Տասներկումատնյա աղիքի բորբոքում: Բորբոքական պրոցես է, որն ընդգրկում է տասներկումատնյա աղիքի բոլոր շերտերը կամ միայն լորձաթաղանթը։ Տարբերում են առաջնային և երկրորդային դուոդենիտներ։ Առաջնային դուոդենիտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Այն զարգանում է տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի վրա ստամոքսի թթվային պարունակության պրոտեոլիտիկ ֆերմենտների երկարատև ազդեցությամբ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի դիսֆունկցիաների ժամանակ, պարազիտների ազդեցությունից (լյամբլիաներ, անկիլոստոմ, ասկարիդներ), գրգռող սննդամթերքի առատ օգտագործումից, նյարդային լարվածությունից, հորմոնային տեղաշարժերից և այլն։

Երկրորդային դուոդենիտն ուղեկցող հիվանդություն է, որը կարող է լինել մի շարք տեղային և ընդհանուր հիվանդությունների (գաստրիտ, պանկրեատիտ, հեպատիտ, ուռեմիա և այլն) հետևանքով։ Դուոդենիտի զարգացման մեջ մեծ դեր ունի դոուդենոստազը, որը նպաստում է խմորման պրոցեսների առաջացմանը և երկրորդային վարակի միացմանը։ Վարակների, ինտոքսիկացիաների դեպքում արյան մեջ գտնվող ախտածին գործոնները արտազատվում են լեղով կամ տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթով և կարող են առաջացնել բորբոքում։ Տասներկումատնյա աղիքի նյարդառեֆլեքսային սերտ կապը մարսողական համակարգի այլ օրգանների հետ նպաստում է ընդերա-կեղևա-ընդերային ճանապարհով դոուդենիտի զարգացմանը։

Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են.

1. սուր
2. քրոնիկական դոուդենտիներ։

Սուր դուոդենիտ։ Մեծ մասամբ զուգակցվում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություններով։ Սուր դուոդենիտն ընթանում է սուր սննդային ինտոքսիկացիայի ձևով։ Հիվանդները գանգատվում են որովայնային, վերորովայնային շրջանի ցավերից, սրտխառնոցից։ Սկսվում է հաճախակի փսխումով, ընդհանուր թուլությամբ։ Որովայնի շոշափման ժամանակ պորտից վերև և աջ կողմում ցավոտություն է հայտնաբերվում։ Երբեմն նկատվում են որովայնամզի գրգռման ախտանիշներ, տենդ։ Արյան հետազոտությունը հայտնաբերում է նեյտրոֆիլային լեյկոցիտոզ, արագացած ԷՆԱ։ Դուոդենալ զոնդավորումը և դուոդենոֆիբրոսկոպիան հակացուցված են։ Սուր դուոդենիտները լինում են կատառային, էրոզիվ-խոցային և ֆլեգմանոզ։ Սուր կատառային և էրոզիվ-խոցային դուոդենիտները սովորաբար ավարտվում են առողջացումով։ Ֆլեգմանոզ դուոդենիտի դեպքում, որը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում, կանխագուշակումը լուրջ է։ Հնարավոր են արյունահոսություններ, թափածակում, սուր պանկրեատիտի զարգացում։

Քրոնիկական դուոդենիտ։ Հաճախ զարգանում է քրոնիկական գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության, քրոնիկական պանկրեատիտի, լյամբլիոզի ժամանակ։ Շատ հազվադեպ քրոնիկական դուոդենիտը կարող է լինել առաջնային և զարգանալ բարձր տարիքի երեխաների մոտ անկանոն սնման դեպքում, երբ գրգռող սննդամթերք են օգտագործվում։

Կլինիկորեն արտահայտվում է վերորովայնային շրջանի ցավերով և մարողության խանգարման երևույթներով։ Ցավերն ուժգնանում են քաղցած վիճակում կամ ուտելուց 1,5-2 ժամ հետո։ Ցավերը հաճախ հայտնվում են գիշերային ժամերին, երբեմն ավելի ուժգին են օրվա երկրորդ կեսին, երեկոյան։ Մարողության խանգարման երևույթներից նկատվում են այրոցք, բերանի դառնություն, սրտխառնոց, փսխում։ Հիվանդները հաճախ տառապում են փորկապությամբ, անհանգստացնում է գլխացավը, հոգնածությունը։

Ախտորոշումը հաստատում է դուոդենոֆիբրոսկոպիան, որը հնարավորություն է տալիս տարբերակել քրոնիկական դուոդենիտը տասներկու մատնյա աղիքի խոցային հիվանդությունից։ Անհրաժեշտության դեպքում կատարում են տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի բիոպսիա և ճշտում վերջինիս հյուսվածաբանական փոփոխությունները։ Ռենտգենաբանական հետազոտությամբ որոշվում են ստամոքսի լորձաթաղանթի մակերեսի փոփոխությունները, տասներկումատնյա աղիքի դիսկինեզիան։ Քրոնիկական դուոդենտի ընթացքը ցիկլային է՝ սրացման փուլը փոխարինվում է ռեմիսիայի փուլով։

Բուժումը։ Սուր դուոդենիտի դեպքում ցուցված են ստամոքսի լվացում, քաղցածություն՝ 1-2 օր տևողությամբ, անկողնային ռեժիմ։ Հետագա օրերին նշանակվում է № 1ա-1 դիետա։ Ֆլեգմանոզ դուոդենիտի դեպքում ցուցված է վիրաhատական բուժում։ Քրոնիկական դուոդենիտի սրացման ժամանակ բուժումն այնպիսին է, ինչպես և սուր դուոդենիտի դեպքում։ Առաջին հերթին կատարվում է հիմնական հիվանդության բուժում (գաստրիտ, խոցային հիվանդություն, պանկրեատիտ և այլն)։ Ռեգեներացիայի պրոցեսների բարելավման նպատակով նշանակվում են վիտամիններ B1, B6, B12, սպիտակուցային հիդրոլիզատների ներերակային կաթիլային ներարկումներ և այլն։ Ռեմիսիայի փուլում կամ վերջին սրացումից 2-3 ամիս հետո ցուցված են սանատոր բուժում, ներքին ընդունման ձևով հանքային ջրերի օգտագործումով (Էսենտուկի, ժելեզնովոդսկ, Պյատիգորսկ, Ջերմուկ, Հանքավան) ցեխաբուժություն, հանքային լոգանքներ։ Քրոնիկական դուոդենիտով հիվանդները պետք է գտնվեն դիսպանսեր հսկողության տակ։ Ցուցված է հակառեցիդիվային բուժման կուրսերի կիրառումը։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին