Թունավորում (ամինազին)

(ՔԼՈՐՊՐՈՄԱԳԻՆ, ՊԼԵԳՈՄԱԶԻՆ և ՖԵՆՈԹԻԱԶԻՆԻ ԱՅԼ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐ)
Թունավոր են համարվում ամինազինի մոտ 1 մգ/կգդեղաչափերը, մահացու՝ 15մգ/կգ–ը։ Երեխաները շատ զգայուն են այս խմբի դեղորայքի նկատմամբ։ Ամինազինը լավ լուծվում է ջրում և ճարպային հեղուկներում, արագ ներծծվում է ստամոքսաաղիքային ուղում։ Երեխաները թունավորվում են հիմնականում դեղահաբերի պատահական ընդունումից։ Թունավորումները կապված դեղորայքի գերդեղաչափերից շատ հազվադեպ են հանդիպում։ Թունավորման երևույթների զարգացումը կապված է կենտրոնական նյարդային համակարգի վրա դեղորայքի թողած ազդեցությունից։ Դեղորայքի մեծ դեղաչափերի ընդունման դեպքում, բացի հիմնական հանգստացնող (սեդատիվ) ներգործությունից, զարգանում են նաև հիպոտենզիվ և թերջերմային երևույթներ, ընկճվում է շնչական կենտրոնի ֆունկցիան։

Թեթև աստիճանի թունավորման դեպքում զարգանում է թուլություն, գլխապտույտ։ Ընկնում է մկանային լարվածությունը, առաջ է գալիս քնկոտություն։ Նկատվում էմաշկի և լորձաթաղանթների չորություն, հաճախասրտություն, երբեմն որովայնային ցավեր, լուծ։ Միջին ծանրության թունավորման դեպքում ընկճվում է նյարդային համակարգը։ Խանգարվում է քայլվածքը, նկատվում է մկանունքի լարվածության թուլացում, լինում է խիստ գրգռվածություն։ Երեխաները սկսում են ճչալ, լաց լինել, ծամածռություններ կատարել։ Այնուհետև զարգանում է խորը քուն։ Մաշկը և լորձաթաղանթները գունատ են, չոր։ Ռեֆլեքսները թուլացած են, սակայն հաճախ գերռեֆլեքսություն է նկատվում։ Հնարավոր է մկանային կարկամվածության առաջացում, վերջույթների կծկում, աթետոզ տիպի ցնցումներ։ Զարկերակային ճնշումը չափավոր իջած է։ Շնչառությունը մակերեսային է, նկատվում է հևոց։ Որպես կանոն, միզակապություն է զարգանում։ Արյան մեջ հայտնաբերվում է լեյկոպենիա, շաքարի և կալիումի պարունակության չափավոր բարձրացում, մեզում՝ սպիտակուցներ, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, շաքար։

Ծանր թունավորումների դեպքում զարգանում է կոմա։ Շնչառությունը մակերեսային է, խռմփոցով։ Մաշկը գունատ է, կապտուկային։ Ռեֆլեքսներն աստիճանաբար վերանում են։ Անհետանում է լույսի նկատմամբ բբերի ռեակցիան։ Պուլսը հաճախացած է, թույլ լարվածությամբ ու լեցումով։ Զարկերակային ճնշումն ընկնում է։ հայտնվում են կլոնիկ, տոնիկ ցնցումներ, երբեմն ետպրկման (օպիստոտոնուս) ձևով։ Մահը սովորաբար վրա է հասնում շնչական կենտրոնի պարալիզից կամ հարաճող սրտային անբավարարությունից։ Թունավորման բարդություններից են ալերգիկ ռեակցիաները (հոդերի շրջանում ենթամաշկային բջջանքի այտուցներ), թոքերի այտուցը, ուղեղի այտուցը, նեֆրոպաթիան, լյարդի դիստրոֆիան և այլն։ Երեխայի մահվան պատճառ կարող է լինել թոքաբորբը։

Բուժումը։ Թունավորման առաջին 6 ժամերի ընթացքում կատարվում է ստամոքսի լվացում, այնուհետև ներմուծվում է աղային լուծողական և ակտիվացրած ածուխ։ Բոլոր հիվանդներին նպատակահարմար է նշանակել թիամին, պիրիդոքսին ցիանակոբալամին։ Ներերակային կամ միջմկանային ներարկվում է կոկարթոքսիլազա։ Ալերգիկ այտուցների բուժման նպատակով տրվում է դիմեդրոլ (ներքին ընդունման ձևով կամ ենթամաշկային)։ Ամինազինային հակազդիչներ են ֆենամինը, պերվիտինը, պիրիդրոլը (կենտրոնական սիմպաթիկալուծիչներ), ինչպես նաև կոֆեինը։ Ներերակային ներարկվում է գլյուկոզայի 5% լուծույթ ասկորբինսւթթվով և գլյուկորտիկոիդներով։

Միզարտադրությունն արագացվում է մանիտոլով կամ այլ միզամուղ միջոցներով։ Թթվածնային անբավարարության դեպքում նշանակվում է թթվածնաթերապիա։ Շնչական կենտրոնի խիստ ընկճման դեպքում կատարվում է թոքերի արհեստական օդափոխություն միոռելաքսանտների օգտագործումով։ Ցնցումների ժամանակ ներերակային ներարկվում է նատրիումի օքսիբուտիրատ կամ նշանակվում է քլորալ հիդրատային հոգնա։ Սեդուքսենի և բարբիտուրատների կիրառումը նպատակահարմար չէ։ Սրտի գործունեության թուլացման դեպքում՝ սրտային գլիկոզիդներ, կամֆորա։ Արտահայտված հիպոտոնիայի դեպքում կաթիլային եղանակով ներերակային ներարկվում է մեզատոն կամ նորադրենալին։ Արդյունքի բացակայության դեպքում կարելի է ներարկել անգիոտենզին կամ պիտուիտրին (ադրենալինը և էֆեդրինը հակացուցված են)։ Առանձնահատուկ ծանր դեպքերում կատարվում է արյան փոխարինական ներարկում, որովայնամզային դիալիզ, հեմոսորբցիա և արհեստական երիկամի կիրառում։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին