Աղմուկ ականջներում. ախտանշանները և բուժման եղանակները ներկայացնում է լօռ մասնագետ Գայանե Սարգսյանը

Ականջում աղմուկը մշտապես անհանգստացրել է մարդկությանը՝ ազդելով արվեստի և քաղաքականության վրա, հետապնդելով Վան Գոգին, Բեթհովենին, Դարվինին և շատ-շատերին:

Տարբեր հետազոտական տվյալների համաձայն՝ ականջի աղմուկով տառապում է երկրի բնակչության 4.4-15%-ը, և ցավոք, այս խնդիրը խիստ բացասաբար է անդրադառնում  դրանով տառապող մարդկանց մեծ մասի կյանքի որակի վրա:

Doctors.am-ը խնդրին առավել մանրամասն կերպով ծանոթացավ օտորինոլարինգոլոգ, բ.գ.թ. Գայանե Հայկի Սարգսյանի օգնությամբ:

Բժշկուհի, ինչո՞վ կարող է պայմանավորված լինել աղմուկը ականջներում, և աղմուկի ի՞նչ տեսակներ ենք տարբերակում:

Ականջներում աղմուկը կամ տիննիտուսը(աղմուկի միջազգային տերմին) ականջում աղմուկի ընկալումն է առանց արտաքին ազդակների: Տարբերակում ենք առաջնային և երկրորդային աղմուկներ:

Առաջնային աղմուկը, որը իդեոպաթիկ(պատճառն անհայտ է) է, լինում է սենսոնևրալ ծանրալսությամբ(ներքին ականջի ընկալիչների ախտահարմամբ) ուղեկցված և առանց:

Երկրորդային աղմուկը մեկ այլ(ոչ սենսոնևրալ ծանրալսություն) հիվանդության պատճառով առաջացած աղմուկն է, որը  կարող է  նաև բացարձակ կապ չունենալ ականջի հետ:

Աղմուկի բնույթը կարող է տարբեր լինել՝ զնգոց, բաբախոց, պուլսային կամ խշշոցի ձևով:

Ստացվում է՝ առաջին մասնագետը, ում պետք է դիմել, ԼՕՌ բժիշկն է:

Շատ հաճախ հիվանդները դիմում են և նյարդաբանների, և թերապևտների…

Իհարկե Ճիշտ է ուղղորդել ԼՕՌ մասնագետի մոտ, որպեսզի մենք կարողանանք որոշել աղմուկի տեսակը(առաջնային, թե երկրոդային), հստակեցնել՝ կա՞ արդյոք ուղեկցվող ծանրալսություն, թե՝ ոչ:

Ի՞նչ այլ գործոններով և հիվանդություններով  կարող է պայմանավորված լինել աղմուկն ականջներում:

Կարևոր է տեղեկացնել, որ երկրորդային աղմուկը պոտենցիալ բուժելի է: Դրա պատճառները բազմաթիվ են, դրանք կարող են կապված լինել ականջի այլ պաթոլոգիաների հետ կամ նույնիսկ առնչություն չունենալ անմիջապես  ականջի և լսողության հետ:

ԼՕՌ

  • Ծծմբային խցան
  • Միջին օտիտ
  • Օտոսկլերոզ
  • Մենյերի հիվանդություն
  • Վեստիբուլյար շվանոմա

Այլ

  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
  • Անոթների անոմալիաներ
  • Քունք-ստործնոտային հոդի դիսֆունկցիա
  • Վահանաձև գեղձի դիսֆունկցիա
  • Ուռուցքային հիվանդություններ
  • Որոշ դեղախմբեր, որոնք ունեն  կողմնակի օտոտոքսիկ ազդեցություն

Ձեզ հաճա՞խ են դիմում մարդիկ առաջնային աղմուկի խնդրով:

Ցավոք, այո: Այս խնդրով դիմողները բազմաթիվ են:  Հարկավոր է հնարավորինս մանրամասն ներկայացնել այն բոլոր մեթոդները, որոնք կօգնեն այդ աղմուկը դարձնել հնարավորինս քիչ լսելի:

Հիվանդների արձագանքը աղմուկին կարող է տարբեր լինել. մեկը կարող է անտեսել աղմուկը, մյուսի մոտ այն կարող է ընդհուպ առաջացնել հոգեկան խնդիրներ, գրականության մեջ նկարագրված են նույնիսկ սուիցիդալ դեպքեր:

Ինչի՞ց սկսել ախտորոշումը, բացառել հարակից խնդիրները և, իհարկե, նշանակել համապատասխան բուժում:

Նախևառաջ, անպայմանորեն պետք է պարզել՝ աղմուկն առաջնային է, թե՝ երկրորդային: Եթե աղմուկը միակողմանի է՝ սկզբում անհրաժեշտ է անցկացնել օտոլոգիական  և աուդիալոգիական քննություն, և եթե բացառվում է մեր կողմից հիվանդության առկայությունը, անմիջապես ուղղորդում ենք այլ մասնագետի մոտ՝ սրտաբան, նյարդաբան, հստակ ախտորոշման համար կարող է իրականացվել ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություններ անոթների դուպլեքս հետազոտություն:

Իսկ առաջնային աղմուկի պարագայում, որը, շատ հաճախ ուղեկցում է նաև ծանրալսությամբ, կարևոր դեր ունի խորհրդատվությունը, քանի որ ամբողջ աշխարհում ներկայում չկա որևէ դեղորայք, որի բացարձակ արդյունավետությունն ապացուցված է:

Այն դեղորայքները, որոնք մենք օգտագործում ենք, մեծամասամբ սննդային հավելումների տեսքով են և ոչ մի գիտական ապացույցներ չկան, որ դրանք կվերացնեն աղմուկը:

Բուժումը ներառում է, ինչպես արդեն նշեցի, ճիշտ և մանրամասն խորհրդատվությունը, համապատասխան ցուցումների տրամադրումը՝ կապված կենսակերպի հետ:

Եթե աղմուկն ուղեկցվում է ծանրալսությամբ՝ պացիենտին կօգնեն լսողական սարքերը, որոնք  և կբարձրացնեն լսողությունը, և կփոխեն անձի ընկալումը աղմուկի նկատմամբ:

Քանի որ ներկայում չկան խնդրի վերջնական լուծման տարբերակներ՝ բուժման այլընտրանքային տարբերակները բազմազան են՝ սկսած ասեղնաբուժությունից մինչև լազերային թերապիա…

Ներկայում ամենաշատ դրական արձագանքներ ունեն ձայնային թերապիան և լսողական սարքերը, որոնք ունեն նաև ձայնային թերապիայի ծրագիրը:

Այսինքն առաջնային աղմուկի պարագայում, երբ չկա խնդրի ամբողջական լուծման տարբերակ՝ պետք է համակերպվել և կարողանալ ապրել այդ աղմուկով: Անհրաժեշտություն առաջանու՞մ է զուգահեռ այցելել նաև հոգեբանի:

Գնահատելով պացիենտի արձագանքն աղմուկին, որոշվում է հետագա քայլերի հաջորդականությունը:

Եթե ԼՕՌ բժիշկը նկատում է, որ աղմուկի հանդեպ արձագանքը շատ սուր է, առաջացնում է դեպրեսիա, քնի խանգարումներ, խորհուրդ է տրվում դիմել նյարդաբանի և հոգեբանի: Աղմուկի հանդեպ ոչ շատ սուր արձագանքի դեպքում կարելի է ցուցել լսողական սարքերի կրում, որոնք ունեն աղմուկը քողարկող  ֆունկցիա:

Կա՞ արդյոք տարիքային տարբերակում: Ո՞ր տարիքում է մարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում առաջնային աղմուկ ականջներում:

Ծանրալսությունն, ընդհանուր առմամբ, առավել հաճախ հանդիպում է 50+ տարիքային խմբի անձանց շրջանում: Ուստի կարող ենք համարել, որ առաջնային աղմուկը ևս ավելի բարձր տարիքում է հանդիպում:

Իսկ կա՞ն արդյոք ռիսկային խմբեր:

Ռիսկի խմբում գտնվող մարդիկ են  նրանք, ովքեր իրենց ժամանակի զգալի հատվածն անցկացնում են աղմկոտ միջավայրում՝  երաժիշտներ, dj-ներ, աղմկոտ արտադրամասերի աշխատակիցներ, զինվորականներ:

Մարդը, ով ունի ախտորոշված առաջնային աղմուկ ականջներում, ողջ կյանքում պետք է գտնվի բժշկի հսկողության ներքո՞:

Այո, ճիշտ եք նկատել: Այս պացիենտները մշտապես պետք է գտնվեն բժշկի հսկողության ներքո: Երբ կա ուղեկցվող ծանրալսություն՝ պետք է պարբերաբար՝ 6 ամիսը 1 անգամ, այցելել բժշկի, ստուգել լսողությունը:  Բժիշկը կգնահատի աղմուկի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է ,թե ոչ:

Ստացվում է, որ սա բացի զուտ առողջական խնդիր լինելը, նաև սոցիալական խնդիր է, անդրադառնում է մարդու կյանքի որակի, աշխատունակության վրա: Ինչպե՞ս են Ձեր պացիենտներն ինտեգրվում հասարակության մեջ:

Ցավոք այդպես է: Նույնիսկ կան հատուկ հարցաշարեր, որոնք գնահատում են, թե աղմուկն ինչպես է ազդում մարդու կյանքի որակի վրա:

Հիվանդի հետագա կյանքը պայմանավորված է ԼՕՌ բժշկի, հոգեբանի, երբեմն նաև հոգեբույժի ճիշտ մոտեցմամբ. ինչպես հիվանդին բացատրել իր խնդիրը, ինչպես համակերպվել և հաղթահարել աղմուկը:

Որպես վերջաբան, ո՞րը կլինի Ձեր խոսքը և խորհուրդն ընթերցողին:

Խորհուրդ կտամ ընթերցողին չանտեսել աղմուկը և դիմել համապատասխան մասնագետի:

Շատ դեպքերում, միայն ճիշտ խորհրդատվությունը, պացիենտին իր խնդիրը ճիշտ և նրբանկատորեն ներկայացնելը, կարող է օգնել ստանալ  դրական արդյունքներ:

Աղբյուրը՝ Doctors.am
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
28 մարտի, 2017