Ալերգիա (սննդային)

Ալերգիա ( սննդային)
 Զարգանում է երեխայի օրգանիզմի զգայունացման հետևանքով սննդամթերքում պարունակվող նյութերի ազդեցությունից։ Հակածնայրն հատկություններով օժտված այդ նյութերը, որպես կանոն, սպիտակուցային բնույթ ունեն։ Շատ վաղ զգայունություն է զարգանում կովի կաթի նկատմամբ։ Այնուհետև, տարիքի հետ, ալերգիկ նշանակություն են ստանում այնպիսի սննդանյութերը, ինչպիսիք են ձուն, ձուկը, գազարը, ցիտրուսները (կիտրոն, ելակ, մորի և այլն):


Ուշագրավ է նշել, որ զգայունությունը հեշտությամբ է զարգանում սննդում օգտագործվող դեղին և կարմիր գունակներ պարունակող բուսական նյութերից։ Ալերգիկ ծագման մեջ որոշակի դեր ունեն երեխայի օրգանիզմի ժառանգական նախահակումները։ Սննդային ալերգիայի զարգացմանը նախատրամադրող գործոններից կարևոր նշանակություն ունեն ստամոքսաաղիքային համակարգի վարակային և բորբոքային հիվանդությունները, ճիճվային և պարազիտային ինվազիաները, այսինքն այն ախտաբանական վիճակները, որոնք թուլացնում են լորձաթաղանթների պատնեշային ֆունկցիան։ Նպաստող գործոններ են նաև կանխարգելիչ պատվաստումները, դեղանյութերը և այլն։

Կլինիկան։ Սննդային ալերգենի ընդունումից հետո հյուսվածքային ռեակցիաների զարգացման հիմնական տեղը մարսողական համակարգի լորձաթաղանթն է։ Հիվանդության առաջին ախտանիշների ծագման ժամկետը կարող է տարբեր լինել։ Զգայունության գաղտնի շրջանը սովորաբար տատանվում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Երեխաների կյանքի առաջին ամիսներին սննդային ալերգիայի կլինիկական պատկերը կարող է արտահայտվել անաֆիլաքսային էնտերիտով՝ հաճախ հիշեցնելով սուր վարակային գաստրոէնտերիտը։ Երեխաները ջրազրկվում են, պակասում է մարմնի զանգվածը։ Լինում են մկանային թուլություն, ցավեր որովայնում։

Տարբերում են ստամոքսաաղիքային համակարգի ախտահարման հետևյալ տարատեսակները՝ կապված ախտաբանական պրոցեսի առավելագույն տեղակայումից։

Սուր ալերգիկ գաստրիտ։ Սովորաբար ֆունկցիոնալ բնույթ ունի և առաջին հերթին արտահայտվում է ստամոքսի շարժական գործունեության խանգարումներով։ Ուժեղանում է ստամոքսահյութի սեկրեցիան և ստամոքսի պերիստալտիկան։ Ալերգիզացնող սննդի ընդունումից մի քանի րոպե կամ մի քանի ժամ հետո հիվանդ երեխայի մոտ սկսվում է սրտխառնոց, առատ թքարտադրություն, սրտագդալի շրջանի սուր ցավեր։ Հիվանդը գունատվում է, ծածկվում սառը քրտինքով, նկատվում են խիստ թուլություն, հաճախասրտություն, գլխապտույտ, փսխում։ Փսխումը սովորաբար հանգստացնում է հիվանդին։ Որովայնի շոշափման դեպքում վերորովայնային շրջանում արտահայտված ցավեր են հայտնաբերվում։ Շատ դեպքերում փսխումից մի քանի ժամ անց հիվանդի վիճակը բարելավվում է, ինքնազգացումը լավանում։ Նոպայից հետո ռենտգենաբանական կամ գաստրոսկոպիկ հետազոտություններով ախտաբանական որևէ փոփոխություններ չեն հայտնաբերվում։

Քրոնիկական ալերգիկ գաստրիտ, դուոդենիտ և գաստրոդուոդենիտ։ Զարգանում է, որպես կանոն, ստամոքսաաղիքային համակարգում եղած ոչ ալերգիկ ծագման քրոնիկական հիվանդությունների ֆոնի վրա՝ ալերգիա առաջացնող սննդի երկարատև օգտագործումից։ Ստամոքսի և 12-մատնյա աղիքի քրոնիկական ախտահարման կլինիկական պատկերը սովորաբար արտահայտվում է վերորովայնային շրջանի ուժեղ, սակայն կարճատև ցավերով։ Հաճախ նշվում է ստամոքսի թթվագոյացման բարձրացում։ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի օգնությամբ հայտնաբերվում է ստամոքսաորկորային և 12-մատնյա աղիքաստամոքսային ոեֆլյուքսներ, կարդիայի անբավարարություն։ Լորձաթաղանթի ախտահարումը սովորաբար լինում է մակերեսային և գեղձային իսկական ատրոֆիաներ սովորաբար չեն նկատվում։

Ալերգիկ էնտերիտ։ Զարգանում է սուր, սննդի ընդունումից մի քանի րոպե հետո կամ աստիճանաբար՝ մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում։ Երբեմն նկատվում է սուբֆեբրիլ ջերմություն։ Երեխայի ընդհանուր վիճակը չի տուժում, բացակայում են ընդհանուր ինտոքսիկացիայի նշանները։ Ալերգիկ էնտերիտի յուրատեսակ ձև է ցելիակիա համախտանիշը ։

Ալերգիկ կոլիտ։ Երեխաների մոտ առաջին ամիսներին հաստ աղիքների հաճախ հանդիպող ալերգիկ ախտահարումներից է։ Առաջացման հիմնական պատճառը կովի կաթի անընդունելիությունն է։ Կլինիկական արտահայտությունները սովորաբար հայտնվում են սննդաբաժնի մեջ կաթնամթերք մտցնելուց մի քանի շաբաթ անց։ Սկզբում նկատվում է անկայուն կղանք, այնուհետև զարգանում է անհանգստություն, փքանք, որովայնի պատի լարվածություն։ Կղանքն ընդունում է լորձային բնույթ։ Կոպրոլոգիական քննությամբ հայտնաբերվում է մեծ քանակությամբ էոզինոֆիլներ, էպիթելային բջիջներ, ֆիբրինի թելիկներ։ Որոշ դեպքերում կղանքային զանգվածում նկատվում են էրիթրոցիտներ։ Առավել բարձր տարիքի երեխաների մոտ արյունահոսությունը կարող է լինել բացահայտ։ Հակաալերգիկ դեղամիջոցների օգտագործման և ալերգիկ սնունդը բացառող դիետայի պահպանման պայմաններում լորձաթաղանթը արագ վերականգնվում է, հիվանդի վիճակը բարելավվում։

Սննդային ալերգիայի ժամանակ լյարդի և ենթաստամոքսային գեղձի ախտահարումներ հազվադեպ են հանդիպում։

Մինչև երեք տարեկան երեխաների մոտ սննդային ալերգիայի բնորոշ կլինիկական տարբերակներից է էկզեման, Կվինկեի այտուցը և եղնջացանը։ Այտուցները և եղնջացանը առաջ են գալիս սննդային ալերգենի ընդունումից կամ մաշկի ու լորձաթաղանթների հետ արտաքին շփման հետևանքով։

Որոշ հիվանդների մոտ սննդային ալերգիան կարող է արտահայտվել հեմոռագիկ ցաների ձևով։

Անաֆիլաքսւպին շոկ։ Սննդային ալերգիայի դեպքում համեմատաբար հազվադեպ է հանդիպում։ Սովորաբար նկատվում է երեխաների կյանքի առաջին ամիսներին՝ կովի կաթի կամ բարձրաալերգիկ սննդամթերքի (ձուկ, ձու և այլն) Ալերգիա ( սննդային)օգտագործումից։ Երեխան դառնում է անհանգիստ, առաջանում է քոր և մաշկային ծածկույթների գերարյունություն, եղնջացան, շնչառության դժվարացում։ Մի քանի րոպեի ընթացքում երեխայի վիճակը խիստ վատանում է։ Գիտակցությունը մթագնում է, զարգանում են սրտանոթային, շնչական և մակերիկամային սուր անբավարարության նշաններ։

Սննդային ալերգիայի ախտորոշման համար մեծ նշանակություն ունեն հիվանդի անամնեզի տվյալները։ Ուշադրություն են դարձնում հարազատների մոտ ալերգիկ հիվանդությունների առկայության, ներարգանդային սենսիբիլիզացիայի կամ կրծքի կաթով սենսիբիլիզացման հնարավորության վրա (հղիության ընթացքը, հղի և կերակրող մոր սնման առանձնահատկությունները): Անամնեզում հատուկ տեղ է գրավում երեխայի սննդային ռեժիմի ուսումնասիրությունը, պարզաբանվում է առանձին սննդամթերքի ընդունման ժամկետը և ներմուծման հաջորդականությունը։ Երեխայի մորն առաջարկվում է ունենալ սննդային օրագիր, գրի առնել երեխայի ամենօրյա դիետան, նրա ունեցած ախտաբանական նշանները։ Այնուհետև սննդի ընդունման և ախտաբանական երևույթների ժամկետների համեմատությամբ ալերգիզացնող նյութերի վերաբերյալ համապատասխան եզրակացություն է արվում։ Սննդային ալերգիայի ախտորոշման համար որոշակի նշանակություն ունեն նաև հրահրող փորձանմուշները։ Էությունն այն է, որ օրգանիզմ ներմուծվող սննդային ալերգենի միջոցով վերարտադրվում են ալերգիայի արտահայտման ախտանիշները։ Հայտնի են այդպիսի փորձանմուշների մի քանի տարբերակներ՝ ներքին և ենթալեզվային ընդունման, լեյկոպենիկ, թոոմբոպենիկ, ալբումինային և այլն։ Լայն օգտագործվում են մաշկային փորձանմուշները, որոնք հիմնված են ներմուծվող ալերգենների և մաշկում գտնվող հակազդող հակամարմինների ռեակցիայի վրա։ Սննդային ալերգիայի պարզաբանման համար նշանակություն ունեն նաև էնդոսկոպիկ հետազոտությունները, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերելու լորձաթաղանթի ախտահարման ալերգիկ բնույթը, ինչպես նաև արյան քննության տվյալները, որոնք հայտնաբերում են էոզինոֆիլիա, լեյկոպենիա և թրոմբոցիտոպենիա։ Հիվանդության ծանր քրոնիկական ընթացքի դեպքում կարող են նկատվել հիպոպրոտեինեմիա, հիպոպրոթրոմբինեմիա, հիպոխոլեսթերինեմիա։

Բուժումը։ Սննդային ալերգիայի բուժման համար կարևոր նշանակություն ունի սննդային ալերգենի հայտնաբերումը և նրա բացառումը սննդից։ Դեղորայքային թերապիան օժանդակող բուժման մեթոդ է։ Անմիջական ալերգիկ ռեակցիաների դեպքում նշանակվում են հակահիստամինային պատրաստուկներ:

Ավելի ծանր դեպքերում կիրառվում են գլյուկոկորտիկոիդներ, հակամակարդիչներ։ Բոլոր դեպքերում արդյունավետ է վիտամինաթերապիան։ Սննդային ալերգիայի զարգացման մեխանիզմներից անկախ, բոլոր հիվանդներին ցուցված է վարակային օջախների բուժումը, զգուշություն` միջընթաց հիվանդությունների բուժման ժամանակ դեղամիջոցներ նշանակելիս։

 

 
Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն 
Վ.Ա. Աստվածատրյան
 
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին 
Patterns  
ալերգիա (սննդային)