Ամֆետամինային թմրամոլություն

Ամֆետամինային թմրամոլությունԹմրամոլություն` հոգեխթանիչներից առաջացած (ամֆետամին, էֆեդրոն, պերվիտին)

Ամֆետամինը (ֆենամինը) ամենահայտնի թմրանյութն է։ Բժշկական պրակտիկայում այն սկսել է կիրառվել դեռևս 1937թ.։ Չարաշահման առարկա է դարձել անցյալ դարի կեսերից։ Գործածվում է խմելու և երակային ներարկումների ձևով։

Ամֆետամինային սուր թունավորումը (F15.0) առաջացնում է ֆիզիկական ակտիվություն, բարձր տրամադրություն, մտածողության արագացում և պարզություն, վարքի խանգարումներ։
Ներերակային ընդունման դեպքում սուր թունավորումն ընթանում է երկու իրար հաջորդող փուլերով` գեներալիզացված պրոտոպատիկ հեդոնիստական ռեակցիա (այսպես կոչված՝ «տՐՌւՏՊ»-ը) և էյֆորիա։ Սոմատովեգետատիվ նշանները դրսևորվում են դողով, առատ քրտնարտադրությամբ, բբերի լայնացումով, զարկերակային ճնշման բարձրացումով, գլխապտույտով, առիթմիայով, ջերմության բարձրացումով, ախորժակի վատացումով։ Թմրանյութի բարձր քանակի դեպքում հնարավոր են ցնցումներ, սիրտ-անոթային կոլապս, շնչառության վատացում և մահ։ Ամֆետամինի մահացու դեղաչափը 25 մգ/կգ է։

Կանոնավոր և տևական օգտագործման դեպքում ամֆետամինի խթանիչ ազդեցությունն անհետանում է և հաճելի ապրումները վերապրելու համար հարկ է լինում մեծացնել քանակները։ Այս դեպքում զարգանում է ֆիզիկական կախվածություն ամֆետամինից։ Այն ճնշում է ախորժակը և քնի պահանջը։

Փսիխոտիկ խանգարումներն (F15.5) առաջանում են համեմատաբար մեծ դեղաչափերի ներերակային գործածման դեպքում և դրսևորվում են տեսողական և լսողական ցնորքներով, հետապնդման զառանցանքով, էքստազով, դեպերսոնալիզացիայի նշաններով։ Փսիխոզը կարող է տևել 2-3 շաբաթ։

Հետթունավորման շրջանն ընթանում է ընկճված տրամադրությամբ, դիսֆորիայով, տագնապայնությամբ, գլխացավերով, ջարդվածության զգացումով։ Խրոնիկական թունավորումը հյուծում և մաշում է օրգանիզմը։

Աբստինենցիայի համախտանիշը (F15.3) բնութագրվում է հոգնածությամբ, ջարդվածությամբ, քնկոտությամբ՝ ցերեկը, և անքնությամբ՝ գիշերը, զարկերակային ճնշման իջեցումով և անկայունությամբ։ Դեպքերի մի մասն ընթանում է ասթենիկ և ասթենո-դեպրեսիվ խանգարումներով, երբեմն՝ ինքնամեղադրման մտքերով և սուիցիդալ փորձերով։ Այլ դեպքերում գերիշխում են դյուրագրգռությունը, ինքնավնասման մղումներով հիստերիկ ռեակցիաները։ Դադարեցման համախտանիշի տևողությունը 2-3 շաբաթ է։

Էֆեդրոնային թմրամոլություն
 Էֆեդրոնն ամֆետինատիպ հոգեխթանիչ ազդեցությամբ թմրանյութ է, որը, մեծ մասամբ, «ինքնաշեն» նյութ է։ Հիմնականում, այն գործածվում է ներերակային եղանակով։ Սկզբնական դեղաչափը 4մլ է, սակայն էֆեդրոնային կախվածության շատ արագ աճի հետ կապված այն աճում է մինչև 150-250 մլ, որն ընդունվում է օրվա ընթացքում 6-10 անգամ։ Հիվանդությունն ընթանում է 2-5 օրական փուլերով՝ 5-10 օր տևողությամբ ընդմիջումներով։

Սուր թունավորումն (F15.0) ընթանում է արտահայտված ռելաքսացիայով, բարեհոգությամբ, էյֆորիայով, ուրախությամբ, որոնք բարդանում են դեպերսոնալիզացիայով, հատկապես՝ սեփական մարմնի քաշի (կշռի) կորստով։ Այս վիճակը տևում է 10-15 րոպե, որին հետևում է շարժողական և խոսքային գրգռվածություն, էներգիայի և ուժի ներհոսքի զգացում, աշխարհն ընկալվում է գունեղ, կորում է ժամանակի զգացողությունը։ Սակայն սրանց գործունեությունն անիմաստ և անարդյունք է։ Սոմատովեգետատիվ բնորոշ խանգարումներից բացի բավականին բնորոշ են անոռեքսիան և միզակապությունը։ Սկզբնական շրջանում սուր թունավորումը տևում է մինչև 6-7 ժամ, սակայն հետագայում այն զգալիորեն պակասում է։

Գերդեղաչափերը բերում են արտահայտված շշմածության և սուր մարմնական խանգարումների` ցավեր սրտի շրջանում, շնչահեղձություն, էպիգաստրալ դիսկոմֆորտ, հաճախասրտություն, հիպերթերմիա (մինչև 40ԵC), հիպերտոնիա (մինչև 160/90 մմ)։ Այս խանգարումներն ուղեկցվում են արտահայտված վախով։

Աբստինենտ համախտանիշը (F15.3) ձևավորվում է, սովորաբար, 2-4 ամիս կանոնավոր գործածումից հետո։ Այլ նյութերից առաջացած աբստինենցիայից տարբերվում է քնկոտությամբ, որը կարող է տևել 18-24 ժամ։ Արթնանում են միայն սնունդ ընդունելու համար։ Ակտիվ շրջանում պահպանվում է թուլությունը, մկանային տոնուսի անկումը։ Մնում են դիսֆորիկ, թախծոտ, ապրելու իմաստ չեն տեսնում։

Էֆեդրոնային թմրամոլության յուրահատկությունն այն է, որ թունավորման շրջանում ախտաբանական հակումը թմրանյութի նկատմամբ աճում է։ Սրա հետևանքով հիվանդներն ավելի հաճախ են թմրանյութ ընդունում։ Յուրաքանչյուր հինգերորդ հիվանդի մոտ դիտվում է ինտոքսիկացիոն փսիխոզ, սովորաբար՝ սուր պարանոիդ, երբեմն՝ խանդի զառանցանք կամ վերբալ հալյուցինոզ։

Պերվիտինային թմրամոլություն
Էֆեդրոնի գործածումից հիվանդների զգալի մասն անցնում է պերվիտինի գործածման։ Սա նույնպես «ինքնաշեն» թմրանյութ է` ստանում են սոլուտանից, բրոնխոլիտինից։ Կախվածությունը ձևավորվում է 3-5 օրում։ Սկզբնական դեղաչափը 0.7 մլ է, հետագա նարկոտիզացիայի ընթացքում այն կարող է հասնել օրական 7-9 մլ։

Սուր ինտոքսիկացիա (F15.0)։ Հիվանդները, ինչպես և էֆեդրոնային թմրամոլության ժամանակ, նշում են թմրանյութի ազդեցության միևնույն 2 փուլերը։ Ներարկումից անմիջապես հետո հիվանդները նշում են իրար հաջորդող մի քանի «ջերմության ալիք», որոնք ուղեկցվում են «թարմության բուրմունքով» (մանուշակի կամ խնձորի)։ Ավելի արտահայտված են դեպերսոնալիզացիոն խանգարումները` նրանք կարծես «լուծվում են տարածության մեջ»։ Հիվանդներն «անսովոր երջանիկ են», ցնծության մեջ են, հիացած՝ ամեն ինչով։ Պերվիտինային թմրամոլությանը բնորոշ են լույսի և պատկերների սրացած ընկալումները` գույները հագեցած են, վառ, պայծառ, օդը` լուսավորված է, փայլատակող։ Նման վիճակը տևում է 2-2.5 ժամ, որից հետո սկսվում է հոգեշարժական ակտիվությունը` արագանում են խոսքը, միտքը, իրենց ավելի ակտիվ են զգում, ձգտում գործունեության, սակայն` ապարդյուն։ Թունավորումը կարող է տևել 12 ժամից մինչև 1 օր։

Հաճախ թունավորման շրջանում առաջանում են մեծամոլական բնույթի զառանցանքանման խանգարումներ։ Մարմնական և նյարդաբանական խանգարումները որևէ բնորոշ առանձնահատկություն չունեն և ընթանում են, հիմնականում, նույն ախտանիշներով։ Հետթունավորման շրջանում, որը սկսվում է 12-16 ժամ անց, պերվիտինի ազդեցության դադարից հետո ի հայտ են գալիս արտահայտված թուլություն, քնկոտություն, հիվանդները դառնում են դյուրագրգիռ և դիսֆորիկ։ Այս նշաններից ազատվելու նպատակով, շատերն ընդունում են տրանկվիլիզատորներ, սեդատիվներ։

Գերդոզավորման դեպքում զարգանում են մարմնական սուր խանգարումներ (ցավեր սրտի, գոտկատեղի շրջանում, գլխացավեր, հաճախասրտություն, հիպերտենզիա ջերմության բարձրացում մինչև 40ԵC), որոնք կարող են ուղեկցվել ցնորազառանցանքային խանգարումներով։

Աբստինենտային համախտանիշը (F15.3) ձևավորվում է նարկոտիզացիայի 2-3-րդ շաբաթներում։ Թմրան-յութի գործածման փուլային տարբերակում (թմրանյութն օգտագործվում է 2-10 օրվա ընթացքում օրվա բոլոր ժամերին և հետո ընդհատվում է) աբստինենտ համախտանիշը ընթանում է քնի խանգարումներով, աֆեկտիվ ախտանիշներով և ասթենիայով, այնպես, ինչպես՝ էֆեդրոնային թմրամոլության ժամանակ։ Թմրանյութի անընդմեջ օգտագործման դեպքում (թմրանյութն օգտագործվում է միայն ցերեկային ժամերին, իսկ տոլերանտությունն աճում է դանդաղ և աստիճանական) նշված խանգարումներին գումարվում են նաև արտահայտված գոտկային և հոդային ցավերը, ինչպես նաև՝ վեգետատիվ խանգարումները` հարբուխային վիճակ, արցունքահոսություն, գլխապտույտ, գլխացավ։

Փսիխոտիկ խանգարումները (F15.5) դիտվում են յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ։ Սրանք դրսևորվում են սուր պարանոիդի ձևով։ Կլինիկական պատկերը գրեթե կրկնում է էֆեդրոնային սուր պարանոիդը։ Փսիխոզներն առաջանում են 6-11 մլ/օր քանակ գործածելու արդյունքում և տևում 8-10 ժամ։ Հնարավոր են նաև մանիակալ զառանցանքային փսիխոզներ։

Բավականին արագ ձևավորվում են անձի փոփոխություններ, որոնք դրսևորվում են վարքային խանգարումներով, բարոյաէթիկական անկումով, հուզական սառնությամբ և անտարբերությամբ, աշխատունակության անկումով, սոցիալական դեգրադացիայով։ 5 տարվա ընթացքում շատերի մոտ ձևավորվում է փսիխոօրգանական համախտանիշը։

 

 
 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին