Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան՝ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնում. Ներկայացնում է Դիանա Սահակյանը

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան գործիքային ախտորոշման անվտանգ, ժամանակակից տարբերակ է, որը թույլ է տալիս չկիրառելով իոնիզացնող ճառագայթներ ստանալ օրգանիզմի տարբեր հատվածների շերտավոր պատկերներ: Այն բավականին ինֆորմատիվ ախտորոշման տարբերակ է փափուկ հյուսվածքների, գլխուղեղի, ողնուղեղի, ողնաշարի և մի շարք այլ օրգան-համակարգերի հետազոտման պարագայում: «Ճառագայթաբանական» շաբաթ հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors.am-ն ախտորոշման այս տարբերակի մասին զրուցեցինք «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Դիանա Սահակյանի հետ:

- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությունն ու՞մ կողմից է նշանակվում:

- Հիվանդությունների հետազոտման յուրաքանչյուր տարբերակը պետք ընտրվի բուժող բժշկի կողմից՝ հաշվի առնելով հիվանդության առանձնահատկություններն ու ընթացքը: Բուժող բժիշկը պետք է տեղեկացված լինի մեթոդների տարբերության վերաբերյալ՝ առավել արդյունավետ տարբերակիչ ախտորոշման և հետագա բուժման ընթացքը կազմակերպելու համար:

-Կարո՞ղ ենք ասել, որ ՄՌՏ-ն հետազոտման ունիվեսալ մեթոդ է և բոլոր հացերի պատասխանները կարելի ստանալ այս եղանակով:

-Չկա որևէ ունիվերսալ մեթոդ, ախտորոշման յուրաքանչյուր եղանակ իր տեղն ունի և լրացնում է մյուսին: Ռենտգենոգրաֆիան և սոնոգրաֆիան լավագույն մեթոդ են սկրինինգ հետազոտությունների համար ՝ արագ են, մատչելի և անցավ, իսկ սոնոգրաֆիան` նաև անվտանգ է: ՄՌՏ-ի միջոցով` բացառությամբ աղիների և թոքերի ախտահարումների, կարելի է  ախտորոշել բազմաթիվ  հիվանդություններ՝ հիմնականում այն օգաններում, որտեղ հեղուկ շատ կա: Եթե ոսկրային հյուսվածքի տրավնատիկ փոփոխությունների հետազոտության համար համակարգչային տոմոգրաֆիան անփոխարինելի է, ապա ոսկրային մետաստազների հայտնաբերման և տարբերակման համար ՄՌՏ-ն ավելի ինֆորմատիվ է՝ նույնիսկ ամենափոքր մետաստազները տեսանելի են: Ճշտգրիտ ախտորոշում ստանալու նպատակով հաճախ կարիք է լինում համադրել տարբեր մեթոդներով ստացված տվյալները:

- ՄՌՏ-ն ո՞ր հիվանդությունների դեպքում է համարվում անփոխարինելի ախտորոշման տարբերակ:

-ՄՌՏ-ի միջոցով կարելի է հայտնաբերել գլխուղեղի ուռուցքային հիվանդությունները, տարբեր բորբոքային պրոցեսներ, ցրված սկլերոզ հիվանդությունը, որն այլ մեթոդով գրեթե հնարավոր չէ ախտորոշել: Կարող ենք ասել, որ գլխուղեղի հյուսվածքի հետազոտման լավագույն գործիքային մեթոդը ՄՌՏ-ն է:
Մեզ մոտ կատարվում է նաև ֆունկցիոնալ ՄՌՏ, որը թույլ է տալիս հասկանալ, թե տվյալ անձի մոտ գլխուղեղի, որ հատվածն է պատասխանատու տարբեր ֆունկցիաների համար՝ խոսք, լսողություն, շարժում և այլն:  Սա շատ կարևոր է հատկապես օնկոլոգիայի պարագայում՝ ուռուցքների և կարևոր ֆունկցիա կատարող կենտրոնների հարաբերակցության համար՝ ուռուցքը հեռացնելիս այն չվնասելու նպատակով: Դա թույլ է տալիս կատարել մասնակի հեռացում, իսկ ուռուցքի մյուս մասը ենթարկել ճառագայթման՝ ինչի շնորհիվ հերվիրահատական դեֆիցիտից կարելի է խուսափել և հնարավորինս բարձրացնել հիվանդի կյանքի որակը:
Սուր իշեմիկ ինսուլտների ճիշտ ախտորոշման համար՝ ՄՌՏ-ն որպես հետազոտության մեթոդ ամենաարդյունավետն է, քանի որ հատուկ պերֆուզիոն ՄՌՏ-ն հնարավոր է տեսնել մի քանի րոպե թարմությամբ իշեմիկ ինսուլտը, իսկ ինսուլտի պարագայում ամեն րոպեն կարևոր է: Պերֆուզիոն ՄՌՏ-ի և դիֆֆուզիոն ծրագրերի համադրումը թույլ է տալիս տարբերակել մահացած գոտին, որը հնարավոր չէ փրկել և այն, որի կենսունակությունն իջել է, բայց դեռ կարելի է պահպանել: 

-Որո՞նք են ՄՌՏ-ի բացարձակ ու հարաբերական հակացուցումները:

-ՄՌՏ հետազոտության բացարձակ հակացուցում է համարվում օրգանիզմում մետաղական կամ էլեկտրամագնիսական սարքերի առկայությունը՝ կարդիոստիմուլյատորներ, կոխլեար իմպլանտներ, անոթային կլիպսեր և այլն: Մագնիսական դաշտի պատճառով, դրանք կարող են տեղաշարժվել, տաքանալ կամ դուրս գալ մարմնից՝ առաջացնելով պատռվածքներ ու այրվածքներ: Հարաբերական հակացուցումներից է կլաուստրաֆոբիան՝ վախը նեղ տարածությունից: Այս պարագայում հիվանդին տրամադրում ենք հայելիների հատուկ համակարգ՝ բուժանձնակազմին տեսնելու համար: Բացի այս, քանի որ ՄՌՏ-ն հանդիսանում է անվտանգ եղանակ, հետազոտության ընթացքում հիվանդի կողքին կարող է գտնվել այլ անձ: Կլաուստաֆոբիայից խուսափելու մյուս տարբերակը՝ հետազոտությունն ընդհանուր անզգայցմամբ իրականացնելն է:
Կոնտրաստային նյութի տեսանկյունից՝ ՄՌՏ-ն նույնպես չունի որևէ հակացուցումացառում, բացառությանբ որոշ երիկամային հիվանդությունների և հղիության: ՄՌՏ կոնտրաստը պարունակում է գադոլինիում, այլ ոչ թե յոդ` ինչպես ԿՏ-ի ժամանակ կիրարվող կոնտրաստ նյութը: Այն հնարավոր է կիրառել երեխաների, կերակրող մայրերի հետազոտության ժամանակ: Մեկ օր անց կոնտրաստը գրեթե լիովին դուրս է բերվում օրգանիզմից, և կարելի շարունակել կերակրել երեխային: ՄՌՏ հետազոտությունը երեխաների համար նույնպես անվտանգ է: Այն  նշանակվում է գլխուղեղի տարբեր պաթոլոգիաների դեպքում՝ զարգացման արատներ, ուռուցքային հիվանդությունների և այլն:

-Ինչպիսի՞ հագեցվածություն ունի «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը, և ի՞նչ հետազոտություններ են  իրականացվում:

-Մեր բժշկական կենտրոնը հագեցած է բարձրադաշտ 1.5 տեսլա մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով: «ՄԻԲՍ»-ը, տարիների փորձի ու բժիշկների մասնագիտացման արդյունքում, առաջատար է ինչպես բժշկական պատկերների ու դրանց մեկնաբանման  որակով, այնպես էլ իրականացվող հետազոտությունների քանակով: Մենք ունենք նաև տարբեր հետազոտությունների ու միջամտությունների տարբերակներ, որոնք այլ կենտրոններում չեն արվում: Տարածաշրջանում միայն մեզ մոտ է կատարվում շականակագեղձի ՄՌ բիոպսիա: Սա բարդ միջամտություն է, սակայն հիվանդի համար համեմատաբար թեթև, գրեթե անցավ է և որևէ բադություններ հետագայում չեն առաջանում: Այն բավականին ինֆորմատիվ է նույնիսկ դժվարամատչելի տեղակայման քաղցկեղի պարագայում:
Այսօր նաև լայնորեն կիրառվում է ՄՌ մամոգրաֆիան՝ և երիտասարդ, և հասուն տարիքում, որն ամողջ աշխարհում համարվում է ոսկե ստանդարտ կրծքագեղձի հետազոտության հարցում: Այն կիրառվում է ինչպես նախավիրահատական, այնպես էլ հետվիրահատական փուլում:
Սրտի ՄՌ հետազոտությունը կարող է տրամադրել կարևորագույն տեղեկություններ սրտաբաններին և կարդիովիրաբույժներին բուժման ընթացքը ծրագրելու և հսկելու համար:
Մենք ներդրել ենք նաև օնկոզննում կոչվող ծագիր, որը ներառում է գլխի, պարանոցի փափուկ հյուսվածքների, ողնաշարի, որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ` համադրված կրծքավանդակի ԿՏ հետազոտության հետ: Այս ծրագրի նպատակն է մետաստազների հայտնաբերումը` հայտնի առաջնային ուռուցքային ախտահարման պարագայում, ինչպես նաև թույլ է տալիս ավելի մատչելի, արդյունավետ և համեմատաբար արագ հետազոտել ամբողջ օրգանիզմը:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
6Դեկտեմբերի, 2017