Սրտխառնոց

Սրտխառնոցը յուրատեսակ տհաճ զգացողություն է սրտագդալի շրջանում և ըմպանում, որը հաճախ ավարտվում է փսխումով: Առաջանում է հիմնականում սննդային թունավորումների և որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների, ալկոհոլով, շմոլ գազով և այլ թույներով թունավորումների ժամանակ, հղիության վաղ շրջանում, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումից, սուր վարակիչ և այլ հիվանդություններից: Սրտխառնոցը կարող է լինել անհետաձգելի բուժօգնություն պահանջող հիվանդության (որդանման ելունի բորբոքում, լեղապարկի բորբոքում) վաղ ախտանշան, վկայել քրոնիկական հիվանդության ընթացքի վատացման և նյութափոխանակության ծանր խանգարումների (օրինակ միզարյունության, շաքարախտի սրացման) մասին:
Սրտխառնոցը հաճախ առաջանում է ուժեղ, մեծ մասամբ բացասական հույզերից, հատկապես սննդից զզվելուց: Նման դեպքում վիճակը թեթևացնելու համար քթին պետք է մոտեցնել անուշադրի սպիրտով թրջած բամբակ, լեզվի տակ դնել վալիդոլի հաբ կամ խմել 10-15 կաթիլ անանուխի թուրմ (1 ճաշի գդալ ջրում նոսրացրած), օգտակար է նաև մաքուր օդը: Համառ սրտխառնոցի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի` պատճառը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
Սրտխառնոց