Սուր որովայն

Սուր որովայն տերմինով անվանում են այն կլինիկական սիմպտոմոկոմպլեքսը, որը զարգանում է որովայնի խոռոչի վնասվածքների և սուր հիվանդությունների ժամանակ և որոնց ժամանակ պահանջվում է կամ կարող է պահանջվել անհետաձգելի վիրաբուժական օգնություն:

Հիվանդի առաջին բժշկական հետազոտությունը հաճախ կատարվում է ստացիոնարից դուրս (տանը կամ պոլիկլինիկայում): Առաջնային ախտորոշման խնդիրն է հանդիսանում վտանգավոր իրավիճակի բացահայտումը և անհրաժեշտության դեպքում անհետաձգելի վիրաբուժական օգնության ցուցաբերումը: Սուր որովայնի ժամանակ կանխատեսումը վատանում է ժամանակի ընթացքում, այդ պատճառով բժիշկը պարտավոր է արագ հիվանդին հոսպիտալացնել պրոֆիլային հաստատություն, որտեղ մոտակա ժամանակում հիվանդին պետք է անցկացվեն անհրաժեշտ ախտորոշիչ և բուժական միջոցառումները: Անգամ սուր որովայնի կասկածի դեպքում հիվանդին պետք է անհապաղ հոսպիտալացնել:

Սուր որովայնի պատճառներն են՝

1.Ներորովայնային բորբոքային հիվանդությունները, որոնք պահանջում են անհետաձգելի վիրահատություն՝

2.Սուր ստամոքս-աղիքային արյունահոսություններ՝

  • ստամոքսի և 12-մատնյա աղու արյունահոսող խոց
  • կերակրափողի և կարդիայի երակների վարիկոզ լայնացում
  • Մելորի-Վեյսի համախտանիշ
  • հեմոռագիկ գաստրիտ
  • ստամոքսի, բարակ և հաստ աղիների բարորակ և չարորակ ուռուցքներ

3.Որովայնի թափանցող վիրավորումներ և բութ տրավմաներ ստոծանու, փայծաղի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի և աղու վնասումով

4.Որովայնի խոռոչի օրգանների հիվանդություններ, որոնք չեն պահանջում անհետաձգելի վիրահատություններ

5.Արտաորովայնամզային հիվանդություններ

Սուր որովայնի հիմնական կլինիկական ախտանիշներն են ցավերը որովայնում, փսխումը, արյունահոսությունը, շոկը, մարմնի ջերմության բարձրացումը, պուլսի և շնչառության հաճախականությունը:

Հիվանդի առաջնային հետազոտության մեջ մտնում են հետևյալները՝
Անամնեզ – ցավի առաջացման սկիզբը և ժամանակը (հանկարծակի, աստիճանաբար), ցավի տեղակայումը, դիսպեպսիկ և դիզուրիկ երևույթները, ջերմությունը, նախկինում տարած որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունները և վիրահատությունները

Զննում – հիվանդի հարկադրական դիրքը, հիվանդի անհանգստությունը փոխում է դիրքը, ադինամիան, արգելակվածությունը, ջրազրկման նշանները (դեմքի սրված դիմագծերը, բերանի խոռոչի լորձաթաղանթի չորությունը), գունատություն, դեղնուկ, արտազատուկ (փսխում, կղանք, արյուն)

Ջերմություն – անութային և ռեկտալ

Հեմոդինամիկայի ցուցանիշները – պուլս, զարկերակային ճնշում, սրտի աուսկուլտացիա

Որովայնի հետազոտությունդիտում, շոշափում, բախում, աուսկուլտացիա, որովայնի ծավալը, հետազոտում ուղիղ աղու միջոցով (ցավոտություն, պատի արտանկում)
Ոչ մի դեպքում չի կարելի ներարկել նարկոտիկներ, ցավազրկողներ և հակաբիոտիկներ, քանի որ նրանց ազդեցության տակ կփոխվի հիվանդության կլինիկական պատկերը, որը նշանակալի կդժվարացնի ախտորոշումը և կարող է բերել վիրահատական բուժման ուշացման:

Ստացիոնար ուղարկելիս սուր որովայն ախտորոշումը կամ էլ սուր որովայնի պատճառի հայտնաբերման ժամանակ նշում են հիվանդության նոզոլոգիական ձևը: Հոսպիտալացման ուղարկելիս տալիս են հիվանդության պատմությունից էպիկրիզ (անամնեզի և կատարված բուժման տվյալները):

Շոկի դեպքում անհրաժեշտ է տեղափոխումը կատարել հատուկ հագեցված մեքենայով՝ կատարելով հակաշոկային բուժում:
Ստացիոնարում հիվանդի հետազոտության մեթոդների մեջ մտնում են ընդհանուր կլինիկական հետազոտությունները՝ անամնեզ, ըստ համակարգերի ֆիզիկալ հետազոտության տվյալները:

Սիրտ-անոթային համակարգի հետազոտության ժամանակ սրտի պերկուսիայի և աուսկուլտացիայի, պուլսի հաճախականության, զարկերակային ճնշման որոշման հետ մեկտեղ, եթե կա սրտամկանի ինֆարկտի կասկած կատարում են ԷՍԳ: Արյունահոսության, դեհիդրատացիայի ժամանակ շրջանառող հեղուկի կորստի որոշման  համար կարելի է կողմնորոշվել Ալգովերի շոկային ինդեքսով (շոկային ինդեքս=պուլսի հաճախականություն/սիստոլիկ ԶՃ):

Նորմայում այդ ցուցանիշը 0.5 է: Շրջանառող հեղուկի մինչև 30% կորստի դեպքում շոկային ինդեքսը բարձրանում է մինչև 1, այդ ժամանակ պուլսի հաճախականության և սիստոլիկ զարկերակային ճնշման ցուցանիշները մոտավորապես 100 են: Շոկի արտահայտված պատկերի ժամանակ ՝ պուլսը 120զ/ր և սիստոլիկ ԶՃ մոտավորապես 80մմ ս.ս., շոկային ինդեքսի ցուցանիշը բարձրանում է մինչև 1.5, որը խոսում է հիվանդի կյանքի վտանգի մասին: Շոկային ինդեքսի 2 ժամանակ (պուլսը 140զ/ր, սիստոլիկ ԶՃ 70մմս.ս.) համապատասխանում է շրջանառող հեղուկի ծավալի մինչև 70% նվազմանը: Կանանց մոտ գինեկոլոգիական անամնեզի հավաքման դեպքում պետք է ուշադրություն դարձնել տարած գինեկոլոգիական հիվանդություններին, դաշտանային ցիկլին, վերջին դաշտանի ժամանակին: Դաշտանային ցիկլի մեջտեղում ցավերի առկայության պատճառը կարող է լինել ձվարանի ապոպլեքսիան: Դաշտանային ցիկլի ուշացման դեպքում պետք է մտածել արտարգանդային հղիության մասին:

Որովայնի խոռոչի օրգանների սուր հիվանդությունների ժամանակ պարտադիր պետք է կատարել հեշտոցային հետազոտում: Դա հարկավոր է սուր որովայնի պատճառ հանդիսացող գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար, ինչպես նաև բորբոքային պրոցեսի դեպի փոքր կոնքի որովայնամզի տարածման հայտնաբերման համար:
Հեշտոցի միջոցով հետազոտելիս կարելի է հայտնաբերել հեշտոցի կամարի ցավոտություն, արգանդի հավելումների մեծացում և ցավոտություն, փողային հղիության ժամանակ արգանդափողում ցավոտ գոյացություն: Հեշտոցի կամարի արտանկում դիտվում է փոքր կոնքի խոռոչում արյան կամ էքսուդատի կուտակման ժամանակ:


Լաբորատոր անալիզներ
հեմոգրամա, լյարդի և ենթաստամոքսային գեղձի ֆերմենտներ:

Ռենտգենոլոգիական հետազոտություն – կրծքավանդակի ռենգենոսկոպիա, որովայնի շրջադիտակային ռենտգենոգրաֆիա (ստոծանուց մինչև սիմֆիզ) ստոծանու շարժողականության, ստոծանու տակ և աղիքում ազատ գազի կուտակման, աղիքում հեղուկի մակարդակների (աղիքային անանցանելիության ժամանակ), մթագնման (էքսուդատ) հայտնաբերման համար, երիկամներում և միզուղիներում քարերի հայտնաբերման համար շրջադիտակային ռենտգենոգրաֆիա և ուռոգրաֆիա, ստամոքսի և 12-մատնյա աղու թափածակման կասկածի դեպքում ջրալույծ կոնտրաստով ռենտգեն հետազոտություն, հաստ աղիքային անանցանելիության կասկածի դեպքում իրիգոսկոպիա:
Լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի ուլտրաձայնային հետազոտություն օրգանների վնասման և բորբոքումների հայտնաբերման համար:
Օրգանների վնասումների կամ բորբոքումների համար կատարվում է լապարասկոպիա:
Ախտորոշիչ պերիտոնեալ լավաժը կատարում են խոռոչավոր օրգանի թափածակման, ներորովայնային արյունահոսության կասկածի դեպքում, որոնք այլ հետազոտություններով չեն հայտնաբերվում: Որովայնի խոռոչ են անցկացնում կատետր որովայնի միջին գծով կատարված փոքր կտրվածքով և կատարում են որովայնի խոռոչի լվացում նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթով: Լվացված հեղուկում արյան առկայությունը խոսում է ներորովայնային արյունահոսության մասին, իսկ ստամոքս-աղիքային պարունակության առկայությունը՝ խոռոչավոր օրգանի թափածակման մասին:

Տարբերակիչ ախտորոշում – Պետք է ժխտվեն սուր որովայն նմանեցնող հիվանդությունները՝ սրտամկանի ինֆարկտ, բազալ թոքամզաթոքաբորբ, սպոնտան պնևմոթորաքս, երիկամային խիթ, Շենլեյն-Հենոխի կապիլյարատոքսիկոզ, աղիքային ինֆեկցիաներ:

Նախավիրահատական նախապատրաստումՀակաշոկային միջոցառումներ (ջրա-աղային բալանսի և թթվահիմնային հավասարակշռության շտկում, արյունահոսությունների ժամանակ՝ արյան կորստի վերականգնում), բորբոքման, խոռոչավոր օրգանի, աղիքային անանցանելիության հաստատված ախտորոշման դեպքում հակաբիոտիկների ներմուծում:

Բուժում Սուր որովայնի բուժումը հանգեցնում է որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների և վնասվածքների վիրաբուժական բուժմանը:
Ավելի մանրամասն կանգ կառնենք պերիտոնիտի բուժման վրա:
Տարածուն թարախային պերիտոնիտը բացարձակ ցուցում է հանդիսանում շտապ վիրահատական բուժման: 

Տարածուն պերիտոնիտի դեպքում վիրահատության խնդիրներն են՝ որովայնի խոռոչի ինֆեկցման աղբյուրի վերացում, ինֆեկցված նյութի և էքսուդատի հեռացում (ֆիբրինային փառեր), որովայնի խոռոչի մեխանիկական մաքրում (լվացում) հակասեպտիկ նյութերով, աղու դեկոմպրեսիա, որովայնի խոռոչի դրենավորում, հետվիրհատական վերքի հուսալի փակում:

Հիվանդների մեծամասնության մոտ որպես վիրահատական մուտք օգտագործում են միջին որովայնահատումը, որը քիչ տրավմատիկ է և թույլ է տալիս կատարել որովայնի խոռոչի օրգանների ադեկվատ ռևիզիա:

Այն դեպքում, եթե պերիտոնիտի աղբյուր է հանդիսանում օրգանը, որը կարող է հեռացվել (որդանման ելուն, լեղապարկ) և տեխնիկական պայմանները թույլ են տալիս այն կատարել, նպատակահարմար է ինֆեկցիայի աղբյուրը ռադիկալ հեռացնել որովայնի խոռոչից: Խոռոչավոր օրգանի թափածակման դեպքում ավելի հաճախ կատարում են թափացակված անցքի կարում, ավելին, եթե թափածակման պահից անցել է 6ժ ավել և կարելի է սպասել որովայնի խոռոչի զանգվածային բակտերիալ ախտահարում: Դիվերտիկուլի կամ քաղցկեղային ուռուցքի պատռման դեպքում օրգանի դեֆեկտի կարումը որպես օրենք անկատարելի է: Ցուցված է ախտահարված օրգանի մասնահատում կամ բեռնաթափող կոլոստոմի տեղադրում: Հետվիրահատական պերիտոնիտի ժամանակ, որը առաջացել է վաղ ձևավորված անաստամոզի կարերի անբավարարությունից, որպես օրենք հնարավոր չի լինում կարել անաստամոզի դեֆեկտը շրջակա հյուսվածքներում արտահայտված բորբոքային-ինֆիլտրատիվ փոփոխությունների հետևանքով, այդ պատճառով հաճախ սահմանափակվում են անցքին երկփողանի դրենաժի մոտեցմամբ աղիքային պարունակության ասպիրացիայի նպատակով, տվյալ հատվածի տամպոնավորումով ինֆեկցիայի օջախը որովայնի մնացած հատվածներից սահմանափակելու նպատակով կամ էլ անաստամոզի դուրս բերումով որովայնի խոռոչից ենթամաշկային ճարպաբջջանք կամ էլ որովայնի առաջային պատ:

Որովայնի խոռոչը մանրակրկիտ չորացնում են էլեկտրա-արտածծիչով և թանզիֆով, հեռացնում են ֆիբրինի փխրուն փառերը: Հետո անհրաժեշտ է լվանալ որովայնի խոռոչը հակասեպտիկ նյութով՝դիոքսիդին, ֆուրացիլին:

Աղու դեկոմպրեսիան կատարվում է քթանցքով դեպի բարակ աղի անցկացված երկար երկփողանի դրենաժով բազմաթիվ անցքերով զոնդով կամ ուղիղ աղով անցկացված զոնդով` հետագա աղու լուսանցքում գտնվող հեղուկի և գազի ասպիրացիայով: Աղու դեկոմպրեսիայից հետո միջընդերքի արմատ են ներարկում 0.25% 100-120մլ նովոկայինի լուծույթ, որը հետվիրահատական շրջանում թուլացնում է ցավային զգացողությունը և կանխում է աղու պարեզը, դրանից հետո դրենավորվում է որովայնի խոռոչը:

Տարածուն թարախային պերիտոնիտի ժամանակ անհրաժեշտ է դրենավորել որովայնի խոռոչը 4-5 հաստ դրենաժներով: 

Դրենաժները անց են կացվում փոքր կոնքի խոռոչ, ստոծանու տակ 2 կողմից և լյարդի տակ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
Սուր որովայն