Ամիլոիդոզ

ԱմիլոիդոզԱմիլոիդոզը, կամ ամիլոիդային ապասնուցումը (դիստրոֆիան) տարբեր, մեծամասնությամբ անհայտ պատճառներից առաջացած հիվանդությունների խմբային հասկացողություն է, որոնց ընդանուր ախտածագումային երևույթը օրգանիզմի տարբեր հյուսվածքներում բարդ գլիկոպրոտեինային նյութի՝ ամիլոիդի կուտակումն է: Ամիլոիդը չլուծվող, միասեռ, էոզինամետ (հիալինային) նյութերի մի խումբ է, b-պարույրածալված կառուցվածքով: Ամիլոիդային հիվանդությունները բավականին տարբեր են իրենց կլինիկական արտահայտություններով:

Ամիլոիդոզի ստույգ վիճակագրությունն անհնար է, քանի որ դա կախված է հերծման մանրակրկիթ լինելու հանգամանքից: Համենայն դեպս ամիլոիդոզի առավել մեծ հաճախություն նկարագրված է Իսպանիայում և Պորտուգալիայում, կազմելով հերձման դեպքերի մոտ 1.5 %-ը, իսկ ամիլոիդոզի առավել ցածր հաճախականություն նկարագրված է Ճապոնիայում՝ 0.1 %: Բնակչության կյանքի տևողության երկարացումը հանգեցնում է ամիլոիդոզի հաճախականության հարաճող բարձրացմանը: Նույնիսկ այսպիսի արտահայտություն կա, որ յուրաքանչյուր մարդ կհասնի իր ամիլոիդոզին, եթե բավականին երկար ապրի: Սիրտ-անոթային և ուռուցքային հիմնահարցերի լուծումից հետո մարդկության առջև հաջորդը կհայտնվի ամիլոիդոզի հիմնահարցը:

Ամիլոիդ ամվանումը տվել է Virchow-ը, որը նշել է, որ յոդը ներկում է այն նարնջադարչնագույն, իսկ ծծմբաթթվով հաջորդող մշակումը դարձնում է ամիլոիդը երկնագույնից մինչև մանուշակագույն: Քանի որ օսլան (amylum) նույնպես ենթարկվում է նմանաձև ներկմանը, այդ նյութն անվանվեց ամիլոիդ, ինչը նշանակում է «օսլայի նման»: Ամիլոիդոզը որպես հիվանդություն առաջին անգամ նկարագրվել է Ռոկիտանսկու կողմից 1844 թ. (Rokitansky), որն անվանեց այդ ախտընթացը «ճարպաձև փոփոխում» (lardaceous change): «Ամիլոիդոզ» անվանումն այսօր արդեն համապատասխան չէ հիվանդության էությանը, քանի որ ամիլոիդը և օսլան քիմիապես խիստ տարբեր են: Սակայն ոչ մեկի դուրը չի գալիս «b-ֆիբրիլյոզ» (beta-fibrillosis) անվանումը: Այնպես որ հիվանդության էությունը չարտահայտող, սակայն, ավանդաբար ընդունված «ամիլոիդոզ» անվանումը, ըստ երևույթին, հավերժ գրանցում ստացավ բժշկական բառապաշարում:

Ամիլոիդոզը հաճախ ընթանում է չախտորոշված: Ամիլոիդոզի դասական ձևերով տառապող հիվանդներն, որպես օրենք, ճիշտ ախտորոշվում են մոտ մեկ տարվա ընթացքում: Մեկուսացած սրտային ամիլոիդոզն անհայտ թվով սրտի հիվանդությունների հիմքն է հանդիսանում: Սովորաբար, կենսազննումը նրանց մոտ չի կատարվում: Ալցհեյմերի հիվանդությունը հիմնականում հերձման ախտորոշում է, և ամիլոիդը կանոնավոր հայտնաբերվում է այդ հիվանդների գլխուղեղի անոթներում:

Ամիլոիդների մեծամասնությունն առողջ օրգանիզմում գոյություն ունեցեցող տարբեր բնականոն սպիտակուցների փոփոխված ձևերն են: Պատճառները և ախտածագումային մեխանիզմների մեծամասնությունն անհայտ են: Քննարկվում են ախտածագման բազմաթիվ տեսություններ:

Այսօր, ամիլոիդոզները դասակարգում են ըստ սպիտակուցների, որոնցից ածանցվում են ամիլոիդները: Իմունոգլոբուլինների թեթև շղթաներից առաջացող ամիլոիդ («B ամիլոիդ», «AL-ամիլոիդ», «իմունոցիտներից առաջացած ամիլոիդոզ», «B-բջջային դիսկրազիա ամիլոիդոզով», հին անվանումը «առաջնային ամիլոիդոզ»): Այն սովորաբար ներգրավում է տարբեր օրգաններ:

AAP-սպիտակուցից ածանցված ամիլոիդոզ ("A ամիլոիդ", "AA ամիլոիդ", "հակազդային համակարգային ամիլոիդոզ", հին անվանումը "երկրորդային ամիլոիդոզ", "պերմանգանատազգայուն ամիլոիդոզ"): Այդ ամիլոիդի բաղադրամասերից հիմնականն ածանցվում է այլ լուծվող սպիտակուցից՝ շիճուկային ամիլոիդոզի հետ կապված սպիտակուցից (serum amyloid associated protein; SAA ; AAP; serpin): Այդ մեծ շիճուկային սպիտակուցը սովորոբար առկա է շատ ցածր քանակությամբ: Լյարդն ուժեղացնում է AAP-ի արտադրությունն ի պատասխան մակրոֆագներից ինտերլեյկին-1- ի արտադրությանը սուր փուլի հակազդման ժամանակ: AAP-ի արտադրությունը նույնպես զգալիորեն ուժեղանում է B-բջջային պակասուրդային վիճակների ժամանակ, քանի որ ռետիկուլո-էնդոթելիալ համակարգը մշտապես է աշխատում: Երեք հիմնական ամիլոիդներից սա միակն է, որ կորցնում է կոնգոմետությունը, երբ մշակվում է պերմանգանատով: Դասական «երկրորդային ամիլոիդոզի» հիվանդների մեծամասնությունն ունեն այս ձևի ամիլոիդ: Այդ հիվանդներն ունեն որոշ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են բջիջների քայքայմամբ, և դրան ի պատասխան՝ սուր փուլի սպիտների, ներառյալ AAP-ի երկարատև խթանումով: Մի քանի տարի հետո կարող է զարգանալ ամիլոիդոզը: Հայաստանի դեպքում հակազդային համակարգային ամիլոիդոզի հիմնական պատճառը պարբերական հիվանդությունն է:

ԱմիլոիդոզԺառանգական պատճառ ունեցող AA-ամիլոիդոզներից են նաև Muckle-Wells-ի հիվանդությունը (ընտանեկան սառնային եղնջացանը), TRAPS-ը (TNF-receptor associated periodic syndrome), hyper IgD համախտանիշը (շատ հազվադեպ), հնդկական աուտոսոմ դոմինանտ AA-ամիլոիդոզը: AA-ամիլոիդոզի այլ կարևոր պատճառը ռևմաթոիդ արթրիտն է, երբ ամիլոիդոզով բարդանում է իսկապես ծանր դեպքերի մոտ մեկ երրորդը: Չնայած հիվանդությունը մոդուլյացնող հակառևմատիկ ժամանակակից պրեպարատների վաղ և կանոնավոր կիրառումը նվազագույնի է հասցրել ամիլոիդոզի վտանգը ռևմաթոիդ արթրիտի ժամանակ: Հակազդային համակարգային ամիլոիդոզի այլ պատճառներն են երկարատև պալարախտը, բորը, սիֆիլիսը, օսթեոմիելիտը, բրոնխաէկտազային հիվանդությունը, երկարատև բշտային ֆիբրոզը, պարապլեգիան (պարկելախոցերի և միզապարկի վարակների պատճառով), Բեխտերևի հիվանդությունը, աղիների բորբոքային հիվանդությունները (Կրոնի հիվանդությունը, խոցային կոլիտը), մաշկի հերոինային ախտահարումը, պոլիմիոզիտը, երիկամային բջջային քաղցկեղը, Hodgkin-ի հիվանդությունը, Behջet-ի հիվանդությունը, Reiter-ի համախտանիշը և այլն:

Տրանսթիրետինից ածանցված ամիլոիդ ("AF ամիլոիդ", "ATTR ամիլոիդ", "ընտանեկան ամիլոիդ", "C ամիլոիդ", "մեծահասակների ամիլոիդ", "ծերունական ամիլոիդ", "Sc1 ամիլոիդ") համապատասխանում է ծերունական սրտային և առաջնային ձևին:

Գոյություն ունեն նաև ներզատային պոլիպեպտիդներից, b2-միկրոգլոբուլինից (H-ամիլոիդ, դիալիզային), A4 սպիտակուցից (ամիլոիդային b սպիտակուց, Alzheimer-ի հիվանդության), վարակային պրիոններից (PrP, Creutzfeldt-Jakob-ի հիվանդության), նատրիումամուղ պեպտիդից (AANF) ածանցված, ինչպես նաև անհայտ կազմությամբ ամիլոիդներ:

A-ամիլոիդոզի բուժումը՝ նրա պատճառ հանդիսացող հիվանդության բուժումն է: Երբեմն ամիլոիդոզը նույնիսկ հետ է զարգանում, երբ արդյունավետորեն բուժվում է հիմնական հիվանդությունը: Մանավանդ լավ օգնում են հակա-ինտերլեյկին-6 հակամարմինները (tocilizumab): Կոլխիցինը պարբերական հիվանդության սպեցիֆիկ բուժում է, և այլ ծագման ամիլոիդոզների ժամանակ նրա արդյունավետությունը խիստ կասկածելի է: AL-ամիլոիդոզի ժամանակ ստացված են նախնական բավականին խոստումնալից տվյալներ սեփական (autologous) ցողունային բջիջների փոխպատվաստումից: Դառչնագույն ծլած բրինձը կարող է որոշ չափով դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության հարաճումը: Մեծ հույսեր էին փայփայում անտրացիկլինների հետ, որոնք կապվում են b-ծալված սպիտակուցների հետ, դարձնելով նրանց ավելի լուծելի և կանխելով նրանցից կազմվող ամիլոիդի գոյացումը:

Ցավոք սրտի ներկայումս եղած անտրացիկլինները դեռ մահացու թույներ են և այդ ուղղությամբ վերջին տարիներին նույնիսկ աշխատանքներ էլ չեն տպագրվում: Փոխարենը վերջին տարիներին մեծ հույսեր են կապում eprodisate դեղամիջոցի հետ, որի ազդեցության մեխանիզմը ամիլոիդային թելիկների հետ կապվելն է: Սակայն, մինչև այս միջոցի կլինիկական կիրառմանը բազմաթիվ հետազոտություններ են անհրաժեշտ: Հետազոտություններ են կատարվում նաև Fibrillex պատրաստուկի հետ: Վերջին երկու պատրաստուկների առանձնահատկությունն այն է, որ նրանք համընդհանուր են բոլոր ամիլոիդոզների համար` անկախ ծագումից:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին
Patterns  
ամիլոիդոզ