ Բրիտանական արքայական բժշկական քոլեջի գործակցի կոչմանը։

Գիտական և խմբագրական աշխատանք
Յարութւն Արմէնեանը հեղինակ է հրատարակված բազմաթիվ գիտական աշխատությունների (տասնհինգ գիրք, յոթանասունչորս հոդված), համահեղինակ է նաև տասնութ գիտական գրքի, որոնք նվիրված են համաճարակաբանության, հանրային առողջապահության, կանխարգելիչ և գործնական բժշկության խնդիրներին։ 1989 թվականից հանդիսանում է «Հոդվածներ համաճարակաբանության ոլորտում» պարբերականի գլխավոր խմբագիրը, 1992 թվականից՝ Համաճարակաբանության ամերիկյան ամսագրի խմբագիրներից է։
Հարություն Արմենյանը հայանպաստ գործունեություն է վարում բազմաթիվ գիտակրթական, մշակութային կազմակերպություններում։
1978 թվականից ղեկավարել է մի շարք ծրագրեր տարբեր երկրներում, եղել է Բահրեյնի, ԱՄԷ-ի, Կատարի, Իրաքի, Լիբանանի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի, Հայաստանի առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Կարմիր խաչի, «Փրկեցեք երեխաներին» կազմակերպությունների խորհրդատու։

Գեղանկարչություն
Նրա աշխատանքները  ներառում են բնանկարներ ու ծովանկարներ (նկարել է՝ շուրջ 40 երկրներ կատարած իր ճամփորդությունների ընթացքում) և ունի աբստրակտ աշխատանքների մի հավաքածու:
Բեյրութում ծնված հայազգի նկարիչը սկսեց լրջորեն զբաղվել նկարչությամբ 1976 թվականից՝ մի շրջան, երբ Լիբանանը ներքաշված էր ավելի ու ավելի սաստկացող քաղաքացիական պատերազմի մեջ:
Բռնությունների ականատես նկարիչն ամեն օր պայթող ռումբերի և հրթիռների ձայներից իր փախուստը գտնում էր նկարչության մեջ: Բեյրութի ամերիկյան համլսարանում աշխատելու տարիներին հաճախ նկարում էր համալսարանի տարածքում գտնվող մարդաշատ այգիներն ու դեպի Միջերկրական ծով բացվող տեսարանը: Սա նկարչությամբ (ջրաներկով) զբաղվելու իր անհատական փորձերի սկիզբն էր, որը պիտի շարունակեր հաջորդող 10-ամյակների ընթացքում:
Յարութւն Արմէնեանն իր հետ ջրաներկերի և վրձինների տուփ էր տանում, ուր էլ որ գնար: Թեպետ ջրաներկով վարժ նկարելը հեշտ չէ, սակայն Յարութւն Արմէնեանին հաջողվում էր նորովի օգտագործել գույները՝ նկարելով մենավոր կանգնած սոճուց մինչև Ֆլորենցիայի ճարտարապետական կոթողներ:
Քննադատ Փիթեր Ֆրանկը Յարութւն Արմէնեանի աշխատանքների վերաբերյալ այսպես է գրում. «Հայազգի նկարչի աշխատանքներում միահյուսվում են ճոխությունը, հանդարտությունն ու զգացմունքայնությունը, ոչ պակաս քան Հենրի Մատիսի՝ պատերազմի տարիներին արված նկարներում է: Վրձնի թեթև հպումներն ու գունապնակը հմայում են, ինչպես Ռաուլ Դյուֆիի նկարները»:
Արմէնեանն ունեցել է անհատական ցուցադրություններ Կալիֆորնիայի համլսարանում,Լոս Անջելեսում, Պուրճ Համուտի Համազգային պատկերասրահում (Լիբանան), Բեյրութի Նոյան տապան ցուցասրահներում (Լիբանան), Ալբերտ և Թով Բոյաջյաններ պատկերասրահում (Երևան), իսկ վերջերս նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Ագեան» ցուցասրահում:
Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվել են մի շարք միջազգային արվեստի տոնավաճառներում և խմբակային ցուցադրություններում, այդ թվում՝ Արթեքսպո Նյու Յորք (2013), Art Monaco (2013, 2014) և Life100 Exhibit, Brand Library and Art կենտրոնում (Գլենդել, Կալիֆորնիա, 2015) ցուցադրությունների ընթացքում:
Յարութւն Արմէնեանի աշխատանքները հայտնվել են բազմաթիվ հրատարակություններում, այդ թվում՝ «Անցյալը հոս դեռ չի հալիր» (2007)  «Colors and Words: From Armenia and Beyond» (2002) և «Life with Watercolors» (2014) հրատարակություններում:

Լեռնագնացություն
Հայազգի բժիշկ-արվեստագետը նվաճել է մի շարք գագաթներ՝

  • 2006թ. Արարատ
  • 2012թ. Կիլիմանջարո
  • 2013թ. Մաչու Պիկչու
  • 2016թ. Օրիզապա

Արմէնեանը «Հայ լեռնագնացների ընկերակցության» հետ բարձրացել է նաև ներկայիս Հայաստանի գրեթե բոլոր նշանակալի գագաթները:
- Կյանքի ուղիներուն մեջ լավագույնն այն է, որ առիթն օգտագործես, չըսես, որ չեմ կրնա: Ինձի համար քանի մը աստիճան զգայական հաճույքներ կան, բայց բարձրագույն հաճույքը ստեղծագործականն է, ըլլա ադիկա գիտական աշխարհի մեջ թե արվեստի զանազան ճյուղերուն մեջ: Ինձի համար հաճույքներ են ասոնք: