Առաջին օգնություն երեխաներին. Անվտանգ դարձրեք Ձեր տունը և երեխայի շրջապատը

doctors.am Առաջին օգնություն երեխաներին. Անվտանգ դարձրեք Ձեր տունը և երեխայի շրջապատը
  • Ի՞նչ արագությամբ է տեղաշարժվում ձեր երեխան և որքա՞ն տարածություն է կարողանում ինքնուրույն անցնել:
  • Ի՞նչ բարձրության կարող է ձգվել-հասնել:
  • Ո՞ր կենցաղային առարկաներն են հետաքրքրում նրան:
  • Ի՞նչն է, որ չէր կարողանում անել մեկ ամիս առաջ, իսկ ներկայումս անում է:
  • Ի՞նչ հնարավոր վտանգներ են սպասում նրան` ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորության և ինքնուրույնության աճին զուգընթաց:

Մտածելով երեխաների հետ պատահող դժբախտ պատահարների մասին` կարևոր է հաշվի առնել հետևյալը.

- գործոններ, որոնք կապված են երեխայի վարքի հետ,
- առարկաներ, որոնք պատահարների պատճառ են հանդիսանում,
- միջավայր, որտեղ տեղի է ունենում պատահարը:

Երեխայի հետ կապված դժբախտ պատահարների մեծամասնությունը կարելի է կանխել, եթե ծնողը իմանա դրանց առաջացման պատճառները և աշխատի դրանից խուսափել: Եթե դեռևս փոքրուց մեզ հաջողվի երեխայի անվտանգ վարքագիծ ձևավորել, ապա երեխան ինքը կխուսափի հնարավոր վտանգներից:

Հաշվի առնելով, որ երեխան հիմնականում սովորում է տեսածը կրկնօրինակելով` ծնողը ինքը պետք է լինի նրա դաստիարակության և, մասնավորապես, անվտանգ վարքագծի ձևավորման լավագույն օրինակը: Երեխային պետք են դրական օրինակներ, և այդ օրինակը առաջին հերթին պիտի լինի ծնողը:
Շատ կարևոր է նաև երեխայի տարիքը հաշվի առնելու հանգամանքը, օրինակ` 6-12 ամսական երեխաները ոչ միշտ են հասկանում "մի արա", "չի կարելի" բառերի իմաստը: Նույնիսկ եթե ծնողը քսան անգամ զգուշացնի երեխային, որ նա չմոտենա վառարանին կամ չվերցնի տաք թեյով լի բաժակը, երեխան կօգտագործի իր բոլոր հնարավորությունները` արգելված առարկային հասնելու համար: Այս տարիքում երեխայի մոտ դեռ բավարար զարգացած չէ վտանգի զգացողությունը, որպեսզի նա մտաբերի ծնողի զգուշացումները: Այն, ինչ արգելված է, միշտ ավելի գրավիչ է երեխայի համար: Նա շարունակ փորձարկում և վերափորձարկում է իրականությունը, որը այդ տարիքում երեխայի բնականոն զարգացման և սովորելու ուղին է:
Ծնողները պետք է հաշվի առնեն նաև երեխայի խառնվածքը, չափազանց ակտիվ և հետաքրքրասեր երեխան ավելի շատ պատահարների է հանդիպում: Եթե երեխան կամակոր է, շուտ է հուսահատվում կամ չի կարողանում կենտրոնանալ, նրա նկատմամբ անհրաժեշտ է չափազանց ուշադիր լինել, քանի որ չի բացառվում, որ նա կփորձի խախտել անվտանգության կանոնները:
Տանը անվտանգ միջավայր ստեղծելու քայլերը տարբերվում են` կախված երեխայի տարիքից: Շատ լուրջ վնասվածքներ կարող են կանխվել, եթե ծնողները և խնամողները ուշադիր հետևեն երեխաներին` մաքուր պահելով նրանց միջավայրը:

Եթե ձեք երեխան մինչև 6 ամսական է

Մինչև 6 ամսական երեխային ավելի շատ սպառնում են ծնողի անզգուշության և անուշադրության հետ կապված վտանգներ, այսինքն` այս տարիքի երեխան պետք է մշտապես լինի մեծահասակի հետ, մենակ չմնա, և պետք է ապահովվի նրա անվտանգությունը քնելու, ուտելու, խաղալու ժամանակ: Դա ավելի շատ վերաբերում է կահավորանքին, խաղալիքներին:

Եթե ձեր երեխան 6-12 ամսական է

6-12 ամսական երեխային պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ այս տարիքում գլխավոր դերը պատկանում է շարժողական ակտիվության զարգացմանը: Եթե դեռ երեկ 3-4 ամսական երեխան անշարժ պառկած էր մեջքի վրա և չէր կարող փորի վրա շուռ գալ, ապա այսօր, երբ նրան պառկեցնում են հագուստը փոխելու, նա ինքնուրույն շուռումուռ է գալիս: Եվ եթե ժամանակին ուշադրություն չդարձնենք նրա այդ ֆիզիկական զարգացմանը և անուշադրության մատնենք նրան, ապա վայրկյաններ անց նա կարող է հայտնվել գետնին:
Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսին երեխան արդեն ի վիճակի է ձգվել դեպի տարբեր առարկաները, փորձում է դրանք տանել բերանը, շուռ է տալիս իր վրա, հետևաբար այդպիսով մեծանում է խցանման, այրվածքների վտանգը: Սուր առարկաները բերանը տանելով` երեխան կարող է վնասել շուրթերը, լեզուն, աչքերը:

- Երեխայի վայր ընկնելու հավանականությունը նվազեցնելու համար օգտագործեք բարձր և նեղ եզրաճաղերով մանկական մահճակալ և մանեժ:
 - Խուսափեք երեխային քայլել սովորեցնելու համար քայլակ (ժողովրդական լեզվով` ճռիկ) օգտագործելուց: Այն իրականում չի սովորեցնում երեխային քայլել, բայց կարող է վտանգավոր լինել, երեխան կարող է ընկնել (հատկապես գորգի եզրի, դռան շեմքի վրայով անցնելիս), կարող է գլորվել աստիճաններից ու վնասել գլուխը:

Եթե ձեր երեխան 18 ամսականից 4 տարեկան է 

18 ամսականից չորս տարեկան երեխաները մահվան և լուրջ վնասվածքների բարձր հավանականություն ունեն: Այս վնասվածքների մեծ մասը պատահում է տանը, և գրեթե բոլորն էլ կարող են կանխվել:Տանը պատահող վնասվածքների հիմնական պատճառները

- այրվածքներ կրակից, օջախներից, վառարաններից, տապակներից, տաք կերակուրներից, եռացող ջրի շիթերից, տաք յուղից, պարաֆինի լամպերից, արդուկներից և էլեկտրական սարքավորումներից,
- կտրվածքներ` ջարդված ապակուց, դանակներից, մկրատներից կամ այլ կտրող գործիքներից,
- անկումներ մահճակալներից, պատուհաններից, սեղաններից և աստիճաններից,
- փոքր առարկաներ կուլ տալը` մետաղադրամներ, կոճակներ կամ կորիզներ,
- թունավորում պարաֆինից (կերոսին), միջատասպան նյութերից, սպիտակեցնող և լուծող նյութերից,
- էլեկտրական հարված կոտրված էլեկտրական սարքավորումներից, լարերից, էլեկտրական վարդակների մեջ դանակներ կամ այլ առարկաներ մտցնելուց:

Յուրաքանչյուր իր, որը կարող է վտանգավոր լինել ակտիվ երեխաների համար, պետք է պահվի ապահով տեղում` նրանց հասանելիությունից դուրս:
Անկախ նախկին սովորություններից` երեխայի ծնվելու հետ ծնողները պետք է գիտակցեն տանը որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Բոլոր այդ քայլերը կտրուկ կնվազեցնեն տանը պատահող դժբախտ պատահարների հավանականությունը:
Վերափոխեք ձեր տունը, դարձրեք այն անվտանգ
Դրա համար կատարեք հետևյալ գործողությունները:

Հեռախոսի կողքին փակցրեք արտակարգ իրավիճակներում գործող ծառայությունների համարները և բացատրեք երեխաներին` ինչպես և երբ պետք է ահազանգել:

Երեխաներին հեռու պահեք կրակից, օջախներից, լամպերից, լուցկիներից և էլեկտրական սարքավորումներից:
Մանուկների մոտ լուրջ վնասվածքների ամենահաճախ հանդիպող դեպքերից են այրվածքները: Երեխաներին պետք է պաշտպանել օջախներին, եռացող ջրին, տաք կերակրին և տաք արդուկներին դիպչելուց: Այրվածքները սովորաբար հանգեցնում են լուրջ վնասվածքների, առաջացնում են մշտական սպիներ, իսկ երբեմն էլ կարող են մահվան պատճառ դառնալ: Սրանց մեծամասնությունը կանխելի է:

Այրվածքները կանխելու համար

- մանուկներին հեռու պահեք կրակից, լուցկիներից և ծխախոտից,
- օջախները տեղադրեք հարթ, բարձր մակերևույթին` երեխաների հասանելիությունից հեռու: Եթե բաց կրակ է օգտագործվում, այն պետք է վառվի կավե բարձր մակերևույթի վրա, այլ ոչ թե հատակին,
- նավթը, պարաֆինը, լամպերը, լուցկիները, մոմերը, վառիչները, տաք արդուկները պահեք մանուկների հասանելիությունից հեռու,
- սալօջախի վրա դրված կաթսաների բռնակները շրջեք այնպես, որ երեխաները չկարողանան դրանց հասնել ու շուռ տալ իրենց վրա, լուցկիները դրեք անհասանելի տեղում, թույլ մի տվեք լուցկիներով խաղալ:

Երեխաները կարող են լուրջ վնասվածքներ ստանալ, եթե մատները կամ այլ առարկաներ մտցնեն էլեկտրական վարդակների մեջ: Դրանք պետք է ծածկված լինեն` մատչելի չլինելու համար: Հատկապես վտանգավոր են բաց էլեկտրական լարերը:

- Հոսանքի բոլոր լարերը պահեք երեխաներից հեռու, մի անցկացրեք հոսանքի լարերը սենյակի միջով կամ գորգի տակով, այլ ամրացրեք պատերի տակ:
- էլեկտրական սարքերը օգտագործելուց անմիջապես հետո լարերը հավաքեք ու պահեք երեխաների համար անհասանելի տեղում:
- էլեկտրական վարդակները փակեք հատուկ խցաններով:
- Պայթյունավտանգ, դյուրավառ, քայքայիչ նյութերը և դեղերը պահեք երեխաներին անհասանելի հատուկ տեղերում` կրակից ու ջերմության այլ աղբյուրներից հեռու:
 
Մանուկները սիրում են մագլցել: Աստիճանները, պատշգամբները, դարակները, պատուհանները և խաղահրապարակները պետք է պատրաստվեն անվտանգ` երեխաներին ընկնելուց պաշտպանելու համար:


Անկումները կապտուկների, կոտրված ոսկորների և գլխի լուրջ վնասվածքների ամենատարածված պատճառներից են: Լուրջ անկումները կարող են կանխվել, եթե

- երեխաներին սովորեցնեք չմագլցել վտանգավոր տեղեր,
- տունը պահեք մաքուր և լավ լուսավորված,
- երեխայի վայր ընկնելը կանխելու համար պատուհաններին ամրացնեք ցանցավանդակ, պատշգամբը   պետք է ունենա բարձր բազրիք,
- կողային բազրիքներ ամրացրեք սանդղավանդակին, սանդղաշարին և պատշգամբներին,
- գորգի եզրերը ամրացնեք հատակին, որպեսզի երեխան քայլելիս, խաղալիս ոտքով չշրջի դրա եզրն ու վայր չընկնի,
- երեխայի խաղալու, նրան կերակրելու համար օգտագործեք ցածր սեղաններ ու թիկնակով աթոռներ:
- Պատուհանների գոգին մի` դրեք այնպիսի իրեր, որոնք կարող են շուռ գալ քամուց:
- Մահճակալը տեղադրեք պատուհաններից հեռու, քանի որ երկրաշարժի, ուժեղ քամու և այլ պատճառներով կոտրված ապակիները, փլվող պատը կարող են ընկնել երեխայի վրա: Բացի դրանից՝ պատուհանին մոտ լինելու դեպքում, անկողնում կանգնելով, երեխան կարող է հեշտությամբ դուրս ընկնել:
- Պահարանները, նկարները, լուսամփոփները մի կախեք մահճակալների վերևում: Դրանք կարող են ընկնել քնած մարդու վրա:
- Տանը մինչև 2 տարեկան երեխա լինելու դեպքում կոտրվող ամանեղենը պահեք բարձր պահարաններում, որպեսզի նա չկարողանա դուրս քաշել ու կոտրել դրանք:
- Սեղանի սփռոցը պետք է լինի կարճ` սեղանի չափով, հակառակ դեպքում երեխան ծայրերից կարող է քաշել ու վրայի ողջ պարունակությունը իր վրա շուռ տալ:

Դանակները, մկրատները, սուր ծայրով առարկաները, ջարդված ապակին կարող են բերել լուրջ վնասվածքների: Այս առարկաները պետք է պահվեն երեխաների հասանելիության սահմաններից դուրս:
 
Ջարդված ապակին կարող է պատճառ դառնալ լուրջ կտրվածքների, արյան կորստի և վարակված վերքերի: Ապակե շշերը պետք է հեռու պահվեն մանուկների հասանելիությունից, և տունն ու խաղահրապարակը պետք է զերծ լինեն ջարդված ապակուց: Մանուկներին պետք է սովորեցնել չդիպչել ջարդված ապակուն, իսկ մեծ երեխաներին` հեռացնել ջարդված ապակին անվտանգ կերպով:

- Սուր առարկաները (դանակ, մկրատ, ասեղ, ածելի) պահեք երեխաներից հեռու:
- Սուր մետաղական առարկաները, սարքավորումները և բացված պահածոների տուփերը կարող են առաջացնել վերքերի վարակում: Կոտրված ապակիներն անմիջապես թափեք լավ փակվող աղբարկղերի մեջ: Տան աղբը, ներառյալ ջարդված շշերը և հին պահածոյի տուփերը, անվտանգ կերպով հեռացրեք տանից:
- Մեծ երեխաներին պետք է սովորեցնել դրանց հետ անվտանգ վարվելու եղանակները:
- Այլ վնասվածքները կարող են կանխվել` երեխաներին քարեր կամ ուրիշ սուր առարկաներ նետելու, դանակների կամ մկրատների հետ խաղալու վտանգների մասին սովորեցնելով:
 
Մանուկները սիրում են բերանը տանել տարբեր առարկաներ: Փոքր առարկաները պետք է պահվեն նրանց հասանելիության սահմաններից դուրս` կուլ տալուց կամ շնչուղիներն անցնելու հետևանքով շնչահեղձությունից խուսափելու համար:

Հազալը, բարձրաձայն շնչառությունը կամ ձայն արձակելու անկարողությունը վկայում են շնչառության դժվարացման և հնարավոր շնչահեղձության մասին: Շնչահեղձությունը կյանքի համար սպառնալիք ներկայացնող իրավիճակ է: Զգուշացեք ամեն անգամ, երբ երեխան անսպասելիորեն սկսում է դժվար շնչել, և շնչահեղձություն կասկածեք, նույնիսկ եթե ոչ ոք չի տեսել, որ երեխան ինչ-որ բան է դրել բերանը:
- Խաղահրապարակները և քնելու համար նախատեսված վայրերը պետք է զերծ պահվեն փոքր առարկաներից, ինչպիսիք են կոճակները, հաբերը, մետաղադրամները, սերմերը և կորիզները:
- Փոքր երեխաներին չպետք է տալ ընկույզ, պինդ քաղցրավենիք, փոքր ոսկորներով կամ կորիզներով կերակուր:
- Ուտելու ժամանակ միշտ պետք է հետևել մանուկներին և նրանց կերակուրը բաժանել մանր մասերի:
- Երեխայի համար խաղալիք գնելիս ուշադրություն դարձրեք տարիքային սահմանափակումները նշող պիտակներին, խաղալիքը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, զարգացման մակարդակին և անվտանգության չափանիշներին: Խաղալիքի ներկը չպետք է մաքրվի, սուր հոտ չունենա: Մինչև 3 տարեկան երեխաներին մի տվեք մանր կամ մանր մասեր ունեցող խաղալիքներ:
- Ստուգեք բոլոր խաղալիքները` արդյոք չկա՞ն փոքր մասեր, որոնք կարող են պոկվել և երեխայի շնչուղիների խցանման պատճառ դառնալ:
- Ռետինե փուչիկները նույնպես կարող են խեղդվելու պատճառ դառնալ: Գերադասելի է երեխաներին տալ փչվող խաղալիքներ, իսկ եթե նրանք խաղում են փուչիկով, հետևեք, որ պայթելու դեպքում երեխան չխաղա փուչիկի կտորներով:
- Երեխայի հագուստի վրայից հանեք այն բոլոր օղակները, կապերը, որոնք ձգվելիս կարող են խեղդել երեխային:
- Հեռու պահեք պոլիէթիլենի տոպրակները, քանի որ խաղալիս երեխան կարող է դրանք գլխին քաշել ու շնչահեղձ լինել: Դեն նետելուց առաջ մի զլացեք հանգուցել պոլիէթիլենի տոպրակը:
 
Թույները, դեղամիջոցներ, սպիտակեցնող նյութերը, թթուները և հեղուկ վառելիքը, ինչպիսին է պարաֆինը (կերոսին), երբեք չպետք է պահվեն խմելու ջրի շշերի մեջ: Բոլոր այս հեղուկները և թույները պետք է պահվեն պարզորոշ նշված տարաներում` երեխաների տեսողության և հասանելիության սահմաններից դուրս:
Թունավորումը լուրջ վտանգ է ներկայացնում փոքր երեխաների համար: Սպիտակեցնող հեղուկների, միջատների և առնետների թույնը, պարաֆինը (կերոսին) և տնային լուծող նյութերը կարող են հանգեցնել վնասվածքների կամ երեխայի մահվան:
Շատ թույներ պետք չէ անպայման կլանել, որպեսզի վտանգավոր լինեն: Դրանք կարող են սպանել, ուղեղի վնասվածք, կուրացում կամ այլ վնասվածք հասցնել, եթե դրանք.

- թափանցել են շնչառական ուղիներ շնչառության միջոցով,
- ընկել են երեխայի մաշկի վրա կամ աչքերի մեջ,
- ընկել են երեխայի շորերի վրա:

Եթե թույները լցված են հյութերի կամ գարեջրի շշերի, տարաների կամ բաժակների մեջ, երեխաները կարող են սխալմամբ խմել դրանք: Բոլոր դեղամիջոցները, քիմիական նյութերը և թույները պետք է պահվեն իրենց սկզբնական ւոուփերի մեջ` լավ փակված վիճակում:

Լուծող և սպիտակեցնող, ինչպես նաև քիմիական նյութերն ու դեղամիջոցները երբեք չպետք է թողնվեն այնտեղ, ուր երեխաները կարող են հասնել դրանց: Դրանք պետք է լավ փակված և պիտակավորված լինեն, և պահվեն հատուկ պահարանի մեջ կամ բարձր դարակի վրա, որտեղ երեխաները չեն կարող տեսնել կամ հասնել դրանց:
Չափահասների համար նախատեսված դեղամիջոցները կարող են մահացու լինել փոքր երեխաների համար: Երեխային պետք է տրվի միայն նրա համար նշանակված դեղամիջոցը, այլ ոչ թե այն, ինչը նախատեսված է մեծահասակի կամ այլ երեխայի համար:
Հակամանրէների չափից շատ կամ սխալ օգտագործումը փոքր երեխաներին կարող է հասցնել խլության: Դեղամիջոցը պետք է օգտագործվի միայն ըստ բուժաշխատողի նշանակման:

Ասպիրինը պատահական թունավորման տարածված պատճառ է: Այն պետք է պահվի երեխաների տեսանելիությունից և հասանելիությունից հեռու:
 
Երեխաները կարող են ջրահեղձ լինել երկու րոպեից պակաս ժամանակում և շատ փոքր քանակությամբ ջրում:
Նրանց երբեք չպետք է մենակ թողնել, երբ գտնվում են ջրի մեջ կամ ջրին մոտ:

Ջրհորները և ջրամբարները պետք է ծածկված լինեն:
Երեխաներին պետք է լողալ սովորեցնել փոքր հասակում, երբ քիչ է նրանց սուզվելու հավանականությունր:
Երեխաներին պետք է սովորեցնել, որ երբեք չլողան արագ հոսանքներում և միայնակ:
 
Հինգ տարեկանից ցածր երեխաները հատուկ ռիսկի են ենթարկվում փողոցներում: Հենց որ երեխաները սկսեն քայլել և դուրս գալ փողոց, նրանց միշտ պետք է ուղեկցել և սովորեցնել փողոցում անվտանգ պահվածքի կանոնները:

Փոքր երեխաները չեն մտածում, երբ վազում են դեպի փողոց, խնամողները պետք Է հետևեն նրանց:
Երեխաները չպետք Է խաղան փողոցին մոտիկ, մանավանդ եթե նրանք խաղում են գնդակով: Երեխաներին պետք Է սովորեցնել քայլել փողոցի այն կողմով, որն ուղղված Է դեպի երթևեկությունը:

Երեխաներին սովորեցրեք, որ փողոցն անցնելու ժամանակ պետք Է.
- կանգնել փողոցի մի կողմում,
- նայել երկու ուղղությամբ,
- մինչև անցնելը լսել մեքենաների կամ այլ փոխադրամիջոցների ձայները,
- բռնել այլ անձի ձեռքը,
- քայլել, ոչ թե վազել:

Մեծ երեխաներին պետք Է խրախուսել, որպեսզի հետևեն փոքրերին և լավ օրինակ ցույց տան նրանց:

Հեծանվային պատահարներն ավելի մեծ երեխաների մոտ վնասվածքների և մահվան հաճախակի պատճառ են դառնում: Ընտանիքները կարող են կանխել հեծանվային պատահարները, եթե երեխային սովորեցնեն երթևեկության կանոնները: Երեխաները հեծանիվ քշելու ժամանակ պետք Է կրեն սաղավարտներ կամ գլուխը պաշտպանող այլ միջոցներ:

Երեխաները ենթակա են լուրջ վնասվածք ստանալու բարձր ռիսկի, եթե նրանք ճանապարհորդում են մեքենայի հետևի նստատեղին նստած կամ առանց ուշադրության թողնված են ֆուրգոնի հետևի բազմոցի վրա:


Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am