Հայմորիտ` հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքում. խնդիրը ներկայացնում է Արտաշես Ազնաուրյանը

Հայմորիտը մեկն է այն հիվանդություններից, որի առաջացմանը նպաստում են եղանակային պայմաններ, օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունն ու ցուրտը:
Հայմորիտը վերին ծնոտային խոռոչների՝ հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է, ինչը անտեսելու դեպքում կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ:
Doctors.am-ը «Օտորինոլարինգոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում հայմորիտի առաջացման և կանխարգելման մասին զրուցեց  «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի  օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Արտաշես Ազնաուրյանի հետ:

-Բժիշկ Ազնաուրյան, որո՞նք են հայմորիտի առաջացման ամենատարածված պատճառները: Ե՞րբ է այն սրվում:

- Առաջացման պատճառները մի քանիսն են. շատ հաճախ լինում է սուր շնչառական հիվանդություններից հետո, միջնապատի ծռվածության հետևանքով: Արտահոսքը խանգարվում է, ինֆեկցիան ներթափանցում է տվյալ օջախ և պրոցեսը դառնում է թարախային: Եթե այն  ուղղակի կարող է  փակվել, ապա այս դեպքում  առաջանում է վակումային տարածություն, որն էլ նպաստում է թարախային ինֆեկցիայի զարգացմանը: Կարող է նաև առաջանալ ալերգիայի հետևանքով:
   Իսկ հիվանդությունը հանդիպում է ավելի շատ ձմռանը: Այն ժամանակ, երբ եղանակը փոփոխվում է` անցնելով տաքից սառը, մարդիկ թեթև են հագնվում, ինչն էլ նպաստում է հայմորիտի առաաջացմանը:

-Ինչպիսի՞ ընթացք է ունենում հիվանդությունը: Բարդության ի՞նչ աստիճաններ գոյություն ունեն:

-Եթե հիվանդությունը տևում է երեք շաբաթ,ապա այն կոչվում է ձգձգվող պրոցես, եթե վեց շաբաթ, ապա արդեն դառնում է քրոնիկական: Քրոնիկ կարող է դառնալ նաև սուր հայմորիտի ոչ ճիշտ բուժման հետևանքով:
  Կարող են լինել ակնակապճային և ներգանգային բարդություններ, որոնք միանշանակ ցուցում են վիրահատության: Սուր պրոցեսների ժամանակ չեն վիրահատում,այլ դեղորայքային բուժմանն են դիմում, նշանակվում են հակաբորբոքային, ըստ անհրաժեշտության՝ հակաբակտերիալ դեղամիջոցներ: Ընդհանուր առմամբ, բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն խոռոչներից բորբոքային զանգվածների դուրսբերմանը:

-Հայմորիտը նշվում է որպես շնչառական  հիվանդությունների բարդացման հետևանք: Կ՞ան այլ խնդիրներ, որոնք կարող են հայմորիտի առաջացման պատճառ հանդիսանալ:

- Ինչպես արդեն ասացի` միջնապատի ծռվածությունը, երբ բնական անցումայնությունը փակվում է: Օդոնտոգեն հայմորիտներ էլ են լինում,որոնք առաջանում են ատամնաբուժական պրոցեդուրաներից: Շատ անգամ ատամնաբույժը  սխալ ատամնալիցք է անում, ինչը կարող է հանգեցնել հայմորյան խոռոչերի բորբոքման:

-Ինչպիսի՞ախտանիշներ են լինում հիվանդության ժամանակ: Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը:

-Հիմնական հանդիպող ախտանիշը դա գլխացավն է`ոչ հստակ տեղակայման: Կարող է լինել ճակատային շրջանում կամ էլ հենց հայմորյան խոռոչի պրոեկցիայով: Քթարտադրություն, ջերմություն, երբ կա թարախային պրոցես: Օրինակ` քրոնիկի ժամանակ ջերմություն չի լինում,ավելի շատ ցավ  ու դժվարացած քթային շնչառություն է լինում դա էլ կախված` որ կողմի խոռոչն է ախտահարված: Կարող են լինել նաև ճառագայթող ցավեր, որոնցից է, օրինակ`վերին ատամնաշարի ցավը:
Եթե տեղայնացնենք, կնկատենք, որ  սֆենոիդիտի ժամանակ ավելի բնորոշ են պարանոցի հետին, օքցիպիտալ հատվածի ցավերը, ճակատայինի` ֆրոնտալի ժամանակ հենց ճակատային պրոեկցիայով, իսկ էթմոիդիտի ժամանակ  ավելի շատ քթարմատի հատվածում:

-Այսինքն` այդպես հնարավո՞ր է տարբերակել:

-Ըստ ցավի տեղակայման հաճախ կարելի է որոշել, թե ինչ բորբոքումներ ունենք, բայց ոչ հստակ ցուցանիշով: Որովհետև հայմորիտների  ժամանակ կարող է ցավը հստակ տեղակայում չունենա:
Այս դեպքում առաջինը կատարում ենք պալպացիա` շոշոփում, եթե կա ցավի առկայություն, եթե հիվանդը գլուխը կախում է և կա ծանրության զգացում  ախտահարված կողմում: Կարող է լինել կիստա, կամ հեղուկի մակարդակ, պլոմբանյութ, կարող է ուղղակի լինել լորձաթաղանթի հաստացում և այլն: Պալպացիայից բացի, ամենատարածված մեթոդը ռենտգենոգրաֆիան է: Եթե ուզում ենք նույն ախտորոշիչի բուժման նպատակով իմանալ հեղուկ կա ներսում, թե ոչ կարող ենք կատարել պունկցիա: Պունկցիան կատարում են հատուկ ասեղի օգնությամբ: Ըստ ստացված արդյունքի (հեղուկ կամ վակում) կարող ենք կողմնորոշվել:  Այնուհետև ուղարկում են  բակտերիոլոգիական հետազոտության:

-Բուժման ինչպիսի՞ եղանակներ են կիրառվում:

-Բուժումը կախված է պրոցեսից: Եթե կա թարախային պրոցես` ջերմության բարձացում, գլխացավ, նշանակում ենք հակաբիոտիկաթերապիա կախված հարուցիչից:  Աշխատում ենք վերականգնել քթային շնչառությունը, որպեսզի նպաստենք արտադրության բնականոն արտահոսքիհն: Կատարում ենք քթի լվացումներ, որովհետև շատ անգամ թարախը չորանում է և կեղևների տեսքով  մնում է քթի ներսում: Իսկ եթե քրոնիկ վիճակ է, ապա անպայաման կատարվում է վիրահատություն:    

-Ինչպիսի՞բարդություններ կարող են առաջանալ հիվանդությունը ժամանկին չախտորոշելու և չբուժելու դեպքում:

-Կարող են լինել ակնակապճային և ներգանգային բարդություններ, մինինգիտ և այլն: Ներգանգային բարդություններից ամենից հաճախ հանդիպում է մենինգիտը, որը միանշանակ ցուցում է վիրահատության` լետալ ելքից խուսափելու համար:

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր կարող են  թվարկած ախտանիշներից ունենալ:

-Հարգելի ընթերցողներին խորհուրդ կտամ ինքնաբուժությամբ չզբաղվել, դիմել բժշկի` կյանքին վտանգ սպառնացող բարդություններից խուսափելու համար: