Թրոմբոֆլեբիտն իրենից ներկայացնում է երակների խցանում արյան մակարդուկով (թրոմբով), որի հետևանքով առաջանում է անոթային պատի բորբոքում։ Առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների երակները։ Տարբերում են սուր և քրոնիկական, իսկ ըստ երակների տեղադրության՝ խորանիստ և մակերեսային թրոմբոֆլեբիտ։

Պատճառներ
Թրոմբոֆլեբիտն առաջանում է որպես վարակի բարդացում կամ բորբոքումը վերքից երակի պատին անցնելու արդյունք, երբեմն էլ ծննդաբերության բարդություն է։ Թրոմբոֆլեբիտի առաջացմանն էապես նպաստում են արյան մակարդելիության բարձրացումը կամ հոսքի դանդաղումը, երակի պատերի փոփոխությունները։ Թրոմբոֆլեբիտը լուրջ հիվանդություն է և կարող է հանգեցնել ծանր բարդությունների։ Առանձնապես վտանգավոր են դեմքի թրոմբոֆլեբիտը, որի դեպքում բորբոքային գործընթացը կարող է տարածվել գլխուղեղի երակների վրա, և կոնքային երակների թրոմբոֆլեբիտը, որը հաճախ բարդանում է, երբ մակարդուկը պոկվում է և խցանում թոքային զարկերակի ճյուղերը։

Պաթոգենեզ
Ստորին վերջույթների խորանիստ երակների սուր թրոմբոֆլեբիտն առավել հաճախ առաջանում է հանկարծակի, մի քանի ժամվա ընթացքում։ Նկատվում են սուր ցավեր մկաններում (երակների ընթացքով), վերջույթի այտուց, ընդհանուր վիճակի վատացում։ Հիվանդությունն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ (39° Շ և ավելի), դողով։ Սուր երևույթները մեղմանալուց հետո հիվանդությունը կարող է անցնել քրոնիկական ձևի։ Մի շարք դեպքերում պահպանվում է երակի խցանումը, որը հանգեցնում է վերջույթից արյան հետհոսքի դժվարացման, կայուն այտուցների առաջացման, երբեմն՝ ստորին վերջույթի մակերեսային երակների հանգուցավոր լայնացման՝ խորանիստ երակներով արյան խանգարված հետհոսքը փոխհատուցելու համար։ Խորանիստ երակների քրոնիկական թրոմբոֆլեբիտի ընթացքը երկարատև է՝ պարբերաբար սրացումներով։ Ոտքերն այտուցվում են հատկապես երկար կանգնելիս կամ քայլելիս։ Այտուցները նվազում կամ անհետանում են պառկած վիճակում։ Ցավերը քիչ են անհանգստացնում, իսկ հանգիստ վիճակում ընդհանրապես բացակայում են։

Մակերեսային երակների սուր թրոմբոֆլեբիտը սկսվում է ենթամաշկային երակի ընթացքով առաջացող ուժեղ ցավերով։ Վերջույթի այտուցն ավելի քիչ է արտահայտված, քան խորանիստ երակների ախտահարման դեպքում։ Բորբոքված երակի ընթացքով առաջանում են կարմիր զոլեր, շոշափելիս ախտահարված երակները պինդ են, ցավոտ, պարանանման։ Մեծանում են աճուկային ավշային հանգույցները, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38° C։ ժամանակին բժշկի չդիմելու և չբուժելու դեպքում կարող է թարախակալել՝ թարախակույտի կամ ֆլեգմոնի առաջացմամբ։ Հիվանդության յուրահատուկ ձևերից են թափառող թրոմբոֆլեբիտը և լարվածությունից առաջացող թրոմբոֆլեբիտը։ Թափառող թրոմբոֆլեբիտ սկսվում է սուր, վերջույթի մակերեսային երակների ընթացքով առաջանում են պինդ, ցավոտ հանգուցիկներ, մաշկը կարմրում է։ Սկզբում հանգուցիկները հայտնվում են մի վերջույթի, ապա շատ արագ՝ մյուսի տարբեր հատվածների վրա, որը երբեմն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացումով։ Լարվածությունից առաջացող թրոմբոֆլեբիտը սկսվում է սուր՝ վերջույթի կտրուկ գերլարումից (մեծ ծանրություն բարձրացնելիս), առավել հաճախ ախտահարվում են վերին վերջույթները և բնորոշվում սուր ցավերով, վերջույթի զգալի այտուցով։

Բուժում
Սուր թրոմբոֆլեբիտի ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է դիմել բժշկի, իսկ մինչ այդ՝ չօգտագործել որևէ «տնայինե միջոց։ Հիվանդին պառկեցնել անկողնում, ախտահարված վերջույթին տալ բարձր դիրք և ապահովել հանգիստ վիճակ։ Չի թույլատրվում օգտագործել քսուքներ, կատարել մերսում, որովհետև արյան մակարդուկը կարող է պոկվել և մանրէների հետ տարվել ներքին օրգաններ։ Խորանիստ երակների սուր թրոմբոֆլեբիտով հիվանդների բուժումն իրականացվում է հիվանդանոցում, իսկ մակերեսային երակների սուր թրոմբոֆլեբիտի բուժումը կարելի է կատարել տնային պայմաններում, երբեմն (առանձնապես թարախակալումների ժամանակ) անհրաժեշտ է վիրահատություն։ Ստորին վերջույթների քրոնիկական թրոմբոֆլեբիտի որոշ ձևերի դեպքերում խորհուրդ է տրվում օգտագործել առաձգական գուլպաներ և բինտ, ինչպես նաև բուժական մարմնամարզություն, ֆիզիոթերապևտիկական միջոցառումներ։ Առողջարանային բուժումը թույլատրվում է սուր ընթացքը մեղմանալուց 6 ամիս անց։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին