Կարող ենք արդյոք պլանավորել երեխայի սեռը

planavorum

Հայտնի են սեռի պլանավորման 120 ից ավելի մեթոդներ՝ Չինական(հիմնված կնոջ տարիքի և բեղմնավորման ամսվա վրա),Ճապոնական,օվուլյացիոն մեթոդ (Y պարունակող սերմնաբջիջները՝ <արական սերմնաբջիջներ>, առավել ակտիվ և թեթև են, սակայն քիչ կենսունակ, հետևաբար տղա ունենալու համար պետք է սիրով զբաղվել ճիշտ ձվազատման օրը), արյան թարմացման մեթոդ՝ տղամարդու մոտ արյունը <փոխվում է> 4, իսկ կնոջ մոտ 3 տարում: Կնոջ տարիքը բաժանում են 3-ի, ամուսնունը՝ 4-ի,որի մնացորդը մեծ է՝ այսինքն արյունը թարմ է (ուժեղ է)՝ այդ սեռի երեխա էլ կբեղմնավորվի: Ռեզուս բացասական արյան դեպքում ճիշտ հակառակը:Իտալացի հետազոտող Անչելո Գանյաչին հաստատել է , որ նիհար կանայք որոնց քաշը մինչև ծննդաբերությունը ցածր է 54 կգ ից, հաճախ աղջիկ են ունենում (10.000 ծննդաբերությունների վերլուծությունն է ցույց տվել): Ժամանակակից բժշկությունը գիտական հիմքից զուրկ և անիմաստ է համարում հետևյալ մոլորությունները.

Ա) Տղա ունենալու համար պետք է ուտել շատ մսեղեն (բիֆշտեկս), աղի նախուտեստներ,կարտոֆիլ,գազավորված ըմպելիքներ, աղջիկ ունենալու համար՝ ձկնեղեն,կաթնամթերք, մրգեր, քաղցրեղեն, շոկոլադ:

Բ) Տղա պլանավորելու համար սիրով պետք է զբաղվել ամսվա կենտ օրերին,գիշերը, երբ կիսալուսին է: Դրան նպաստում է նաև բնակարանում սառը կլիման, եթե ամուսինը ավելի շատ է սիրում կնոջը, քան կինը՝ ամուսնուն, եթե կինը քնում է ամուսնու ձախ կողմում, եթե գլուխները ուղղված են հյուսիս, եթե տղամարդը ավելի շուտ է օրգազմ ապրում և եթե սեռական ակտից հետո ամուսինները երկար քնում են: Երբեմն կիրառվում են բժշկական գերժամանակակից թանկարժեք տեխնոլոգիաներ՝ MicroSort Ամերիկյան համակարգը, որ տեսակավորում է Y և X քրոմոսոմներ պարունակող սերմնաբջիջները: Որոշ երկրներում(Ավստրիա, Գերմանիա,Շվեցարիա) օրենքով արգելված է սեռի պլանավորումը:

Բժշկական տեսանկյունից միայն հիմնավորված է որոշ ժառանգական հիվանդությունների ժամանակ սեռի պլանավորումը, օր.հեմոֆիլիան ժառանգում են տղաները:

Դեմոգրաֆիա- աշխարհում ծնված 100 աղջկա հաշվով միջինը ծնվում է 105 տղա: Բնությունը կարգավորելով սեռերի փոխհարաբերությունը հաշվի է առնում տղաների ավելի բարձր մահացությունը՝ կյանքի առաջին տարում մոտ 30% բարձր է, ինչը պահպանվում է նաև ամբողջ կյանքի ընթացքում: ԱՀԿ ի տվյալներով բնակչության 49,7 % կանայք են, 60 միլիոն աղջիկ <ֆիլտրացվել են> ընտրողական աբորտների հետևանքով:

Գիտականորեն ապացուցված է, որ ներարգանդային շրջանում երեխան զգում է իր մերժված լինելը, երբ իր սեռը չի համընկնում ծնողների սպասմանը և հետո նրա մոտ պահպանվում է այն զգացումը, որ իր սեռի հետ ինչ որ բան այն չէ, դա կարող է նաև հետագայում խանգարել երեխայի սոցիալական վարքագծին և հանգեցնել իր սեռի նկատմամբ անվստահության, երբեմն նաև տրանսսեքսուալիզմի:

Որևէ մեթոդ չի ապահովում 50%ից ավելի արդյունավետություն, այսինքն այնքան, որքան բնությունը կաներ.ավելին. մարդկային այդպիսի ներգործությունը բացասական է անդրադառնում սեռերի փոխհարաբերության բնական հավասարակշռող մեխանիզմների վրա:


Հեղինակ` Սևադա Հակոբյան
Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ

Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է  Doctors.am կայքին