Երեխաների ճարպակալման վտանգները և կանխարգելումը

Երեխաների ճարպակալումը նյութափոխանակության քրոնիկ խանգարում է, որն ուղեկցվում է օրգանիզմում ճարպային հյուսվածքի ավելցուկային կուտակումով: Այն երեխաների մոտ դրսևորվում է մարմնի բարձր զանգվածով և նախատրամադրում է 
  • փորկապության, 
  • լեղապարկի բորբոքման, 
  • զարկերակային ճնշման բարձրացման, 
  • ինսուլինակայունության, 
  • սեռական գեղձերի դիսֆունկցիայի, 
  • արթրոզների, 
  • հարթաթաթության, 
  • քնի խանգարման և այլն: 
 
Երեխաների ճարպակալումը վիճակ է, երբ երեխայի մարմնի զանգվածը գերազանցում է տարիքային նորման 15 %-ով և ավելի, իսկ մարմնի զանգվածի ինդեքսը՝ ≥30: 
 
Պատճառները
 
Երեխաների ճարպակալման պատճառները բազմաթիվ են: 
Հայտնի է, որ ծնողների մոտ ճարպակալման առկայության ժամանակ նման խանգարման հավանականությունը երեխայի մոտ կազմում է 80%: Ըստ ճարպակալման զարգացման, ռիսկի խումբ են կազմում այն երեխաները, որոնք ծնվելիս ունեցել են մարմնի բարձր զանգված (4 կգ-ից ավելի): Երեխաների մոտ ճարպակալումը կապված է սնուցման ռեժիմի խախտման և ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակի հետ: 
Սովորաբար ավելցուկային քաշով և ճարպակալումով երեխաների սննդի մեջ գերակշռում են 
 
հեշտ յուրացվող ածխաջրերը (հացաբուլկեղեն, քաղցր աղանդեր), 
ճարպերը (ֆաստ-ֆուդ), 
քաղցր ըմպելիքները (հյութեր, գազավորված ըմպելիքներ, թեյեր) ի հակակշիռ սպիտակուցների, բջջանքի, ջրի անբավարար օգտագործման: 
 
Երեխաների մեծ մասը վարում է նստակյաց կենսակերպ: 
 
Որո՞նք են նշանները
 
Երեխաների մոտ ճարպակալման հիմնական նշան է ենթամաշկային ճարպային բջջանքի շերտի մեծացումը: Վաղ տարիքի երեխաների մոտ առաջնային ճարպակալման նշաններից են քիչ շարժուն լինելը, շարժողական հմտությունների ձևավորման դանդաղումը, փորկապության, ալերգիկ ռեակցիաների, վարակիչ հիվանդությունների նկատմամբ հակումը: 
 
Ճարպակալման առկայությունը երեխաների մոտ հանդիսանում է ռիսկի գործոն մի շարք հիվանդությունների՝ աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, սթենոկարդիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի վաղ զարգացման համար: 
 
Ինչպե՞ս կանխարգելել
 
Երեխաների ճարպակալման կանխարգելումը խնդիր է, որը պահանջում է ծնողների, բժշկական հասարակության և կրթության ոլորտի ներկայացուցիչների ջանքերի համադրում: 
 
Այդ ուղու առաջին քայլը պետք է լինի մանկական տարիքում ռացիոնալ սննդի կարևորության ըմբռնումը ծնողների կողմից, ճիշտ սննդային նախասիրությունների դաստիարակումը երեխայի մոտ, երեխայի օրվա ռեժիմի կազմակերպումը՝ մաքուր օդում զբոսանքների ձևով: 
Մյուս կարևոր հանգամանքը երեխայի մոտ հետաքրքրության առաջացումն է ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ, սպորտով զբաղվելու մատչելիությունը դպրոցում և բնակության վայրում: Կարևոր է, որ ծնողը սեփական օրինակով լինի առողջ ապրելակերպի օրինակ երեխայի համար, այլ ոչ թե պահանջի դա նրանից:
 
Doctors.am
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն