Երևանում մեկնարկեց «Կլինիկական դիաբետ և դրա բարդությունները» թեմայով դասընթացը

Դիաբետի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիան (EASD) կրթական դասընթացներ է կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում։
 
Մասնագիտական հեղինակավոր կազմակերպությունն առաջին անգամ Հայաստանում է Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի նախագահի և Հայաստանի էնդոկրինոլոգների ասոցիացիայի հրավերով։ ‹‹Radisson Blu›› հյուրանոցում մեկնարկել է (ինչպես արդեն տեղեկացրել էինք) հետբուհական կրթական դասընթացը «Կլինիկական շաքարային դիաբետը և դրա բարդությունները» թեմայով:
 
Հայաստանի և Արցախի ավելի քան 150 բժիշկ-էնդոկրինոլոգներից բացի դասընթացին մասնակցում է Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իրաքից, Հնդկաստանից, Պարսկաստանից, Սաուդյան Արաբիայից ժամանած 50 էնդոկրինոլոգ:
 
Եռօրյա դասընթացի ժամանակ հանդես կգան Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Խորվաթիայից, Դանիայից, ինչպես նաև Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած միջազգային մակարդակի 15 դասախոսներ։ Առաջատար մասնագետները, հիմնվելով վերջին տարիների հետազոտությունների և բժշկագիտության ձեռքբերումների վրա, կներկայացնեն շաքարային դիաբետի պատճառագիտության և զարգացման մեխանիզմների, ախտորոշման, հիվանդների վարման, բուժման, ինչպես նաև շաքարախտի սուր և քրոնիկ բարդությունների բուժման վերաբերյալ նորագույն մոտեցումները:
 
Տեսական և գործնական սեմինարներ կվարեն նաև Հայաստանի առաջատար մասնագետները` ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը` Ելենա Աղաջանովայի և Էդուարդ Թորոմանյանի գլխավորությամբ:
 
Doctors.am
ՀՀ ԱՆ