Ինչպե՞ս հետազոտվելու մշակույթ ներդրվեց մի երկրում, որտեղ չգիտեին` ինչ է մամոգրաֆիան

Ինչպե՞ս հետազոտվելու մշակույթ ներդրվեց մի երկրում, որտեղ չգիտեին` ինչ է մամոգրաֆիան

Ամեն բան սկսվեց «իսկ ի՞նչ  է  մամոգրաֆիան» հարցից

Պեկինյան մի համաժողովի ժամանակ բանախոսները զեկույցներ են ներկայացնում կնոջ առողջության պահպանման, մի շարք առողջական խնդիրների կանխարգելման կարևորության մասին, ելույթ են ունենում առաջադեմ երկրների կանայք, ովքեր նվաճումներ և հաջողություն ունեն այս հարցում:
Զեկույցներից մեկի ընթացքում հնչում է «մամոգրաֆիա» բառը և Հայաստանի պատվիրակ Հրանուշ Հակոբյանը հարցնում է ամերիկահայ Ռիտա Պալեանին, թե ի՞նչ է մամոգրաֆիան: Տիկին Ռիտան չի թաքցնում զարմանքը, թե ինչպե՞ս հայաստանցի քաղաքական գործիչը, և որ ամենակարևորն է՝ կինը տեղյակ չէ մամոգրաֆիայի մասին…
Հենց այս զրույցն էլ դառնում է Հայաստանում մամոգրաֆիայի կենտրոնի ստեղծման հիմնաքարը:

Համառ պայքար և սպասված արդյունք
Տիկին Ռիտա Պալեանը ԱՄՆ-ում մեկնարկում է շարժում «Մեկ կոստյում պակաս կհագնեմ՝ ի նպաստ հայ կնոջ»: Այս շարժման արդյունքում հավաքված գումարը ժամանակի ընթացքում ծախսվեց բուժսարքավոումներ գնելու, մասնագետ-բժիշկների Հայսատան հրավիրելու և կանանց կրթելու ու սեփական առողջության մասին մտածել սովորեցնելու  նպատակով:
Եվ այս ֆոնին արդեն 1997 թվականի ապրիլին հիմնադրվեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը:
Գործի գլխին կանգնած էին երկու համառ կանայք, ովքեր որոշել էին ամեն կերպ այն ավարտին հասցնել` հաղթական և վերջնական ավարտին: Այս գործում պետության աջակցությունը ևս անչափ գնահատելի էր, քանի որ պատկան մարմինները կենտրոնի համար տարածք հատկացնելիս պատկերացում անգամ չունեին, թե ինչ է իրենից ներկայացնում և ինչ նպատակի է ծառայելու:

Գործել հանուն առողջության
Հետխորհրդային առողջապահական համակարգը, գաղտնիք չէ, որ քայքայված վիճակում էր:
Քաղցկեղի կանխարգելման, պրոֆիլակտիկ հետազոտությունների, առողջ վիճակում բժշկի դիմելու մասին, մենք, ցավոք, իսկապես չգիտեինք, չունեինք այդ գիտակցությունը:  Օրական ընդամենը 3-4 այցելու ունենալը հենց դա էր վկայում:
Մենք սկսեցինք հանրային իրազեկում, սեմինարներ և կոնֆերանսներ անցկացնել: Մեր կենտրոն եկած կանանցից, ովքեր քաղցկեղ ունեին, կազմեցինք վերապրողների խումբ: Սա նախ նպատակ ուներ ազատել մարդկանց բարդույթներից. այդ կանայք սկսեցին խոսել իրար հետ, պատմել իրենց հիվանդության ու կյանքի պատմությունները:
Մենք դարձանք առաջին օղակը` մեր բժիշկների և նորարարության միջև: Հայաստանում հրաշալի բժիշկներ կան, նրանց հետ մենք համագործակցում էինք և փորձում միասին հաղթահարել հիվանդների առջև ծառացած խնդիրները: Համագործակցությունն, իհարկե, այսօր էլ կա. չնայած, որ մենք ունենք անհրաժեշտ բոլոր պայմանները, բայց չենք խորշում աշխատել մեր գործընկերների հետ:

Իրազեկում և բուժում
Մենք վստահ ենք, որ պետք է մարդկանց հետ անմիջական շփումով իրազեկել նրանց, այլ ոչ` գրասենյակներում և աշխատասենյակներում նստած: Հիվանդության դեմ պայքարելու համար մենք որոշեցիք իրազեկել մարդկանց քայլարշավներով:
Դեսպաններ, հասարակական կազմակերպությունների անդամներ, միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներ, աշակերտներ և ուսանողներ ու պարզապես հետաքրքրված մարդիկ. մենք  բոլորս պաշտպանում էինք հետազոտման գնալու գաղափարը:
Մեր թիմը Հայաստան բերեց ոչ միայն մամոգրաֆիան, այլ նաև քայլարշավով ագիտացիա անելու գաղափարը: 
Մեր կարևորագույն գաղափարը երիտասարդ սերնդի հետ ու նրանց օգնությամբ մարդկանց իրազեկելն էր:

Փրկված կյանքեր, փոխված ճակատագրեր
Մենք անհարմար չենք զգում անընդհատ խոսել այն մասին, որ այս եղանակով փրկել ենք  7000 մարդու կյանք: Խիստ կարևորելով մամուլի դերը, պետք է փաստել, որ. բոլորս ենք ԶԼՄ-ը տեղեկատվական հզոր գործիք են, որոնց շնորհիվ մենք հանրային իրազեկում ենք իրականացնում`փորձելով աջակցել կանանց և կանխել հիվանդությունները: 

Վիճակագրություն
ՀԱԱ կենտրոնում ամեն տարի հետազոտվում է շուրջ 45.000 կին, գործունեության արդեն 20 տարիների ընթացքում  կատարվել է ավելի քան 493.000 հետազոտություն:

  • ՀԱԱԿ-ում 2016թ.-ին հետազոտվել է 35.298 այցելու, կատարվել է 42.457 հետազոտություն: 2016թ.-ին կատարվել է կրծքագեղձի 14.924 հետազոտություն՝ 501 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:
  • 2016թ-ին Կենտրոնում կատարվել է 1,655 վահանաձև գեղձի հետազոտություն։ Արդյունքում կատարվել է 507 վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիա /պունկցիա/ և 105 այցելուի դրվել է վահանաձև գեղձի քաղցկեղ ախտորոշումը։

Հայ-ամերիկյան կենտրոնը ստեղծված է առողջ կնոջ համար
Կինը պետք է գնա հետազոտվելու այն ժամանակ, երբ չունի որևէ գանգատ:: Միայն այսպես նա  կապահովագրի իր կյանքն ու զավակներին:
Ուրախությամբ և մեծ հպարտությամբ եմ փաստում, որ այժմ մենք քաղցկեղը կարողանում ենք հայտնաբերել նույնիսկ նախաքաղցկեղային փուլում: Սա նշանակում է`խնդրին տալիս ենք արմատական լուծում՝ նախաքաղցկեղային փուլում հեռացնելով ուռուցքը պահպանելով մարդու կյանքի որակն ու խնայելով ֆինանսները:
Անհրաժեշտ է այցելել, ֆիքսել, որ առողջ եք ու շարունակել ապրել ապահով և հանգիստ կյանքով:

Որակյալ և արդյունավետ  բուժում
Մարդկանց հետ աշխատելու մեխանիզմը մենք գտանք. Մեր թիմը միիշտ բարեհամբույր է, միշտ պատրաստակամ`օգնելու և աջակցելու հարցում: Խստագույնս կարևորում եմ, որ մեր շենքում հիվանդանոցային մթնոլորտ չտիրի: Մենք անում են ամեն հնարավորը, որ փայլենք ոչ միայն որակյալ սպասարկմամբ, այլ նաև որակյալ հետազոտություններով ևս:  Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում անցկացված ախտորոշումները ստուգվել են արտասահմանյան կլինիկաների կողմից: Աշխատում ենք թիմային սկզբունքով. 4-5  աչքը չի կարող սխալվել: Մեր ողջ համակարգն է համագործակցում իրար հետ, այստեղ մարդիկ կարողանում են գտնել իրենց հարցերի պատասխանները: Մենք արդեն ունենք 10 բաժանմունք, որոնք փոխհամագործակցում են և կլինիկա այցելած պացիենտին ցուցաբերում համալիր մոտեցում:

Առողջությունը`բոլորին
Իհարկե, հիվանդությունների բուժումն ու կանխարգելումն ավելի դյուրին և հասանելի է իրականացնել մայրաքաղաքային պայմաններում, իսկ հեռավոր գյուղերի և քաղաքների դեպքում խնդիրը բարդանում է:
Մենք առաջինն էինք Հայաստանում, որ սկսեցինք «արտագնա աշխատանքի» ծրագիրը: Հեռավոր շրջաններ կատարած այցերը նպաստում են, որ տեղի կանայք ևս հետազոտվեն: Փորձում ենք ամսական 4-5 սքրինինգային զննություններ անցկացնել տարբեր մարզերում: Մարզերում հիմնականում հետազոտում ենք  վահանաձև գեղձը, կրծքագեղձը, կոմպլեքս հետազոտություններով փորձում ենք ուղղորդել, որ մարդիկ հասկանան պրոֆիլակտիկ հետազոտությունների կարևորությունը և դրանց շնորհիվ մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման ակնհայտ փաստը:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն այսօր իսկ ունի վաստակ, անուն և փրկված կյանքեր:


Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
Անահիտ Հակոբյան