Խիստ վտանգավոր (կարանտինային), սուր վարակիչ հիվանդություն է, որը արտահայտվում է ուժեղ ինտոքսիկացիայի երևույթներով, մաշկի ավշային գեղձերի, թոքերի և այլ օրգանների ախտահարմամբ։ ժանտախտը համարվում է մարդու ամենահին հիվանդություններից մեկը։ Առաջին տեղեկություններն այս հիվանդության մասին պատկանում են Դուֆա Եփեսացուն, որի վկայությամբ մ.թ.ա. 3-րդ դարում ներկայիս Լիբիայի, Սիրիայի և Եգիպտոսի տարածքներում բռնկված համաճարակից միլիոնավոր մարդիկ են մահացել։ ժանտախտի առաջին պանդեմիան, որը հայտնի է «Հուստինյանոսի ժանտախտ» անունով, արձանագրվել է մ.թ. Yi դարում, սկսվել է Եգիպտոսից, ապա ընդգրկել է ամբողջ Բյուզանդական կայսրությունը պատճառելով մոտ 100 մլն. զոհ։ XIY դարում արձանագրվում է ժանտախտի երկրորդ պանդեմիան «Սև մահ» անունով, սկսվելով ասիական մայրցամաքից՝ այն անցել է ամբողջ Եվրոպան, խլելով մոտ 50 մլն. կյանք։ Այս պանդեմիայի ժամանակ առաջին անգամ Վենետիկում կատարվել է կարանտինային ծառայություն։ Երրորդ պանդեմիան 1894 թվին արձանագրվում է Հոնկոնգում, որտեղից հիվանդությունը տարածվել է Չինաստան, Հնդկաստան, ճապոնիա, հետո՝ Եվրոպա, Հարավային և Հյուսիսային Ամերիկա խլելով միլիոնավոր կյանքեր։

XX դարի սկզբներին արձանագրվում է թոքային ժանտախտ Մոնղոլիայում, որը տարածվում է Ռուսաստանում, Չինաստանում, իսկ հետո նաև այլ երկրներում։ Վերը նշված պանդեմիաներից զերծ չի մնացել նաև Հայաստանը։ 350-354 թվերին ժանտախտի բռնկում է արձանագրվել Արարատ լեռան հարավ-արևմտյան մասում, որին զոհ է գնացել նորակառույց Արշակավան քաղաքի գրեթե ողջ բնակչությունը։ Արշակ Երկրորդի թագավորության ժամանակ արձանագրվում է երկրորդ բռնկումը Արտագերս ամրոցում։ 1814թ. այս հիվանդությունը ուժեղ բռնկում է տվել Լոռու պղնձաձուլական գործարանի Թուրքիայից եկած հույն բանվորների մեջ։ 1828 - 1830թ. , ինչպես նաև 1838 - 1843թ.թ. Անդրկովկասը ժանտախտի տեսակետից համարվել է անապահով տարածք։ Պարբերաբար բռնկումներ են արձանագրվել զանազան վայրերում, այդ թվում նաև Հայաստանում։ 1877թվից հետո Հայաստանում այս հիվանդությունը չի արձանագրվել մինչև օրս, չհաշված հիվանդության մեկ դեպքը Սիսիանի շրջանում (1970թ.)։ Չնայած դրան, Հայասատանի տարածքում պահպանվել են այս հիվանդության բնական օջախները Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի, Գորիսի, Գուգարքի շրջաններում, որոնք պարբերաբար ստուգվում և հսկողության տակ են պահվում հանրապետության հակաժանտախտային կայանի կողմից։

Վարակի աղբյուրը
Մոտ 200 տեսակի կրծողներ են (գետնասկյուռներ, ավազամկներ, սև և գորշ առնետներ, տնային մկներ, գորշ հոմոտերիկներ, հասարակ դաշտամկներ և այլն)։ Այս կրծողները բարձր ընկալություն և նույնքան բարձր զգայնություն ունեն ժանտախտի հարուցիչների նկատմամբ։ Ընտանի կենդանիներից ուղտերը, կատուները նույնպես ունեն որոշակի համաճարակաբանական նշանակություն ժանտախտի վարակի աղբյուրի տեսակետից։ Բուբոնային (գեղձուռուցքային) ժանտախտով հիվանդ մարդը համաճարակաբանական վտանգ գրեթե չի ներկայացնում։ Հարուցիչների արտազատումը արտաքին աշխարհ տեղի է ունենում գեղձուռուցքի (բուբոն) պատռվելուց հետո, և այս հանգամաքը որոշակի համաճարակաբանական նշանակություն ունի։ Ժանտախտի անտրոպոնոզ օջախում վարակի աղբյուր են համարվում նրանք, ովքեր հիվանդ են այս հիվանդության առաջնային և երկրորդային թոքային ձևով, որը չունի խոշոր համաճարակաբանական նշանակություն։ Թոքային երկրորդային ժանտախտ սեպտիցեմիայի հետևանքով, որպես օրենք, առաջանում է գեղձուռուցքային ժանտախտից, մինչդեռ առաջնային թոքային ժանտախտով մարդիկ հիվանդանում են երկրորդային թոքային ժանտախտով տառապողներից ու վարակվում են նրանցից օդակաթիլային ճանապարհով։ Թոքային ձևի ժանտախտը ընթանում է յուրահատուկ թոքաբորբերի ձևով, բարձր ինտոքսիկացիայով, արյունային խորխարտադրությամբ։

Այս ձևի ժամանակ հարուցիչներն աչքի են ընկնում բարձր վիրուլենտությամբ, հետևապես և՝ մարդկանց բարձր զգայնությամբ և ընկալությամբ։ Շնորհիվ հիվանդության կարճատև գաղտնի շրջանի (2-3 օրից մինչև 6 օր) հիվանդությունը շատ կարճ ժամանակամիջոցում համաճաբակային բնույթ է ստանում։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, հիվանդի ջերմությունը բարձրանում է (39-40°), սկսվում է դող, ուժեղ գլխացավ, դեմքը կարմրում է, աչքերը՝ հիպերեմիկ, հիվանդը ջարդվածություն է զգում, ցավում են մկանները, առաջանում է սրտխառնոց, փսխում, լեզուն փառակալում է, ծանր դեպքերում դեմքը լինում է կապտած, հիվանդն համակվում է վախի զգացումով, տառապում է անքնությամբ, փախչում է անկողնուց, նկատվում է հալյուցինացիա, քայլվածքը դառնում է երերուն (հարբած մարդու նման), ախտահարվում է սիրտանոթային համակարգը (տախիկարդիա), սրտի զարկերը թուլանում են, դառնում ոչ ռիթմիկ, արյան ճնշումն իջնում է, հեմոռագիայի երևույթներ («սև մահ»)։ Հիվանդության ախտորոշումը կատարվում է համաճարակաբանական անամնեզի, կլինիկական պատկերի և լաբորատոր քննության միջոցով։ Հատկապես կարևոր նշանակություն ունի հիվանդության հատ ու կենտ դեպքերի (սպորադիկ դեպքեր) ժամանակին հայտնաբերումը։ Պետք է որոշակի ուշադրություն դարձնել կասկածելի հիվանդների պրոֆեսիանալ կողմի վրա (էքսպեդիցիաներ, կրծողների, փոխանցողների հետ շփում և այլն)։

Լաբորատոր քննության հիմքում դրված է ժանտախտի հարուցիչների  հայտնաբերումը։ Քննությունները կատարում են հատուկ լաբորատորիայում։ Լաբորատոր քննության համար նյութ է ծառայում կասկածելի հիվանդի գեղձուռուցքի պարունակությունը խորխը և լորձը՝ թոքային ժանտախտի ժամանակ և արյունը՝ բոլոր տիպի հետազոտությունների դեպքում։ Հիվանդության հարուցիչները պատկանում են էնտերոբակտերիացեա ընտանիքին՝ Yesinia Pestis (Լեման ևՆեուման, 1896; Վան Լոգեմ, 1944) պոլիմորֆ մանր, անշարժ, կլորացած ծայրերով, երկբևեռ, գրամ բացասական ցուպիկ է, սպոր չի առաջացնում։ Նրանց Խոտենգերի ագարի վրա աճեցնելիս ստացվում են "R" և "Տ" ձևերի գաղութներ։ "R" ձևի գաղութները պատկանում են հիմնականում վիրուլենտ շտամներին, իսկ "Տ" ձևերը՝ ավիրուլենտ ձևերին և բնության մեջ չեն հանդիպում։

Փոխանցման մեխանիզմը
Հիվանդության հարուցիչները վարակված կրծողների վրա ապրող էկտոմակաբույծերը, հատկապես լվերը, ժանտախտը փոխանցողներն են։ Հիվանդությունը տարածելու տեսակետից վտանգավոր են այն լվերը, որոնց հետ մարդիկ շփվում են տանը և դաշտում։ Դրանք մարդկանց և առնետների լվերն են՝ Puiex irritans, Xenopsylla Cheopis, Ceratophyllus fasciatus: Լվերը հիվանդ (վարակված) կենդանիներից ծծած արյան հետ միասին իրենց օրգանիզմ են ներմուծում նաև ժանտախտի հարուցիչները։ Վերջինները բազմանում են լվի ստամոքսաղիքային համակարգում այն աստիճանի, որ խցանում են ստամոքսի էպիգաստրալ մասը։ Երբ այդպիսի լուն փորձում է նորից արյուն ծծել, ապա արտափսխում է խցանը, որը լի է ժանտախտի հարուցիչներով։ Վերջիններս կծած տեղից թափանցում են օրգանիզմ և վարակում են այն։ Այս ձևով վարակվածների մոտ առաջանում է գեղձուռուցքային ժանտախտը։ Մարդը ժանտախտով կարող է վարակվել նաև հիվանդ կենդանիների հետ շփվելիս, որսի միսը մշակելիս, կրծողների կեղտոտած սննդամթերքը, որոշ կրծողների վարակված միսն օգտագործելիս։ Ժանտախտի թոքային ձևի ժամանակ առողջ մարդը հիվանդից վարակվում է օդակաթիլային, օդափոշային ժանապարհներով։ Ժանտախտից սատկած կենդանիների օրգանիզմում հիվանդության հարուցիչները հատկապես ցածր ջերմաստիճանի պայմաններում կարող են իրենց կենսունակությունը պահպանել 3-5 ամիս։ Փոխանցողների օրգանիզմում դրանք ապրում են մեկ տարուց ավելի, ջրում՝ մինչև մեկ ամիս, հողում մինչև 3 ամիս։ Հիվանդության հարուցիչները արտաքին միջավայրի պայմաններում որոշակիորեն կորցնում են իրենց վիրուլենտ հատկությունները։ Սակայն, անցնելով կենդանիների օրգանիզմ, վերականգնում են իրենց բարձր վիրուլենտությունը։

ժանտախտի բնական օջախները տարածված են աշխարհի տարբեր ռեգիոններում Մոնղոլիա, Մանջուրիա, Հարավային Չինաստան, Տիբեթ, Հնդկաստան, Միջին Ասիա, Փոքր Ասիա, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրաք, Կենտրոնական Կովկաս, Աֆրիկա, Մադագասկար, Հյուսիսային Ամերիկա, Արգենտինա, Բրազիլիա, Պերու։ Բնական օջախներում մարդիկ հիվանդանում են նաև կոնտակտային և սննդային ճանապարհներով։ Բնական օջախներում, ուր վարակումը կատարվում է տրանսմիսիվ ճանապարհով, հիվանդության սեզոնայնությունը արձանագրվում է ամռան, աշնան ամիսներին, իսկ հիվանդության շտեմարան հանդիսացող այն կրծողների մոտ, որոնք ձմռան ամիսներին քուն են մտնում, հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են գարնան ամիսներին։

Ընկալունակություն և անընկալունակություն
Բնական անընկալություն ժանտախտի ժամանակ գոյություն չունի։ Վարակի աղբյուրի հետ շփված բոլոր մարդիկ գրեթե միշտ հիվանդանում են, այլ կերպ ասած՝ ժանտախտի նկատմամբ մարդկանց ընկալությունը շատ բարձր է, գրեթե 100%: Հիվանդանալուց հետո ձեռք են բերում կայուն անընկալություն, հիվանդացման կրկնակի դեպքեր չեն լինում։ Չնայած բազմաթիվ ուսումնասիրություններին այնուամենայնիվ ժանտախտի իմունոլոգիական մեխանիզմները դեռևս ամբողջությամբ պարզաբանված չեն։ Արհեստական անընկալության նպատակովօգտագործում են հակաժանտախտային կենդանի կամ քիմիական պատվաստանյութ։

Պայքարի և կանխարգելման միջոցառումները
Կանխարգելման միջոցառումների հիմքում ընկած են հետազոտությունը և հսկողությունը բնական օջախների նկատմամբ և ժանտախտի տարածման կանխումը հիվանդության էնդեմիկ վայրերից դեպի այն տարածքները, որոնք համարվում են այս հիվանդությունից զերծ գոտիներ։ Համաճարակաբանական հետազոտությունները հիվանդության բնական օջախներում ներառում է սիստեմատիկ էպիզոտոլոգիական ուսումնասիրություններ՝ կրծողների մեջ հիվանդության առկայության դեպքում նրանց ոչնչացման աշխատանքները (դեռատիզացիա, դեզինսեկցիա) կազմակերպելու նպատակով։ ժանտախտի դեմ կանխազգուշական պատվաստումները առողջ մարդկանց մոտ անհրաժեշտ է անցկացնել համաճարակաբանական ցուցմունքներով, երբ մարդիկ ապրում են այս հիվանդության տեսակետից էնդեմիկ վայրերում, ինչպես նաև, երբ մարդկանց մեջ արձանագրվում է հիվանդության դեպք։ 1903թ. առաջին անգամ փորձարկվել են կանխագուշական պատվաստումներ Կոլլեի և Օտտոյի կողմից կենդանի ավիրուլենտ իմունոգեն շտամներով, որը տվել է բավարար արդյունքներ։ Հետագայում ժերարը և Ռոբիկը (1936) Մադագասկարում պատվաստված ծովախոզուկներին վարակեցին ժանտախտի հարուցիչներով և եկան այն եզրակացության, որ պատվաստանյութը օժտված է բավականին բարձր իմունոգենությւսմբ, ապա նման տվյալներ ստացան մարդկանց պատվաստելուց հետո։

Շատ կարևոր նշանակություն ունի էնդեմիկ և էպիդեմիկ երկրներից ժանտախտի ներթափանցման կանխարգելումը։ Այս դրույթն ունի օրենսդրական հիմք ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում (տարածքի սանիտարական պահպանումը), որի հիմնական հարցերը բխում են «Միջազգային բժշկասանիտարական օրենքից»։ Համաձայն այս օրենքի՝ նավահանգիստներում, օդանավակայաններում, երկաթուղային և ավտո կայարաններում հարցման են ենթարկվում այն ուղևորները, որոնք ժամանել են այս հիվանդության նկատմամբ անապահով վայրերից։ Կասկածելիներին 6 օր տևողությամբ ենթարկում են անհատական մեկուսացման (օբսերվացիա)։ Կասկածելի հիվանդները և նրանց հետ շփման մեջ մտած անձինք նույնպես ենթակա են օբսերվացիայի։ էպիզոտոլոգիական և էնտոմոլոգիական քննության են ենթարկվում տրանսպորտային միջոցները՝ կրծողներին, նրանց էկտոմակաբույծերին հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ Վերը նշված միջոցառումները իրագործվում են կարանտինային ծառայության կողմից։

Հակահամաճարակային միջոցառումներն անցկացվում են հիվանդության դեպքեր հայտնաբերելիս։ Այս նպատակով բոլոր շրջաններում գոյություն ունեն մոբիլիզացիոն պլաններ։ ժանտախտի առաջին դեպքը հայտնաբերելիս՝ շտապ անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի առողջապահության նախարարությանը։ Միաժամանակ միջոցառումներ են ձեռնարկվում հիվանդության օջախը տեղայնացնելու ու վերացնելու ուղղությամբ։ Այդ միջոցառումներն իրականացվում են հակահամաճարակային արտակարգ հանձնաժողովի կողմից, որը ստեղծում է համապատասխան խմբեր (հոսպիտալային, սանիտարահակահամաճարակային լաբորատորիա, կոնսուլտացիաներ, ախտահանիչ, կենդանամակաբուծային, կարանտինային, վարչատնտեսական)՝ այս հիվանդության դեմ արդյունավետ միջոցներ կիրառելու նպատակով։ Հիվանդին հայտնաբերելուց և մեկուսացնելուց հետո օբսերվացիայի են ենթարկվում նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև այն անձինք, ովքեր շփում են ունեցել հիվանդության հարուցիչներով վարակված իրերի, դիակի, վարակված մորթու հետ։ Վերը նշված անձանց միաժամանակ ենթարկում են կանխազգուշական բուժման (ստրեպտոմիցին, դիհիդրոստրեպտոմիցին, պասոմիցին, մոնոմիցին, տետրացիկլին)։

Օբսերվատորներում և օջախներում միաժամանակ կատարվում է ընթացիկ և կանխարգելիչ ախտահանում։ Ազգաբնակչությանը ենթարկում են պատվաստումների։ Արտակարգ հանձնաժողովի որոշմամբ բնակավայրում ստեղծում են կարանտինային ծառայություն։ Օջախը համարվում է վերացված այն ժամանակ, երբ անցկացվում են բոլոր ախտահանիչ և դեռատիզացիոն աշխատանքները, հոսպիտալից դուրս է գրվում վերջին հիվանդը և հիվանդության առավելագույն գաղտնի շրջանից հետո (6 օր) հիվանդության կրկնակի դեպքեր չեն արձանագրվում։ Հիվանդության օջախում աշխատող անձնակազմը պարտավոր է կատարել այն բոլոր ռեժիմային պահանջները, որոնք նախատեսված են հրահանգով (պատվաստումներ, հակաժանտախտային արտահագուստ, խալաթ, դիմակ, երկարաճիտ ռետինե կոշիկներ և այլն)։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին