Թոքաբորբ (նորածնային)

Ըստ առաջացնող պատճառի նորածնային թոքաբորբերը լինում են.
- վիրուսային
-մանրէական
-պարազիտային
-սնկային
-միկոպլազմային  
-խառը


Ըստ զարգացման շրջանների՝.
-ներծննդային (ինտրանատալ)
-ներարգանդային 
-հետծննդային (պոստնատայլ): Հիվանդության զարգացման համար մեծ նշանակություն ունի նորածնի օրգանիզմի ռեակտիվականության փոփոխությունը, որը կարող է առաջանալ տարբեր անբարենպաստ գործոններից՝ մոր հիվանդությունից, ախտաբանական հղիությունից և ծննդաբերությունից, սնուցման խանգարումից, սառեցումից, գերտաքացումից և այլն։

Պաթոգենեզը։ Երեխաների թոքաբորբերի ախտածնության մեջ ընդգծվում են 3 հիմնական պրոցես.
1. հիպոքսեմիայի, հիպերկապնիայի և ացիդոզի զարգացում,
2. միջանկյալ նյութափոխանակության խանգարում,
3. իմունաբանական դիմադրողականության իջեցում և հիպովի տամինոզների զարգացում։

Նորածնային թոքաբորբերի ախտածագման առանձնահատկություններից են կենտրոնական նյարդային համակարգի և վեգետատիվ ֆունկցիաների խանգարումների հետ կապված տոքսիկոզի արագ զարգացումը, բորբոքական պրոցեսների համատարածման հակումը, կենսական կարևոր ֆունկցիաների նյարդառեֆլեքսային կարգավորման խանգարումների գերակշռումը, թոքային հիպերտենզիան և անոթային այլ տեղաշարժերը, հիպոգամագլոբուլինեմիան և հիպովիտամինոզները։ Թոքաբորբերի ծանրությունը որոշում են տոքսիկոզի արտահայտվածությամբ, հիմնական օրգանների և համակարգերի ֆունկցիայի խանգարումով, ինչպես նաև թոքերում ձևաբանական փոփոխությունների արտահայտվածության աստիճանով։ Սուր ընթացքի դեպքում թոքաբորբը տևում է 2-6, ենթասուրը՝ 6-8, ձգձգվողը՝ 12-14 շաբաթ։

Կլինիկան։ Նորածնային թոքաբորբերը կարող են զարգանալ նորածնի կյանքի առաջին օրերին, թեև կլինիկորեն այն հաճախ նկատելի է դառնում կյանքի 5-8-րդ և հետագա օրերին։ Հիվանդության սկիզբը բնորոշվում է երեխաների վիճակի հարաճուն ծանրացումով, ջերմաստիճանի բարձրացումով մինչև 38-39°, թունավորման ուժեղացումով (փսխում, սննդից հրաժարվել, որովայնի փքվածություն) և սրտանոթային համակարգի անբավարարության երևույթների (հևոց, ցիանոզ, հազ, շնչահեղձուկի նոպաներ) արտահայտված զարգացումով։ Թոքերում գոյանում են օջախային փոփոխություններ, որոնք հայտնաբերվում են կլինիկական և ռենտգենաբանական հետազոտությամբ։ Թոքաբորբերը, որպես կանոն, ընթանում են բրոնխոպնևմոնիայի ձևով, թեև կարող են նաև բազմահատվածային (պոլիսեգմենտար) լինել և ուղեկցվել թոքերի ատելեկտազներով։ Թունավորման ծանրության մասին են վկայում աճող թուլությունը, ադինամիան, շնչահեղձուկի նոպաները, բրադիկարդիան, հեմոռագիկ ցանը, աղիքների թերլուծանքը (պարեզը), ցնցումային համախտանիշը և այլն։ Արյան ուսումնասիրությունը հայտնաբերում է ձախ թեքումով լեյկոցիտոզ կամ արյունաստեղծման ընկճման նշաններ (լեյկոպենիա, ագրանուլոցիտոզ, մոնոցիտոզ և այլն)։

Ռենտգեննկարահանման դեպքում նկատելի են բրոնխաանոթային պատկերի զգալի ուժեղացում, թոքերում՝ օջախային փոփոխություններ։ Օջախները տեղ-տեղ ձուլվում են` առաջացնելով ոչ միատարր խոշոր ստվերներ։ Ստաֆիլոկոկային քայքայող (դեստրուկտիվ) թոքաբորբերի համար հատկանշական է տոքսիկոզի արագ զարգացումը, մաշկի դեղնագունատ երանգը, շնչական և սրտանոթային անբավարարությունների պարզորոշ զարգացումը, ախտահարված կողմում՝ պերկուտոր հնչյունի բթացումը, լսելիս՝ թաց խզոցները։ Մարմնի ջերմաստիճանը երբեմն կարոդ է լինել նորմալ կամ ենթատենդային։ Դեստրուկտիվ թոքաբորբերը ժամանակին հայտնաբերելու համար անհրաժեշտ է թոքերի ռենտգենաբանական հետազոտություն կատարել։

Բուժումը։ Թոքաբորբը հայտնաբերելուն պես անհրաժեշտ է նորածնին շուտափույթ հոսպիտալացնել մասնագիտացված բաժանմունքում։ Բուժումը պետք է լինի կոմպլեքսային։ Լավագույն արդյունք է ստացվում ազդեցության լայն սպեկտր ունեցող հակաբիոտիկների կիրառումից։ Թոքաբորբերի բուժման կոմպլեքսում բարենպաստ ներգործություն ունի օդաբուժությունը (աերոթերապիան): Հիպոքսիայի ավելի արագ վերացմանը նպաստում է օքսիգենոթերաաիան (թթվածնային բուժումը): Այն ավելի նպատակահարմար է կիրառել ինհալացիոն ձևով՝ թթվածնային վրանիկներում։ Թոքերի օդափոխումը բարելավելու նպատակով վերին շնչական ուղիներից մշտապես արտածծում են լորձը, օգտագործում են հիմնային աերոզոլներ և այլ միջոցներ։ Թոքերի այտուցի դեմ պայքարելու նպատակով կատարվում է հակափրփուրային և ջրազրկման (դեհիդրատացիոն) թերապիա։ Ջրազրկման նպատակով օգտագործում են միզամուղ միջոցներ։ Միզամուղների ընդունումը զուգակցում են հեղուկների ներմուծման հետ, որը օրվա ընթացքում սննդի հետ պետք է կազմի 150-200 մլ/կգ։ Ստաֆիլոկոկային թոքաբորբերի ժամանակ կատարվում է նաև արյան ուղղակի փոխներարկում, հակաստաֆիլոկոկային պլազմայի և հակաստաֆիլոկոկային գամագլոբուլինի ներարկում։ Թոքաբորբերի շատ ծանր ընթացքի դեպքերում, ինչպես նաև արտահայտված ալերգիկ վիճակներում, ծննդաբերական վնասվածքների, մակերիկամային անբավարարության ժամանակ ցուցված է պրեդնիզոլոն։ Հորմոնների կիրառումը զուգակցվում է հակաբիոտիկների, վիտամինների, կալիումի պատրաստուկների հետ։

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
Նորածնային թոքաբորբ