Անեմիա ֆոլաթթու պակասորդային

Անեմիա ֆոլաթթու պակասուրդայինՖոլաթթու պակասորդային սակավարյունություն (Ֆ-ՊՍ)
Ֆոլաթթուն վիտամին B12-ի հետ համատեղ մասնակցում է ուրիդինի, գլյուտամինաթթվի, պուրինային և պիրիմիդինային հիմքերի սինթեզին, որոնք անհրաժեշտ են ԴՆԹ-ի գոյացման համար:
Ֆոլաթթվի պաշարները օրգանիզմում սահմանափակ են, այդ պատճառով նրա անբավարարությունը շատ արագ է զարգանում: Եթե լրիվ բացառվում են ‎ֆոլատները սննդում, ապա սակավարյունությունը զարգանում է  2-4 ամսվա ընթացքում: Ֆոլաթթվի պակասի  առաջացման գլխավոր պատճառը համարվում է անհամապատասխան սննդակարգը: Ֆոլաթթվի ներծծման խանգարում դիտվում է լուծի, աղեբորբի, բարակ աղու մասնահատումների, "կույր աղու" ախտանիշի ժամանակ: Մի շարք դեղամիջոցներ, որոնք հանդիսանում են ‎ֆոլաթթվի նմանակներ կամ հակազդիչներ, նույնպես հանդիսանում են Ֆ-ՊՍ առաջացման պատճառ: Ալկոհոլն ընկճում է ‎‎ֆոլաթթվի փոխանակությունը օրգանիզմում: Ֆ-ՊՍ զարգանում է ալկոհոլ չարաշահողների 20-40% մոտ: Շատ արագ է զարգանում ‎ֆոլաթթվի պակասը հղիների և երեխաների մոտ:

Այսպիսով, Ֆ-ՊՍ առաջացման պատճառներն են.
  - ֆոլաթթվի սննդային անբավարարությունը (սննդում թարմ մրգերի և բանջարեղենի սակավություն),
  - ներծծման խանգարումով ընթացող աղեբորբը,
  - դեղորայքային (հակացնցումային դեղամիջոցներ, խմելու հակաբեղմնավորիչներ,     բարբիտուրատներ, մետոտրեկսատ և այլն),
 -  ալկոհոլային քրոնիկական թունավորում,
 - ֆոլաթթվի պահանջարկի բարձրացում՝ հղիություն, հեմոդիալիզ, էքսֆոլիատիվ դերմատիտ,   հեմոլիտիկ սակավարյունություն:

Կլինիկական պատկերը
Ավելի հաճախ հիվանդանում են երիտասարդները: Հիվանդության հիմնական  դրսևորումը սակավարյունային համախտանիշն է: Ստամոքսաղիքային համակարգի փոփոխություններն ավելի քիչ են արտահայտված՝  ի համեմատություն  B12-ՊՍ: Կարող է դիտվել լեզվի, բերանի խոռոչի լորձաթաղանթի  ապաճ, սակայն ատրո‎ֆիկ ստամոքսաբորբը և անթթվայնությունը ստամքսահյութի պակասի պայմաններում բացակայում են: Նյարդաբանական ախտանիշներ նունպես չեն դիտվում: Արյան և ոսկրածուծի բջջաբանական փոփոխությունները համապատասխանում են B12-ՊՍ ժամանակ եղած փոփոխություններին, այն է՝ մեգալոբլաստային  արյունաստեղծումը: Ֆոլաթթուն, ինչպես և վիտամին B12 հանդիսանում է մեթիոնին սինթետազի կոֆերմենտ, այնպես որ նրա պակասը բերում է շիճուկային հոմոցիստեինի մակարդակի բարձրացմանը:  Ֆ-ՊՍ ժամանակ նույնպես տեղի է ունենում էրիթրոիդ շարքի բջիջների ներոսկրածուծային քայքայում (դիզէրիթրոպոեզ), որի հետևանքով կարող է բարձրանալ անուղղակի բիլիռուբինի մակարդակը: 

Ախտորոշումը
Ախտորոշիչ նշանակություն ունի ‎ֆոլաթթվի խտության որոշումը էրիթրոցիտներում և արյան շիճուկում: Տարբերակում են այլ հիպերքրոմ մակրոցիտար սակավարյունությունների հետ:

Բուժումը, կանխարգելումը
Ֆոլաթթուն նշանակում են խմելու ձևով 5-15 մգ/օրը, որպես կանոն մեկ ամիս տևողությամբ: Ներծծման խանգարումներով պայմանավորված Ֆ-ՊՍ տառապող հիվանդների մոտ տեղի է ունենում սակավարյունության հետզարգացում, ինչը գնահատվում է արյան ցուցանիշներով՝ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացումով, MCV և MCHV նորմալացմամբ, ռետիկուլոցիտների քանակի բարձրացումով («ռետիկուլոցիտային (կրիզ)՝ բեկում»): Այն դեպքերում, երբ հնարավոր չէ ի սպառ վերացնել Ֆ-ՊՍ պատճառը, կանխարգելիչ նպատակով բուժումը պարբերաբար կրկնում են:

Հատուկ ուշադրություն են պահանջում հղիները: Համարվում է, որ հղիության ընթացքում ֆոլաթթվի պակասը նախատրամադրում է պտղի մոտ նյարդային խողովակի զարգացման արատի: Այդ պատճառով հղի կանանց լրացուցիչ նշանակում են ‎1մգ/օրը ֆոլաթթու: Խորհուրդ է տրվում նույն դեղաչափով  ֆ‎ոլաթթու նշանակել 1500 գ պակաս քաշ ունեցող անհաս նորածիններին և քրոնիկական հեմոլիտիկ սակավարյունություններով տառապող հիվանդներին:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am 
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին
Patterns  
անեմիա ֆոլաթթու պակասորդային