Անամորձություն (անորխիզմ)

անորխիզմԱնամորձությունը (անորխիզմը) որպես արտահայտված թերսեռագեղձություն (հիպոգոնադիզմ) կարող է լինել`

1. բնածին

2. ձեռքբերովի

Վերջինս կապված է ամորձաբորբերի (օրխիտների) կամ ամորձիների անոթների վնասման հետ։ Բնածին համարվում է սաղմնային զարգացման ի ծնե անկանոնությունը, որի պատճառն առայժմ պարզված չէ, բայց նշանակություն են տալիս ամորձիների հյուսվածքի աուտոիմուն պրոցեսներին և սերմնալարի ոլորմանը։

Առաջնային թերսեռագեղձության (հիպոգոնադիզմի) պատկերն արտահայտվում է ծնվելուց անմիջապես հետո, առնանդամի և ամորձապարկի թերզարգացմամբ։ Եթե ամորձիներն ախտահարվում և գրեթե ոչնչանում են ներարգանդային կյանքի վերջին շրջանում, ապա արտաքին սեռական օրգանները լինում են ինչ-որ չափով զարգացած, որի պատճառով էլ հաճախ ախտորոշում են որպես կրիպտորխիզմ։ Սեռական հասունացման շրջանում առաջ են գալիս անդրոգեն անբավարարության՝ ներքինանմանության (եվնուխոիդիզմի) նշաններ։ Միզուկը կարոդ է լինել իր տեղում, իսկ ամորձապարկի կարը փակված։ Արյան մեջ թեստոստերոնի քանակը, որպես կանոն, խիստ ցածր է։ Անամորձությունը կրիպտորխիզմից տարբերակելու համար կատարում են խորիոգոնինային փորձը, անորխիզմի դեպքում փորձը կատարելուց հետո արյան մեջ թեստոստերոնի քանակը չի ավելանում։

Ախտորոշման նպատակով վիրահատելիս գոնադները կամ չեն լինում կամ էլ հայտնաբերվում են միայն նրանց մնացորդները։ Մեծ մասամբ ավելացած է ֆոլիկուլոխթանիչ և լյուտեինիզացնող հորմոնների պարունակությունը։

Բուժումը։ Կատարվում է փոխարինող անդրոգենային թերապիա, որը միաժամանակ նպաստում է նաև հոգեմարմնական զարգացմանը։ Ժամանակին սկսված բուժումը հաճախ թույլ չի տալիս ներքինանմանության նշանների զարգացմանը, չնայած երբեմն այն կարող է լինել բոլորովին անարդյունավետ։ Սեռական օրգանների խիստ թերզարգացման դեպքում վիրաբուժական միջամտությամբ խորհուրդ է տրվում ընտրել իգական սեռը և կատարել արտաքին սեռական օրգանների պլաստիկ վիրահատություն՝ հեշտոցաստեղծում, հետագայում կատարելով էսթրոգենային բուժում։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am 
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին