Ասկարիդոզի հարուցիչը Ascaris lumbricoides - ն է։ Սա խոշոր մակաբույծ է, էգերի երկարությունն հասնում է 25-40 սմ-ի, իսկ արուներինը 15-25 սմ։ Հասուն ձևերը ապրում են մարդու բարակ աղիքներում և սնվում են աղիքի պարունակության հյութերով։ Բեղմնավորվելուց հետո էգը ձվադրում է կատարում, որոնք և կղանքի հետ միասին թափվում են արտաքին միջավայր։ Ձվերի սաղմնային զարգացումը կատարվում է արտաքին միջավայրում և պայմանավորված է այդ միջավայրի կլիմայով։ Այն տևում է 10 օրից մինչև մի քանի ամիս։ Հասունացած ձուն բերանով ընկնում է մարդու օրգանիզմ։

Ստամոքսահյութի ազդեցությամբ՝ ձվի թաղանթը լուծվում է և թրթուրը նախքան հասուն ձևի հասնելը տեղաշարժվում է օրգանիզմում։ Աղիքներից թափանցում է արյան մեջ, հասնում աջ նախասիրտ, փորոք, այնտեղից անցնում թոքեր, արմատավորվում է թոքային հյուսվածքում, ալվեոլներում, բրոնխեոլներում, ապա հասնում է շնչափողը և, երբ այսպիսի հիվանդները հազում են և խորխը կուլ են տալիս, թրթուրները նորից են անցնում աղեստամոքսային համակարգ, ուր դառնում են հասուն ձևեր։ Ձուն կուլ տալու ժամանակամիջոցից մինչև հասուն ասկարիդների առաջացումը, (միգրացիոն ցիկլը) տևում է մոտավորապես 2-3 ամիս։

Վարակի աղբյուրը
Այս հիվանդության ժամանակ վարակված մարդն է։ Բեղմնավորված էգը օրվա ընթացքում կարող է մինչև 240 հազար ձու դնել։ Երեխաների վարակվածությունը ասկարիդոզով ավելի բարձր է, քան մեծահասակներինը։ Ասկարիդոզը համարվում է բավականին տարածված հելմինթոզներից մեկը։ Հատկապես շատ է տարածված արևադարձային, մերձարևադարձային ու բարեխառն կլիմայական գոտիներում, մանավանդ՝ հարաբերական բարձր խոնավության պայմաններում։ Ասկարիդոզը բացակայում է անապատներում, մշտական սառածության, չոր տափաստանային գոտիներում։ Ասկարիդոզի տարածվածության ինտենսիվությունը կախված է՝

1.արտաքին միջավայրի վարակվածության աստիճանից,
2.բնակլիմայական և միկրոկլիմայական բարենպաստ պայմաններից,
3.փոխանցման մեխանիզմին նպաստող գործոնների ինտենսիվությունից։
Սակայն, պետք է նշել, որ այս մեթոդները գործնական մեծ նշանակություն չունեն։

Աղիքային փուլում որոշիչ նշանակություն ունի կղանքում ձվերի հայտնաբերումը (Ֆյուլեբորնի, Քալանթարյանի մեթոդներ)։ Ծանր վարակումների ժամանակ ախտորոշումը կարելի է կատարել ռենտգենյան քննության օգնությամբ։
Հասուն ասկարիդները մարդկանց աղիքներում ապրում են միայն 10-12 ամիս, որից հետո մեխանիկորեն դուրս են գալիս դեպի արտաքին աշխարհ։

Փոխանցման մեխանիզմները
Կոյուղու բացակայության պայմաններում առավել ինտենսիվ է ախտահարվում արտաքին միջավայրը։ Ձվերի հասունացումը արտաքին միջավայրում տեղի է ունենում այն ժամանակ, երբ հողի ջերմությունը հասնում է 10-12°-ի։ Օպտիմալ զարգացման համար անհրաժեշտ ջերմաստիճանը 24-28°-ն է։ Հողի հարաբերական խոնավությունը 8%-ից ոչ պակաս։ Եթե հողի ջերմաստիճանը 36°-ից բարձր է, ապա ձվերի զարգացում տեղի չի ունենում։ 24°-ի պայմաններում հողում գտնվող ձուն 14 օր ինվազիոն է դառնում։ Բարեխառն կլիմայական պայմաններ ունեցող վայրերում այս զարգացումը տևում է 40-60 օր։ Ասկարիդների ձվերը բավականին դիմացկուն են արտաքին միջավայրում՝ - 30°օ-ում դրանք կարող են դիմանալ ձյան տակ։ Բարեխառն կլիմայական պայմաններում 20 սմ հողի շերտի տակ դրանք կարող են դիմանալ 5-7 տարի։ Եթե աշնանը ձվերը չեն հասցնում զարգանալ, ապա գարնանը լրիվ պահպանում են իրենց կենսունակությունը։ Մարդիկ վարակվում են ասկարիդոզով, երբ վարակված սննդամթերքի, ջրի, խոտաբույսերի, բանջարեղենի (այն սննդի, որն օգտագործումից առաջ չի ենթարկվում ջերմային մշակման) և այլ գործոնների միջոցով իրենց բերանն են տանում ինվազիոն ձվերը (թրթուրները)։ Բարեխառն կլիմայական պայմաններ ունեցող վայրերում ասկարիդոզի սեզոնայնությունը մինչև 7 ամիս է (ապրիլ-հոկտեմբեր)։ Հյուսիսային շրջաններում այն կրճատվում է 2-3 ամսով, տաք գոտիներում տևում է ամբողջ տարին։ Հատկապես վտանգավոր են այն բնակավայրերը, որտեղ խոտաբույսերը, բանջարեղենը, հատապտուղները պարարտացվում են թարմ կղանքով։

Պայքարը և կանխարգելումը
Իրագործվում է համալիր միջոցառումների միջոցով, որոնք ուղղված են վարակի աղբյուրի և փոխանցման մեխանիզմի դեմ։ Վարակվածներին հայտնաբերելու և բուժելու նպատակով ամեն տարի գարնանը և աշնանը անց են կացվում ազգաբնակչության զանգվածային հետազոտություններ։ Հետազոտվում են հիմնականում մանկական կոլեկտիվները, հաշվի առնելով, որ ամենից բարձր վարակվածություն լինում է երեխաների մոտ։ Հայտնաբերված վարակվածներին հակասկարիդոզային դեղամիջոցների օգնությամբ ենթարկում են դեհելմինթիազացիայի (սանտոնին, սանկոֆեն, հեպտիլռեզորցին, պիպերազին, ադիպինատ, դեկարիս և այլն)։ Պոլիկլինիկաներում բուժումը կարելի է կատարել թթվածնի օգնությամբ։ Շատ կարևոր ու վճռորոշ նշանակություն ունեն փոխանցման մեխանիզմի դեմ կիրառվող սանիտարահիգիենիկ միջոցառումները՝ բնակավայրերի սանիտարական բարեկարգում, հողերի պարարտացումը կղանքով՝ միայն անվտանգ (կոմպոստում) դարձնելուց հետո, կոյուղու, ջրամատակարարման, բարեկարգման աշխատանքներ, կենտրոնացված ջրամատակարարման համակարգի, սննդի օբյեկտների, մանկական հիմնարկների աշխատողների դեհելմինթիզացիայի իրականացում ամբողջ տարվա ընթացքում։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին