ՖլեգմոնաՆկարագրություն
Ֆլեգմոնան ճարպաբջջանքի (ենթամաշկային, միջմկանային, հետորովայնամզային) սուր թարախային բորբոքում է, որն ուղեկցվում է դրա մեռուկացմամբ: Ի տարբերություն թարախակույտի` ֆլեգմոնայի ժամանակ բորբոքումը սահմանափակ չէ, այն տարածվում է փուխր ճարպաբջջանքի վրա: Այն հաճախ տեղադրվում է ենթամաշկային ճարպաբջջանքում: Ֆլեգմոնայի որոշ տեղադրություններ հատուկ անվանումներ ունեն. օրինակ` հարերիկամային բջջանքի ֆլեգմոնը կոչվում է հարերիկամաբորբ, հարուղիղաղիքային բջջանքինը` հարուղիղաղիքաբորբ:

Պատճառներ
Ֆլեգմոնան առաջանում է մաշկի, լորձաթաղանթի պատահական վնասվածքների դեպքում (բջջանքի մեջ թարախային վարակի հարուցիչների թափանցումից) կամ որպես թարախային հիվանդությունների (թարախակույտ, կարբունկուլ, ֆուրունկուլոզ) բարդություն:

Պաթոգենեզ
Ենթամաշկային ֆլեգմոնայի ախտանշաններն են ցավը, պինդ և ցավոտ ուռածության (ինֆիլտրատ) առաջացումը, այդ հատվածի մաշկի կարմրությունը: Ուռածությունը և կարմրությունը խիստ սահմանազատված չեն և արագ տարածվում են: Ի տարբերություն թարախակույտի` ֆլեգմոնայի ժամանակ ինֆիլտրատը պնդացած է մնում բավականին երկար ժամանակ. փափկացումը, որը հեղուկ թարախի առաջացման ախտանշան է, ի հայտ է գալիս ավելի ուշ: Ֆլեգմոնան ուղեկցվում է ընդհանուր երևույթներով` ջերմաստիճանի բարձրացմամբ, դողով, գլխացավով, սրտխառնոցով: Շրջապատող հյուսվածքների վրա գործընթացի տարածման ժամանակ կարող են թարախակալել ջլերը, հոդերը, մկանները:

Բուժում
Ֆլեգմոնայի բուժումը, որպես կանոն, վիրաբուժական է: Ժամանակին սկսված բուժման դեպքում ելքը բարենպաստ է, իսկ անուշադրության մատնելու դեպքում կարող են առաջանալ լուրջ բարդություններ:

Կանխարգելում
Ֆլեգմոնայի կանխարգելման համար անհրաժեշտ է ժամանակին բուժել մաշկի և ենթամաշկի մանր վնասվածքները և պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին