Առողջ և անվտանգ թռիչք

Ավիացիան (լատիներեն «ավիս»՝ թռչուն բառից) ծնվեց այն ժամանակ, երբ մարդը թռչել կարողացավ օդից ծանր ապարատով:
Թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում: Նրանից հետո շատուշատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, ոմանք նաև նմանակում էին թռչուններին. մարմնին թևեր հարմարեցնելով`   ուզում էին օդ բարձրանալ: Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե մկանների, այլ բանականության ուժով:
1930-ական թվականների վերջերին ստեղծվեցին ուղևորատար ինքնաթիռներ: Այդ ժամանակներից ի վեր մարդատար ինքնաթիռների շահագործումը զարգացում ապրեց:
Մեր նպատակն է իրազեկել մարդկությանը թե ինչ ազդեցություն կարող է ուենալ ինքնաթիռը մարդու առողջության վրա: 
Բժշկագիտությունը վաղուց արդեն հետևում է օդային ճանապարհորդության վնասակար ազդեցությանը մարդու առողջության վրա: Ինչպես ցույց են տվել բազմաթիվ ուսումնասիրություններ՝ առողջությանը վնաս է հասցնում օդանավի ներսում առաջացող ճնշումն ու անկումը, ցածրորակ օդն ու բարձր  արևային ճառագայթումը: Վտանգի առաջնային գոտում են ծերերը և այն մարդիկ ովքեր ունեն առողջական խնդիրներ, հատկապես երկար թռիչքների ժամանակ: Ի հակադրություն այս ամենին, բժշկական տեսանկյունից, օդային տրանսպորտը չի կարող վնաս հասցնել առողջ, երիտասարդ օրգանիզմին: Չնայած նրանք նույնպես պետք է իմանան, այն պարզ կանոնները, որոնք կօգնեն փոխադրվել օդանավերով ավելի հարմարավետ և ապահով: Քանի որ մեր օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ՝ պակասում է թթվածինն արյան մեջ, առաջանում է թթվածնային քաղց, խանգարվում է սրտի ռիթմը և սկսում է հևոց թռիչքի ժամանակ:
Օդանավում օդն այնքան չոր է, որ մեր օրգանիզմում տեղի է ունենում ջրազրկում, իսկ մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ ջրազրկման պատճառով առաջանում են բազմաթիվ առողջական խնդիրներ, ուստի այդ ամենից խուսափելու համար պետք է օգտագործել մեծ քանակությամբ ջուր: 
Ասթմայով հիվանդներին խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ նախքան օդանավ նստելը, ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ դեղորայքը և անպայման տեղյակ պահել օդանավում թռչող անձնակազմին հիվանդության մասին: Ջրազրկումից խուսափելու համար ինքնաթիռներում ուղևորներին պարբերաբար հեղուկ է առաջարկվում: 
Առողջության և անվտանգության տեսանկյունից ապագա մայրիկները պարտադիր պետք է անցնեն հետազոտություն և ստանան օդանավով երթևեկելու թույլտվություն հղիությունը վարող բժշկից: Եթե չլինեն խոչընդոտներ, ապա թռիչքը կթույլատրվի: Եթե նույնիսկ ապագա մայրիկը նախքան թռիչքը թաքցնի հղիության փաստը, ապա օդանավում հայտնաբերելու դեպքում օդանավի անձնակազմը իրավունք ունի թռիչքից ազատել տվյալ անձնավորությանը, եթե նա չունենա բժշկի թույլտվություն: Ամեն դեպքում նախքան տոմսը գնելը հարկավոր է ճշտել, թե տվյալ ավիաընկերությունը չունի՞ արդյոք սահմանափակումներ` կապված հղիության վերջին շրջանի հետ:

Ի՞նչ է սահմանում ՀՀ օրենքը
Ուղևորների և ուղեբեռի օդային տեղափոխման օրենքների համաձայն, հայկական ավիաընկերությունները տեղափոխում են 30 շաբաթը չգերազանցող հղիներին: Պետք է հոգ տանել այն մասին, որ ձեռքի ուղեբեռում լինեն բոլոր անհրաժեշտ պարագաները հարմարավետ թռիչքի համար: Չվերթին գրանցվելու ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել բուժհաստատության կողմից տրամադրված բժշկական եզրակացությունը:
Անվտանգության գոտին հարկավոր է կապել միայն փորի ներքևում, որպեսզի չճնշեք Ձեզ և Ձեր փոքրիկին:
Որպեսզի ուղևորները խուսափեն թրոբների առաջացումից, բժիշկները խորհուրդ են տալիս թռիչքի ժամանակ ժամը մեկ վեր կենալ և մի քիչ քայլել օդանավում կամ տեղում նստած պարզ ֆիզիկական վարժություններ կատարել:

Օդանավում խուսափեք ուղեբեռը կամ պայուսակը դիմացի նստարանի տակ դնելուց, եթե այն չափերով մեծ է և կրճատելու է Ձեր շարժումները օդանավում: Հարկավոր է շատ հեղուկ օգտագործել բայց ոչ մի դեպքում ալկոհոլ կամ սուրճ: Հարկ է հիշել, որ թրոմբների առաջացմանը նպաստում են ծխելը, հորմոնալ հակաբեղմնավորիչները, սրտամկանի վնասվածքը կամ վիրահատությունը, ինչպես նաև հղիությունը, ավելորդ քաշը և արյան բարձր մակարդելիությունը: Այն մարդիկ, ովքեր գտնվում են թրոմբոզի բարձր ռիսկայնության գոտում, խորհուրդ է տրվում հագնել հատուկ կոմպրեսիոն բժշկական գուլպաներ: Իսկ արյունը նոսրացնող դեղամիջոցները պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ:
Մեկ այլ տհաճ առանձնահատկություն օդանավով թռչելու մասին. երբ ինքնթիռը պատրաստվում է թռիչքի կամ վայրեջքի՝ արագություն հավաքելու կամ ընթացքը դանդաղեցնելու ժամանակ օրգանիզմում տեղի է ունենում արյան ներհոսք կա՛մ դեպի գլուխ, կա՛մ դեպի ոտքեր, ինչը չի թույլատրվում թույլ սրտի կամ արյան բարձր ճնշման դեպքում: Ահա թե ինչու են բորտուղեկցորդները  խնդրում ուղևորներին թռիչքի և վայրէջքի ժամանակ նստարանի հենակները բերել ուղղահայց դիրքի:
Հիվանդություններ, որոնց ժամանակ արգելվում է թռիչքը

  • թոքաբորբ, 
  • թրոմբոֆլեբիտ, 
  • վարակիչ հիվանդություններ, 
  • բարձր ներգանգային ճնշում, 
  • թոքային հիպերտոնիա, 
  • ասթմայի սրացում, 
  • հոգեկան հիվանդություններ, 
  • սրտամկանի ինֆարկտ և ինսուլտ, 
  • կրծքավանդակի վիրահատություններ, 
  • թոքերի Էմֆիզեմա, 
  • արյան բարձր մակարդելիություն: 

Առնվազն մեկ ամիս պետք է անցնի վիրահատությունից հետո ինքնաթիռով տեղափոխումը կազմակերպելու համար, եթե իհարկե չվերթը անհրաժեշտություն չէ: Այդ դեպքում պետք է խորհրդակցել Ձեզ բուժող բժշկի հետ, հնարավոր է անհրաժեշտ լինի, որ բժշկը անձամբ ուղեկցի հիվանդին: 
Օդանավում ցածր խոնավության պատճառով կարող է առաջանալ անհանգստություն, կարմրություն և ցավ աչքերում: Ակնաբույժները խորհուրդ են տալիս ձեռքի տակ ունենալ խոնավեցնող աչքի կաթիլներ, հատկապես նրանք, ովքեր կրում են կոնտակտային ոսպնյակներ: 
Որոշ հիվանդություններ կարելի է հեշտությամբ հայտնաբերել բարձրության վրա, մասնավորապես, սիրտ-անոթային հիվանդությունները, բարձր ներգանգային ճնշումը, երակային խնդիրները:
Եթե ընդարմանում են ոտքերը, առկա է քթային արյունահոսություն, թթվածինը չի բավարարում՝ անմիջապես դիմեք բժշկի վայրէջքից հետո: 
Եթե թռիչքի ընթացքում ունենում եք վատ ինքնազգացողություն, ապա սեղմեք բորտուղեկցորդի զանգի կոճակը, անձնակազմը ունի անհրաժեշտ դեղորայքը, և մասնագետների կողմից վերապատրաստվել են առաջին օգնություն ցուցաբերելու համար, մինչև անգամ ծննդաբերություն ընդունելուն: