Ընտանեկան հոգեբանություն. առանցքային հարցերին է անդրադառնում հոգեթերապևտ Քրիստինա Գալստյանը

Doctors.am-ի հյուրասրահում է հոգեթերապևտ, կլինիկական /բժշկական/ հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Քրիստինա Գալստյանը:

Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է

Ընտանիքը հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը: Որո՞նք են ամուսնության դրդապատճառները` սերը, մշտական սեքսուալ զուգընկեր ունենալու ցանկությունը, երեխա ունենալու ցանկությունը, կենցաղային խնդիրների լուծումը, թե ՞…

_Իրականում,  նշված բոլոր դրդապատճառները, առանձին վերցրած, հնարավոր հիմնավորում կարող են հանդիսանալ ամուսնության հարցում, և սա թերևս արդարացված է` մարդկային սուբյեկտիվ գործոնը հաշվի առնելով: Սակայն ամուսնական ինստիտուտը, որը պետք է միավորի, միաձուլի երկու անձերի/այր ու կին/ պահանջները, ցանկությունները, զարգացման,կառուցման և շարունակության ոչ թե միաձև, միօրինակ, այլ միասնական ձգտումները /հոգու, մտքի, մարմնի/ և այս ամենով ` նոր, անօրինակ  մոդելի  ստեղծմանը, անշուշտ, միտված է վերոնշյալ բոլոր կոմպոնենտների համախմբմանը:
Գիտության մեջ, հոգեդինամիկ մոտեցման սահմաններում ,առավել խորն են ուսումնասիրված զույգի ընտրության մոտիվները, որոնց մեծ մասը չգիտակցված են: Մերօրյա ամուսնություններում գերակշռում են հարաբերությունների և դրդապատճառների բազմերանգությունը, ընդ որում` շատ հաճախ հարաբերությունների կառուցման հիմքում ակնհայտ են անձի հոգևոր, ինտելեկտուալ և սոմատիկ/մարմանկան/ պահանջների ոչ միասնական դրսևորումներ, ինչը թերևս առավել վտանգում է զույգի հարաբերություննրի հետագա կայացմանը: Այստեղ որքան էլ տարօրինակ հնչի, բայց և փաստ է այն հանգամանքը, որ ինքնաճանաչողությունն է այն լավագույն միջոցը, որով հնարավոր է դառնում զուգընկերոջ ընտրությունը: Եվ քանի որ ինքնաճանաչողությունը չի  ավարտվում զուգընկերոջ ընտրությամբ, այլ, լավագույն դեպքերում ,նրա միջոցով և օգնությամբ  առավել ենք մոտենում  մեր բնույթին, շատ ավելի ընդլայնում աշխարհընկալման ձևերն ու մոտեցումները, վեհը, գեղեցիկը, կարևորագույնը արժևորելու  հնարավորությունները ,նպատակային է դառնում ,մինչ ամուսնությունը`  արդեն տիրապետելի գիտելիքների, ձեռքբերումների, հայացքների, դիրքորոշումների, հոգեմարմնական ցանկությունների համատեղ վերլուծությունն ու վերարժևորումը:

Սիրո  բարձրագույն թռիչքը, նրա ամենապայծառ դրսևորումը հոգիների միաձուլումն է: Նա, ով սիրում է, ունակ է զիջելու և ներելու: Ներումը իսկական սիրո ակտ է: Խիստ տարբեր է տղամարդու և կնոջ վերաբերմունքը սիրո նկատմամբ: Կինը հանճարեղ է իր սիրո մեջ, նրա վերաբերմունքը սիրո նկատմամբ ունիվերսալ է. նա սիրո մեջ ներդնում է իր բնույթի ամբողջ լիարժեքությունը: Իսկ տղամարդը տաղանդավոր է սիրո մեջ:Սերը դրականորեն է ազդում ընտանեկան հարաբերությունների բնույթի վրա այն ժամանակ, երբ զուգընկերները փոխադարձաբար կիսում են միմյանց դիրքորոշումներն իրենց համար կարևոր երևույթների, իրադարձությունների և արարքների հանդեպ: Ինչպես նշել է Սենտ-Էքզյուպերին.''Իսկական սերը միմյանց աչքերին նայելու մեջ չէ, այլ միասին նույն ուղղությամբ նայելու մեջ'': Արդյո՞ք միայն սերը բավական է միասին ապրելու օրերում: 

_...նա սիրո մեջ ներդնում է իր բնույթի ամբողջ լիարժեքությունը…հանճարեղ միտք էր, որն անգամ ինձ, որպես կնոջ խորհելու հիմք տվեց…և սա թերևս պիտի դառնա այն բազիսը, այն ամրությունը, որով հնարավոր է դառնում ընտանիքի միասնականությունը: Ինչ խոսք, ընտանեկան հարաբերություններում շատ բան է կախված ամուսինների մեկ ուղղությամբ նայելուց, բայց թույլ տվեք ասել, որ ավելին` կնոջ իմաստությունից:  Այո ,հրաշալի է,երբ սերն է այն հիմնաքարը, որով միավորվել են  կինն ու տղամարդը: Սակայն պետք է հասկանալ, որ նրանց համատեղությունը և մեկ ուղղությամբ նայելը մեկ օր, մեկ ամիս կամ մեկ տարի չէ, այլ մի ամբողջ կյանք, ինչն էլ ընտանեկան փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ  ենթադրում է ռոմանտիկ զգայական սիրուց անցում դեպի առավել խորքային տիրույթներ: Կենցաղավարություն, դերային/կին,ամուսին, զավակ, ծնող/ բարդ ու ամենատարբեր իրավիճակներ, տանը,աշխատանքին,մարդկանց, երեխաներին վերաբերող բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր, խնդիրներ, արգելքներ , ճգնաժամեր,հիվանդություն,կորուստ և այլն: Այստեղ է, որ հոգեկանի համար անսպասելին դառնում է իրողություն և որքան էլ անձը մինչ այդ  պաշտպանված էր ներքին մեխանիզմներով, նույն է թե հարաբերականորեն ինքնուրույն և ազատ էր իր մտածելակերպի, քայլերի և մոտեցումների մեջ , կյանքի նոր իրավիճակը, նոր դերերը, դեմքերը  և իրադարձությունները  հակասությունների և դեզադապտացիայի պատճառ են դառնում : Սա որքան էլ բնականոն, բայց և տհաճ իրավիճակ է զույգի համար: Եվ այս կոնտեքստում,ինչպես անդրադարձանք հարցադրման սկզբնամասում  պետք է տեսնել կին տղամարդ համաձույլի  սահմաններն ու անսահմանությունը, նույն է թե` որքան էլ բարդ ու հակասական է համատեղ կյանքը, բայց և մեր ներքին ապրումը առավել արժեցյալ է: Այստեղ լավագույն ելքը միմյանց հաճախ զրույցի հրավիրելն է: Համատեղ քննարկումներն, իրար լսելու, հասկանալու  սատար կանգնելու, տան առավել փորձառու անդամներին, անհրաժեշտության դեպքում մասանգետներին դիմելու  մշակույթը կօգնեն հաղթահարել դժվարությունները և առավել արժևորել համատեղ հարաբերությունները:

Հետաքրքիր է, որ բարեհաջող զույգերը, որոնք ունեն կայուն և առավելագույնս համատեղելի հարաբերություններ, տարբերվում են հակառակ խառնվածքով. դյուրագրգիռ խոլերիկը և հանգիստ ֆլեգմատիկը, ինչպես նաև մելանխոլիկը և կենսուրախ սանգվինիկը, կարծես,  լրացնում են իրար: Եվ հակառակը` երկու խոլերիկներից կազմված ընտանիքին կարող է սպասվել բարձր կոնֆլիկտայնություն ամուսինների պոռթկունության և անզսպության պատճառով: Պարզվում է`  առավել ունիվերսալ զուգընկերներ են համարվում ֆլեգմատիկները, քանի որ նրանք հարմարվում են  խառնվածքի ցանկացած տիպի հետ, բացի սեփականից: Չկա այնպիսի ամուսնական զույգ, որտեղ ամուսինները լիովին նման լինեն միմյանց: Սակայն պետք է նկատի ունենալ, որ համատեղ կյանքն աստիճանաբար հարթում է կտրուկ տարբերությունները ամուսինների հետաքրքրությունների, նախասիրությունների, հայացքների միջև, և առաջանում է գնահատականների ու վերաբերմունքի ընդհանրություն: Եթե տարբերությունները շատ են, պետք է համբերել ու նաև ձգտել ավելի լավ հասկանալ ամուսնուն:Լավ, ինչպե՞ս հասնել ներդաշնակության : 

_Հետաքրքիր դիտարկում էր և թույլ տվեք նկատել, որ  ինձ, որպես  հոգեթերապևտիս համար, ով բազմաթիվ զույգերի է ընդունել ամենատարբեր հոգեբանական խնդիրներով, այնքան էլ սկզբունքային չեն եղել և շարունակում են չլինել խառնվածքի տիպաբանության տեսական չափորոշիչները: Եթե մենք առաջնորդվենք նմանօրինակ ինֆորմացիայով,ապա տրաբանական է դառնում, որ օրինակի համար երկու խոլերիկ խառնվածքով անձանց  ի սկզբանե չարժե օգնել միավորման, խնդիրների հաղթահարման հարցում, որովհետև  ըստ թեորեայի անիմաստ է: Չանտեսելով  գիտական բազմաթիվ ուսումնասիրություններն  ու հետազոտությունները կարևորենք նաև այն հանգամանքը, որ  մարդու ապրած կյանքը 0-ից մինչ այդ պահը, առավել խոսուն է,առավել ինֆորմացիոն  և այս իմաստով անձի  սոցիալ-հոգեբանական արժեհամակարգը, աշխարհընկալման և աշխարհճանաչման որակական կողմերն էլ  բավական են   նրան զգալու, իրադարձություններն առավել էլաստիկ դարձնելու, անհաղթահարելի և դժվար թվացող հարցերին առավել լայնախոհ և ոչ միանշանակ վերաբերվելու և որ ամենակարևորն է  կյանքին նոր որակ տալու համար: Երբ յուրաքանչյուր անձ`թե կին ,թե տղամարդ  իր ունեցած մարդ-մարդ, մարդ աշխարհ հարաբերությունները, ավելին` իր ընտրյալի, կյանքի ընկերոջ հետ ունեցած  հարաբերությունները դիտարկի և վերլուծի ոչ միայն իր «ԵՍ-ի տեսանկայունից, այլ կարևորի «ՄԵՆՔ` ԼԻՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, անկախ կենսասոցիալական վիճակից, հասարակական այդ պահի դրությամբ ունեցած ստատուսից և էլի շատ աչք ծակող կամ թաքնված կոմպոնենտներից, վստահ պիտի լինենք ,որ արդեն ունենք դեպի ներդաշնակություն տանող ուղին:

Մինչամուսնական սերը և ամուսինների սերը  տարբերվում են` այսպես ասած: Ինչպե՞ս կարող են զույգերը փրկել կենցաղում թաթախված սերը :

_Սերը բարձրագույն այն զգացմունքն է,որը տարբեր չի լինում: Եթե ավելի պարզ`այն կամ լինում է, կամ չի լինում: Ինչ վերաբերում է նրա փոխակերպելի ձևաչափին մինչամուսնական և ամուսնական հարաբերություններում, թույլ տվեք նկատել, որ բնավ էլ մենք չենք դիտարկում Սիրո, որպես բարձրագույն զգացմունքի  առանձնահատկությունները, նրա աճն ու ընդհակառակ`ետաճը հանգամանքներով պայմանավորված: Այս պարագային, մենք անդրադառնում ենք մի այլ ապրման, որը որակական իմաստով մոտ կարող է լինել սիրուն, բայց և վտանգված լինել, ինչպես նշեցիք, կենցաղում թաթախվելիս: Այսպիսի մարդկային  ապրումները բազմաթիվ են, ինչպես օրինակ կիրքը, ձգողությունը,համակրանքը,հրապուրանքը,կախյալությունը,կապվածությունը և այլն: Չնայած այն հանգամաքին,որ գիտության մեջ նրանք առանձնանում են իրենց  կառուցվածքաբանական լուրջ կողմերով և ըստ այդմ սահմանվում, բայց այդուամենայնիվ  շատ թվով զույգեր իրենց անգամ մեկամսյա կապը որակում են սեր և անցնում դեպի կյանքի նոր`համատեղության փուլ : Եվ ահա, համատեղ կենցաղում անցնելով հուզազգացմունքային որոշակի շեմ, սեռաական ֆանտազիաների և պահանջների բավարարման որոշակի մակարդակ, սառնարանում չունենալով տարատեսակ մրգեր, խոհանոցում`ափսեները լվանալու  սարք, մինչ այդ առանց մեկմեկու կյանքը չպատկերացնող զույգը սկսում է օր օրի հեռանալ իրարից և կամ շատ հանգիստ ընտրում է այլ զուգընկեր, ով թարմ է իր  տեսակի մեջ, գայթակղման արվեստում, թեթև է  հայացքներուվ, չի բողոքում  և այլն: Ինչ վերաբերում է սիրուն`այն  կենցաղում առավել խորը արմատներ է ձգում, դառնում է սովորող, օգնող, հոգացող, խնամող, զարգացնող, հաղթահարող, ներող և ընդունող:

Նախկինում հիմնականում  ծնողներն էին որոշում իրենց երեխաների ամուսնությունները: Բայց այժմ, բարեբախտաբար, փոխվել է,  և չափահասները ազատ են իրենց ընտրության մեջ: Թեև ծնողները որոշ ազդեցություններ պահպանում են իրենց երեխայի ամուսնության հարցում: Ծնողները նաև ինչ-որ չափով որոշում են երեխայի կրթության մակարդակը և ընտանեկան հարաբերությունները: Որքանո՞վ է կարևորվում ծնողի դերը և նրա ` զավակի ամուսնական հարաբերություններին միջամտելը:

_Հարցերից թերևս ամենաառանցքայինը, քանզի ծնողական դերն ու դերակատարությունը առանձնակի են կարևորվում ամուսնության պատրաստվող զույգի պարագայում: Ծնողն այն կենսագրությունն ու նկարագիրն է, որով մեծամասամբ կարելի է պատկերացնել զավակի կայացման, ինքնահաստատման, ինքնադրսևորման, ինքնաստեղծագործման, ընտրության կայացման և իր առանձին ընտանիքի կառուցման մոտիվացիոն կողմերը: Այստեղ կարևոր և առաջնային հարցը տվյալ ընտանիքի գիտակցական մակարդակն է, և այդ գիտակցական մակարդակով պայմանավորված` ընտանիքի հոգեմշակութային կառուցվածքաբանությունը /մոդելը/: Այլ ամբողջությամբ եթե մեկնաբանենք կստացվի. ընտանիքում ավագ ծնողների միավորման սկզբնաղբյուրն ու դրդապատճառները, նրանց միմյանց նկատմամբ հարաբերությունների որակական կողմերը, Ազատություն, Սեր, հարգանք, երջանկություն, առողջություն, դաստիարակություն, ընտանիք, տուն, երեխա կրթություն, հանգիստ և էլի շատ նմանօրինակ արժեքներին վերաբերող գնահատումների, դիրքորոշումների ու հայացքների համակարգն է  այն պահոցը, որից սնվել և շարունակում է սնվել զավակը, անգամ եթե ապրում է հեռու և կամ ունի առանձին կենսաձև: Գիտեք , մեր հետազոտություններն ու վերլուծությունները թույլ են տալիս մեջբերել այն փաստը, որ եթե ամուսնության պատրաստվող անհատի ծնողները հաջողված են իրենց անձնական հարաբերություններում, ապա այդ հարցում առավել  միասնական են և օժանդակող: Իսկ երբ ընտանիքն ունի ձևական բնույթ, չկան համատեղ, միասնական արժեքներ, գործում են միայն իրավունքներն ու եսակենտրոնությունը, այս դեպքում անշուշտ կլինեն և միջամտություններ, որոնք սակայն ինչքան էլ միտված են օգնելուն,  հաստատ ստանում են նեգատիվ նկարագիր : Չնայած այս ամենին, մեջբերենք նաև այն հանգամանքը, որ  կան նաև հոգեբանորեն հասուն զույգեր, ովքեր, ծնողների միջամտության փորձերից չազդվելով, իրենց նոր կյանքն ու գործունեությունը սկսում են սեփական կայուն, հաստատված և նպատակային քայլերով: 

Ցավոք, շատ երիտասարդներ ամուսնական դաշինք են կնքում առանց մտահոգվելու, թե ինչպես են հետագայում ապրելու: Նրանք իրենց ընտանեկան կյանքն սկսում են դարձյալ խնամակալ մնալու բացահայտ տրամադրությամբ` ծնողները կան` կկերակրեն: Եվ հարսանիքից  անմիջապես հետո լրիվ կախյալ վիճակի մեջ են լինում ծնողներից: Երիտասարդները գտնում են, թե ծնողներն ամեն ինչով պարտական են իրենց: 

_Երիտասարդների այսօրինակ պահվածքն ու դիրքորոշումները բխում են ոչ այնքան իրենց անզորությունից և կամ անաշխատունակությունից, որքան դաստիարակության մեջ արմատավորված սովորույթի ուժից: Բայց ինչու նա հարդարի իր անկողինը, ինչու հավաքի կամ մաքրի սենյակը, ինչու գումար վաստակի իր նորաոճ վերնաշապիկի, պայուսակի, կինոթատրոնի տոմսի կամ սիրելիին ծաղկեփունջ նվիրելու համար , երբ նվիրված և պատրաստակամ ծնողը միշտ կա: Թույլ տվեք նկատել, որ ծնողի այս տեսակը միշտ ակտիվ է, անգամ եթե սեփական միջոցները չեն ներում, վատառողջ է և կամ   բանկում գրավադրել է բնակարանը: Պատճառները խորքային են, վերլուծության արժանի:  Առաջին դեպքում մենք տեսնում ենք ինքնազոհ ծնողի ֆենոմենը ,որը շատ բնորոշ է  ավանդական, պահպանողական ընտանիքներին: Կա ծնողական ստերեոտիպային գիտակցություն և կա դրանով պայմանավորված կենսաձև /գիտակցության այս որակը առավել բնորոշ է մայր ծնողին/ .զավակը միշտ անպաշտպան է, միշտ խնամքի կարիք ունի, միշտ սոված է, միշտ կարող է մրսել, միշտ …Նկատում ենք այն հանգամանքը, որ այս ամենը նույն որակի և ձևի մեջ շարունակվում է, երբ զավակը, ասենք , հինգ, տասներկու կամ քսանութ տարեկան է: Ստացվում է այնպես, որ անհատը ֆիզիկապես աճում է, բայց նրա հոգեբանական  տարիքը, ցավոք սրտի , ետ է մնում նորմայից ,և նա չի ձևավորվում որպես ինքնուրույն միավոր և, հետևաբար, մշտապես կախյալության մեջ է մնում ծնողից: Երկրորդ դեպքում բացառություն չեն կազմում ժամանակակից ընտանիքները, որտեղ ինքնազոհ ծնողին փոխարինելու է գալիս ձևամոլ գիտակցությամբ , ցուցադրական բարքերով ծնողը, ում զավակը առավել ճոխ պիտի հագնվի, առավել պիտի ճամփորդի, լավ մեքենա վարի, բժշկական համալսարան սովորի, և որ այս ամենում բոլորովին կապ չունի, որ իրենք ապրելու մշտական կացարան չունեն: Այս գիտակցությամբ առաջնորդվելով` զավակների պահանջները թերևս արդարացված են…Այստեղ չմոռանանք մեջբերել, որ ծնողավարական երկու ոճերն էլ ինչքան էլ միտված են զավակների բարեկեցության ապահովմանը, իրենց մեջ լուրջ վտանգներ են ունեն, քանի որ ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում` վարար գետը միշտ չէ որ գերան է բերում: Այո, կյանքն անկանխատեսելի է, նյութական միջոցներն ու մարդու առողջությունը այդ թվում: ժամանակի ընթացքում այսօրինակ ծնող-զավակ փոխհարաբերություններում չեն ձևավորվում , կամ կտրվում է ներքին հոգևոր կապը և զավակը չունենալով պատասխանատվության և արժևորման մոտեցումներ /այս ամենը նրան չեն էլ ուսուցանել/` սկսում է այլևս մեղադրել ծնողին իր պարտականություններում թերանալու կամ չկատարելու մեջ:
Անշուշտ, ասվածից կարելի է ենթադրել` ինչպիսի սոցիալ-հոգեբանական խնդիրների մեջ կարող է հայտնվել այդուհետ տառապող ծնողը և չբավարարվող զավակը:
Օգնությունը մարդուն, զավակին  վեհագույն արժեք է, բայց և այդ օգնությամբ նրան չուսուցանելը, որ ինքն էլ, իր հերթին, օգնող է`մեծագույն չարիք…
Երեխան ծնողի միջոցով միշտ պետք է գիատակցի աշխատանքի, վաստակի արժեքը և տարիքին համապատասխան  մշտապես մասնակցություն ունենա և նյութական , և հոգևոր արժեքների ստեղծմանը:

Ընտանիքի հոգեբանությունը` որպես հոգեբանության մի առանձին ճյուղ, ուսումնասիրվել է բազմաթիվ հոգեբանների կողմից: Ինչպես հայտնի է, ժամանակակից գրականությունից ընտանեկան կյանքին նախապատրաստելու կարևոր ուղղություններից մեկն այն է, որ աղջիկներն ու պատանիները հասկանան, որ ամուսնությունը ոչ թե ընտանեկան երջանկությունն ընտրելու ավարտն է, այլ` նրա սկիզբը:  Յուրաքանչյուր երիտասարդ մինչ ամուսնանալը պետք է տեղեկացվի, թե ինչին կարող է նա բախվել ամուսնական կյանքի ընթացքում: Եվ որպեսզի ընտանիքը լինի բարեհաջող, ապա բոլոր պատկերացումները պետք է լինեն համատեղ, որպեսզի ամուսիններից յուրաքանչյուրի վարքը չհակադրվի մյուսի պատկերացումներին: Ընտանիքը կարելի է բնութագրել որպես պատմականորեն կոնկրետ հարաբերությունների համակարգ ամուսինների միջև, որպես փոքր սոցիալական խումբ, որի անդամները  կապված են ամուսնական կամ ազգակցական հարաբերություններով, կենցաղի ընդհանրությամբ և փոխադարձ բարոյական պատասխանատվությամբ, և որի սոցիալական անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության` բնակչության ֆիզիկական և հոգևոր վերարտադրության պահանջմունքով: Դեռևս Արիստոտելն է նշել. ''Ընտանիքը հասարակության բջիջն է'': Այսինքն`  հասարակությունը, հետևաբար նաև պետությունը, կարող են առողջ լինել, եթե առողջ և կայուն է ընտանիքը: Իսկ ե՞րբ է ընտանիքը առողջ: 

_Առողջ Ընտանիք .այնքան դրական էներգիա կա անգամ այս մտքի մեջ, որը պիտի ձգտի դարձնել իրենը ցանկացած բանական արարած, որովհետև այդ ձգտման մեջ է երջանկությունը: Փորձենք օգնել այն մարդուն, ծնողին, զավակին, զույգին, ընտանիքին , ով ունի նման հարցադրում և ով ձգտում է հասկանալ:
Առաջին հերթին, ընտանիքն առողջ է, երբ  տարբեր տարիքի, բնավորության, խառնվածքի, մասնագիտության անհատների հավաքականության դեպքում ունի մեկ ընդհանուր ներքին ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, և որ այդ ազատությամբ է  հիմնավորում իր ամենատարբեր արտաքին հարաբերությունները: Ներքին ազատությունը ինքնին առողջություն է, որին հասնել և նվաճել է պետք: Այս կոնտեքստում փորձենք հասկանալ ներքին մեխանիզմները.
ընտանիքն առողջ է,երբ տան բոլոր անդամներն անխտիր ձգտում են ընկերության, երբ տան ամենատարեցը համբերատար լսում, հարգում  և ընկերություն է անում ամենափոքրի հետ, երբ առօրյա գործերից ու հոգսերից ժամանակ գտած ` բոլորը հավաքվում են ընթրիքի սեղանի շուրջ, զրուցում, քննարկում, բանավիճում, երբ արտաքին ու ներքին աշխարհի ազդեցություններն ու իրադարձությունները, բացասական ու վտանգավոր երևույթները քննարկելի են հենց տանդ անդամի հետ, ինչքան էլ արտաքին աշխարհում կապերդ լայն են, շրջապատդ մեծ,  երբ անկաշկանդ խոսում ես խնդիրներիդ, պարտքերիդ, առողջությանդ, քեզ անհանգստացնող դժվար, անհաղթահարելի իրավիճակներից և ունենում ես վստահություն, որ մեղադրանքի ,քարկոծման, անարգանքի,կասկածամիտ հայացքի և անտեսման փոխարեն կլինես հասկացված, կունենաս աջակցություն`թեկուզ բարի խոսքի տեսքով: Եվ  ամենակարևորը, երբ բոլորը գիտակցում են իրենց անկրկնելի դերակատարությունը ընտանիքի  պահպանման, պաշտպանության և բարեկեցության հարցում: Հավատացեք, այս ամենը բոլորովին էլ իդելական բաներ չեն, այլ մարդուն տրված հոգեկան առողջության գրավականները:

 

Հարցազրույցը` Էդիտա Արծրունու 

Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է  Doctors.am կայքին