Իրիդոցիկլիտն իրենից ներկայացնում է աչքի անոթաթաղանթի բորբոքում, որի ժամանակ ախտահարվում են ծիածանաթաղանթը (իրիտ) և ցիկլիտը (թարթիչամարմին):

Պատճառներ
Իրիդոցիկլիտ հիվանդության առաջացման հիմնական պատճառը վարակիչ հիվանդություններն են, օրինակ` գրիպը: Հաճախ նկատվում է ռևմատիզմի, ինչպես նաև տուբերկուլոզի ժամանակ: Պատճառ կարող են լինել նաև նյութափոխանակության հետ կապված որոշ հիվանդությունները և աչքի վնասվածքները:

Պաթոգենեզ
Իրիդոցիկլիտը տարածվում է շատ արագ` ախտահարելով ծիածանաթաղանթը և ցիկլիտը: Եթե սկզբում առաջանում է ծիածանաբորբը, ապա հիվանդն առաջին հերթին ուշադրություն է դարձնում աչքերի կարմրությանը, իսկ երբ բորբոքվում է ցիկլիտը, առաջանում են ուժեղ ցավեր: Երբեմն հիվանդությունն սկսվում է ցիկլիտի ախտահարմամբ, և ցավերն առաջանում են անմիջապես: Բացի ցավերից նկատվում են նաև լուսավախություն, ինչպես նաև տեսողության նվազում: Հիվանդությունը կարող է բարդանալ տեսողական նյարդի բորբոքումով, իսկ որոշ ձևեր կրկնվելու հակում ունեն: Իրիդոցիկլիտի ծանր բարդություններից են բբի սպիանալը, երկրորդային գլաուկոման, ապակենման մարմնի կայուն պղտորումը, և նույնիսկ ակնագնդի ապաճումը:

Բուժում
Հիվանդության ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Ինքնաբուժումը (թեյով թրջոցներ), ինչպես նաև որոշ դեղանյութերի օգտագործումը (օրինակ` ալբուցիդ) կարող է հանգեցնել ոչ դարձելի գործընթացի առաջացման: Իրիդոցիկլիտի ժամանակին հայտնաբերումը և հիվանդության առաջացման պատճառի պարզումը բժշկին կօգնեն կանխել հնարավոր բարդությունները: Ժամանակին բուժվելիս հիվանդությունն ավարտվում է առանց աչքի որևէ փոփոխության:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին