Ալկոհոլիզմ

ԱլկոհոլիզմԱլկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է սպիրտային խմիչքների հանդեպ ախտաբանական հակումը։ Այս հիվանդության ընթացքում կարող են զարգանալ տարբեր փսիխոտիկ, մարմնական և նյարդաբանական խանգարումներ, հոգեկան և սոցիալական դեգրադացիա։


Ալկոհոլիզմը ձևավորվում է աստիճանաբար՝ սպիրտային խմիչքների տևական չարաշահման ֆոնի վրա։ Այն մշտապես ուղեկցվում է բազմաթիվ անբարենպաստ սոցիալական հետևանքներով, թե՛ հիվանդի, թե՛ հասարակության համար։


Ի տարբերություն ալկոհոլի չափավոր օգտագործման, ախտաբանական հակման ժամանակ ալկոհոլի գործածումը դառնում է ինքնանպատակ' հարբածության հասնելու միակ ճանապարհ։ Ախտաբանական հակման ախտանիշները բավականին բազմազան են և փոփոխական, իրենց վրա են կրում անձնային, միջավայրային և մշակութային յուրահատկությունների ազդեցությունը։

Հակումը, մեծ մասամբ, այնքան արտահայտված է, որ կլանում է անհատի բոլոր մտքերն ու հետաքրքրությունները, հիշողություններն ու պատկերացումները, պայմանավորում է նրա վարքը, շփման միջավայրը, համակրանքներն ու հակակրանքները, մարդկային արժանապատվության գնահատականները և այլն։ Այլ կերպ ասած, հակվածությունը դառնում է յուրահատուկ աշխարհայացք և սկզբունքների համակարգ։
 
Ալկոհոլիզմի կլինիկական պատկերը և ընթացքը
Ալկոհոլիզմի տիպիկ դրսևորումներից են'

  1. ախտաբանական հակումը ալկոհոլի նկատմամբ,
  2. ալկոհոլի նկատմամբ տոլերանտության փոփոխումը,
  3. ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշը,
  4. ալկոհոլային ամնեզիան,
  5. ալկոհոլ օգտագործելու ձևերի փոփոխությունը,
  6. հիվանդության գիտակցման փոփոխությունը,
  7. անձի փոփոխությունը։

1. Ախտաբանական հակում ալկոհոլի հանդեպ
Ալկոհոլիզմի սկզբնական փուլերում ալկոհոլի հանդեպ դրսևորվող հակվածությունը կրում է իրավիճակային բնույթ և առաջանում է այն իրավիճակներում, որոնք, սովորաբար, բոլորի մոտ ենթադրում և թելադրում են խմիչքի գործածում։ Սակայն նրանց մոտ խմիչքի օգտագործումն ուղեկցվում է ընդգծված ակտիվությամբ, տրամադրության բարձրացումով և հնարավոր խոչընդոտների հաղթահարումով։ Հաջորդ փուլում այս հիվանդներն արդեն իրենք են առիթներ փնտրում կամ իրավիճակներ ստեղծում։ Սակայն դեռևս կարողանում են իրենց «չափի մեջ պահել» և էքսցեսներ թույլ չեն տալիս (բնորոշ է ալկոհոլիզմի երկրորդ փուլին)։ Հետագայում հակվածությունը դառնում է անհաղթահարելի, հիվանդները «կորցնում են չափը», անտեսում են բոլոր բարոյական և էթիկական նորմերը, միայն թե՝ բավարարեն իրենց ալկոհոլային «ծարավը կամ քաղցը»։ Բնորոշ է ալկոհոլիզմի երկրորդ և երրորդ փուլերին։


Դեռևս հիվանդության առաջին փուլում առաջանում է քանակական վերահսկողության նվազում, այն է' հիվանդները հարբածության հասնելու նպատակով ավելացնում են օգտագործվող ալկոհոլի քանակը, ինչն արտահայտվում է «կենացների» հաճախացմամբ, բաժակները «մինչև հատակը» դատարկելու ձգտումով, լի շշերը «երկրորդ օրը չթողնելու» ցանկությամբ, խմիչքի տեսակի և որակի նկատմամբ անտարբերությամբ։ Հիվանդները հաջորդ փուլում կորցնում են քանակական վերահսկողությունը (կրիտիկական դոզայի ախտանիշ)' գերազանցում են իրենց բնորոշ ալկոհոլի որոշակի քանակն ու խմում մինչև խորը հարբածություն։ Բնորոշ է ալկոհոլիզմի առաջին և երկրորդ փուլերին։ Սրան հաջորդող փուլում ալկոհոլի գործածումը դառնում է ինքնանպատակ, հիվանդները խմում են ուր պատահի և ինչ պատահի' չկարողանալով կանխել արտահայտված հակումը։ Նման իրավիճակային վերահսկման կորստով ընթացող ախտաբանական հակումը բնորոշ է երկրորդ և, հատկապես՝ երրորդ փուլին։

2. Ալկոհոլի հանդեպ տոլերանտության փոփոխումը կախված է ալկոհոլիզմի փուլերից և դրսևորվում է տարբեր ձևերով։ Հիվանդության սկզբում տոլերանտությունն ալկոհոլի նկատմամբ աստիճանաբար աճում է և արտահայտվում է նրանով, որ ալկոհոլի նախկին քանակը որևէ արդյունք չի տալիս և հիվանդները հետզհետե ավելացնում են օգտագործվող խմիչքի քանակը, որին զուգահեռ մարում է պաշտպանական բնույթ կրող փսխման ռեֆլեքսը։ Երբեմն հիվանդներն անցնում են ավելի թունդ խմիչքների օգտագործմանը։

Այնուհետև ձևավորվում է մի վիճակ, որն արտահայտվում է տոլերանտության կայունությամբ որոշակի ժամանակահատվածում' հարբածության հասնելու համար հարկ չկա ավելացնել խմիչքի քանակը, քանի որ այն արդեն հասել է անհատական գագաթնակետին՝ հիվանդի «ալկոհոլային կենսագրության» ընթացքում։ Այս վիճակը կոչվում է «տոլերանտության պլատո» և բնորոշ է ալկոհոլիզմի երկրորդ փուլին։ Տոլերանտության աճին և հետագա «պլատոյին» հաջորդում է անկումը' հարբածությունը սկսում է ի հայտ գալ արդեն ալկոհոլի ավելի փոքր քանակից, ընդ որում՝ թե՛ միանվագ օգտագործման, թե՛ օրական։ Հիվանդներն անցնում են ալկոհոլի ավելի քիչ քանակներ պարունակող խմիչքների օգտագործմանը։ Այս վիճակը բնորոշ է ալկոհոլիզմի երրորդ փուլին։

3.Ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշը (դադարեցման համախտանիշը) ալկոհոլիզմի երկրորդ փուլի ամենաբնորոշ և հավաստի դրսևորումն է։ Այն արտահայտվում է հոգեկան, սոմատովեգետատիվ և նյարդաբանական խանգարումներով։ Ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշի հիմնական նշանն այն է, որ նախորդ ալկոհոլային թունավորումից առաջացած խանգարումները թեթևանում կամ լրիվ անցնում են ալկոհոլի որոշակի քանակ օգտագործելուց հետո:

Սկզբնական շրջանում այն արտահայտվում է գերազանցապես վեգետատիվ և ասթենիկ խանգարումներով՝ գինարբուքից կամ տևական անընդմեջ հարբեցողությունից հետո։ Ասթենիկ ֆոնի վրա առաջանում են քրտնարտադրություն, հաճախասրտություն, բերանի խոռոչում արտահայտված չորության զգացում, զզվանք սննդի հանդեպ։ Այս վիճակը զարթխումի պահանջ է առաջացնում, որը, սովորաբար, բավարվարվում է երեկոյան կամ հաջորդ առավոտյան։


Գինարբուքների հաճախացման և հարբեցողության երկարաձգման հետ կապված վեգետատիվ խանգարումներն ավելի են խորանում և շատանում (հիպերեմիա, ակնագնդերի կարմրություն, դեմքի ուռածություն, հաճախասրտություն էքստրասիստալիաներով, ցավ և տհաճ զգացողություններ կրծքավանդակում, ծանրություն գլխում, քրտնարտադրություն, դող)։ Սրանք ուղեկցվում են արտահայտված դիսպեպտիկ խանգարումներով (անոռեքսիա, սրտխառնոց, լուծ, փորկապություն և այլն), ինչպես նաև՝ նյարդաբանական ախտանիշներով (մատների և, ընդհանրապես, վերջույթների, լեզվի դող, ատաքսիա, շարժումների և գործողությունների անհամաչափություն, ջլային ռեֆլեքսների ակտիվացում)։ Խանգարվում է քունը, սրվում են նախկին հիվանդությունները՝ անկախ դրանց պատճառներից։ Նման վիճակները կարող են ձգձգվել մի քանի օր։ Զարթխումի պահանջն ավելի է մեծանում, այն գրեթե մշտական է դառնում։

Որոշ դեպքերում աբստինենցիայի համախտանիշը բարդանում է փսիխոտիկ խանգարումներով, հիմնականում՝ տագնապային և պարանոիդ ուղղվածությամբ (Ս.Գ. Ժիսլին)։ Հուզական ֆոնը դեպրեսիվ-տագնապային է, որն ուղեկցվում է լարվածությամբ, վախկոտությամբ, անորոշ կամ կոնկրետ մտավախություններով (առողջության կամ ստեղծված իրավիճակի հանդեպ), անհանգստությամբ, սենսիտիվ բնույթի մտքերով (իրենց մեղադրում են, հեգնում, դատապարտում)։ Ավելի արտահայտված դեպքերում ձևավորվում է անելանելիության զգացում, ինքնասպանության մտքեր։

Ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշը կարող է ընթանալ նաև ցնցումային խանգարումներով, որոնք ի հայտ են գալիս հարբեցողությունն ընդհատելուց հետո առաջին օրերին, ինչպես նաև՝ փսիխոօրգանական խանգարումներով, որոնք արտահայտվում են մնեստիկ խանգարումներով, թուլահոգությամբ, հոգեկան անօգնականությամբ։

Հոգեկան խանգարումների առկայությունը կամ սրանց գերակայումը վեգետատիվ և նյարդաբանական խանգարումների հանդեպ վկայում է ալկոհոլի ավելի ծանր ընթացքի մասին։

4.Ալկոհոլային ամնեզիա
ԱլկոհոլիզմԸնդունված է առանձնացնել ամնեզիաների (պոլիմպսեստների) հետևյալ տեսակները'

- Նարկոտիկ ամնեզիայի ախտանիշ՝ գինարբուքի վերջին փուլի իրադարձությունների մոռացում։ Առաջանում է դրվագային ձևով, միայն ալկոհոլի մեծ քանակի ազդեցության ներքո։ Բնորոշ է ալկոհոլիզմի առաջին փուլին։

    - Լակունար ամնեզիայի ախտանիշ՝ գինարբուքի ողջ ընթացքի առանձին դրվագների մոռացում։ Նույնպես առաջանում է ալկոհոլի մեծ քանակից։ Դիտվում է ալկոհոլիզմի երկրորդ և երրորդ փուլերում։

    - Տոտալ ամնեզիայի ախտանիշ՝ մոռացվում է գինարբուքի և հարբածության ամբողջ շրջանը (կամ մեծ մասը)։ Առաջանում է ալկոհոլի չնչին քանակներից։ Դիտվում է ալկոհոլիզմի երրորդ փուլում։

    5. Ալկոհոլը չարաշահելու ձևերը
    Ալկոհոլը չարաշահելու ձևերը հիվանդության ընթացքում փոփոխական են։ Ալկոհոլիզմի առաջին փուլում խմիչքի օգտագործումը, հիմնականում, սահմանափակվում է մեկ օրով, հետագա ընդմիջումներով, որոնք կարող են տևել մի քանի օր։ Երկրորդ փուլում ալկոհոլի օգտագործումը դառնում է ավելի հաճախակի, այն տևում է 2-3 օրից մինչև 1 շաբաթ։ Հիվանդության այս փուլում ալկոհոլը օգտագործվում է գրեթե ամեն օր։ Տոլերանտությունը հասնում է իր գագաթնակետին և ձևավորվում ու պահպանվում է «պլատոն»։ Ալկոհոլի մեծ մասն օգտագործվում է օրվա երկրորդ կեսին։ Երրորդ փուլի շեմին և նրա ընթացքում ալկոհոլի տանելիությունը նվազում է և հիվանդները սկսում են ավելի քիչ այն օգտագործել։ Խմիչքի օգտագործումը ձեռք է բերում պարբերական գինեմոլության ձև (ջՈտՏռ), ուղեկցվում է աֆեկտիվ լարվածությամբ, ներքին դիսկոմֆորտով։ Պարբերական գինեմոլության վերջում ձևավորվում է հոգեֆիզիկական հյուծվածություն, զզվանք խմիչքի հանդեպ, ինչն էլ պայմանավորում է դադարը։ Պարբերական գինեմոլությունը կարող է տևել մինչև 2 շաբաթ։ Հետագա «լուսավոր» շրջանը ձգվում է մինչև 2-3 ամիս, որից հետո կրկին սկսվում է պարբերական գինեմոլությունը։ Հիվանդների որոշ մասի մոտ պարբերական գինեմոլություն չի դիտվում, նրանք օրվա ընթացքում խմիչքն օգտագործում են «կոտորակված» (անգամ գիշերը)։ Եվ միշտ թեթև հարբածության վիճակում են։


    6. Հիվանդության գիտակցման խանգարումը կամ դրա մերժումը որևէ ձևով միշտ առկա է ալկոհոլիզմի կլինիկայում և սրա առկայությունը կարելի է համարել պարտադիր ախտանիշ։ Ալկոհոլիզմով հիվանդները միշտ մշակում են Ալկոհոլիզմ«հոգեբանական պաշտպանության համակարգ», որով փորձում են պաշտպանվել հասարակության մեղադրանքներից և դատապարտումներից։


    Սովորաբար, ոգելից խմիչքների հանդեպ մարդն ունի կամ անտարբեր (ինդիֆերենտ), կամ անկախ-դրական վերաբերմունք, ինչն էլ պայմանավորում է նրա քննադատական վերաբերմունքը խմիչքին, դրա օգտագործմանը, քանակներին։ Ալկոհոլի հանդեպ հակման ձևավորումը ծնում է դրական կախվածություն և քննադատական համակարգի փլուզում։ Դրա դրսևորումներն են'

    1. Դիսսիմուլյացիան կամ ախտանիշների օտարացումը՝ աղավաղում են անամնեզը, մեղմացնում են ախտանիշների նշանակությունն ու արտահայտվածությունը, թաքցնում են որոշ հանգամանքներ, շեշտադրում են ֆիզիկական տկարությունը' ժխտելով կախվածությունը, զանազան բացատրություններ են գտնում, ընդհուպ մինչև լիակատար ժխտում։
    2. Հիվանդության վնասի մերժում՝ արտահայտվում է, հիմնականում, կախվածության հանդեպ անտարբեր և պասիվ վերաբերմունքով։ Հետագայում կախվածությունը համարում են «բարիք», որը թույլ է տալիս լուծել «դժվար» և «բարդ» կյանքի խնդիրները։
    3. Բուժման մերժում՝ սա կարող է դրսևորվել բևեռային տարբերակներով' համատարած մերժումից մինչև «շահագրգիռ համագործակցում» բժշկի հետ։

    7. Անձի փոփոխությունները դասական հոգեբուժության մեջ դիտվում են որպես «ալկոհոլային թուլամտություն» (Օսիպով Վ.Պ. 1931), «ալկոհոլային հոգեկան դեգրադացիա» (Գիլյարովսկի Վ.Ա., 1935), «ալկոհոլային դեգրադացիա» (Գուրովիչ Մ.Օ., Սերեյսկի Մ.Յա.,1947)։


    Այն ընդգրկում է բարոյաէթիկական, սոցիալ-հոգեբանական և ինտելեկտուալ իջեցումը։ Սրանց ձևավորմանը նպաստում են մի շարք գործոններ' ալկոհոլային թունավորումը, կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները, ալկոհոլիզմին ուղեկցող մշտական հոգեբանական և իրավիճակային ընդհարումները, մարմնական հիվանդությունները, գլխուղեղի օրգանական ախտահարումները։ Ալկոհոլիզմի հարաճուն զարգացման հետ զուգահեռ այս խանգարումներն ավելի են ընդգծվում և խորանում։

    Ալկոհոլիզմի առաջին փուլում անձի փոփոխությունները դրսևորվում են, հիմնականում, ասթենիկ և դեպրեսիվ խանգարումներով, որոնք արտահայտվում են դյուրագրգռությամբ, անզսպությամբ, անհամբերությամբ, աշխատունակության անկումով, դիսֆորիկ երևույթներով։


    Հիվանդության երկրորդ փուլում ձևավորվում է, այսպես կոչված, ալկոհոլային բնավորությունը, որը բնորոշվում է բևեռային հույզերի անկայունությամբ և աֆեկտիվ ռեզոնանսի ուժեղացումով։ Այս հուզականությունն էլ կանխորոշում է հիվանդների դատողություններն ու գործողությունները' հեշտությամբ ներշնչվում են, ոգևորվում, հակադրվում միջավայրին, անկեղծորեն շփվում են շրջապատի հետ, սակայն նույն անկեղծությամբ էլ ստում։ Անկախ դաստիարակությունից և ինտելեկտից՝ բոլորի բնավորությունը ենթարկվում է նմանատիպ փոփոխությունների։

    Հիվանդության երկրորդ փուլում ալկոհոլային բնավորությունից զատ ձևավորվում են նաև անձնային և նևրոտիկ խանգարումներ, որոնք դասակարգվում են հետևյալ ձևերի' ասթենիկ, էքսպլոզիվ, սինտոն, դիսթիմիկ, հիստերիկ և շիզոիդ։

    1. Ասթենիկ ձևը բնութագրվում է դյուրագրգռությամբ, հյուծվելիությամբ, հոգեկան անկայունությամբ, հատկապես, հարազատների հետ փոխհարաբերություններում։ Դրսում և աշխատավայրում ավելի զուսպ են։ Դյուրագրգռությունը հեշտությամբ փոխվում է կոպտության, անհանդուրժողականության, ցասումի։ Նույն հեշտությամբ էլ այն անցնում է, հնարավոր է նաև, որ հիվանդը զղջա իր արածի համար։
    2. Էքսպլոզիվ ձևի ժամանակ դիտվում են հեշտ և արագ առաջացող դյուրագրգռության, դժգոհության, չարության պոռթկումներ, որոնք գրեթե միշտ ուղեկցվում են ագրեսիվ գործողություններով։ Առօրյա կյանքում պահանջկոտ են, ինքնավստահ և ինքնահավան, մերձավորների հետ «հաշվի չեն նստում», մեղքի զգացումից զուրկ են, նրբանկատ չեն, չունեն ապրումակցման զգացում։
    3. Սինտոն ձևն աչքի է ընկնում լավատեսությամբ, կենսուրախությամբ։ Շփվում են անկաշկանդ, նոր ծանոթություններ ստեղծում, սակայն հարաբերություններում խտրություն չեն դնում, անսկզբունքային են։ Շատախոս են, քիչ կոպիտ, սակայն աշխատում են չվիրավորել, ցինիկ չեն։ Դյուրագրգռության պոռթկումներն արտահայտված չեն և կարճատև են, փոխհարաբերությունների վրա, ընդհանուր առմամբ, չեն ազդում։
    4. Դիսթիմիկ ձևը բնութագրվում է, հիմնականում, դեպրեսիվ տրամադրության ֆոնի վրա հուզական անկայունությամբ։ Աննշան արտաքին ազդակներից հայտնվում են ծայրահեղ հուզական վիճակներում' կա՛մ ուրախ են, լավատես, կա՛մ էլ հուսահատ և ճնշված։ Հիմնականում սակավախոս են, ներփակված, հոռետես՝ ամեն բանի նկատմամբ։
    5. Հիստերիկ ձևին բնորոշ է ուռճացված ինքնագնահատականը, սեփական հնարավորությունների գերագնահատումը, հակված են ակնհայտ ստի և դերասանության։ Նման դրսևորումների պատճառով շրջապատը նրանց լուրջ չի ընդունում։
    6. Շիզոիդ ձևին բնորոշ է հիվանդների ներփակվածությունը, մեկուսացումը, մենության ձգտումը (անգամ հարբեցողությամբ զբաղվում են միայնակ)։ Հակված են զանազան մտասուզումների, ֆանտազիաների։ Տրամադրության ֆոնը հիմնականում մռայլ է և ընկճված։ Միջավայրի հանդեպ արտաքնապես անտարբեր են։

    Անձի ալկոհոլային դեգրադացիան ամբողջությամբ դրսևորվում է հիվանդության երրորդ փուլում։ Այն բնութագրվում է հուզական կոպտությամբ, բարոյա-էթիկական նորմերի կորստով, ընտանեկան և հասարակական կապերի խզումով, քննադատության իջեցումով, ինչպես նաև ակտիվության և աշխատունակության իջեցումով, ինտելեկտի (և առաջին հերթին, հիշողության) վատացումով։


    Ալկոհոլային դեգրադացիան, վերոնշյալ բնորոշ խանգարումներից բացի, կարող է ուղեկցվել նաև փսիխոպաթանման խանգարումներով, երբ «ջնջվում են» տվյալ անձին բնորոշ առանձնահատկություններն ու առաջանում են այնպիսի գծեր, ինչպեսիք են կոպիտ ցինիզմը, սանձարձակ գրգռվածությունը, ագրեսիվությունը, անպարկեշտ անկեղծությունը, մյուսներին նվաստացնելու և սևացնելու ձգտումը, ստախոսությունը, պարծենկոտությունը և այլն (փսիխոպաթանման ձև)։


    Դեգրադացիան կարող է ուղեկցվել նաև քրոնիկական էյֆորիայով' անհոգ են, անդարդ, միշտ լավ տրամադրությամբ (էյֆորիկ ձև)։ Նրանք «կորցնում են» արժանապատվության, ինքնասիրության, հպարտության զգացումը, ինչպես նաև՝ որոշակի էթիկական նորմեր' ամոթը, պարտքի զգացումը և այլն («էթիկական թուլամտություն» ըստ Ա. Էյի, 1971)։

    Վերջապես, ալկոհոլային դեգրադացիան որոշ դեպքերում ընթանում է ընդհանուր պասիվությամբ, ակտիվության և հետաքրքրությունների անկումով և կորստով, թուլությամբ (ասպոնտան ձև)։

    Ալկոհոլիզմի ընթացքը' կախված լրացուցիչ գործոններից

    Ալկոհոլիզմը մանկապատանեկան տարիքում (վաղ ալկոհոլիզմ)։ Այն սովորաբար ձևավորվում է 13-17 տարեկան պատանիների մոտ։ Ի սկզբանե ընթանում է ալկոհոլի մեծ քանակի օգտագործումով, արագահաս հարբածությամբ, օգտագործվող ալկոհոլի քանակը վերահսկելու ունակության վաղ կորստով։ Հոգեկան խանգարումներն ավելի արտահայտված են սոմատովեգետատիվ խանգարումների համեմատ։ Ալկոհոլիզմը ձևավորվում է ավելի շուտ' 2-3 տարվա ընթացքում։ Հիվանդության փուլերի միջև անցումները քողարկված են։ Ալկոհոլային դեգեներացիան ևս շուտ է ձևավորվում։ Ավելի հեշտ են ձևավորվում հիվանդության զուգորդված ձևերը' համատեղում են թմրանյութերի, դեղամիջոցների հետ։

    Կանանց ալկոհոլիզմի յուրահատկությունները, առաջին հերթին, արտահայտվում են սոցիալական և հոգեբանական հետևանքներում։ Կլինիկական և կենսաբանական առումներով որևէ էական տարբերություն սեռերի միջև չի դիտվում։ Կանանց ալկոհոլիզմը ավելի ժառանգական բնույթ է կրում (55-90%)։ Ալկոհոլիզմը կանանց մոտ սկսվում է 7-9 տարի ավելի ուշ, բայց ավելի արագընթաց է։ Փուլերի միջև տարբերությունն աննկատ է։ Հնարավոր է տևական չարաշահում առանց զարթխումի դրսևորման։ Որոշ դեպքերում այն ձևավորվում է 1-2 տարվա ընթացքում։ Աբստինենցիան ընթանում է ավելի արտահայտված (հիմնականում դեպրեսիվ) խանգարումներով։

    Ալկոհոլիզմը և փսիխոզները։ Ալկոհոլիզմը փսիխոզով հիվանդների մոտ, մեծ մասամբ, ալկոհոլիզմը կրում է երկրորդային (ախտանիշային) բնույթ, և այն բխում է հոգեախտաբանական խանգարումների յուրահատկություններից, բնույթից, աստիճանից։ Ախտաբանական երևույթները ստեղծում են որակական բազա, որը և նպաստում է հակման ձևավորմանը' տագնապ, ներքին փոփոխությունների սուբյեկտիվ ծանր զգացողության և դրանց բովանդակության ներքին պայմանավորվածության զգացում։ Սրանք մեղմացնելու ներքին մղումը բերում է խմիչքի և թմրանյութերի օգտագործման և հետագա չարաշահման։ Ալկոհոլիզմի և փսիխոզների զուգակցման դեպքում հնարավոր են կլինիկական խանգարումների երկու բևեռ։ Առաջինի դեպքում երկու հիվանդությունների բնորոշ կլինիկական ախտանիշներն ընթանում են մեկը մյուսից գրեթե անկախ, իրենց բնորոշ օրինաչափություններով և ձևերով։ Երկրորդի ժամանակ դրսևորվում են յուրահատկություններ, քանի որ ալկոհոլիզմը զարգանում է, այսպես կոչված, «փոփոխված հողի» վրա։ Այդ յուրահատկություններից են'

    1. ալկոհոլիզմի չարաշահման ավելի վաղ տարիքը,
    2. դրդող հանգամանքների և պատճառների բացակայությունը,
    3. զանազան թմրանյութերի և միջոցների հախուռն օգտագործում, գերադասելի թմրանյութի բացակայություն,
    4. թմրանյութերի և ալկոհոլի անկառավարելի և մեծաքանակ չարաշահում,
    5. անհատականության կորուստ և համընդհանուր հիպոմանիակալ կամ «ռաուշ» վիճակ,
    6. գինարբուքների երկարատևություն,
    7. գինարբուքների սահմանափակում փսիխոտիկ հիվանդության նոպաների (սրացումների) շրջանով։

    Ալկոհոլի (կամ թմրանյութի) հանդեպ ախտաբանական հակումը սերտ կապված է փսիխոզի ընթացքի հետ' վերջինիս սրացումների, միջնոպայական շրջանների, ստացիոնար կայուն փուլի հետ։


     Օրգանական փսիխոզների ժամանակ աբստինենտ խանգարումներն ընթանում են բավականին ծանր կլինիկական խանգարումներով, արտահայտված տագնապային և դեպրեսիվ աֆեկտով, գիտակցության խանգարումներով' ուղեկցվելով փսիխոտիկ էպիզոդներով։

    Ալկոհոլիզմի ախտադադարն ու ախտադարձը
    Ինքնաբերական ախտադադար հանդիպում է, հիմնականում, ալկոհոլիզմի առաջին փուլում։ Հետագայում դրանք եզակի բացառություններ են։ Իրական ախտադադար լինում է միայն բուժումից հետո։ Սակայն թերապևտիկ ախտադադարը պետք չէ շփոթել և հավասարեցնել առողջացմանը, քանի որ անգամ տարիներ անց ալկոհոլի ամենաչնչին գործածումից հետո ախտաբանական հակումը ալկոհոլի հանդեպ կարող է «արթնանալ»։ Ալկոհոլ չօգտագործելը ախտադադարի պահպանման անհրաժեշտ պայման է։

    Ռեմիսիայի կայունության, հետևաբար՝ նաև տևողության վրա ազդում են մի շարք գործոններ։ Հավասար պայմաններում տղամարդկանց ախտադադարն ավելի կայուն է։ Ախտադադարն էականորեն ավելի կայուն է 30-55 տարեկաններում։ Հակաալկոհոլային տևական (3ամիս) բուժումն ավելի կայուն ախտադադարի է բերում, քան կարճատև բուժումը (1ամիս)։ Պահպանողական բուժումն ավելի է ամրացնում ախտադադարը։ Կարևոր նշանակություն ունի անձնային գործոնը' կյանքի արժեքներն ու կողմնորոշումները, վերաբերմունքը երևույթի և նրա բուժման հանդեպ։ Շատ կարևոր են ընտանեկան և սոցիալական գործոնները' մտերիմների և շրջապատի վերաբերմունքը, կրթական և մասնագիտական որակավորումը և այլն։ Ռեցիդիվների պատճառները դասվում են երկու խմբի' արտաքին և ներքին։ Արտաքին (նույնն է' միջավայրի) պատճառներից են նախկին բաժակակիցների ազդեցությունները, հարազատների վարքը, հիվանդի սխալ դիրքորոշումները։ Ներքին պատճառները հիմնականում կենսաբանական բնույթ ունեն։

    Ալկոհոլային փսիխոզները սուր ձգձգվող և քրոնիկական փսիխոտիկ խանգարումներ են՝ էկզոգեն, էնդոգեն և փսիխոօրգանական բնույթի, որոնք առաջանում են ալկոհոլիզմի երկրորդ և երրորդ փուլերում։ Ավելի ճիշտ է այս փսիխոզներն անվանել «մետալկոհոլային» (հետալկոհոլային), քանի որ ծագում են ոչ թե ալկոհոլային թունավորման շրջանում, այլ՝ որոշ ժամանակ անց, երբ ալկոհոլի քանակը արյան մեջ զգալիորեն նվազում է։ Ուստի, հաստատվում է այն միտքը, որ այս փսիխոզները ոչ թե ալկոհոլի, այլ՝ վերջինիս մետաբոլիզմից առաջացած նյութերի հետևանք են։

    Ալկոհոլային փսիխոզների կլինիկական ձևերն են դելիրիումը, հալյուցինոզը, զառանցանքային (պարանոիդ) փսիխոզը և էնցեֆալոպաթիան։ Սրանք դիտվում են քրոնիկական ալկոհոլամոլների 10%-ի շրջանում։

    Այս փսիխոզների կլինիկական նկարագրությունը ներկայացված է օրգանական և զառանցանքային խանգարումներին նվիրված ենթագլուխներում, իսկ ստորև կներկայացվեն միայն դրանց յուրահատկությունները, որոնք թույլ են տալիս ախտորոշել դրանց ալկոհոլային բնույթը։

    Ալկոհոլային դելիրիում
    Ալկոհոլային դելիրիումը (delirium tremeus) ամենատարածված ալկոհոլային փսիխոզն է (դեպքերի 80%)։ Այն առաջանում է հարբելու էպիզոդից 3-7 օր հետո արտահայտված զարթխումային խանգարումների ֆոնի վրա։ Սկիզբն ուղեկցվում է Ալկոհոլիզմպատրանքներով, վառ պատկերացումներով, որոնք ավելի են ուժեղանում երեկոյան և գիշերային ժամերին։ Հիվանդների թեթև տագնապայնությունը, կախված պատրանքների բովանդակությունից, կարող է փոխվել անհանգստության, գրգռվածության, աժիտացիայի։ Հիվանդության հետագա զարգացման դեպքում պատրանքները վերաճում են տեսողական, երբեմն' լսողական ցնորքների։ Ալկոհոլիզմին բնորոշ են, հիմնականում, շարժուն և բազմազան մանր, գորշ կանաչավուն կամ վատ գունեղ և վառ երանգավորված տեսիլքներ' մրջյուններ, միջատներ, մանր կենդանիներ, օձեր, սարդոստայն, լարեր։ Երբեմն «տեսնում են» ավելի մեծ կենդանիներ, այդ թվում՝ նաև ֆանտաստիկ հրեշներ։ Տեսիլքները մոտենում են կամ հեռանում, «շրջապատում են» հիվանդներին, փոխվում են իրենց չափերում, մե՛րթ բեմականացված են, մե՛րթ կինոմատոգրաֆիկ բնույթի։ Հնարավոր են համի և հոտի, ինչպես նաև տակտիլ ցնորքներ, «մարմնի սխեմայի» փոփոխություններ։ Այս ամենը բարդանում է երկրորդային զգացողական զառանցանքներով' հետապնդման, խանդի։

    Հիվանդների վարքը, աֆեկտիվ ռեակցիաները և զառանցանքի թեման բխում են ցնորքների բովանդակությունից, դրանք անկայուն են և փոփոխական։ Սակայն վախը, ներշնչանքն ու ունայնությունը ուղեկցում են հիվանդների բոլոր ապրումներին։ Ցերեկային ժամերին փսիխոտիկ ախտանիշները որոշակի նահանջ են ապրում, հիվանդներն արտաքնապես ավելի հանգիստ են, սակայն գիտակցությունը որոշակիորեն խառնված է։

    Ալկոհոլային դելիրիումին բնորոշ են նաև նյարդաբանական խանգարումներ' տրեմոր, ատաքսիա, մկանային հիպոտոնիա, ռեֆլեքսների ուժեղացում, կոնվերգենցիայի թուլություն։ Հնարավոր են ցնցումներ։ Մաշկը և լորձաթաղանթները հիպերեմիկ են, դեմքն այտուցված է, ակնագնդերը՝ դեղնավուն, լյարդը՝ մեծացած, զարկերակային ճնշումը՝ անկայուն, ջերմությունը՝ սուբֆեբրիլ։

    Դելիրիումն ավարտվում է մեծ մասամբ կրիտիկական ձևով' խորը, տևական քնից հետո։ Երբեմն այդ վիճակից դուրս են գալիս դանդաղ ալիքաձև (հիմնականում՝ կանայք)։ Այն տևում է 3-7 օր, սակայն յուրաքանչյուր 5-րդ հիվանդի մոտ այն ընթանում է շատ ծանր՝ պայմանավորված ուղեկցող ֆիզիկական հիվանդությունների հետ։ Նման դեպքերը կարող են ավարտվել անգամ մահով։

    Ալկոհոլային դելիրիումի տարբերակներից նշենք երկուսը' մասնագիտական և փնթփնթացող։ Առաջինն ընթանում է գիտակցության խորը խանգարումով, որի հետևանքով հիվանդները լիովին ամնեզում են իրենց վիճակը։ Հատկանշական է, որ վերոնշյալ խանգարումներին զուգահեռ դիտվում է այնպիսի պատկեր, որ հիվանդը, կարծես, «կրկնօրինակում է» իր մասնագիտական գործողությունները' կոշկակարը կոշիկ է կարում, ուսուցիչը դասավանդում է և այլն։ Փնթփնթացող դելիրիումը բխում է մասնագիտական դելիրիումից և հանդես է գալիս որպես դրա շարունակություն։ Կլինիկական պատկերում գերակշռում են պարզունակ շարժումները, կարծես՝ ինչ-որ բան են հավաքում, շոշափում կամ բռնում։ Խոսքը ևս ներկայանում է որպես առանձին բացականչություններ, վանկեր, ձայներ։

    Երկու տարբերակներն էլ զուգորդվում են արտահայտված նյարդաբանական և մարմնական խանգարումներով։ Մահացությունը կազմում է մինչև 16 %։

    Ալկոհոլային հալյուցինոզ
    Ալկոհոլային հալյուցինոզն իր հաճախականությամբ դելիրիումից հետո երկրորդն է։ Սրանք փսիխոզներ են գերազանցապես լսողական (վերբալ) ցնորքներով, դրանցով պայմանավորված զառանցանքներով և համապատասխան աֆեկտիվ խանգարումներով։ Հալյուցինոզներն, ըստ ընթացքի, բաժանվում են երեք խմբի' սուր, ենթասուր (կամ ձգձգվող) և քրոնիկական։

    Սուր հալյուցինոզը, մեծ մասամբ, սկսում է զարթխումի ֆոնի վրա, հիմնականում՝ երեկոյան կամ գիշերը ակոազմների և ֆոնեմների ձևով (տե՛ս մաս 1-ին, էջ 75)։ Հետագայում սրանք ձևափոխվում են վերբալ ցնորքների։ Սկզբում դրանք չեզոք բնույթի են և ընթանում են առանց քննադատական վերաբերմունքի։ Հետագայում դառնում են բազմակի, փոխվում է բնույթը' լսում են մեղադրող, դատապարտող, սպառնացող ձայներ' կապված հիվանդի անցյալի և ներկայի հետ։ Վերբալ ցնորքների բովանդակությունը բավականին փոփոխական է, սակայն միշտ կապված է հիվանդի կյանքի իրական հանգամանքների և իրադարձությունների հետ։ Հարբեցողության և դրա հետևանքների թեման մշտական է։ Ցնորքների բազմազանությունը, թեմատիկ բովանդակությունը կարևոր ախտորոշիչ և տարբերակիչ չափանիշներ են։ Ձայները կարող են այնքան պատկերավոր և արտահայտիչ լինել և այնքան շատ, որ հիվանդները հայտնվում են ստուպորոզ կամ սուբստուպորոզ վիճակում (հալյուցինատոր ստուպոր)։ Փսիխոզի առաջին իսկ փուլում սկսում են ձևավորվել զառանցանքներ (հետապնդման, մեղադրման, ֆիզիկական ոչնչացման և այլն)։ Հալյուցինատոր զառանցանքի բովանդակությունը լիովին բխում է ցնորքներից։ Այս ամենն ուղեկցվում է արտահայտված վախի, տագնապի, հուսահատության աֆեկտով, ինչպես նաև՝ շարժողական գրգռվածությամբ։ Հիվանդները կարող են զբաղվել ինքնապաշտպանությամբ, դիմել ոստիկանություն կամ դատախազություն, որոշ դեպքերում դիմում են հասարակության համար վտանգավոր գործողությունների, չեն բացառվում ինքնասպանության փորձերը։


    Սուր փսիխոզի տևողությունը մինչև մեկ ամիս է։ Այն անցնում է, սովորաբար, կրիտիկական ձևով, խոր քնից հետո։ Հնարավոր է նաև խանգարումների աստիճանական հետաճ։ Սուր ալկոհոլային հալյուցինոզը որոշ դեպքերում ընթանում է նաև այլ ձևով' վերբալ հալյուցինոզը կարող է ուժեղանալ երեկոյան քուն մտնելուց առաջ (հիպնոգոգիկ վերբալ հալյուցինոզ), հալյուցինոզը կարող է զուգակցվել դելիրիումի կամ օնեյրոիդի հետ, ինչպես նաև՝ հոգեկան ավտոմատիզմի, արտահայտված դեպրեսիայի հետ։

    Ձգձգվող (ենթասուր) հալյուցինոզն ավելի տևական է' 1-6 ամիս։ Սրա սկիզբը լիովին համընկնում է տիպիկ սուր փսիխոզի հետ, որը հետագայում բարդանում է դեպրեսիվ խանգարումներով։

    Խրոնիկական հալյուցինոզը կազմում է դեպքերի ընդհամենը 5%-ը։ Սրա յուրահատկությունն այն է, որ հիվանդներն աստիճանաբար «հարմարվում են» ձայներին, համակերպվում դրանց հետ։ Վերջիններս նույնիսկ չեն խանգարում հիվանդներին, նրանց առօրյա և մասնագիտական գործունեունեությանը։ Հիվանդության գիտակցումը պահպանված է։

    Ալկոհոլային պարանոիդ
    Ալկոհոլային պարանոիդը ալկոհոլային փսիխոզներից ամենահազվադեպն է։ Զառանցանքի բովանդակությունից կախված առանձնացնում են ալկոհոլային պարանոիդ և ալկոհոլային խանդի զառանցանք։

    Ալկոհոլային պարանոիդն առաջանում է գերազանցապես զարթախումի ժամանակ։ Հանկարծակի, առանց որևէ մտորումների և կասկածների հիվանդներին համակում է համոզվածություն, որ իրենց անհապաղ պետք է ոչնչացնեն։ Շրջապատի յուրաքանչյուր մարդ ընկալվում է որպես թշնամի, որոնց նրանք ուշի ուշով հետևում են' շարժումներին, միմիկային, խոսքերին, գործողություններին։ Յուրաքանչյուր քայլում մահափորձի վտանգ են տեսնում։ Աճում են վախն ու տագնապը։ Հիվանդների բոլոր գործողություններն միայն փրկվելուն են ուղղված։ Փախչելով վտանգից' նրանք կարող են դուրս թռչել ընթացող տրանսպորտից, թաքնվել, բաց պատուհանից կամ պատշգամբից վայր ցատկել, ապաստան խնդրել ոստիկանությունում։ Հիվանդները որոշ դեպքերում, ինքնապաշտպանության նպատակով, կարող են հարձակվել ենթադրյալ թշնամիների վրա։ Տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։

    Ալկոհոլային խանդի զառանցանքն առաջանում է բնավորության պարանոյալ գծեր ունեցող ալկոհոլամոլների մոտ, երբեմն նաև ալկոհոլային դեգրադացիայի ֆոնի վրա։ Սկզբում ամուսնական դավաճանության մասին մտքերը դրվագային բնույթի են և առաջանում են, հիմնականում, հարբած վիճակում։ Ամուսնական հարաբերություններում դրսևորվող կոպտությունը, անզսպվածությունը, բծախնդրությունը նպաստում են ամուսինների իրական օտարացման, հատկապես' սեքսուալ հարաբերություններում։ Աստիճանաբար միջամուսնական հարաբերությունների վատթարացման և ալկոհոլիզմի խորացման հետևանքով ձևավորվում են արդեն զառանցանքային մտքեր անհավատարմության և դավաճանության վերաբերյալ։ «Ամուսնական դավաճանության» մեջ ավելի համոզված լինելու համար սկսում են հետևել և ստուգել իրենց կանանց։ «Պարզում է», թե ով է կնոջ սիրեկանը' սովորաբար դա իրենց շրջապատից որևէ մի ավելի երիտասարդ մարդ է։ «Այլասերումը» կանխելու նպատակով համոզում է կնոջը «խոստովանել», «ետ կանգնել նման արարքներից», դիմում է տարբեր հասարակական կազմակերպությունների։ Երբեմն զառանցանքը դառնում է ռետրոսպեկտիվ' հայտարարում է, որ կինը նախկինում էլ է իրեն դավաճանել, որ երեխաներն իրենը չեն և այլն։ Սրանց կարող են գումարվել նաև թունավորման (կինն ուզում է ազատվել), նյութական վնասի մտքերը (կինը ծախսում է ընտանիքի փողերը սիրեկանի վրա)։ Տրամադրությունը դառնում է մռայլ, ճնշված։ Հիվանդները ընդունակ են բռնության' առաջին հերթին կնոջ հանդեպ։ Այս խանգարումը կարող է տարիներ տևել։



    Ալկոհոլային էնցեֆալոպաթիա

    ԱլկոհոլիզմԱլկոհոլային էնցեֆալոպաթիան, հիմնականում, զարգանում է ալկոհոլիզմի երրորդ փուլում, մարմնական և նյարդաբանական խանգարումների ֆոնի վրա, ալկոհոլի տևական ամենօրյա չարաշահման կամ գինարբուքներիների պայմաններում։

    Այս շարքի խանգարումներից ուշադրության են արժանի սուր էնցեֆալոպաթիան կամ Հայե-Վերնիկեի էնցեֆալոպաթիան և քրոնիկական էնցեֆալոպաթիան կամ կորսակովյան փսիխոզը։

    Հայե-Վերնիկեի էնցեֆալոպաթիան սկսվում է դելիրիումից հետո' արտահայտված տագնապային աֆեկտով։ Հիվանդը հիմնականում գամված է անկողնուն, կատարում է ստերեոտիպ շարժումներ, միօրինակ բացականչություններ և ձայներ է հանում, ինչ-որ բան փնթփնթում։ Արտաքուստ վիճակը նման է գիտակցության ամենտիվ խանգարման։ 5-7 օր անց կլինիկական պատկերը փոխվում է' առաջանում է գիտակցության խանգարում' մեծ մասամբ սոմնոլենցիայի աստիճանի, ծանր դեպքերում հնարավոր է սոպոր և կոմա։

    Էնցեֆալոպաթիայի կլինիկային բնորոշ են տարբեր նյարդաբանական խանգարումներ' հիպերկինեզներ (խորեատիկ և ատերոիդ), ստորին վերջույթների հիպերտոնիա և վերին վերջույթների հիպոտոնիա՝ օրալ ավտոմատիզմների ախտանիշներ (կնճիթային ռեֆլեքս), նիստագմ, պտոզ, ինչպես նաև՝ միոզ, անիզոկարիա, կոնվերգենցիայի և լույսի ռեակցիայի թուլացում (Ջուդենի ախտանիշ)։ Սովորաբար, լինում են պոլինևրիտներ, պարեզներ և մենինգեալ նշաններ։

    Հիվանդները ֆիզիկապես հյուծվում են, իրենց տարիքից մեծ են երևում։ Դեմքը այտուցված է կամ ճարպոտ։ Լեզուն կարմրած է, անընդհատ կծկվում է բերանում։ Ջերմությունը բարձրանում է 40-41˚C (սա ելքի տեսակետից անբարենպաստ նշան է)։ Վերջույթները այտուցված են, շատ արագ պառկելախոցեր են առաջանում։

    Հիվանդների հոգեկան և ֆիզիկական վիճակը հիվանդության սկզբից 4-6 օր անց կարող է բարելավել մեկ կամ մի քանի օրով։ Կրկնակի սրացումները կարող են ավելի թեթև ընթանալ։ Լավացման առաջին նշանը քնի կարգավորումն է։

    Հայե-Վերնիկեի էնցեֆալոպաթիան ապաքինման դեպքում վերածվում է փսիխոօրգանական համախտանիշի, կորսակովյան կամ կեղծ պարալիտիկ համախտանիշի։ Այս հիվանդության հետևանքով մահը կապված է զուգընթաց հիվանդությունների հետ (օրինակ' թոքաբորբի) և վրա է հասնում երկրորդ շաբաթվա ընթացքում։

    Կորսակովյան փսիխոզը քրոնիկական էնցեֆալոպաթիայի ձևերից է։ Այն հաջորդում է, սովորաբար, սուր էնցեֆալոպաթիային կամ դելիրիումին։ Կլինիկական պատկերը հոգեախտաբանության առումով ներառում է կորսակովյան համախտանիշին բնորոշ նշանները, իսկ կորսակովյան փսիխոզը՝ որպես առանձին հիվանդություն, բնութագրվում է նաև ալկոհոլային պոլինեյրոպաթիայի ախտանիշներով (հիմնականում, ստորին վերջույթների կողմից' մկանային ատրոֆիա, զգացողության խանգարումներ, ջլային ռեֆլեքսների թուլացում)։

    Երիտասարդ հիվանդների, հատկապես՝ կանանց շրջանում, հնարավոր է հետաճող ընթացք։ Տարեցների մոտ, սովորաբար, ձևավորվում են անձի օրգանական իջեցման (խանգարման) նշաններ։

    Ալկոհոլային կեղծ կաթվածն առաջանում է գերազանցապես տղամարդկանց մոտ՝ ալկոհոլիզմի երրորդ փուլում։ Հոգեախտաբանական խանգարումների առումով այն ներառում է կեղծ կաթվածային համախտանիշների կլինիկան և իր կլինիկական դրսևորումներով նման է պրոգրեսիվ պարալիչին։ Սակայն պատճառագիտական առումով այն ոչ թե սիֆիլիտիկ մենինգոէնցեֆալիտ է, այլ ալկոհոլային էնցեֆալիտ։ Նյարդաբանական խանգարումները, որոնք, ընդհանրապես, բնորոշ են ալկոհոլային խանգարումներին, դրսևորվում են մատների, լեզվի մկանների դողով, դիզարթրիայով, ջլային ռեֆլեքսների իջեցումով, բնորոշ է Գուդենի ախտանիշը (միոզ, անիզոկորիա, կոնվերգենցիայի և լույսի ռեակցիայի թուլացում), հնարավոր են ցնցումներ։ Այս խանգարումը կարող է տևել մի քանի ամիս և ավարտվել փսիխոօրգանական խանգարումների ձևավորումով։

     

    Սկզբնաղբյուրը`Հոգեբուժություն
    Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

    Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

    Patterns  
    ալկոհոլիզմ