Մրսածության ժամանակ ինքնաբուժության տարածված սխալներ, որոնք հետաձգում են ապաքինումը

Ինքնուրույն ախտորոշելը և տանը մնալը՝ ամենատարածված «թերապիան է» բնակչության շրջանում: «Երեք օրվանից վիճակը թեթևացավ՝ ապա կարելի է դուրս գալ աշխատանքի» մտածում են շատերը: Սակայն, ոչ լիարժեք բուժված վիրուսային վարակը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Եթե դուք բժշկի դիմելու հնարավորություն չունեք՝ օրինակ գործուղման եք և այլն, ապա մի սպասեք, որ հիվանդությունն ինքնուրույն կարող է անցնել:

Ինչպես է անհրաժեշտ բուժել մրսածությունը. բուժման ընթացքում տարածված սխալները
Առավել տարածված սխալը, որ հետաձգում է լավացումն այն համոզմունքն է, որ հիվանդը պետք է գտնվի տաք պայմաններում: Պատուհանները փակվում են, իսկ հիվանդին հագցնում են շատ տաք հագուստ: Վիրուսներն այդ պայմաններում զգում են իրենց բավականին լավ և շարունակում են բազմանալ: Հիվանդի սենյակում օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 18°C: Բարձր ջերմությունը բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա:

Բավական լավ ազդեցություն մրսածության ժամանակ թողնում է լոգանքը, քանի որ օրգանիզմի կողմից արտադրվող տոքսինները դուրս են բերվում մաշկի միջոցով, ''լվանալով'' տոքսինները մաշկի վրայից դուք արագացնում եք լավացման ընթացքը և հնարավորություն եք ստանում ավելի արագ բուժել մրսածությունը: 
 

Հիշե՛ք, ջուրը պետք է լինի գոլ, ոչ թե տաք
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ ծանր, սպիտակուցով հարուստ սնունդը հիվանդի համար ոչ հարմար տարբերակ է, քանի որ այն մարսելու համար օրգանիզմը ծախսում է շատ էներգիա, որն առանց այն էլ սակավ է: Հետևաբար՝ թուլացած օրգանիզմը պայքարելու է ոչ թե հիվանդության, այլ սննդի հետ: Այդ պատճառով հիվանդի սննդակարգը պետք է ընդգրկի հիմնականում այն սննդամթերքը, որը հեշտությամբ յուրացվում է: Առաջին հերթին դա միրգն ու բանջարեղենն են, նաև եփած ձուկը և, իհարկե, հավի արգանակը: Պարզվել է, որ այդ ամենը նպաստում է քթից լորձի արտազատման արագացմանը, ինչի արդյունքում քթի լորձաթաղանթի այտուցը նվազում է: Ցանկալի է, որպեսզի սնունդը լինի բալանսավորված: Ստանալով բոլոր անհրաժեշտ նյութերը՝ հիվանդը կարողանում է ավելի արագ ապաքինվել:
 

Ո՞ր մրգերն են ավելի անհրաժեշտ
Ցիտրուսներ՝ մի կողմից դրանք պարունակում են վիտամին C-ի մեծ քանակ, որն անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն մյուս կողմից դրանք գրգռում են լորձաթաղանթները, ինչը չի նպաստում լավացմանը: Սակայն ընդհանրապես հրաժարվել դրանցից պետք չէ: Անհրաժեշտ է համադրել ցիտրուսները խնձորի, կիվիի և սև հաղարջի հետ: Ավելի լավ է հրաժարվել խաղողից և բանանից: Դրանք պարունակում են գլյուկոզայի մեծ քանակ, ինչը նպաստում է մանրէների բազմացմանը: 


Անհրաժեշտ է հիշել՝ անկողնային ռեժիմը բժիշկների գլխավոր խորհուրդն է մրսածության ժամանակ: Սակայն պետք չէ ամբողջ օրն անցկացնել անկողնում, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ նաև քայլել, քանի որ անընդհատ պառկելը կարող է հանգեցնել թոքերում արյան շրջանառության խանգարմանը, իսկ վերջինս իր հերթին նպաստում է բարդությունների զարգացմանը:
Անհրաժեշտ է հիշել, որ բոլոր տնային միջամտությունները միայն լրացումներ են բժիշկի խորհուրդներին, այդ պատճառով անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն