Առիթմոլոգիայի ակտուալ հարցերը՝ հայ բժիշկների ուշադրության կենտրոնում

Հուլիսի 22-ին Երևանում կայացավ «Առիթմոլոգիայի ակտուալ հարցերը» թեմայով գործնական սեմինարը՝ Էրեբունի ԲԿ-ի և Բիլեֆելդի Բեթել կլինիկայի մասնակցությամբ: Միջոցառումը՝ պայմանավորված թեմայի արդիականությամբ և կարևորությամբ մեկ հարկի տակ էր համախմբել սրտաբանների, առիթմոլոգների, ընդհանուր պրակտիկայի բժիշկների, ընտանեկան բժիշկների, նյարդաբանների և այլն:

Համլետ Հայրապետյան, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան

- Էրեբունի բժշկական կենտրոնը պարբերաբար կազմակերպում է սեմինարներ նվիրված սրտաբանության ոլորտի ամենաարդիական թեմաներին և այսօրվա մեր սեմինարն ունի առիթմոլոգիական ուղղվածություն, ունենք հյուր Բիլեֆելդի համալսարանի պրոֆեսոր  առիթմոլոգ-էլեկտրաֆիզիոլոգ Կարստեն Իսրայելը Գերմանյիայից: Այսօր տրվում է մեր և Բիլեֆելդի Բեթել կլինիկայի համագործակցության մեկնարկը: Այսուհետ պարբերաբար կկատարենք համատեղ վիրահատություններ, հետազոտական աշխատանքներ Էրեբունի ԲԿ-ում և նախաձեռնել նմանատիպ գործնական սեմինարներ: Պրոֆեսորը արդեն իսկ կատարել է տարբեր բնույթի առիթմիաների կապակցությամբ 3 հաջող վիրահատություն,- ասում է Հ. Հայրապետյանը:

Սեմինարի հիմնական թեման բարդ առիթմիաների ախտորոշումն ու բուժման ժամանակակից մոտեցումներն են: Հատկապես վերջին տարիներին աշխարհում ներդրված բազմաթիվ նորարարական մոտեցումները՝ նոերառյալ նախասրտերի ֆիբրիացիաների ախտորոշման և բուժման թեման լուսաբանվեց նաև տեղի բժիշկների համար: Քննարկվեցին նաև վերջերս թարմացված ամերիկյան և եվրոպական ուղեցույցները:Սեմինարը ներառում է ժամանակակից առիթմոլոգիայի կարևորագույն հարցերի քննարկում, որոնցից են ուշագնացությունը, նախասրտերի շողացում և համր էպիզոդների գրանցում, էլեկտրասրտագրության բարդ դեպքերի քննարկում:

Միհրան Մարտիրոսյան, Էրեբունի ԲԿ Առիթմոլոգիական ծառայության ղեկավար

- Այս ոլորտում որոշ հարցեր կան, որոնք վերաբերում են համարյա բոլոր մասնագիտություններին. օրինակ՝ ուշագնացություն, նախասրտերի շողացում և բարդ  էլեկտրասրտագրության դեպքերի քննարկում: Մենք արդեն 60-70 տարի է օգտագործում ենք էլեկտրասրտագրությունը, բայց դեռ ունենք սովորելու բաներ, որոք մեզ կարող են հուշել այս կամ այն հիվանդության առկայության կամ բացակայության մասին:

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր բանախոսներին և հատուկ շնորհակալություն պրոֆ Իսրայելին: Վստահ եմ՝ սա շարունակական բնույթ կունենա և շատ շուտով կտեսնենք փոփոխություններ մեր բժշկական կյանքում,- ասում է Մարտիրոսյանը:

Միջոցառման մեկնարկին ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը ենթադրում է շարունակական համատեղ աշխատանք ինչպես կլինիկական բժշկության ոլորտում, այնպես էլ՝ գիտական և ուսումնական ծրագրերում: 

Պրոֆ . Իսրայելն առաջին անգամ է Հայաստանում:

- Հաճելիորեն զարմացած եմ, տեսնելով, որ հիվանդանոցը, որտեղ վիրահատեցինք, տեխնիկապես բավական հագեցած է նույն սարքերով, որոնցով վիրահատում ենք եվրոպական առաջատար կլինիկաներում: Տեխնիկան կարևորելով սակայն, պետք չե մոռանալ նաև որակյալ կրթական սեմինարների մասին, ինչպիսին որ այսօրվանն է: Ես չէի սպասում տեսնել նման հետաքրքրվածություն հայ բժիշկների կողմից: Հուսամ, որ փորձի փոխանակումը կհանգեցնի դրական արդյունքների և ուրախ եմ լինել այդ ամենի մասնակիցը, - ասում է պրոֆեսորը:

Սերինարի ինֆորմացիոն գործընկեր՝ Doctors.am