Էրիթրազմա

Էրիթրազմայի հարուցիչները բակտերիաներն են, որոնք նման են մանրադիտակային սնկիկներին: Այն մաշկի քրոնիկական սակավ վարակիչ հիվանդություն է: Բակտերիաները մակաբուծում են մաշկի եղջերային շերտի մակերեսային հատվածում` աճուկաազդրային, անութային ծալքերում, կաթնագեղձերի տակ: Հիվանդությունն արտահայտվում է աղյուսակարմրավուն կամ դեղնավարդագույն բծերի առաջացմամբ, որոնք աստիճանաբար մեծանում են, խիստ սահմանազատվում, ցավոտ չեն, չեն քորվում, երբեմն թեփոտվում են (հատկապես` եզրերում): Երեխաները էրիթրազմայով չեն հիվանդանում: Նախատրամադրող գործոններն են քրտնոտությունը, օդի բարձր ջերմաստիճանը և խոնավությունը, անձնական հիգիենայի և մաշկի խնամքի կանոնների խախտումը: Չբուժելիս էրիթրազման կարող է ձգձգվել տարիներ, իսկ ինքնաբուժման դեպքում կարող է բարդանալ սուր բորբոքային երևույթներով:

Բուժում է բժիշկը: Էրիթրազման հեշտությամբ է բուժվում, բայց, եթե նախատրամադրող գործոնները չեն վերացվում, հիվանդությունը հաճախ կրկնվում է: Բուժվելուց հետո խորհուրդ է տրվում մաշկի ծալքերը շփել օղիով:

Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է մաշկը ճիշտ խնամել և բուժել քրտնոտությունը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
Էրիթրազմա