Փոխհատուցման իրավունք

ա) ՊԻԵԽ-ով սահմանված թիվ 14 իրավունքը

«Յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ կարճ ժամանակահատվածում բավարար փոխհատուցում ստանալու իրավունք, եթե բուժման ընթացքում վերջինիս երբևէ հասցվել է ֆիզիկական կամ բարոյական և հոգեբանական վնաս»:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը

ՀՀ Սահմանադրություն

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է`

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:

ՀՀ օրենքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ընթացքում իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալ փոխհատուցում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Որպես կանոն, նման իրավիճակներում վեճի առկայության դեպքում փոխհատուցում ստանալու գործընթացը ՀՀ-ում իրականացվում է քաղաքացիական իրավունքի նորմերի հիման վրա քաղաքացիական դատավարության կարգով, իսկ քրեական գործով հանցագործության համար համապատասխան մեղադրանքի առկայության դեպքում` նաև քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի հարուցման և լուծման միջոցով:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց, փոխհատուցման հաշվարկման կարգը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077-1087-րդ հոդվածներով:

Վնաս պատճառողը պատասխանատվություն է կրում`

ա) քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու համար, 
բ) կերակրողին մահ պատճառելու համար:

Քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարարական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին մաս):

Կորցրած աշխատավարձի չափն ամբողջությամբ վճարվում է տուժողին ամեն ամիս` անկախ նրանից` շարունակում է աշխատել նախկին պաշտոնին, անցել է այլ աշխատանքի և այլն: 
Եթե վնաս է հասցվել չափահաս տարիքի չհասած անձի առողջությանը, ապա հատուցումը կատարվում է Քաղաքացիական օրենսգրքի 1080-րդ հոդվածի կանոններով: Այդ կանոնների համաձայն` տասնչորս տարեկան չդարձած և աշխատավարձ (եկամուտ) չստացող անչափահասին (փոքրահասակին) հաշմություն կամ առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում դրա համար պատասխանատու անձը պարտավոր է հատուցել առողջությանը վնաս պատճառելու կապակցությամբ արված փաստացի ծախսերը:

Փոքրահասակի տասնչորս տարեկան դառնալուց հետո, ինչպես նաև տասնչորսից մինչև տասնութ տարեկան, բայց աշխատանք (եկամուտ) չունեցող անչափահասի առողջությանը վնաս պատճառելու դեպքում դրա համար պատասխանատու անձը պարտավոր է, բացի տուժողի առողջությանը վնաս պատճառելու կապակցությամբ արված ծախսերից, հատուցել նաև նրա աշխատունակության կորստի կամ նվազեցման հետ կապված վնասը` ելնելով նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափից:

Եթե առողջությանը վնաս հասցնելու ժամանակ անչափահասն ունեցել է աշխատավարձ, ապա վնասը հատուցվում է` ելնելով այդ աշխատավարձի չափից, որը, սակայն, չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:

Անչափահասը, որի առողջությանը նախկինում վնաս է պատճառվել, աշխատանքային գործունեությունն սկսելուց հետո իրավունք ունի պահանջելու վնասի հատուցման չափի մեծացում` ելնելով իր ստացած աշխատավարձի չափից:

Քաղաքացու մահվան դեպքում նա, ով դրա համար կրում է քաղաքացիական պատասխանատվություն, պարտավոր է հատուցել նրանց, ովքեր դրա հետևանքով զրկվել են գոյության միջոցներից: Այդ անձանց թվարկումը տրված է Քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածում, որի համաձայն` կերակրողի մահվան դեպքում տուժողի իրավունքով վնասի հատուցման իրավունք ձեռք են բերում հետևյալ անձինք.

• մահացողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք. 
• մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխան. 
• ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը (անկախ նրա աշխատունակությունից), որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզ և նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով. 
• մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում ա-նաշխատունակ դարձած անձինք:

Այդ նույն հոդվածի համաձայն` մահացածի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը, որը չի աշխատում և զբաղված է մահացածի երեխաների, թոռների, եղբայրների ու քույրերի խնամքով և անաշխատունակ է դարձել խնամքի իրականացման ժամանակաշրջանում, այդ անձանց նկատմամբ խնամքի ավարտից հետո պահպանում է վնասի հատուցման իրավունքը:

• Հատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո այն կարող է փոփոխվել ինչպես տուժողի, այնպես էլ հատուցում վճարելուն պարտավոր անձի դիմումի հիման վրա: Վերջինս իրավունք ունի պահանջելու նվազեցնել հատուցման չափը, եթե տուժողի աշխատունակությունը վնասի հատուցում նշանակելու պահի համեմատ աճել է: Իսկ տուժողն իրավունք ունի պահանջելու մեծացնել վնասի հատուցման չափը, եթե վնասը հատուցելու պարտականություն ունեցող անձի գույքային դրությունը բարելավվել է, իսկ հատուցման չափը նվազեցված է եղել Քաղաքացիական օրենսգրքի 1076-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:

Վնասի հատուցման չափը կարող է փոփոխվել դատական կարգով նաև տուժողի աշխատունակության փոփոխման դեպքում` իր կամ վնաս պատճառողի հայցի հիման վրա: 
Քաղաքացիական օրենսգրքի 1084-րդ հոդվածը սահմանում է, որ տուժողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարը կյանքի թանկացման դեպքում օրենքով սահմանված կարգով ենթակա է ինդեքսավորման:

• Հատուկ կանոններ են սահմանված քաղաքացու կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման համար այն դեպքում, երբ վնասը պատճառվել է իրավաբանական անձի կողմից և այն լուծարվում կամ վերակազմակերպվում է:

Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նշանակում է վնասի հատուցման մասին պահանջները պետք է ներկայացվեն պարտավոր իրավաբանական անձի իրավահաջորդին: Իսկ եթե իրավաբանական անձը լուծարվում է, ապա համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար (Քաղաքացիական օրենսգրքի 1096-րդ հոդված):

Իրավաբանական անձի լուծարման դեպքում, երբ բացակայում է իրավահաջորդը, վնասը հատուցում է պետությունը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության վարչության միջոցով (կանոնների 16-րդ կետ):

ՀՀ օրենքը «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին»

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածըսահմանում է, որ բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում անձինք իրավունք ունեն պատճառված վնասի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Որևէ ենթաօրենսդրական ակտ այս համատեքստում կիրառելի չէ:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Էթիկայի կանոնագրքի որևէ դրույթ այս համատեքստում կիրառելի չէ:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Քաղաքացի Լ-ն ձախ վերին վերջույթի ծղիկոսկրի ներհոդային բազմաբեկորային կոտրվածքի կապակցությամբ ենթարկվել էր վիրահատական միջամտության: Այդ վիրահատությունից շուրջ կես տարի անց, Լ-ն չէր կարողանում ֆիզիոլոգիական ծավալով պտտել վնասված վերջույթը, որի կապակցությամբ նա դիմում է վիրահատող բժշկին: Կատարված կրկնակի ռենտգենային հետազոտություններով պարզվել էր, որ առաջին վիրահատության ընթացքում չի նկատվել ու չի հեռացվել կոտրված ծղիկոսկրի փոքր բեկորներից մեկը, որն էլ պատճառել է վնասված վերջույթի պտտողական շարժման սահմանափակումը: Անհրաժեշտություն է առաջացել հիվանդին ենթարկել կրկնակի վիրահատության: Վիրահատող վնասվածքաբանը, ընդունելով իր մեղքը, փոխհատուցել է ինչպես վիրահատության, այնպես էլ հետվիրահատական շրջանում անհրաժեշտ վերականգնողական միջոցառումների ծախսերը (հիպոթետիկ գործ):

2. Խախտման օրինակ(ներ)

Քանի որ իրավունքի այս ոլորտը դեռ գտնվում է զարգացման փուլում, այս բաժնի համար իրական դեպքերի օրինակներ չկան: Ընթերցողները սույն ուղեցույցի հետագա խմբագրության նկատակով կարող են առաջարկել իրական դեպքերի օրինակներ` դրանք ուղարկելով հետևյալ հասցեով. info[at]healthrights.am:

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2003 թվականի մարտի 19-ին վճռել է Տ-ի օրինական ներկայացուցիչ Ն-ի հայցը բավարարել: Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի միջոցներից հօգուտ հայցվորի բռնագանձվել է 5.000 ԱՄՆ դոլար` որպես Տ. Օհանյանին պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև պատասխանող կազմակերպությունից բռնագանձվել 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետտուրք` հօգուտ պետբյուջեի:

2001 թվականի հունիսի 12-ից մինչև 2003 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Տ-ին նշանակվել է մ/հաշմանդամության կենսաթոշակ:

Նորքի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի կենտրոնի 2001 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 06 գրության և 2001 թվականի օգոստոսի 23-ի էպիկրիզի համաձայն` Տ-ն ընդունվել է ստացիոնար բուժման` աջ ծնկահոդի ֆիբրոզային անկիլոզ ախտորոշմամբ: 2001 թվականի օգոստոսի 1-ի վիրահատությունից հետո` 2001 թվականի օգոստոսի 21-ին դուրս է գրվել կենտրոնից «Կարմիր խաչի» ռեաբիլիտացիոն կենտրոնում մասնագիտացված ռեաբիլիտացիոն բուժում ստանալու նպատակով, սակայն երեխայի վիճակը ավելի է վատթարացել:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ հիվանդանոցի վիրաբույժըն կատարել է սխալ վիրահատություն, որի արդյունքում պատճառվել է 15.900 ԱՄՆ դոլարի նյութական վնաս: 
Այնուհետև, հայցվորը վճիռը բողոքարկել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, որն էլ վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով բավարարել է բողոքը և հօգուտ Տ-ի օրինական ներկայացուցչի` Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցից բռնագանձել 15.900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես Տ-ին պատճառված վնասի հատուցում:

Դիմողը իր որդուն հաշմանդամ դարձրած բժշկից բացատրություն է պահանջել ամբողջ տեղի ունեցածի կապակցությամբ և ստացել է պատասխան` «դուրդ չի գալիս, տար ուրիշ բժշկի մոտ»: Նման վերաբերմունքի արժանանալով` Ա-ն 2001 թվականին գրավոր դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազություն: Դատախազության կողմից նշանակված երկու դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները հաստատել են բժշկի մեղքով հաշմանդամության առաջացման փաստը: Վերջինս ընդունել է իր մեղքը, սակայն դատախազության որոշմամբ բժշկի կողմից ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է համաներման ակտի ընդունման պատճառով: Որոշ ժամանակ անց Երևան քաղաքի դատախազը վերացրել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, և նյութերն ուղղարկվել են նոր քննության: Հետագայում ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից անցկացված նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում տված եզրակացությամբ` մեղքը հերքվել է: Արդյունքում դատախազի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Չափը հաշվարկեք նյութական և ոչ նյութական կորուստների հիման վրա` հաշվի առելով կրած վնասները և բաց թողնված օգուտները:

Աղբյուրը` healthrights.am  կայք