Բառարան. Մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում

Actio Popularis (հանրային հայց)

Հանրային շահի պաշտպանության համար որևէ խմբի (համայնքի) անդամի կողմից հարուցված հայց:

Amicus Curiae (դատարանի ընկեր)

Երրորդ անձի կողմից դատարան ներկայացվող իրավաբանական փաստաթուղթ, որով փաստարկվում է որոշակի իրավական դիրքորոշում կամ մեկնաբանություն: Հոգնակի թիվն է amici curiae.

De Facto (փաստորեն, իրականում)

Իրադրություն կամ իրավիճակ, որն իրականության մեջ գոյություն ունի, բայց կարող է իրավունքով արտահայտված չլինել: Օրինակ` «թղթի վրա» չեզոք օրենքը սոցիալական կամ մշակության համատեքստում կարող է կիրառվել խտրական եղանակով:

De Jure (իրավաբանորեն, իրավականորեն)

Իրադրություն կամ իրավիճակ, որը հիմնված է իրավունքի դրույթի վրա, ինչպիսիք են, օրինակ, վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվածները:

Jus Cogens

Միջազգային իրավունքի անվերապահելի սկզբունքներ (օրինակ` խոշտանգումների արգելքը), որոնցից չի թույլատրվում պայմանագրով վերապահում կատարել:

Ազգային զեկույց

Որոշակի պայմանագրի կիրառման մարմնին ներկայացվող պետության զեկույց, որը վերաբերում է տվյալ պայմանագրի կենսագործման ընթացքին:

Ամբուլատոր խնամք

Բժշկական խնամք, որը ներառում է ախտորոշումը, բժշկական զննությունը, բուժումը և վերականգնումը, որոնք կատարվում են առանց անձին մշտապես հիվանդանոցում պահելու:

Ամբուլատոր պացիենտ

Պացիենտ, որը բուժում է ստանում առանց գիշերներն առողջապահական հաստատությունում անցկացնելու:

Անհույս հիվանդների խնամք

Խնամք, որը տրվում է պացիենտներին, երբ բուժման հասանելի միջոցներով այլևս հնարավոր չէ բարելավել վերջիններիս հիվանդության հետևանքով մահվան ելքը, ինչպես նաև մահամերձների խնամքը (Եվրոպայում Պացիենտների իրավունքների ապահովման մասին հռչակագիր, ԱՀԿ, Ամստերդամ, 1994):

Անուղղակի խտրականություն

Արտահայտություն, որը վերաբերում է այն իրադրություններին, երբ որոշակիորեն սահմանված պահանջները, պայմանները, կամ իրավակիրառական պրակտիկան ունենում են անհամաչափորեն անբարենպաստ ազդեցություն որոշակի խմբի նկատմամբ: Դա սովորաբար տեղի է ունենում այն դեպքերում, երբ որևէ կանոն կամ պայման, որը կիրառելի է յուրաքանչյուրի նկատմամբ, չի տարածվում զգալիորեն փոքր համաչափությամբ մարդկանց որոշակի խմբի նկատմամբ, այսինքն` կանոնը կիրառվում է ի վնաս այդ խմբի, և դա հնարավոր չէ արդարացնել այլ հիմքերով:

Անտարբերության արդյունք հանդիսացող հիվանդություններ

Հիվանդություններ, որոնք գրեթե բացառապես ներգործում են ցածր եկամուտ ունեցող, քիչ խնամք և ռեսուրսներ ստացող երկրների գյուղական վայրերում բնակվող աղքատ և անզոր մարդկանց վրա:

Առաջադիմական իրականացում

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի պահանջներից մեկը, որը պետությունները իրականացնում են այնքան արագ և արդյունավետ, որքան հնարավոր է` ուղղված տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կենսագործման և հետադիմական զարգացման բացակայության ապահովման նպատակին:

Առաջին օգնություն

Ընդհանուր առողջապահական ծառայություններ, որոնք մատչելի են մարդկանց բնակության և աշխատանքի վայրերի մերձակայքում, շփման առաջին մակարդակը, որ անհատները և ընտանիքներն ունենում են առողջապահական համակարգի հետ:

Առավելագույն հնարավոր ռեսուրսներ

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի առանցքային դրույթը, որը պետություններին պարտավորեցնում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կենսագործմանն ուղղել առավելագույն հնարավոր պետական ռեսուրսները:

Առկայություն

Առողջության առավելագույն հասանելի մակարդակի իրավունքի գնահատման համար Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի կողմից մշակված չորս չափանիշներից մեկը: Առկայությունը նշանակում է, որ գործող հանրային առողջական և առողջապահական հաստատությունները, ապրանքները և ծառայությունները, ինչպես նաև առողջապահական ծրագրերը պետք է առկա լինեն բավարար քանակով: Դա պետք է ներառի առողջապահության հիմնարար բնութագրիչները, ինչպիսիք են անվտանգ խմելու ջուրը, համարժեք սանիտարական հաստատությունները, հիվանդանոցների և առողջապահական այլ հաստատությունների շինությունները, կրթված բուժանձնակազմը և անհրաժեշտ դեղամիջոցները (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե, թիվ 14 Ընդհանուր մեկնաբանություն): Տե՛ս նաև «Ընդունելիություն», «Մատչելիություն» և «Որակ»:

Առողջապահական խնամք տրամադրողներ

Բժիշկները, բուժքույրերը, ատամնաբույժները և առողջապահական ոլորտի մյուս մասնագետները (Եվրոպայում Պացիենտների իրավունքների ապահովման մասին հռչակագիր, ԱՀԿ, Ամստերդամ, 1994):

Առողջապահական խնամք

Հիվանդության կանխումը, բուժումն ու կառավարումը, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական բարօրության պահպանումը բժշկական, բուժքույրական և հարակից առողջապահական մասնագիտությունների կողմից մատուցվող ծառայությունների միջոցով: Այս և նույնանման սահմանումները երբեմն տրվում են «պացիենտի բուժօգնություն» հասկացությանը ևս: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը սահմանում է, որ «առողջապահական խնամքն» ընդգրկում է բոլոր ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են առողջությունն ապահովելու համար` ներառյալ կանխարգելիչ, բուժական և ցավազրկող միջամտությունները, որոնք ուղղված են անհատներին կամ բնակչությանը:

1. Որևէ տեսակի այնպիսի ծառայություն, որը, մատուցվելով մասնագետների կամ ենթամասնագետների կողմից, ներազդեցություն ունի առողջական վիճակի վրա: (Online բառարան, Առողջապահական համակարգերի և քաղաքականության ուսումնասիրության եվրոպական կենտրոն):

2. Բժշկական, բուժքույրական և հարակից ծառայություններ, որոնք իրականացվում են առողջապահական խնամք մատուցողների և առողջապահական խնամքի հաստատությունների կողմից (Եվրոպայում Պացիենտների իրավունքների ապահովման մասին հռչակագիր, ԱՀԿ, Ամստերդամ, 1994): Տես նաև Պացիենտների բուժօգնություն:

Առողջապահական խնամքի հաստատություն

Առողջապահական խնամքի ցանկացած կառույց, ինչպիսիք են հիվանդանոցը, ծերանոցը կամ հաշմանդամների համար նախատեսված հաստատությունը (Եվրոպայում պացիենտների իրավունքների ապահովման մասին հռչակագիր, ԱՀԿ, Ամստերդամ, 1994):

Առողջապահական խնամքի սոցիալական իրավունքներ

Իրավունքների տարատեսակ, որը վերաբերում է սոցիալական պարտավորություններին, որոնք ստանձնել կամ այլ կերպ պարտավորվել է պետությունը կամ այլ հանրային կամ մասնավոր մարմինները` ապահովելու ողջամիտ առողջապահական խնամք ամբողջ բնակչության համար: Դրանք նաև վերաբերում են առողջապահական խնամքի հավասար հասանելիությանը բոլոր նրանց համար, ովքեր ապրում են գյուղական վայրերում կամ այլ աշխարհաքաղաքական տարածքներում, և վերաբերում են չարդարացված և խտրական խոչընդոտների վերացմանը` լինեն դրանք ֆինանսական, աշխարհագրական, մշակութային, սոցիալական, թե հոգեբանական խոչընդոտներ: Դրանցից օգտվում են կոլեկտիվ ձևով (Եվրոպայում Պացիենտների իրավունքների ապահովման մասին հռչակագիր, ԱՀԿ, Ամստերդամ, 1994): Տե՛ս նաև «Պացիենտների բուժօգնության անհատական իրավունքներ»:

Առողջապահական համակարգ

Առողջապահական ծառայությունների կազմակերպված մատուցումը:

Առողջության իրավունք

Իրավունք` օգտվելու մի շարք հնարավորություններից, բարիքներից, ծառայություններից և պայմաններից, որոնք անհրաժեշտ են ֆիզիկական և մտավոր առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշների իրականացման համար (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե, թիվ 14 Ընդհանուր մեկնաբանություն):

Առողջություն

Ֆիզիկական, մտավոր և սոցիալական լիարժեք բարօրության վիճակ և ոչ թե պարզապես հիվանդության բացակայություն (ԱՀԿ):

Արժանապատվություն

Գնահատված, հարգված և ընդունված լինելու վիճակը: Մարդու իրավունքները հիմնված են մարդու բնածին արժանապատվության վրա և հետապնդում են այն պաշտպանելու և զարգացնելու նպատակ:

Արձանագրություն

Վերաբերում է պայմանագրի այն հատվածին, որում որոշակիացվում են եզրույթները, ավելացվում է տեքստը` որպես լրացումներ, սահմանվում են նոր պարտականություններ: Այդ նոր պարտականությունները կարող են քանակական նշանակետեր լինել, որոնց պետությունները պետք է հասնեն:

Բժշկական գաղտնապահություն

Տեսություն, որը սահմանում է, որ բժիշկը կրում է պացիենտի գաղտնիքները պահպանելու պարտականություն: Դրա նպատակն է պացիենտներին` իրենց բժիշկների մոտ լրիվ և ազնիվ բացահայտումներ կատարելու հնարավորություն տալը, որն իր հերթին հնարավոր է դարձնում ճշգրիտ ախտորոշումը և բուժումը:

Բժշկական միջամտություն

Ցանկացած հետազոտություն, բուժում կամ այլ գործողություն, որն ունի կանխարգելման, ախտորոշման, բուժական կամ վերականգնողական խնդիր և որն իրականացվում է բժշկի կամ առողջապահական խնամքի այլ տրամադրողի կողմից: (Եվրոպայում պացիենտների իրավունքների ապահովման մասին հռչակագիր, ԱՀԿ, Ամստերդամ, 1994):

Դիտարկում կամ փաստերի հավաքում կամ քննություն

Եզրույթներ, որոնք հաճախ փոխարկելի են օգտագործվում և սովորաբար արտահայտում են մարդու իրավունքներին վերաբերող պետական պրակտիկայի և գործունեության վերաբերյալ հետաքննություն և (կամ) տեղեկատվության հավաքում:

Եզրափակիչ դիտարկումներ

Պայմանագրի կիրառման մարմնի կողմից ներկայացվող առաջարկություններ, որոնք վերաբերում են այն գործողություններին, որոնք պետությանը խորհուրդ է տրվում կատարել պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունն ապահովելու համար: Ընդհանրապես դրանք հետևում են պետության ազգային զեկույցի ներկայացմանը և պետության ներկայացուցիչների հետ կառուցողական երկխոսությանը:

Երկրորդային առողջապահական խնամք

Ընդհանուր առողջապահական ծառայություններ, որոնք հասանելի են հիվանդանոցներում:

Երրորդ կարգի առողջապահական խնամք

Մասնագիտացված առողջապահական ծառայություններ, որոնք հասանելի են հիվանդանոցներում:

Ընդհանուր մեկնաբանություններ/առաջարկություններ

Մեկնաբանողական տեքստեր, որոնք հրապարակվում են պայմանագրի կիրառման մարմնի կողմից և վերաբերում եմ որոշակի իրավունքի բովանդակությունը: Թեև դրանք իրավաբանորեն պարտադիր չեն, սակայն լայնորեն ընդունվում են որպես հեղինակավոր և կարևոր իրավական արժեք ունեցող փատաթղթեր:

Ընդունելիություն

Առողջության առավելագույն հասանելի մակարդակի իրավունքի գնահատման համար Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի կողմից մշակված չորս չափանիշներից մեկը: Ընդունելիությունը նշանակում է, որ բոլոր առողջապահական հաստատությունները, ապրանքները և ծառայությունները պետք է համապատասխանեն բժշկական էթիկային, մշակութային առանձնահատկություններին, գենդերային և կենսակերպային պահանջներին, ինչպես նաև այնպես կազմակերպված լինեն, որ հարգվի գաղտնապահությունը և ավելացվի համապատասխան անձանց առողջության մակարդակը (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե, թիվ 14 Ընդհանուր մեկնաբանություն): Տե՛ս նաև «Մատչելիություն», «Առկայություն» և «Որակ»:

Ընդունման տեսություն

Տեսություն, որը սահմանում է, որ միջազգային իրավունքը դառնում է ներպետական իրավունքի բաղկացուցիչ մաս պայմանագրի վավերացման կամ միացման ուժով՝ առանց լրացուցիչ ներպետականացման:

Ընդունում

Ձևական գործողություն, որով բանակցող կողմերը հաստատագրում են պայմանագրի ձևը և բովանդակությունը: Պայմանագիրն ընդունվում է հատուկ գործողությամբ, որն արտահայտում է այդ պայմանագրին վերաբերող բանակցություններին մասնակցող պետությունների և միջազգային կազմակերպությունների կամքը, օրինակ, տեքստի վերաբերյալ քվեարկությամբ, նշագրմամբ, ստորագրությամբ և այլն: Ընդունման կառուցակարգը կարող է օգտագործվել նաև պայմանագրին կից լրացումների կամ պայմանագրից բխող իրավակարգավորումների ձևի և բովանդակության հաստատագրման համար: 

Միջազգային կազմակերպությունների շրջանակներում բանակցվող պայմանագրերը սովորաբար ընդունվում են տվյալ կազմակերպության ներկայացուցչական մարմնի բանաձևով: Օրինակ, Միացյալ Ազգերի Կազմակերպության կամ դրա որևէ մարմնի հովանավորության ներքո բանակցվող պայմանագրերն ընդունվում են Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի բանաձևով:

Ինքնակիրառվող պայմանագիր

Պայմանագիր, որն իր դրույթների` ներպետական իրավունքում կիրառվելու համար չի պահանջում կիրարկման օրենքի ընդունում:

Իրազեկված համաձայնություն առողջապահական խնամքի համատեքստում

Գործընթաց, որի միջոցով պացիենտը մասնակցում է առողջապահական որոշումների կայացմանը: Պացիենտին պետք է տրամադրվի համապատասխան և հասկանալի տեղեկատվություն այնպիսի հարցերի շուրջ ինչպիսիք են բուժման նպատակը, այլընտրանքային բուժամիջոցները, վտանգները և կողմնակի ազդեցությունները:

Իրազեկված համաձայնություն

Իրավական պայման, որի պարագայում կարելի է փաստել, որ անձը համաձայնել է որոշակի գործողություններին` հիմնված փաստերին կամ ակնարկներին նրա հավանության և դրանց հասկացողության վրա: Անհատը պետք է տիրապետի համապատասխան փաստերի և օժտված լինի դատողության ունակությամբ:

Խտրականություն

Անձանց միջև տարբերություն դնելը ռասայի, սեռի, կրոնի, քաղաքական հայացքների, ազգային կամ սոցիալական ծագման, փոքրամասնությանը պատկանելու կամ անձնական հակակրանքի հիմքով:

Կողմ

Պետություն կամ պայմանագիր կնքելու իրավասությամբ օժտված այլ սուբյեկտ, որն արտահայտել է տվյալ պետության համար պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո դրանով պարտավորված լինելու համաձայնություն` վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման կամ այլ եղանակով: Դա նշանակում է, որ միջազգային իրավունքին համապատասխան` Պետությունը պարտավորված է պայմանագրով է (1969թ. Վիենայի կոնվենցիայի 2(1)(է) հոդված):

Կոնվենցիա

Այս եզրն օգտագործվում է որպես պայմանագրի հոմանիշ, բայց այն կարող է նաև հատուկ նշանակություն ունենալ` որպես մեծ թվով պետությունների մասնակցությամբ պայմանագիր: Որպես կանոն, կոնվենցիաները բաց են ողջ միջազգային հանրության կամ պետությունների լայն շրջանակի մասնակցության համար: Սովորաբար միջազգային կազմակերպության հովանավորության ներքո բանակցվող փաստաթղթերը անվանվում են կոնվենցիաներ: Նույնը վերաբերում է նաև միջազգային կազմակերպության մարմնի կողմից ընդունվող փաստաթղթերին:

Կրկնակի ենթակայություն

Դերային կոնֆլիկտ, որն առկա է պացիենտի նկատմամբ ունեցած մասնագիտական պարտականությունների և երրորդ անձանց (օրինակ, գործատուի, ապահովագրողի կամ պետության) նկատմամբ ունեցած` առկա կամ ենթադրյալ, իրական կամ կարծեցյալ պարտականության միջև:

Հայտարարություն

Մեկնաբանողական հայտարարությունը պետության կողմից արվող հայտարարություն է, որը վերաբերում է միջազգային պայմանագրով սահմանվող որոշ հարցերի իր ընկալմանը կամ որոշակի դրույթի իր մեկնաբանմանը: Ի տարբերություն վերապահումների` հայտարարությունները ընդամենը ճշգրտում են տվյալ պետության դիրքորոշումը և նպատակ չեն հետապնդում սահմանափակելու կամ վերափոխելու միջազգային պայմանագրի իրավական ուժը:

Հանրային առողջություն

Այն, ինչ մենք որպես հասարակություն համատեղությամբ կատարում ենք ապահովելու համար այն պայմանները, որոնցում մարդիկ կարող են առողջ լինել: (Բժշկության Ինստիտուտ)

Հատուկ զեկուցողներ

Անհատներ, որոնք նշանակվում են Մարդու իրավունքների խորհրդի կողմից` հետազոտելու մարդու իրավունքների խախտումները և ներկայացնելու գործողությունների առաջարկություններ պարունակող տարեկան զեկույցներ: Գոյություն ունեն և՛ առանձին պետությունների գծով, և՛ առանձին խնդրի գծով հատուկ զեկուցողներ` ներառյալ առողջության առավելագույն հասանելի չափանիշի իրավունքի խնդրով:

Հարգել, պաշտպանել և իրականացնել

Իրավունքների կապակցությամբ պետությունների պարտականությունները: 
Հարգել. պետությունը չպետք է մարդու իրավունքների չափանիշներին ուղղակիորեն հակասող քայլեր կատարի: 
Պաշտպանել. պետությունը պետք է կանխի այլոց կողմից մարդու իրավունքների խախտումները: 
Իրականացնել. պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու, որպեսզի ապահովվի մարդու իրավունքների չափանիշների նվաճումը:

Հիմնական դեղամիջոցներ

Դեղամիջոցներ, որոնք բավարարում են բնակչության առաջնային առողջապահական կարիքները: Հիմնական դեղամիջոցները պետք է մշտապես առկա լինեն` անհրաժեշտ քանակով, համապատասխան չափաբաժինների ձևով, հաստատված որակով, և այնպիսի գնով, որ անհատը և հանրությունն ի վիճակի լինեն վճարել:

Հիմնական կարիքներ

Լայնորեն օգտագործվում է համայնքի զարգացման համատեքստում` նշանակելով հիմնական առողջապահական ծառայությունները, կրթությունը, կացարանները և ապրելու համար անձին անհրաժեշտ մյուս արժեքները:

Մատչելիություն

Առողջության առավելագույն հասանելի մակարդակի իրավունքի գնահատման համար Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի կողմից մշակված չորս չափանիշներից մեկը: Մատչելիությունը նշանակում է, որ առողջապահական հաստատությունները, ապրանքները և ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլորին՝ առանց խտրականության: Մատչելիությունն ունի չորս մասամբ համընկնող տարրեր. ոչ խտրական վերաբերմունքը, ֆիզիկական հասանելիությունը, տնտեսական մատչելիությունը և տեղեկատվական հասանելիությունը (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե, թիվ 14 Ընդհանուր մեկնաբանություն): Տե՛ս նաև «Ընդունելիություն», «Առկայություն» և «Որակ»:

Մարդու իրավունքներ

Այն իրավասությունները, ազատությունները և արտոնությունները, որոնցով օժտված են բոլոր մարդկային էակները` անկախ պետական իրավազորությունից կամ այլ գործոններից, ինչպիսիք են ազգությունը, քաղաքացիությունը, կրոնը կամ սեռը: 
Մարդու իրավունքները համընդհանուր իրավական երաշխիքներ են, որոնք կոչված են անհատներին և խմբերին պաշտպանելու հիմնարար ազատություններին և մարդկային արժանապատվությանն ուղղված միջամտություններից: Ստորև ներկայացվում են մարդու իրավունքների որոշ կարևոր հատկանիշներ: Դրանք՝

• երաշխավորված են միջազգային չափանիշներով 
• պաշտպանված են իրավունքով 
• միտված են մարդկային արժանապատվությանը 
• պարտավորեցնում են պետություններին և պետական ծառայողներին 
• դրանցից հնարավոր չէ հրաժարվել կամ զրկվել 
• փոխպայմանավորված են և փոխկապակցված 
• համընդհանուր են

(Միավորված Ազգերի Կազմակերպության համակարգը և Մարդու իրավունքները. Ուղեցույցներ և տեղեկատվություն տեղական համակարգման կառույցների համար, Ժնև, 2000թ., մարտ):

Մարդու իրավունքների միջազգային իրավունք

Այն մարդու իրավունքների միջազգային կամ տարածաշրջանային կառուցակարգերի շրջանակներում համակարգում է մարդու իրավունքներն ամրագրող իրավական նորմերը:

Մարդու իրավունքների ցուցանիշներ

Այն չափորոշիչները, որոնք կիրառվում են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանությունը գնահատելու համար:

Միացում

Չստորագրած պետության կողմից որևէ պայմանագրի մասնակից դառնալու և այդ պայմանագրով իրավաբանորեն պարտավորված լինելու հնարավորության ընդունումը: Դա իրականացվում է «միացման փաստաթուղթը» ավանդապահին ներկայացնելով: Այն ունի նույն իրավական հետևանքը, ինչ վավերացումը, Ի տարբերություն վավերացման, սա միաքայլ գործընթաց է:

Միջազգային իրավունք

Կանոնների և իրավական կառուցակարգերի համակցություն, որոնք համարվում են և ընդունվում են որպես պետությունների միջև առկա` կիրառման համար պարտադիր համաձայնություններ: Աղբյուրները հետևյալներն են. (ա) սովորույթը, (բ) պայմանագրերը, (գ) իրավունքի ընդհանուր սկզբունքները և (դ) դատական ակտերը և իրավագիտական գրվածքները (Արդարադատության Միջազգային Դատարանի Ստատուտ, 38(1)(դ) հոդված):

Միջազգային հանրային իրավունք

Ամրագրում է միջազգային-իրավական համակարգի կառուցվածը և պետությունների` այդ համակարգում առաջնային մասնակիցների սահմանման չափանիշները: Վերաբերում է տարածքներ ձեռք բերելուն, պետական իմունիտետին, և միմյանց նկատմամբ վարքագծի համար պետությունների պատասխանատվությանը: Նաև առնչվում է պետական սահմաններում անհատների նկատմամբ վերաբերմունքին, ներառյալ` մարդու իրավունքներին, օտարերկրացիների նկատմամբ վերաբերմունքին, փախստականների իրավունքներին, ինչպես նաև միջազգային հանցագործություններին և քաղաքացիությանը: Այն ներառում է նաև միջազգային խաղաղության և անվտանգության հաստատումը, սպառազինությունների վերահսկողությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, միջազգային հարաբերություններում ուժի կիրառման կարգավորումը: Հետևաբար` ճյուղերը ներառում են մարդու իրավունքների միջազգային իրավունքները, միջազգային հումանիտար իրավունքը, փախստականների իրավունքը, միջազգային քրեական իրավունքը:

Միջազգային սովորութային իրավունք

Միջազգային իրավունքի աղբյուրներից մեկը: Այն բաղկացած է այնպիսի իրավական նորմերից, որոնք բխում են պետությունների կայուն վարքագծից, որոնք գործում են այդպես` ելնելով այն գիտակցումից, որ իրավունքը պահանջում է իրենցից տվյալ կերպ գործել: Դրանից հետևում է, որ միջազգային սովորութային իրավունքը կարող է բացահայտվել պետությունների կողմից նույնանման միջազգային գործողությունների շարունակական կրկնությամբ (պետական պրակտիկա): Գործողությունները պետք է կատարվեն պարտավորության զգացումից ելնելով, և դրանք պետք է կատարվեն պետությունների նշանակալի թվի կողմից, և դրանք չպետք է մերժվեն պետությունների նշանակալի թվի կողմից: Միջազգային սովորութային իրավունքի որոշակի տարատեսակը, jus cogens-ը, բնութագրում է միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունք, որ ոչ մի պետություն չի կարող դրանից խուսափել պայմանագրային կամ այլ եղանակով: Դրա օրինակները կարող են ներառել ստրկության, ցեղասպանության, խոշտանգման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների: Միջազգային սովորութային իրավունքի այլ օրինակներից են բռնի տեղահանության արգելման սկզբունքը և մարդասիրական միջամտության իրավունքը (վերջինը վիճարկելի է):

Նեգատիվ իրավունքներ

Իրավունքներ, որոնց ներքո պետությունը պարտավորվում է ձեռնպահ մնալ անձանց նկատմամբ և(կամ) ինչ-որ բան կատարելու նրանց փորձի նկատմամբ ոչ իրավաչափ միջամտությունից:

Ներպետականացում

Ընթացակարգ, որով միջազգային պայմանագիրը ինկորպորացվում է ներպետական օրենսդրությանը:

Ներպետական միջոցների սպառում

Վերաբերում է այն ընթացակարգին, որն անհրաժեշտ է կատարել՝ նախքան ի շահ տուժողի որևէ տարածաշրջանային կամ միջազգային դատարան գանգատ ներկայացնելը: Սկզբից պետք է օգտվել բոլոր հասանելի վարույթներից՝ ուղղված մարդու իրավունքների հետագա խախտումներից պաշտպանվելուն և նախընթաց չարաշահումների համար արդարադատություն ստանալուն: Իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառած լինելու պահանջից առկա են սահմանափակ թվով բացառություններ. պաշտպանության միջոցը անհասանելի է, անարդյունավետ (այսինքն՝ ընթացակարգը շինծու է) կամ անհամաչափորեն երկար:

Որակ

Առողջության առավելագույն հասանելի մակարդակի իրավունքի գնահատման համար Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի կողմից մշակված չորս չափանիշներից մեկը: Որակը նշանակում է, որ առողջապահական հաստատությունները, ապրանքները և ծառայությունները պետք է գիտականորեն և բժշկական տեսակետից համապատասխան լինեն և լավ որակի: Դա պահանջում է հմուտ բժշկական անձնակազմ, գիտականորեն հավանության արժանացած և պիտանիության ժամկետը չսպառած դեղորայք, ինչպես նաև հիվանդանոցային սարքավորումներ (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե, թիվ 14 Ընդհանուր մեկնաբանություն): Տե՛ս նաև «Ընդունելիություն», «Մատչելիություն» և «Առկայություն»:

Պայմանագիր

Երկու և ավելի պետությունների միջև պաշտոնական համաձայնագիր, որը պարտադիր է նրանց համար: Երկկողմ պայմանագիրը պայմանագիր է երկու կողմերի միջև: Բազմակողմ պայմանագիրը պայմանագիր է երկուսից ավելի կողմերի միջև:

Պացիենտ

1. Առողջապահական ծառայություններ օգտագործող/ներ` ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ (Եվրոպայում Պացիենտների Իրավունքների Խրախուսման Հռչակագիր, ՀԱԿ, Ամստերդամ, 1994, Ուղենիշային Սկզբունքներ) 
2. Առողջապահական համակարգի հետ հարաբերության մեջ գտնվող անձ, որն առողջական վիճակով պայմանավորված` խնամքի կարիք ունի: (Online բառարան, Առողջապահական համակարգերի և քաղաքականության ուսումնասիրության եվրոպական կենտրոն):

Պացիենտակենտրոն բուժօգնություն

Տեսություն, որն առողջապահական ծառայությունների մատուցումը դիտարկում է որպես գործընկերություն առողջապահական խնամք տրամադրողների, պացիենտների և նրանց ընտանիքների միջև: Բժշկական սպասարկման վերաբերյալ որոշումները պետք է հարգեն պացիենտների ցանկությունները, կարիքները, նախընտրությունները և արժեքները:

Պացիենտի անվտանգություն

Բժշկական օգնության կամ բժշկական սխալների հետևանքով պատահական վնասվածքներից ազատ լինելը (Բժշկության Ինստիտուտ):

Պացիենտի բուժօգնության անհատական իրավունքներ

Ավելի հաճախակի են արտահայտվում բացարձակ արտահայտություններով, քան առողջապահական խնամքի սոցիալական իրավունքները: Գործողության մեջ դրվելու պարագայում կարող են կիրառելի լինել ի շահ անհատ պացիենտի (Եվրոպայում Պացիենտների Իրավունքների Խրախուսման Հռչակագիր, ՀԱԿ, Ամստերդամ, 1994, Ուղենիշային Սկզբունքներ): Տե՛ս նաև «Առողջության խնամքի ոլորտում սոցիալական իրավունքները» և «Պացիենտների իրավունքները»:

Պացիենտի ինքնավարություն

Իրենց բժշկական օգնության վերաբերյալ որոշումներ կայացնելու պացիենտների իրավունքը: Մատուցողները կարող են ուսուցանել և իրազեկել պացիենտներին, բայց չեն կարող որոշումներ կայացնել նրանց փոխարեն:

Պացիենտի շարժունակություն

Գաղափար, որն արտահայտում է պացիենտի շարժն իր բնակության շրջանից անդին` ստանալու հասանելիություն առողջապահությանը: Շարժունակությունը կարող է տեղի ունենալ նույն երկրի շրջանակներում կամ երկրների միջև:

Պացիենտի պատասխանատվություն

Տեսություն, որը բժիշկ-պացիենտ հարաբերությունը դիտարկում է որպես գործընկերություն, որում յուրաքանչյուր կողմ ընդունում է որոշակի պարտավորություններ: Պացիենտի պարտականությունները ներառում են բաց հաղորդակցությունը բժիշկների կամ բուժօգնություն ցուցաբերողների հետ, մասնակցությունը ախտորոշման և բուժման առաջարկությունների վերաբերյալ որոշումների կայացմանը, և բուժման համաձայնեցված ծրագիրը պահպանելը:

Պացիենտների բուժօգնություն

Ծառայություններ, որոնք ի շահ պացիենտի մատուցվում են առողջապահական մասնագիտությունների անդամների կամ վերջիններիս վերահսկողությամբ` ոչ մասնագետների կողմից: Տե՛ս նաև «Առողջապահական խնամք»:

Պացիենտների բուժօգնության ոլորտում մարդու իրավունքներ

Հայեցակարգ, որը վերաբերում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների կիրառմանը առողջապահական խնամքի ծառայությունների մատուցմանը բոլոր ներգրավվածների, ներառյալ` պացիենտների առողջապահական խնամք մատուցողների նկատմամբ: Այն լրացնում է բիոէթիկային, միևնույն ժամանակ, այն ամրագրում է համընդհանուր ճանաչում ստացած նորմերի և ընթացակարգերի համակցություն, որոնք նպատակաուղղված են առողջապահական հիմնարկություններում չարաշահումների վերաբերյալ եզրահանգումներ կատարելուն և իրավական պաշտպանության միջոցներ առաջարկելուն: Այն օգտագործում է մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում բովանդակվող չափանիշները, որոնք հաճախ արտացոլվում են տարածաշրջանային պայմանագրերում և ազգային սահմանադրություններում: Այն տարբերվում է պացիենտների իրավունքներից, քանի որ վերջիններս վերաբերում են բացառապես պացիենտներին վերաբերող իրավունքներին: Այն հիմնում է, օրինակ, երկակի ենթակայության հայեցակարգի վրա, որի համաձայն` առողջապահական խնամք մատուցողներն ունեն համաժամանակյա և հաճախ հակասող պարտավորություններ իրենց պացիենտների և պետության հանդեպ: Տես նաև «Երկակի ենթակայություն»:

Պացիենտների իրավունքներ

Իրավունքների համակցություն, որն ամրագրում է պետության և առողջապահական խնամք տրամադրողների պատասխանատվությունն առողջապահական ծառայությունների որակի հարցում: Պայմանավորված է այն շարժման հետ, որն ի հայտ է եկել առողջապահական հաստատություններում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ աճող մտահոգության հետևանքով: Մասնավորապես, այդ շարժումն առաջացել է այն երկրներում, որտեղ պացիենտներն իրենց վրա են վերցնում առողջապահության ծախսերի մեծ մասը` դրանով ակնկալելով, որ իրենց, որպես «սպառողների», իրավունքները հարգվեն:

1. Իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության համակցություն, որոնց շրջանակում անհատները ձգտում են ստանալ և ստանում են առողջապահական ծառայություններ: (Online բառարան, Առողջապահական համակարգերի և քաղաքականության ուսումնասիրության եվրոպական կենտրոն):

2. Այն, ինչ պացիենտներին, որպես մարդկային էակների, պարտական են բժիշկները և պետությունը:

Պոզիտիվ իրավունքներ

Իրավունքներ, որոնց շրջանակներում պետությունը պարտավորված է որոշակի գործողություններ կատարել որևէ մեկի համար:

Ստացիոնար պացիենտ

Պացիենտ, որի բուժումը և սպասարկումը պահանջում է, որ նա առնվազն մեկ գիշեր անցկացնի հիվանդանոցում կամ առողջարանում:

Ստորագրող

Համաձայնագիր ստորագրած կողմ: Պայմանագրի դեպքում ստորագրող կողմը դեռևս պայմանագրով նախատեսված իրավական պարտավորություններ չի կրում: Փոխարենը ստորագրողը պարտավոր է չկատարելու պայմանագրի առարկային և նպատակին հակասող գործողություններ: Տե՛ս նաև Վավերացում:

Ստվերային զեկույց

Անկախ ՀԿ-ների կողմից ներկայացվող զեկույց պայմանագրի կիրառման մարմնին, որը կոչված է նրան օգնելու գնահատել պետության համապատասխանությունը այդ պայմանագրին:

Վավերացում

Պայմանագրային իրավունքների և պարտականությունների պաշտոնական ընդունումը: Եթե պայմանագիրը ուժի մեջ է մտել, ապա դրանից հետո պայմանագիրը վավերացրած կողմերի համար այն դառնում է իրավաբանորեն պարտադիր: Այն պահանջում է երկու քայլ. ա) վավերացման կառուցակարգի իրականացում, ընդունում կամ հաստատում պետության գլխի, կառավարության ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի կողմից` արտահայտելով պետության մտադրությունը պարտավորություններ կրելու տվյալ պայմանագրով; և բ) բազմակողման պայմանագրերի դեպքում` վավերացման գործիքի հանձնումը ավանդապահին, իսկ երկկողմանի պայմանագրերի դեպքում` կողմերի միջև գործիքների փոխանակումը:

Վերապահում

Պետության կողմից կատարված հայտարարություն, որով այն մտադրություն է հայտնում փոփոխելու պայմանագրի որոշ դրույթների կիրառությունն այդ պետության համար: Վերապահումը հնարավոր է դարձնում պետության մասնակցությունը բազմակողմանի պայմանագրերին, որոնց նա այլապես չէր կարողանա կամ չէր ցանկանա մասնակցել: Պետությունները կարող են վերապահումներ կատարել պայմանագրերին, երբ նրանք ստորագրում, վավերացնում, ընդունում, հաստատում կամ միանում են դրան: Երբ պետությունը վերապահում է կատարում ստորագրելիս, այն պետք է հաստատի այդ վերապահումը վավերացման, ընդունման կամ հաստատման ժամանակ: Քանի որ վերապահումը նպատակադրված է փոփոխելու պետության իրավական պարտավորությունները, ապա այն պետք է ստորագրված լինի պետության գլխի, կառավարության ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի կողմից: Վերապահումները չեն կարող հակասել պայմանագրի առարկային և նպատակին: Որոշ պայմանագրեր արգելում են վերապահումներ կատարել կամ թույլատրում են միայն որոշակի վերապահումներ:

Վերափոխման տեսություն

Տեսություն, որն առաջ է քաշում այն գաղափարը, որ միջազգային իրավունքը դառնում է ներպետական իրավունքի մաս միայն դրա ներպետականացումից և ներքին իրավունքում դրա դրույթների ներառումից հետո:

Ուժի մեջ մտնելը

Ժամանակի այն պահը, երբ պայմանգիրը պարտադիր է դառնում պայմանագրի կողմերի համար: Պայմանագրի դրույթները սահմանում են դրա ուժի մեջ մտնելու պահը: Այն կարող է լինել պայմանագրում նշված օրը կամ այն օրը, երբ որոշակի թվով վավերացման, հաստատման, միացման կամ ընդունման փաստաթղթեր ներկայացվեն ավանդապահին:

Փոխպայմանավորվածություն/անբաժանելիություն

Եզրույթ, որը կիրառվում է քաղաքացիական և քաղաքական իրավունքների և տնտեսական և սոցիալական իրավունքների հարաբերությունն արտահայտելու համար: Փոխպայմանավորվածությունը և անբաժանելիություն նշանակում են, որ իրավունքների մի խումբն առաջնություն չունի իրավունքների մյուս խմբի նկատմամբ, և որ իրավունքների յուրաքանչյուր խմբի երաշխավորումը պայմանավորված է մյուսի երաշխավորմամբ: 

Աղբյուրը` healthrights.am