Հնարավո՞ր է արդյոք հղիության ընթացքում բուժել ցիստիտը

Հղիության ընթացքում օրգանիզմում կատարվող փոփոխությունների պատճառով կանանց մոտ կարող է առաջանալ միզուղիների վարակի մեծ հավանականություն. արգանդը չափերով մեծանում է և դժվարացնում է մեզի արտահոսքը: «Ռիսկային շրջանը» սկսվում է վեցերորդ շաբաթից, գագաթնակետին է հասնում 22-24 շաբաթների մոտ և մինչև ծննդաբերություն չի անհետանում: 
 
Եթե միզուղիների վարակը չբուժվի, այն կհանգեցնի երիկամների վարակի, որը կարող է առաջացնել վաղաժամ ծննդաբերություն և ծնվելու պահին երեխայի ցածր քաշ: Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր տասներորդ հղի կին հղիության ժամանակ առնչվում է ցիստիտի հետ: Առանց այդ էլ ցիստիտը կանանց մոտ ամենաշատը հանդիպող միզուղիների հիվանդությունն է, իսկ հղիության ընթացքում այն ձեռք բերելու հավանականությունն ավելի է մեծանում:
 
Անպայման ուշադրություն դարձրեք միզելու ժամանակ բոլոր անսովոր ախտանիշներին:
 
Ցիստիտի ախտանշաններն են.
  • միզելու ժամանակ սուր ցավ
  • արյուն մեզի մեջ
  • ջերմություն
  • միզելու հաճախակի ցանկություն
  • մեզի մուգ գույն
 
Եթե Ձեզ մոտ առկա է թեկուզ մեկ ախտանշան, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ ցիստիտը վարակային հիվանդություն է, իսկ յուրաքանչյուր վարակ վտանգավոր է պտղի համար:
 
Հղիների մոտ ցիստիտը բուժում են ավելի նուրբ միջոցներով: Որոշ դեղամիջոցներ, որոնք ցուցված են այլ կանանց, կարող են բացասաբար ազդել պտղի վրա, քանի որ, որպես կանոն, ցիստիտը բուժում են հակաբիոտիկներով, հզոր դեղամիջոցներով, որոնք ուժեղ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: 
 
Ուշադիր հետևե՛ք բժշկի  հրահանգներին, թույլ մի՛ տվեք ոչ մի ինքնաբուժում: Բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան  արագ եք դիմել բժշկական օգնությանը: Իհարկե, ցիստիտը մեծամասամբ բուժվում է, սակայն Ձեր խնդիրն է անել այնպես, որ երեխան չվնասվի:
 
Ներկայումս գոյություն ունեն բժշկական մեթոդներ, որոնք թույլ են տալիս հղիներին լիովին ազատվել տհաճ և ցավոտ ախտանիշներից և պաշտպանել երեխային: Իսկ ծննդաբերությունից հետո կարելի է զբաղվել ցիստիտի լիարժեք բուժմամբ:
 
Աղբուրը՝ Doctors.am