Այտուցաարյունահոսական

Նորածինների և վաղ մանկական տարիքի պնևմոպաթիաներ

Նորածինների պնևմոպաթիաների ամենածանր ձևերից է։ Օրգանիզմի այն ընդհանուր ախտաբանական հիդրատացիայի արտահայտությունն է, որը զարգանում է ներարգանդային հիպոքսիայի և նյութափոխանակության պրոցեսների խանգարման հետևանքով։ Թոքային հյուսվածքում հեղուկի կուտակման ու թույլ արտազատման հետևանքով թոքային հյուսվածքը ստանում է կապտավուն գունավորումով խմորանման կազմություն, որը խիստ ընկճում է նրա ֆունկցիոնալ հնարավորությունները։

 

Այտուցաարյունահոսական համախտանիշի կլինիկական պատկերը մեծ նմանություն ունի թոքերի հիալինային թաղանթների և ցրված ատելեկտազների հետ։ Հայտնվում է հևոց, կրծքավանդակի փափուկ տեղերի ներքաշում։ Առատ հիդրատացիայի դեպքում բերանից լինում է փրփրային հեղուկի արտազատում, լսվում է կոշտացած շնչառություն և տարածուն թաց խզզոցներ։ Խախտվում է սրտանոթային համակարգի գործունեությունը։ Ռենտգեննկարահանման ժամանակ թոքային պատկերը երևում է աղոտ, ոչ պարզորոշ։ Թոքերի կենտրոնական հատվածներն ունեն միատարր պղտոր տեսք, միջնորմի և ստոծանու ուրվագծերը համեմատաբար թույլ են արտահայտված։ Թոքերի այտուցային ֆոնի վրա նկատելի են ավելի խիտ բորբոքային- ատելեկտազային հատվածներ, իսկ արյունազեղման տեղերում՝ մթագնումներ Թոքերի զանգվածային արյունազեղումներ։ Այս ախտաբանությա նը նորածինների մի մասի մոտ կարող է մահվան պատճառ դառնալ։ Հաճախ հանդիպում է անհաս նորածինների մոտ։

Թոքային արյունազեղումները կարող են լինել ալվեոլային, ինտերստիցիալ և խառը։ Ինտերստիցիալ արյունազեղումները կարող են նկատվել կյանքի առաջին օրը մահացած երեխաների մոտ, իսկ ալվեոլայինը՝ ավելի ուշ։

Թոքային արյունազեղումների ախտանիշը շնչական ուղիների արյունահոսությունն է։ Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ դիտարկվում են թոքային հենքի ու անոթային պատկերի խիստ ուժեղացում, անորոշ ուրվագծերով ներալվեոլային արյունազեղումների բազմաթիվ օջախներ։ Ներալվեոլային այտուցների դեպքում բերանից արյան խառնուրդով փրփրային հեղուկ է արտազատվում, իսկ արյունազեղումների դեպքում՝ արյունահոսություն քթից և բերանից։ Թոքերի զանգվածային արյունազեղումը կարող է լինել թոքաբորբերի, ներգանգային արյունազեղումների, հեմոլիզային հիվանդության և այլ բարդությունների դեպքում։

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
այտուցաարյունահոսական