Ամուսնալուծությունը և երեխան

Ամուսնալուծության իրավիճակին երեխաների անմիջական հակազդումները դեպքերի մեծամասնությամբ բավական բուռն են լինում:
Իրենց՝ երեխաների գնահատմամբ սթրես ծնող կենսական ամենատարբեր իրավիճակների շարքում ամուսնալուծությունը գտնվում է չորրորդ տեղում՝ ծնողների, քույրերի, եղբայրների և մոտիկ բարեկամների մահից հետո:

Ծնողների ամուսնալուծության փաստի նկատմամբ երեխաները հակազդում են ամենատարբեր ձևերով:
Մի մասը կտրականապես հրաժարվում է հավատալ այդ փաստին, ժխտում է դա, պնդելով, որ ծնողները հիմնավոր, լուրջ պատճառներ չունեն այդ քայլին դիմելու, չի ցանկանում լսել նրանց բացատրությունները, հույսեր է փայփայում, որ նրանք կփոխեն իրենց որոշումը և այլն:

Շատ երեխաներ երկար ժամանակ շարունակում են ապրել այն հույսով, որ ծնողները կրկին միասին կլինեն:
Ուսումնասիրության տվյալների համաձայն այդպես են մտածում 5-7 տարեկան երեխաների 67,5%-ը, դեռահասության և պատանեական տարիքում այդ հույսերը հանդիպում են ավելի քիչ, բայց այնուամենայնիվ շարունակվում են պահպանվել 16%-ի մոտ:
Նրանց մեծ մասը երկար ժամանակ շարունակում են ապրել այն հույսով, որ ծնողները կրկին կմիանան:

Ամուսնալուծության արդյունքում շատ երեխաների մոտ սրվում է վախի, տագնապի  զգացումները, աճում ապագայի նկատմամբ անվստահություն:
Նրանք զայրույթով են լցվում և սկսում են թշնամանք տածել ծնողներից հատկապես նրա նկատմամբ, ով մեղադրվում է ամուսնալուծությունը հրահրելու գործում: Երեխան կարող է մեղադրել հորը կամ մորը ընտանիքը լքելու համար, հայտարարել, որ ատում է նրան և երբեք չի ների:

Շատ դեպքերում երեխաները սկսում են մեղադրել իրենք իրենց` որոշելով, որ ծնողների ամուսնալուծության գործում  իրենք են մեղավոր, քանի որ ժամանակին չեն կասեցրել այն, կամ չեն արդարացրել ծնողների սպասելիքները:Այդպիսի տանջալից ապրումները երեխաները, որպես կանոն, թաքցնում են:

Հակազդումների շարքում հաճախ է հանդիպում նաև խանդը, եթե հայրը կամ մայրը սկսում են հանդիպել ուրիշի հետ և հուզական կապվում այդ մարդու հետ, դեռահասը իրեն լքված է զգում, վախենալով, որ այլև չի հետաքրքրում իր ծնողին, որ նրա սրտում այդ տեղը զբաղեցրել է օտար մեկը:

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծությունից հետո առաջին տարվա ընթացքում ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները, թե հասակակիցների թե մեծահասակների նկատմամբ դրսևորում են առավել ագրեսիվ, տագնապային և անհնազանդ վարքագիծ, քան չամուսնալուծված ընտանիքների երեխաները:

Ամուսնալուծության երկրորդ տարում պրոբլեմները սկսում են քչանալ, սակայն միայն այն ընտանիքներում ուր երեխաները հաջողությամբ հարմարվել են նոր պայմաններին:

Ամուսնալուծությունից հետո երեխայի հաջող հարմարումը կախված է մի շարք գործոններից: Դրանցից առաջինը ամուսնալուծությունից առաջ ընտանիքում տիրող մթնոլորտն է:
Այն դեպքում երբ, ամուսնալուծությունը վերջ է դնում վեճերի ու կռիվների տևական շրջանը, այն կարող է նույնիսկ դրական ազդեցություն գործել:
Որոշ երեխաներ նշում են, որ ավելի թեթև են տարել ամուսնալուծության փաստը, քան դրան նախորդող կոնֆլիկտը, քանի, որ վախեցել են բռնություններից, ամաչել են ծնողների սկանդալներից և այլն: Այս պարագայում ամուսնալուծությունը երեխային թեթևություն է բերում:

Դեռահասի վրա առավել անբարենպաստ է ազդում ամուսնալուծությունը, որը ընթանում է "ռազմական գործողությունների" ձևով ներառելով իր մեջ փոխադարձ մեղադրանքներ՝ չկատարած ամուսնական, ծնողական պարտավորությունների, ծնողներնից մեկի դավաճանության, վատ սովորությունների վերաբերյալ, հատկապես երբ ծնողները պայքարի մեջ են ներգրավում երեխային, ստիպելով նրան պաշտպանել կողմերից մեկին, կամ օգտագործելով նրանց, որպես լրտեսների:
Համեմատաբար խաղաղ մթնոլորտում ընթացող ամուսնալուծությունը, առանց փոխադարձ մեղադրանքների, որոշ չափով մեղմացնում են դեռահասի տառապանքները, հատկապես երբ ծնողները բացատրում են երեխային, որ բաժանվում են իրարից, այլ ոչ թե երեխաներից և նրանց համար մշտապես մնալու որպես սիրող ծնողներ:

Կարևոր գործոններ են նաև ամուսնալուծությանը հաջորդող նոր իրավիճակում ծնողների հարմարվածության աստիճանը, նախկին ամուսինների միջև առկա փոխհարաբերությունները և, որն ամենակարևորն է, երեխայի հնարավորությունը հավասարապես հաղորդակցվել  երկու ծնողների հետ:
Երեխայի համար իրավիճակը բարդանում է հատկապես այն դեպքում, երբ երեխայի հետ մնացող ծնողը արգելում է նրան դրական զգացմունքներ տածել հեռացողի նկատմամբ, սիրել նրան, խոսել և նույնիսկ մտածել նրա մասին:

Վերջաբանի փոխարեն….

Որոշ ուսումնասիրողների համաձայն ամուսնալուծության հետևանքները երեխան կրում է իր վրա բավական երկար ժամանակ, դրանք իրենց բացասական ազդեցությունն են գործում անձի հոգեկերտվածքի վրա, այնուհետ, արդեն հասուն տարիքում իրենց արտահայտությունը գտնելով նրա սեփական ընտանեկան հարաբերություններում:

Ամերիկյան "Երեխաների համազգային ուսումնասիրության" տվյալների համաձայն ծնողների ամուսնալուծությունը խիստ բացասաբար է անդրադառնում երեխայի հետագա սոցիալական հարմարման՝ ադապտացիայի վրա:
Ուսումնասիրողները, հաշվի առնելով բոլոր դեմոգրաֆիկ, հոգեբանական տնտեսական գործոնները, պարզել են, որ ամուսնալուծված ծնողների երեխաները երկու անգամ հաճախ են ամենատարբեր խնդիրներ ունենում, քան չամուսնալուծված ծնողների երեխաները:

Այսպես օրինակ 18-22 տարեկան երիտասարդների շրջանում ծնողների ամուսնալուծությունը վերապրածների 40%-ը այցելում է հոգեբանին, 25%-ը բարձր դասարաններում թողել են դպրոցը, 65%-ը վատ հարաբերություններ  ունեն հայրերի հետ, 30%-ը մայրերի հետ:

 

 

Թեման` Մանե Հակոբյանի
հոգեբանական գիտությունների թեկնածու,
հոգեբան խորհրդատու, հոգեվերլուծական հոգեթերապևտ
Վիճակագրական տվյալները վերցված են`
Психология подростка. Под ред. А.А. Реана. СПб.: Прайм-ЕВРОЗНАК, 2003”

Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է  Doctors.am կայքին