Ալերգիա (միջատային)

 Ալերգիա ( միջատային )Այնպիսի միջատների, ինչպիսիք են մեղուն, իշամեղուն, ձիաբոռը, կրետը և կարմիր մրջյունները, նկատմամբ ալերգիան կարող է ծանր ալերգիկ ռեակցիաներ առաջացնել` ընդհուպ մինչև անաֆիլաքսիա: Մեղվի հանդեպ ալերգիան ամենահաճախը տեսանելի է մեղվապահների մոտ և նրանց ընտանիքների մոտ, մինչդեռ իշամեղվի հանդեպ ալերգիան տարածված է ընդհանուր բնակչության շրջանում: Երկրագնդի գրեթե բոլոր հատվածներում էլ մեղվի և իշամեղվի հանդեպ ալերգիան հանդիպում է:

Տարածվածությունը
Ալերգիկ բաժանմունքներում գրանցված ծանր անաֆիլաքտիկ ռեակցիաների1/4-րդը բաժին է ընկնում միջատի խայթոցներին: ԱՄՆ-ում առնվազն 40 մահ է արձանագրվում ամեն տարի միջատի խայթոցից` ի լրումն այն դեպքերի, որոնց ախտորոշումը անհայտ է մնում: Հատուկ ընտրանք չանցած բնակչության մոտ 15%-ը ունի մաշկային-փրիք թեսթի կամ սպեցիֆիկ IgE-ի դրական արդյունքներ, չնայած նրանց մեծ մասը չի տալիս համակարգային ռեակցիա խայթոցին: Այս գերզգայունության կլինիկական նշանակությունը պարզ չէ, չնայած նրանք ունեն ավելի բարձր ռիսկ համակարգային ռեակցիաների առաջացման, քան IgE-ի նորմալ մակարդակով անհատները: Միջատի խայթոցից ալերգիան փոփոխական ընթացք ունի և ժամանակի ընթացքում սովորաբար բարելավվում է:
Մեղվի և իշամեղվի թույները հակածինային կազմով տարբեր են և նրանց միջև խաչաձև ռեակտիվությունը այդքան էլ արտահայտված չէ: Մեղվի հանդեպ գերզգայունությունը առաջանում է մի քանի խայթոցներից, իսկ իշամեղվի անգամ մեկ կամ քիչ թվով խայթոցները բավական են գերզգայունացման համար: Այս տարբերությունը լիովին պարզ չէ, սակայն հավանաբար T-բջջային տարբեր պատասխաններ են մասնակցում հակածնի դեմ: Մեղվի թույնին սպեցիֆիկ IgG-ի արտադրությունը ուղղակի կապ ունի թույնի էքսպոզիցիայի աստիճանի


Կլինիկական նշանները
Տեղային ռեակցիան, որն իրենից ներկայացնում է էրիթեմա և եղնջայտուց, հաճախ է հանդիպում ոչ ալերգիկ անձանց մոտ միջատի խայթոցից հետո: Ալերգիկ անհատները ավելի արտահայտված պատասխան են տալիս կամ տարածուն տեղային կամ համակարգային ռեակցիայով: Տարածուն տեղային ռեակցիան սովորաբար առաջանում է հաջորդող մի քանի ժամերի ընթացքում և բաղկացած է տարածված էրիթեմայից, որը սկսվում է խայթոցի հատվածից, ենթամաշկային հյուսվածքի տարբեր չափսի այտուցից: Ամբողջ վերջույթը կարող է ախտահարվել և ծանր դեպքերում բշտիկների և վարակի առաջացում կարող է լինել: Եթե խայթոցը շուրթերին է, լեզվին կամ բերանի ներսը, ապա կարող է կյանքին վտանգ սպառնացող կոկորդի այտուց զարգանալ:

Համակարգային ռեակցիան սովորաբար առաջանում է խայթոցից հետո 10 րոպեի ընթացքում: Այս դեպքում խայթոցից հեռու օրգաններ կարող են ներգրավվել: Ծանրությունը տարբեր աստիճանի է լինում, բայց կարող է լինել գեներալիզացված քոր, եղնջացան, անգիոնևրոտիկ այտուց, շնչառության խանգարում` կոկորդի այտուցի կամ բրոնխոսպազմի հետևանքով, հիպոտենզիա և կոլապս:

Ռիսկի գործոնները
Մեղվապահները կրկնվող խայթոցների ավելի մեծ ռիսկի տակ են և հաճախ են դառնում գերզգայուն` ռեակցիայի ավելի մեծ հավանականությամբ հաջորդող խայթոցներից: Ալերգիկ մեղվապահները ունեն մեղվի թույնի հանդեպ սպեցիֆիկ շիճուկային IgG-ի ավելի բարձր մակարդակ, ցածր մաշկային զգայունություն և մեղվի թույնի հանդեպ սպեցիֆիկ շիճուկային IgE-ի ավելի ցածր մակարդակ, քան մեղվի հանդեպ զգայուն այլ անձինք: Հնարավոր չէ ճշտգրտորեն կանխորոշել հաջորդ խայթոցից առաջանալիք ռեակցիայի տիպը, բայց որոշ ռիսկի գործոններ են հայտնաբերվել:

Ախտորոշումը

Ալերգիա (միջատային)Ախտորոշումը հիմնականում հիմնված է անամնեզի վրա: Տեղային լայնածավալ ռեակցիաները պետք է տարբերակել համակարգային ալերգիկ ռեակցիայից: Թույնի հանդեպ դրական մաշկային թեսթը կամ սպեցիֆիկ IgE-ի հայտնաբերումը հաստատում է ախտորոշումը և օգնում կոնկրետ միջատին տարբերակելուն: Մաշկային թեսթը ավելի վստահելի է, քան սպեցիֆիկ IgE-ն: Մաշկային-փրիք թեսթն է առօրյայում արվում, բայց եթե այն բացասական է, ապա որոշ հեղինակներ առաջարկում են ներմաշկային թեսթ կատարել թույնի մինչև 1.0մգ/մլ խտությամբ, որից հետո նոր թեսթը կհամարվի բացասական: Շատ դեպքերում հիվանդը չի տարբերում միջատի տեսակը, ուստի մաշկային թեսթերը պետք է անել մեղվի, իշամեղվի և ձիաբոռի թույներով: Հրահրիչ փորձը (միջատի պլանավորված խայթում կամ մաքուր թույնի ներարկում) չի պահանջվում ախտորոշման համար:

Սուր ռեակցիայի վարումը
Լայնածավալ տեղային ռեակցիան բուժում են ներքին ընդունման կամ ներարկման հակահիստամիններով` կախված ծանրությունից: Բուժումը պետք է մի քանի օր շարունակել և երբեմն ներքին ընդունման ստերոիդների կարճ կուրս կարող է պահանջվել: Համակարգային ալերգիկ ռեակցիայի բուժումը համանման է այլ պատճառներից (օր.` դեղեր կամ ընկուզեղեն) առաջացած սուր ալերգիկ ռեակցիայի բուժմանը: Կյանքին վտանգ սպառնացող նշանները (կոկորդի այտուցը, ծանր բրոնխոսպազմը կամ հիպոտենզիան) պահանջում են ներմկանային ադրենալինի (էպինեֆրինի) ներարկում:

Հետագա վարումը
Պետք է միջոցառումներ ձեռք առնել` հետագա խայթոցներից ռիսկը պակասեցնելու համար: Դրսում, գյուղում աշխատելիս կամ զբոսնելիս համապատասխան հագուստ և կոշիկներ է պետք հագնել, խուսափել բույսերից և վայրերից, որոնք գրավում են այդ միջատներին: Բոլոր հիվանդներին հակահիստամինային դեղեր է պետք ունենալ, իսկ նրանք, ովքեր ունեցել են գեներալիզացված ռեակցիա, պետք է ունենան իրենց հետ նաև ինքնուրույն ներարկելու ադրենալին նախօրոք լցված ներարկիչի մեջ: Պարտադիր է նրանց սովորեցնել ինքնուրույն ներարկելու տեխնիկան: Մեծածավալ տեղային կամ թեթև գեներալիզացված ռեակցիայի դեպքում պետք է անմիջապես խայթոցից հետո ընդունել ներքին ընդունման հակահիստամինային դեղ: Եթե արդյունքը բավարար չէ կամ համակարգային նշաններ են առաջանում, ապա ադրենալին է պետք ներարկել և դիմել բժշկի:

Իմունաթերապիա
Իմունաթերապիայի նշանակումը կախված է կլինիկական նշաններից, in vivo և  in vitro թեսթերի արդյունքից և կրկին խայթվելու ռիսկից: Միջին աստիճանի կամ ծանր համակարգային ռեակցիա տարած մարդկանց առաջարկվում է թունասպեցիֆիկ իմունաթերապիա: Այս հիվանդների մոտ հաջող իմունաթերապիայից հետո հաջորդ խայթոցից համակարգային ռեակցիա տալու հավանականությունը 60%-ից իջնում է  <5%: Մինչև իմունաթերապիա սկսելը պետք է հաստատել սպեցիֆիկ IgE-ի առկայությունը դրական մաշկային թեսթով: Տարբեր ռեժիմներ են խորհուրդ տալիս: Պայմանականորեն աստիճանաբար աճող դեղաչափերով թույնի մզվածքը  տրվում է շաբաթը մեկ ընդմիջումներով` սկսելով 0.1մգ-ից և հասցնելով պահպանողական դեղաչափի` 100մգ-ի (երկու խայթոցի համարժեք): Այս դեղաչափը հետագայում ներարկվում է ամիսը մեկ ընդմիջումով 3 տարի շարունակ: Իմունաթերապիայի  ժամանակ կա ռեակցիա առաջանալու 10% ռիսկ, ուստի բուժումը պետք է կատարել միայն մասնագիտացված փորձառու կենտրոններում, որտեղ վերակենդանացման միջոցներ կան ձեռքի տակ: Կան մի քանի ավելի կարճ ռեժիմներ, որոնց դեպքում պահպանողական դեղաչափին հասնում են ժամերի, օրերի կամ շաբաթների ընթացքում (արագ իմունաթերապիա): Սրանք ևս արդյունավետ են, սակայն ռեակցիա տալու հավանականությունը ավելի բարձր է:

Թույնով իմունաթերապիան հավասարապես արդյունավետ է մեղվապահների մոտ, և այլ մեղվի հանդեպ ալերգիկ այլ հիվանդների մոտ: Մեղվապահների մեծ մասը կարող է հաջողությամբ շարունակել իրենց մասնագիտությամբ զբաղվել` իմունաթերապիայի պաշտպանությամբ:
Թույնով իմունաթերապիայի դադարեցումը համարվում է ապահով, երբ թույնի հանդեպ սպեցիֆիկ հակամարմինները այլևս չեն հայտնաբերվում: Մնացած հիվանդներին 3-5 տարվա բուժումը կարող է բավարար լինել: Համակարգային ռեակցիայի մնացորդային ռիսկը 5-10% է մնում: Ռիսկի գործոններից են իմունաթերապիայի ժամանակ համակարգային ռեակցիայի առաջացումը, կայուն խիստ դրական մաշկային թեսթը և նախքան բուժվելը տարած ռեակցիայի ծանրությունը: Իմունաթերապիան դադարեցնելուց հետո ենթադրվում է կատարել ախտորոշիչ նպատակով կլինիկայում կազմակերպած միջատի խայթոցով հրահրիչ փորձ, որպեսզի գնահատվի հետագա խայթոցներից ռեակցիայի հավանականությունը: Այնուամենայնիվ, սա հազվադեպ է անհրաժեշտ լինում առօրյայում:

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին


 
Patterns  
միջատ ալերգիա