Աթերոսկլերոզ

 

ԱթերոսկլերոզՆկարագրություն
Աթերոսկլերոզը ( հուն. Athere` շիլա և sclerosis` կարծրացում) իրենից ներկայացնում է ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով ծագած խրոնիկական հիվանդություն: Այն բնութագրվում է հետևյալ պատկերով` էլաստիկ և մկանաէլաստիկ տիպի զարկերակների ախտահարմամբ` ինտիմայում ճարպերի, սպիտակուցների օջախային կուտակման, ինչպես նաև շարակցական հյուսվածքի արագընթաց աճակալման տեսքով:


Տարածվածություն
Աթերոսկլերոզը լայնորեն տարածված է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես զարգացած երկրների ազգաբնակչության շրջանում: Հիմնականում այս հիվանդությամբ ախտահարվում են կյանքի երկրորդ կեսին: Երկրագնդի տարբեր ծայրերում այս հիվանդությունը հանդիսանում է մահացության դեպքերի և հաշմանդամության առավել հաճախակի պատճառներից մեկը:

Ծագումնաբանություն
Աթերոսկլերոզի զարգացման համար ամենակարևոր դիտվող գործոններն են`

1. փոխանակային
2. հորմոնային
3. հեմոդինամիկ
4. նյարդային
5. անոթային
6. ժառանգական
7. ազգային

Փոխանակային գործոնների շարքում հիմնական նշանակություն ունեն սպիտակուցային և ճարպային, առաջին հերթին` խոլեստերինի և լիպոպրոտեիդների, նյութափոխանակության գործոնները: Մարդու օրգանիզմում խոլեստերնը ենթարկվում է տարբեր փոխարկումների: Այս դեպքում, կախված նյութափոխանակման առանձնահատկություններից, խոլեստերինի տարրատեսակ միացություններ կարող են առաջանալ, որոնց կազմում այն հեշտ է թափանցում անոթի պատի մեջ: Աթերոսկլերոզի զարգացման համար ժառանգական գործոնների դերն ապացուցված է (օրինակ` երիտասարդ մարդկանց աթերոսկլերոզը ընտանեկան գերլիպոպրոդեմիայի բացակայության դեպքում): Աթերոսկլերոզը սահմանված է համարել բազմապատճառային հիվանդություն, որի ինչպես ծագումնային, այնպես էլ զարգացման գործընթացը կապված է արտածին և ներածին գործոնների ազդեցության հետ:

Պաթոգենեզ
Աթերոսկլերոզի ախտաբանական գործընթացն ունի երկու դրսևորում`

1. անոթի պատի փոփոխությունները խորանում են, դրանով իսկ ավելացնելով խոլեստերինի կուտակումները,
2.զարկերակի պատից խոլեստերինը դուրս է գալիս, կուտակումները ներծծվում են, և անոթի պատի վնասված հատվածները ապաքինվում են, իսկ վաղ սկզբնական փուլերում անոթի կառուցվածքը լիովին ենթակա է վերականգնման:

Աթերոսկլերոզ


Պատճառներ
Աթերոսկլերոզի պատճառագիտության մեջ բացառիկ դեր է հատկացվում նյարդային գործոնին` սթրեսային և բախումնային իրավիճակներին:
Այդ պատճառով այն դիտվում է որպես բանականացման` սապիենտացիայի հիվանդություն:

Կանխարգելում
Հիվանդության զարգացման համար բնորոշ է ալիքաձև ընթացքը, այդ պատճառով նրա կանխարգելման գործընթացը չի կարող սահմանափակվել որևէ ժամկետով կամ կուրսով:
Սիրտը և անոթային համակարգը ակտիվորեն մասնակցում են շրջապատող միջավայրի գրգռիչների հանդեպ մարդու պատասխան հակազդեցությունը: Հետևաբար` նյարդային համակարգի գերլարումն ուղեկցվում է սրտի և անոթային համակարգի լարված գործունեությամբ:

Անհատական կանխարգելման հիմքն օրգանիզմում նյարդային և հորմոնային կարգավորման ամենաբարենպաստ ակտիվության պահպանումն է, որի խանգարումը յուրաքանչյուր մարդու համար որոշվում է ոչ այնքան արտաքին գրգռիչների բնույթով, որքան դրանց հանդեպ օրգանիզմի հակազդեցությամբ:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am 
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին
Patterns  
աթերոսկլերոզ